Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

22.05.2019
ԱՇԽԱՐՀ


Թուրքիան նոր խաղ է սկսում քրդերի հետ

Սիրիայում վերջին շաբաթների ընթացքում խախտվել է հաստատված հարաբերական անդորրը։ Բախումները հաճախակիացել են, ինչում լուրջ դեր ունի Թուրքիան, քանի որ դրանք առավելապես տեղի են ունենում վերջինիս հովանավորությունը վայելող ուժերի եւ քրդերի միջեւ։ Թուրքամետ ուժերը թիրախ են դարձնում թե՛ քրդական ուժերին եւ թե՛ իշխանական ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքները։
Թուրքիայի բազմակողմանի աջակցությունը վայելող «Սիրիայի ազատ բանակը», որը կազմված է տարբեր խմբերից, այդ թվում՝ Սիրիայի թուրքմենական ուժերից, վերահսկում է ոչ շատ մեծ տարածքներ Հալեպի, Համայի եւ Իդլիբի նահանգներում։ Մայիսի 4—ին այդ ուժերը հարձակվել են Հալեպի հյուսիսում քրդական Ժողովուրդի պաշտպան միավորներ (YPG) ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքների վրա։ Սակայն, պարտություն կրելով, հետ են շպրտվել, ինչին հետեւել է Թուրքիայի եւ քրդական ուժերի՝ միմյանց դիրքերի հրետակոծումը։ Նույն օրը իշխանական ուժերը, ռուսական ուժերի աջակցությամբ, ռմբակոծել են «Սիրիայի ազատ բանակի» դիրքերը՝ Համայում ու Իդլիբում, ի պատասխան վերջինիս գործողությունների, ինչի հետեւանքով 2 թուրք զինվոր զոհվել եւ 8—ը՝ վիրավորվել է։ Թուրքիան ոչ միայն Իդլիբում Ռուսաստանի հետ պայմանավորվածությունը չի իրականացնում, այլեւ շարունակում է Սիրիայի հյուսիսը մաքրազարդել քրդերից, նաեւ շարունակում է ռազմավարական մեծ նշանակությամբ Աֆրինը Սիրիայից անջատելու գործընթացը։ Մայիսի 4—5—ը Համայի ու Իդլիբի արաբ փախստականներին «Սիրիայի ազատ բանակը», ուժ գործադրելով, բնակեցրել է Աֆրինի արվարձաններում քրդերի բնակարաններում ու տներում։
Անկարայի գլխավոր խնդիրներն այս օրերին, ըստ երեւույթին, Ստամբուլի քաղաքապետի նոր ընտրություններն են եւ քրդական հարցը երկրում ու դրա սահմաններից դուրս։
Ընտրությունների գերագույն կոմիտեն մայիսի 6—ին երկրի նախագահ Էրդողանի ու նրա գլխավորած իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության դիմում—պահանջով ընթացիկ տարվա մարտի 31—ի տեղական ընտրությունների արդյունքները Ստամբուլում չեղարկել է, նոր ընտրությունները տեղի են ունենալու հունիսի 23—ին։ Սա այն դեպքում, երբ ապրիլի 17—ին հաստատվել էին այդ ընտրությունների արդյունքները, եւ պաշտոնապես, ընդդիմության՝ քեմալական չափավոր ձախ կողմնորոշմամբ Ժողովրդի հանրապետական (CHP) կուսակցության հաղթած թեկնածու Էքրեմ Իմամօղլուն ստանձնել էր քաղաքապետի պարտականությունները։ Էրդողանը ողջունելով ընտրությունների գերագույն կոմիտեի որոշումը, այն գնահատել է որպես ժողովրդավարության ուժեղացմանը ուղղված կարեւոր քայլ։
Նա, որ տարբեր առիթներով բազմիցս հայտարարել է, թե ով կիշխի Ստամբուլի վրա, նա էլ իշխելու է ողջ Թուրքիային, ձգտում է ցանկացած գնով, 16 միլիոն բանկչությամբ երկրի տնտեսական մայրաքաղաքի վրա հաստատել իր կուսակցության իշխանությունը, հանձին իր ամենահավատարիմ զինակցի՝ նախկին վարչապետ, խորհրդարանի նախկին խոսնակ Բենալի Յըլդըրըմի։ Վերջինս ընտրություններից առաջ հենց այդ նպատակով էլ հրաժարական էր տվել եւ փաստորեն մնացել խաղից դուրս։ Էրդողանը մարտյան ընտրությունների առնչությամբ շեշտել էր, թե դրանց ընթացքում «կազմակերպված ոճրագործություն» է տեղի ունեցել եւ հանցավոր խախտումներ։ Մինչդեռ CHP—ը հայտարարել է, որ մի համակարգ, որը ոտնահարում է ժողովրդի կամքը, անտեսում օրենքը, ո՛չ ժողովրդավարական է, ո՛չ էլ օրինական, այլ բյուրեղյա բռնապետական, եւ միաժամանակ հայտնել, որ հանուն ժողովրդավարության պայքարելու են մինչեւ վերջ։
Այս առիթով բավական կոշտ է նաեւ Եվրամիության դիրքորոշումը, որը բացատրություն է պահանջել Անկարայից։ Իսկ Եվրամիության արտաքին եւ անվտանգության հարցերի հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին, հանդես գալով հայտարարությամբ, շեշտել է, թե ցանկացած ժողովրդավարական վարչակարգի համար ազատ, թափանցիկ ու արդարացի ընտրությունները անհրաժեշտ են, իսկ Եվրամիություն—Թուրքիա փոխհարաբերություններում այն առանցքային նշանակություն ունի։ Անկարան ի պատասխան հայտարարել է, որ Եվրամիության դիրքորոշումը քաղաքական բնույթ ունի։
Ստեղծված իրավիճակում 8 տարի անց, մայիսի 6—ին Ստամբուլի ընտրությունների չեղարկման օրն իշխանությունները հանկարծ որոշել են PKK—ի առաջնորդ Օջալանի փաստաբաններին թույլ տալ հանդիպել նրա հետ։ Վերլուծաբաններից ոմանք այդ որոշումը պայմանավորում են հունիսի 23—ի ընտրություններով, ինչպեսեւ Թուրքիայի 92 կալանավայրերում շուրջ 3 հազար քուրդ բանտարկյալների հացադուլով։ Օջալանի փաստաբանները հանդիպումից հետո կազմակերպած մամուլի ասուլիսում հրապարակել են նրա հայտարարությունը, որտեղ նա, դիմելով հացադուլավորներին, պահանջել է սպառնալիքի տակ չդնելն իրենց կյանքն ու առողջությունը։ Սակայն, հաշվի առնելով, որ հայտարարությունում շեշտը դրվել է Սիրիայի քրդերի հարցի վրա, կարելի է ենթադրել, որ այս հարցը առավել շատ է հետաքրքրում Անկարային։ Ըստ քրդական աղբյուրների՝ Թուրքիայի այդ քայլը միտված է PKK—ի հետ համաձայնության գալուն Սիրիայի հյուսիսում, որտեղ քրդերը վերահսկում են Թուրքիայի սահմանների հարեւանությամբ տարածքները, ինչը թերեւս հավանական է, հաշվի առնելով, որ Անկարայի ռազմական գործողությունները այդ տարածքներում ո՛չ միայն միշտ չէ, որ արդյունավետ են, այլեւ արժանանում են միջազգային հանրության քննադատություններին։
Ֆրանսիայի Լիոնի համալսարանի դասախոս եւ «Վաշինգտոն հետազոտական կենտրոնում» միջինարեւելյան ու քրդական հարցերի հետազոտող Ֆաբրիս Բալանշեն շեշտում է, որ ԱՄՆ—ն իր ուժերը դուրս բերելով Սիրիայից, չի ցանկանում թուրք—քրդական բախումներ տեղի ունենան, ուստի ձգտում է, որ նրանք հասնեն հարցի փոխզիջումային տարբերակի, ուստի կարեւորում է բանակցությունները։ Օջալանին հայտարարության հնարավորություն տալը նա պայմանավորում է ԱՄՆ—ին գոհացնելու Անկարայի նպատակով, քանի որ Օջալանը նույնքան ազդեցություն չունի Սիրիայի քրդերի շրջանում, որքան PKK—ի վրա։

Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ

11-05-2019





22-05-2019
Փաստաթղթերն ընդունել ամեն օր
Հորդորել է ՀՀ ԿԳ նախարարը դպրոցների տնօրեններին

Երեւանի ...


22-05-2019
Հայաստանն ու բամբակի մշակումը. օգո՞ւտ, թե՞ անհեռատես շռայլություն
Մոտ կես դար հետո կրկին աճեցնում ենք այս ...


22-05-2019
Կառավարությունում քննարկվել են ընտանիքի ապահովության գնահատման համակարգի բարեփոխման հարցեր
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ երեկ քննարկվել են ընտանիքների ապահովության ...



22-05-2019
Հարեւան երկրում ատելության քարոզը շարունակվում է
Հայաստանը կողմ է մարդասիրական ...

22-05-2019
Սպառնո՞ւմ է գույքի օտարումը ազգային ակադեմիային
Պատգամավորը հանդես է եկել օրենսդրական ...

22-05-2019
Մխիթարյանը չի մեկնի Բաքու
Լոնդոնի «Արսենալը» պաշտոնական հայտարարությամբ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +12... +15
ցերեկը +23... +25

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO