Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

15.11.2019
ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ


Համալիր խնդիրներին՝ համալիր լուծում

Դատական համակարգի առողջացումը պետք է սկսել մայր օրենքից

Դատավորների ընդհանուր ժողովն օրեր առաջ հանդես էր եկել հայտարարությամբ՝ հաշվի առնելով վերջին շրջանում արդարադատության շուրջ տարբեր հարթակներում ծավալված քննարկումները, դատական համակարգի եւ դատավորների հասցեին հնչող քննադատությունները։ Դատավորների ընդհանուր ժողովը ողջունել է դատական իշխանության նկատմամբ վստահության ամրապնդմանն ուղղված ցանկացած միջոցառում, որը սահմանված կլինի օրենքով եւ կիրականացվի օրենքի խստիվ պահպանմամբ։ Միաժամանակ որպես դատական իշխանության բարձրագույն մարմին պարտադիր են համարել «ժողովի պատվիրակների մասնակցությունը դատական իշխանության բարեփոխումներին, միջոցառումներին եւ քննարկումներին՝ համապատասխան մասնագիտական աջակցություն ցուցաբերելով հնարավոր գործիքակազմի եւ նախագծերի մշակման հարցում»։
Դատավորների ընդհանուր ժողովի հայտարարության վերաբերյալ «ՀՀ»—ն զրուցել է խորհրդարանականների հետ։ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արուսյակ Ջուլհակյանը կարեւորեց այն, որ դատավորների համայնքը ցանկանում է անպայման մասնակցություն ունենալ համակարգում առկա լրջագույն խնդիրների լուծման գործընթացին։ «Ցանկացած հարցում, եւ մասնավորապես այս դեպքում, երբ փորձում են խնդիրներին լուծում գտնել, ապա տվյալ համայնքը, հանրույթը, որին վերաբերելու է կոնկրետ գործընթացը, կամ ում վերաբերելու է խնդրի լուծումը, անպայման պետք է մասնակցի։ Սա նշանակում է, որ գործընթացը պետք է մասնակցային լինի։ Ողջունելի է, որ վերջապես որոշել են ներգրավվել իրենց խնդիրների լուծման եւ համակարգի առողջացման գործընթացում»,–ասաց նա։
Նույն հանձնաժողովի անդամ Գեւորգ Պետրոսյանը հայտարարությունը ողջունեց եւ ճիշտ համարեց, որ ունի չափավոր կոշտություն։ Միաժամանակ նրա համար անհասկանալի էր մինչ այդ դատական կորպուսի լռությունը, որովհետեւ վերջիններս թիրախավորված էին եւ գտնվում էին ամբողջ հասարակության ուշադրության կենտրոնում։ Առավել եւս, երբ խոսքը վերաբերում էր ոչ միայն իրենց աշխատանքային կամ ծառայողական գործունեությանը, այլեւ կերպարին եւ անձնական կյանքին, երբ շեշտվում էր բոլոր տեսանկյուններից դատավորներին մանրադիտակի տակ վերցնելու անհրաժեշտության մասին։ «Այս իմաստով անհասկանալի էր դատավորների լռությունը, ինչպես նաեւ անհասկանալի էր Բարձրագույն դատական խորհրդի կրավորական կեցվածքը, քանի որ, Սահմանադրության համաձայն, այդ կառույցի առաքելությունը դատական համակարգի անկախության ապահովումն է։ Չէր կարելի մեկ, երկու, անգամ 10, 15 կամ 20 դատավորի պատճառով հեղինակազրկել ամբողջ դատական համակարգը։ Դա նույնն է, եթե մի քանի ապաշնորհ բժշկի պատճառով պատերազմ հայտարարենք ամբողջ առողջապահական համակարգին»,–ասաց պատգամավորը։
Անդրադառնալով դատավորների ընդհանուր ժողովի հայտարարության այն հատվածին, որ Բարձրագույն դատական խորհրդի անգործությունը չի արտահայտում դատավորների անհատական կամքը, եւ այդ մարմինը գործնականում չի երաշխավորում դատավորների անկախությունը, Արուսյակ Ջուլհակյանը նկատեց, որ սա դատավորների կողմից ԲԴԽ—ին անվստահություն հայտնելու առաջին դեպքը չէր։ Այդ կառույցը չի վայելում դատավորների վստահությունը, ինչը փաստում է այն, որ վերջին շրջանում բազմաթիվ դատական հայցեր են հարուցվել ԲԴԽ—ի դեմ դատավորների կողմից։ «Սրանք ինքնին անվստահություն հայտնելու գործիքներ են, եւ փաստորեն հայտարարությունն առաջին քայլը չէր։ Այստեղ հետաքրքիրն այն հարցն է, որ ԲԴԽ—ի ուղիղ կեսը՝ հինգ դատավորներ, նշանակվում են դատավորների ընդհանուր ժողովի, այսինքն՝ դատավորների կողմից, հետեւաբար չեմ հասկանում, թե իրենց ինչն է խանգարում այնպիսի թեկնածուների ընտրել, որոնք վստահություն կվայելեն։ Հասկանալի է, որ Սահմանադրությունը մեխանիզմներ չի նախատեսում Բարձրագույն դատական խորհուրդը ցրելու համար, բայց դեկլարատիվ հայտարարությունն էլ ընդունելի չէ։ Ճիշտ կլիներ, եթե լուծում առաջարկեն»,– ասաց զրուցակիցս։
Գեւորգ Պետրոսյանն էլ հավելեց, որ ոչ մի գործընթաց չպետք է մեխանիկական հաջորդականության մեջ դնել, այլ բոլորը պետք է համահունչ զարգանան։ «Երբ գործընթացներն ընթանում են էվոլյուցիոն եղանակով, այն է՝ աստիճանաբար, տրամաբանական զարգացմամբ, ապա այստեղ արդեն դժվար է սուբյեկտիվ գործոն փնտրել։ Պետք է բոլոր երեւույթները համապատասխան ուշադրության կենտրոնում գտնվեն, կյանքը զարգանա ընդհանուր արժեքներն առաջ տանելու մթնոլորտում, ոչ թե մի քանի կարեւոր թիրախներ անուշադրության մատնել եւ սեւեեռվել մի քանի ոչ կարեւոր թիրախների վրա»,–ասաց նա՝ շեշտելով, որ մեկ տարի իշխանություն լինելով պետք է նկատեին, որ դատական համակարգը խնդիրներ ունի։
Բավարա՞ր է արդյոք դատական համակարգի առողջացման համար միայն օրենքներում փոփոխություններ կատարելը, թե՞ անհրաժեշտ են սահմանադրական փոփոխություններ։ Ջուլհակյանի խոսքով, պետության Մայր օրենքն այն կուռ փաստաթուղթն է, որի փոփոխությանը պետք է գնալ խիստ հազվադեպ։ «Այո, ՀՀ Սահմանադրությունը պետք է ենթարկվի փոփոխությունների, քանի որ մասնագետների, փորձագետների կողմից բազմիցս խոսվել է այն մասին, որ նրանում առկա են մի շարք հակասական նորմեր։ Որեւէ մեկի համար գաղտնիք չէ, որ 2015 թվականի Սահմանադրության հանրաքվեն անցել է բավականին լուրջ ընտրակեղծիքներով, եւ, ըստ էության, չենք կարող համարել, որ հասարակությունն ունի կոնսենսուս այս փաստաթղթի տեքստի շուրջ։ Այս ամենը հաշվի առնելով շատ եմ կարեւորում սահմանադրական փոփոխությունները եւ հասարակության լայն շրջանակների կողմից կոնսենսուսի հասնելն այդ փոփոխությունների շուրջ»,– ասաց պատգամավորը՝ ընդգծելով, որ այնուամենայնիվ այս պահին միայն դատական իշխանության մասով հապճեպ սահմանադրական փոփոխություններ իրականացնելն արդարացված չէ։ Նրա համոզմամբ, համալիր սահմանադրական փոփոխություններ կատարելը բավականին երկարատեւ գործընթաց է, եւ իրավիճակային լուծում չպետք է տրվի, որքան էլ որ գայթակղությունը մեծ է։
Ինչ վերաբերում է միայն օրենքներ փոխելով դատական համակարգի առողջացման հավանականությանը, Ջուլհակյանի կարծիքով, դա հնարավոր չէ, որովհետեւ դատական համակարգի խնդիրները բավականին շատ են, լուրջ եւ բազմաշերտ։ «Այդ խնդիրները ժամանակին լուծումներ չեն ստացել եւ կուտակվելու արդյունքում քաղցկեղի պես մետաստազներ են առաջացրել։ Այսօր մենք պետք է դրանց համալիր մոտեցում ցուցաբերենք։ Այստեղ միայն վեթթինգը չի օգնելու, դա միայն մեկ հարց է լուծելու։ Մենք պետք է զբաղվենք նաեւ դատարանների ծանրաբեռնվածության խնդրի լուծմամբ, որովհետեւ այդ հանգամանքն անդրադառնում է դատարանների աշխատանքի որակի վրա, ինչպես նաեւ դատավորների պրոֆեսիոնալիզմի հարցը պետք է լուծվի։ Սրանք համալիր խնդիրներ են, որոնց համալիր լուծումներ են անհրաժեշտ»,–եզրակացրեց նա։
Պետրոսյանի կարծիքով՝ նույնպես անհրաժեշտ են սահմանադրական փոփոխություններ, առանց որոնց հնարավոր չէ սահմանադրական օրենքներում եւ մյուս օրենքներում անհրաժեշտ փոփոխություններ կատարել։ «Սահմանադրության մեջ ամրագրված է, որ արդարադատություն իրականացնում են միայն դատարանները։ Այս դրույթը պետք է անպայման փոխվի, որպեսզի կարողանանք ներմուծել անցումային արդարադատություն հասկացությունը, որը չկա ՀՀ գործող օրենսդրության որեւէ ակտում»,–ասաց նա։ Պատգամավորը կարեւորում է, որ նման փոփոխությունն անպայմանորեն արվի համաժողովրդական քվեարկությամբ, այսինքն՝ հանրաքվեի միջոցով։
Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ

30-05-2019





15-11-2019
Հետկանչի ինստիտուտի ներդրման անհրաժեշտությունը
Որքանով այն կնպաստի ուղիղ ժողովրդավարության ամրապնդմանը

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


Արդարադատության ...


15-11-2019
Նոր դասագրքերի հիմքում կդրվի քննական մտածողություն
Ո՞ր ուղղությամբ է փոխվում կրթական համակարգը

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


Վերջին ...


15-11-2019
Հայոց գրականության երկու դարը եւ իր մեկնաբանը
Ակադեմիկոս Սերգեյ Սարինյանի ցանկությունների ցանկությունն էր՝ գրականագիտությունը տեսնել ...


15-11-2019
Դեռ ոչինչ պարզ չէ, երբ դիվանագիտությունը դրական ու լայն ժպիտով է
Սա պետք է դադար համարել եւ շարունակել պայքարը ...


15-11-2019
45.8 մլն եվրոյի վարկ՝ պակասուրդի ֆինանսավորմանը
Գործադիրը հավանություն տվեց համաձայնագրի ստորագրմանը

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am

Գործադիրը երեկվա ...


15-11-2019
Արտոնություններ ալյուրի եւ հագուստի արտադրության համար
Գործադիրը կայացրեց համապատասխան որոշումները

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


«Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ընկերության ...


15-11-2019
Հայ քաղաքացիների ապագան Հայաստանում է
Աջակցություն կտրամադրվի Գերմանիայից կամավոր վերադարձած մեր հայրենակիցներին

Գերմանիայում ...



15-11-2019
Ադամ Սահակյանի անվան դպրոց՝ Արցախի Տանձուտում
Ազատագրված հողի վրա ապրող յուրաքանչյուր ...

15-11-2019
Անտրամաբանական պահանջներից մինչեւ «հուսադրող» մերժում
Աշխատատեղի մասին հայտարարությունը միշտ ...

15-11-2019
Հայաստանում առկա բարձր տնտեսական տրամադրությունը հույս է տալիս, որ 2020-ին կմեծացնենք տնտեսական աճի տեմպերը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է ...

15-11-2019
Երեկ պարտվեցինք, սպասենք այսօրվան
Մինչ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +25... +27

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO