Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

24.06.2019
ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ


Հեղափոխական փոփոխություններ ՏԻ ոլորտում

Նպատակը ապակենտրոնացումն ու կարողությունների մեծացումն է

Տեղական ինքնակառավարման եւ տարածքային կառավարման ոլորտում պատրաստվում է բարեփոխումների մեծ փաթեթ։ Դրա շրջանակներում իրականացվելու է համայնքների միավորում, որի նպատակն է տեղական ինքնակառավարման մեջ հասնել աստիճանական ապակենտրոնացման։ «Որքան ավելի շատ գործառույթներ կարողանանք պատվիրակել տեղական ինքնակառավարմանը, այնքան մեր երկրի ընդհանուր կառավարման արդյունավետությունը կբարձրանա։ Գործառույթների հնարավորինս ապակենտրոնացման եւ տեղերում որոշումներ կայացնելու արդյունքում կաճեն համայնքների կարողությունները, եւ ինքնակազմակերպման, ինքնակառավարման շնորհիվ վերջիններս ավելի լավ ծառայություններ կկարողանան մատուցել»,–«ՀՀ»—ի հետ զրույցում նշեց ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանը։
Դիտարկելով ավելի խորը ապակենտրոնացման հետեւանքները, երբ համայնքներին կվերապահվեն նաեւ սոցիալական ապահովությունը, հանրային կրթությունը, ենթակառուցվածքների կառուցումն ու պահպանումը, ակնհայտ է դառնում, որ համայնքների ճնշող մեծամասնությունը չունի այն կարողությունները, որոնք կապահովեն այդ գործառույթների իրականացումը։ Որոշակի չափից ավելի փոքր համայնքներում պարզապես չկան այդքան մարդկային ռեսուրսներ, կարողություններ եւ հնարավորություններ։ «Բարեփոխումների երկրորդ սկզբունքն այն է, որ տեղերում ունենանք բավարար կարողություններ, որպեսզի գործառույթներն ապակենտրոնացվեն։ Այդ կարողությունների ստեղծման համար անհրաժեշտ է, որ համայնքները միավորվեն ավելի խոշոր միավորների մեջ։ Կառավարությունը հակված է համայնքներին տալ ե՛ւ լիազորություններ, ե՛ւ գումար, փոխարենը համայնքները պետք է միավորվեն»,–մեկնաբանեց Կարապետյանը։
Ի՞նչ չափանիշներով պետք է միավորվեն համայնքները, որպեսզի հետագայում բողոքներ եւ դժգոհություններ չլինեն։ Չմոռանանք, որ նախկինում խոշորացումների արդյունքում դժգոհությունների պակաս չենք ունեցել։ Այս հարցում հանձնաժողովի նախագահը կարեւորում է համայնքների հետ տարվող գրագետ եւ ճիշտ աշխատանքը, որը կօգնի հասկանալի դարձնել կառավարության մոտեցումները, պատկերացում տալ միավորման արդյունքում ունեցած բոլոր առավելությունների մասին, ինչպես նաեւ՝ տեղեկացված լինել թերությունների մասին։ Համայնքին լսելու ձեւաչափերը տարբեր են։ «Եթե մենք համայնքի կարծիքը լսելու ավելի լավ տարբերակ չգտնենք, ապա կանցկացնենք տեղական հանրաքվե»,–ասաց պատգամավորը։ Օրեր առաջ նա հանդիպել է ասորական երեք համայնքների հետ, որոնց ղեկավարները ներկայացրել են համայնքի կարծիքը, ըստ որի չեն ուզում միավորվել՝ ելնելով զուտ իրենց ազգային առանձնահատկություններից։ «Սա շատ կարեւոր ազդակ է, որպեսզի Ազգային ժողովում լսեն համայնքների կարծիքը, թե որն է միավորվել չցանկանալու պառճառը։ Համայնքներին լսելու մեխանիզմներ է պետք ստեղծել, եւ մինչեւ համայնքի դրական կարծիքը չունենանք, չենք գնալու միավորման գործընթացին»,–շեշտեց զրուցակիցս։ Նախկինում խնդիրներ եղել են տեղական հանրաքվեի հետ կապված, երբ միավորված որոշ համայնքներում հանրաքվեներ են անցկացվել, բայց համայնքի դիրքորոշումը պարտադիր իրավական ուժ չի ունեցել, այլ կրել է զուտ խորհրդատվական բնույթ։ Արդյունքում առանց համայնքի դրական կարծիքն ունենալու այն միավորվել է այլ համայնքի հետ։ Կարապետյանն այդ տարբերակը ընդունելի չի համարում։
Համայնքների միավորման նախկին փորձը ցույց է տվել, որ հիմնական դժգոհություններից է եղել ֆինանսական միջոցների ոչ արդարացի բաշխումը, նաեւ առկա խնդիրներին ըստ հրատապության լուծում չտալը։ Ներկայումս տարբերակներ են մշակվում, որպեսզի կենտրոնական կամ ավելի մեծ համայնքը վատ դիրքում չթողնի փոքր համայնքներին։ Դրա տարբերակները շատ են, որոնց թվում առաջին հերթին ընտրությունների մեխանիզմի կիրառումն է։ «Տեղական ինքնակառավարման ոլորտում նույնպես ներդնելու ենք համամասնական ընտրակարգ, որպեսզի կայացվեն քաղաքական որոշումներ, համայնքը համամասնական կարգով ավագանի ընտրի կուսակցություններից, հանրային ակտիվ խմբերից եւ ինքնառաջադրված խմբերից, իսկ ավագանին էլ կընտրի համայնքի ղեկավար։ Դա հնարավորություն կտա, որ քաղաքական որոշումներն ընդունվեն ավելի պատասխանատու ձեւով՝ հաշվի առնելով բոլորի շահերը եւ պայմանավորված չլինեն մեկ խումբ մարդկանց կամ մեկ բնակավայրի շահով»,–ընդգծեց պատգամավորը։ Միեւնույն ժամանակ ուժեղացվելու է վարչական ղեկավարի ինստիտուտը, որպեսզի համայնքի վարչական ղեկավարը կարողանա ավելի ուժեղ դիրքից հանդես գալ ավագանու նիստերին, թեկուզ եւ չլինի ավագանու անդամ։ Զրուցակիցս վստահեցրեց, որ հաշվի են առնելու արդեն միավորված համայնքներում առկա բոլոր խնդիրները եւ փորձելու են իրենց առաջարկած տարբերակով ավելի հավասարակշռված քաղաքականություն իրականացնել, որպեսզի անհատական ընտրություններից անցում կատարենք ծրագրերի եւ գաղափարների ընտրության։

Նոր լիազորություններ, նոր կարողություններ

Համայնքներին պետք է տալ բավարար քանակությամբ գումար, գումարի աղբյուրներ, որպեսզի իրականացնեն իրենց լիազորությունները։ Այսօր համայնքները եկամտի մոտավորապես 60—65 տոկոսն ինքնուրույն են հավաքում հողի հարկից, գույքահարկից եւ այլ վճարներից, իսկ 35—40 տոկոսը տալիս է կառավարությունը դոտացիաների կամ սուբվենցիաների տեսքով։ «Մենք պետք է ընդհանուր եկամուտների մեջ ավելի պակասեցնենք դոտացիաների բաժինը եւ համայնքներին նոր եկամուտի աղբյուրներ տանք։ Օրինակ՝ կարելի է համայնքներին թողնել եկամտահարկի 5 տոկոսը, ինչը կխթանի, որպեսզի տեղական ինքնակառավարման մարմինները հետաքրքրված լինեն տնտեսական զարգացմամբ, նոր աշխատատեղերի ստեղծմամբ»,–մանրամասնեց պատգամավորը։
Հունիսի վերջին հանրության դատին կներկայացվի տեղական ինքնակառավարման եւ տարածքային կառավարման զարգացման առաջին մոդելը։ Նախատեսվում է բավականին երկար ժամանակ տրամադրել քննարկումների անցկացմանն ու կարծիքների հավաքագրմանը, որպեսզի համայնքների ձայնը լսելի դառնա։ ԱԺ համապատասխան հանձնաժողովը ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության հետ շարունակական աշխատանքներ է տանում համայնքներում, պատգամավորները հանդիպումներ են ունենում մասնավորապես Արարատ, Արմավիր, Գեղարքունիք, Լոռի եւ Տավուշ մարզերի հատկապես այն համայնքների հետ, որտեղ միավորումները քիչ են կամ դեռ չեն եղել։ Կարապետյանը նշեց, որ սահմանամերձ համայնքների հիմնական հատվածները միավորված են՝ Սյունիքն ամբողջությամբ, նաեւ Վայոց ձորի, Գեղարքունիքի, Տավուշի սահմանամերձ համայնքները։ Այս համայնքների համար միավորման հարց թեեւ չկա, սակայն կառավարությունը սահմանում է տարբեր արտոնությունների համակարգեր եւ լրացուցիչ ենթակառուցվածքային ծրագրեր։ Նման ծրագրեր են իրականացվում պաշտպանության ու տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունների կողմից։ Կարապետյանը նպատակահարմար է գտնում, որպեսզի աջակցող ծրագրերն իրականացվեն ոչ թե առանձին—առանձին, այլ մշակված ընդհանուր ռազմավարության շրջանակներում։ «Շատ կարեւոր է, որ սահմանամերձ գյուղերում մարդիկ ապրեն, բայց մենք բոլոր գյուղերն ենք համարում պատմական արժեքներ եւ բոլոր գյուղերի պահպանությունն է մեր խնդիրը։ Մեր նպատակը չէ համայնքների միավորմամբ լրացուցիչ ուրբանիզացիայի գնալ, ընդհակառակը՝ մենք աշխատելու ենք, որ մարդիկ վերադառնան, եւ Հայաստանի բոլոր գյուղերը բնակեցված լինեն։ Դրա համար անհրաժեշտ է, որպեսզի գյուղերն ունենան լավ դպրոցներ, լավ ճանապարհներ, որակյալ ծառայություններ, մոտ հեռավորության վրա գտնվող լավ հիվանդանոցներ»,–հավելեց պատգամավորը։
Կարապետյանը վստահ է, որ մեր երկիրն առաջիկա երկու տարվա ընթացքում սկզբունքային փոփոխության է ենթարկվելու, որոնք տեղի կունենան ե՛ւ առկա պայմանների, ե՛ւ մարդկանց գիտակցության մեջ։ «Երբ մարդուն ասում ես, որ դու ես այս երկրի տերը, եւ մարդն իրապես զգում է, որ ինքն է այս երկրի տերը, ապա ամեն ինչ կանի, որպեսզի այդ երկիրը լավը դառնա,–շեշտեց նա, ապա շարունակեց։–Շատ հաճախ մենք խոսում ենք մասնակցային գործընթացների մասին՝ ասելով, որ մարդիկ պետք է մասնակցեն կառավարմանը։ Ցավոք, այդ մասնակցային գործընթացը վերջիվերջո ձեւափոխվում եւ հանգեցվում է այն գաղափարին, թե մարդը պետք է կարողանա օգտվել բոլոր ծառայություններից։ Այո, պետք է օգտվի, սակայն մասնակցություն նախեւառաջ նշանակում է, որ մարդը պետք է ներգրավվի խնդրի լուծմանը, ոչ թե հանդես գա զուտ որպես պասիվ շահառու»։
Տեղական ինքնակառավարման ոլորտում բարեփոխումների իրականացման հարցում հաջորդ խնդիրը կապված է մարզպետարանների հետ։ Համայնքների միավորման գործընթացը բերելու է մարզպետարանների դիրքի աստիճանական թուլացման, եւ որքան շատ լիազորություններ պատվիրակվեն համայնքներին, այնքան պետք է վերցվեն մարզպետարաններից։ Կարապետյանը նման զարգացումը նորմալ է համարում, որովհետեւ ժամանակին մարզպետարանները ստեղծվել էին տարբեր լիազորություններ վերցնելով համայնքներից եւ կենտրոնական իշխանությունից։ «Այսօր այդ լիազորությունները պետք է վերադարձնենք մի մասը համայնքներին, մի մասը՝ կենտրոնական իշխանություններին, սակայն մարզպետարանների համար կա մի շատ կարեւոր գործառույթ, որը պետք է ամրագրվի։ Դա տնտեսության եւ ընդհանրապես այդ տարածքի զարգացման գործառույթն է»,–ասաց զրուցակիցս։ Նա նկատեց, որ եթե անգամ օրինակ՝ Սեւանի ավազանի շուրջն ունենանք 20 միավորված համայնք, ապա դա չի նշանակում, որ բոլորը կկարողանան նորմալ աղբահանություն իրականացնել, լավ ճանապարհներ կամ տնտեսական զարգացման նորմալ գործիքներ ունենալ։ Դրա համար պետք է զարգացման կենտրոն ունենալ մարզի համար եւ մարզպետարանների ապագան հենց այդ զարգացման գործառույթի իրականացումն է։ «Մարզպետարանները պետք է մշակեն եւ իրականացնեն այն ծրագրերը, որով պետք է զարգանա մարզը։ Նրանց ապագան տնտեսության, ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ է լինելու, այլ ոչ թե վարչական։ Վերջինիս համար մենք ունենք տեղական ինքնակառավարման մարմիններ, որոնց կտրվեն առավելագույն լիազորություններ, ունենք նաեւ պետական կառավարում, հետեւաբար վարչական առումով միջանկյալ օղակի կարիք չունենք»,–նկատեց Կարապետյանը։
Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ

05-06-2019





22-06-2019
Ակնկալվում էր առավել սուր հայտարարություն
ԼՂ խնդիրը տարածաշրջանային զարգացումների համատեքստում է

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


Հունիսի ...


22-06-2019
Անկայունության դրսեւորումներ հարեւան երկրում
Հայաստանը՝ արագ փոփոխվող միջազգային օրակարգի դեմ հանդիման

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am




22-06-2019
Պետություն
Մի այլ տարբերակ էլ հուշում է Քսենոփոնը

Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am




22-06-2019
Ֆրիդրիխ Գուստավ Էմիլ Մարտին Նիեմոլլեր
Ֆրիդրիխ Գուստավ Էմիլ Մարտին Նիեմոլլեր (1892—1984)՝ գերմանացի աստվածաբան եւ ...


22-06-2019
Ինչ—որ մի թշվառական բեմադրություն կար Սունդուկյանի թատրոնում
(Լեւոն Ներսիսյան. Դասախոսություններ)

...Մի փոքրիկ բան պատմեմ ձեզ, ...


 
22-06-2019
Նրանք
Դարավերջի «այցելուներս»՝ ինձ քուն թե արթմնի հանգիստ չտվող մտավորականների ...


22-06-2019
Բացարձակ օբյեկտիվիզմ անհնար է
Գրականագետ, գեղագետ, դերասան, դասախոս Լեւոն Ներսիսյանի (1931-1999) դասախոսություններից




22-06-2019
Բռնություն ընտանիքում ու կանանց հանդեպ
Համապատասխան մարմինների գործառույթներն ...

22-06-2019
«Ոսկե ծիրանի» քաղաքականությունը փոխվել է
Նաեւ թուրքական ու ադրբեջանական ֆիլմեր՝ ...

22-06-2019
«Բրուտ արտ» սիմպոզիումը՝ Շուշիում
Ամառային տարաբնույթ մշակութային միջոցառումների ...

22-06-2019
Մարզավիճակը հաջողության հույս է ներշնչում
Հայաստանի մարմնամարզիկներն ավարտելով թբիլիսյան ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO