Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

22.09.2019
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


Անվտանգ ու եկամտաբեր. հնի փառքն ու նորի հույսը

Ճյուղի զարգացման համար զարկ տալ է պետք մետաքսի արտադրությանը

Մետաքսի ճանապարհի ու այդ նախագծում Հայաստանի դերի, աշխարհաքաղաքական ու տնտեսական շահերի, այդ ճանապարհի տարբեր ծրագրերում մեր մասնակցել—չմասնակցելու հարցերին առնչվող հոդվածաշարերից չգիտես ինչու դուրս էի թողել մեր երկրում մետաքսագործության զարգացման թեման։ Անգամ երբ Ֆրանկոֆոնիայի օրերին գրեցի «Ֆրանկոֆոնիան եւ Մետաքսի ճանապարհը», դա կրկին դուրս մնաց. քաղաքականությունը հաճախ է գերիշխում։
Երբ քննարկում էի, թե Հայաստանի թեթեւ արդյունաբերությունը զարգացնելու համար մեր երկրում բամբակի մշակումը պետք է թե ոչ, գիտնական, կենսաբանական գիտությունների դոկտոր Հենզել Գեղամյանն ինձ հետ զրույցում հստակ ասաց. «Եթե ցանկություն կա զարգացնել հանրապետությունում թեթեւ արդյունաբերությունը, թող մետաքսագործությունը վերականգնեն։ Սա բոլորովին անվտանգ է եւ շատ ավելի եկամտաբեր, ընդ որում նաեւ Արցախի համար, ուր եւս մտադիր են բամբակ աճեցնել»։
Բամբակի մշակման անհրաժեշտությունը (իմա՝ օգտակարությունը) մեր երկրում միանշանակ չի ընկալվում, ինչը չենք ասի, երբ թեման մետաքսին ու մետաքսագործությանն է վերաբերում։ Տեսակետը միանշանակ է՝ Հայաստանում մետաքսագործությունը պետք է վերականգնել։ Ի դեպ, վերջերս այս մասին խոսել էր նաեւ 1987—2006թթ. «Մետաքս» արտադրական միավորման գլխավոր տնօրենը եւ համապատասխան առաջարկներ ներկայացրել։
Մինչ դրանց անդրադառնալը՝ փորձենք հասկանալ՝ ինչ կտա մետաքսագործության վերականգնումը հիմա մեր երկրին։ Դրա համար մի փոքր պատմական հետագծում անենք՝ հասկանալու համար, թե ինչքանով է այդ գործը մեզ հարազատ։

Հայկական արծվաչների փայլը

Մասնագիտական գրականությունը հուշում է, որ մետաքսը մանրաթել է, որն արտադրվում է տարբեր կենդանիների (հիմնականում միջատների) հատուկ գեղձերի միջոցով։ Կա արդյունաբերական թրթուրի (թթենու), վայրի (կաղնենու), շերամի, սարդի, կակղամորթու մետաքսաթել։ Արդյունաբերական նշանակություն ունեն շերամի եւ կաղնու թրթուրներից ստացվող մետաքսաթելերը։
Չինաստանից Եվրոպա այն ճանապարհը, որով տարվել է մետաքսը, կոչվել է «Մետաքսի ճանապարհ»։ Այդ ճանապարհը ոչ միայն անցել է Հայաստանով, այլեւս Հայաստանը այդ ժամանակ դարձել է Արեւելքի ու Արեւմուտքի խաչմերուկը, եւ հայ վաճառականներն այդ ժամանակ այնպիսի փառք են վայելել, որ պայմանագրից առավել նշանակություն է ունեցել նրանց «ազնիվ խոսքը» (այս մասին մենք գրել ենք,—Ա.Մ.)։ Հին Հայաստանում մշակվել է բնական մետաքս, որից պատրաստված մետաքսաթելն ու մետաքսե գործվածքները եղել են գեղեցիկ, նուրբ, փափուկ, դիմացկուն։
Մետաքսագործությունը նշանակալից զարգացման է հասնում միջնադարյան Հայաստանում։ 9—13—րդ դարերում արաբ հեղինակները հիշատակել են Հայաստանում, մասնավորապես Դվինում արտադրվող մետաքսե գործվածքները։ Անիի պեղումներից մեզ հասել են նաեւ այդ ժամանակաշրջանի մետաքսե գործվածքների նմուշներ։ Դեռ 7—րդ դարում Անանիա Շիրակացին «կերպասագործ» տերմինը մետաքսագործ իմաստով գործածել է։ Իսկ 11—րդ դարում Գրիգոր Մագիստրոսը մետաքսագործությունը առանձին արհեստ է համարում, արհեստավորին էլ համարում «մետաքսագործ կերպասի կամ կերպասոց»։ Բարբառային ձեւեր էլ են հանդիպում՝ աբրեշում, աբրեշումագործ։ Հայաստանում պատրաստված ոչ միայն մետաքսաթելն է հայտնի եղել. այլեւ՝ մետաքսե արծվաչները (կերպասներ, թավիշներ, նուրբ գործվածքներ, շղարշներ)։ Դրանք ոչ միայն շատ նուրբ լինելով շատ էլ դիմացկուն էին, այլեւ աննկարագրելի փայլ ունեին ու լավ ներկվում էին։ Ժամանակի աշխարհին հայտնի էին հատկապես որդան կարմիրով ներկած հայկական մետաքսաթել ծիրանին եւ դիպակները։ Գեղարվեստական գրականությունում հանդիպած կլինենք՝ բյուզանդացիները մեր որդան կարմիրով ներկած հայկական մետաքսաթել ծիրանին պորփյուրիկոն էին անվանում։
Ընդհանրապես Դվինում եւ այլ քաղաքներում արտադրվող հայկական գործվածքների՝ վուշից պատրաստվող բեհեզի, որդան կարմիրով ներկված մետաքսաթել ծիրանիի, կերպասի, բրդից, բամբակից եւ մետաքսից գործված թավշի, ոսկեթել, ոսկեհուռ, ոսկեգույն եւ արծաթագույն թելերով հյուսված ծաղկանկար դիպակների մասին, որոնք դարձել էին միջազգային առեւտրի բարձրարժեք առարկաներ, այդ ժամանակվա աշխարհը գովասանքով էր խոսում։

Առանց շատ ջանքի ու գումարի այդ գործը

Երբ ուսումնասիրում ենք Արեւելյան Հայաստանում մետաքսի արտադրության (19—րդ դարի երկրորդ կես) ընթացքը (Գ. Ռ. Առաքելյան), պարզ է դառնում, որ «Հայաստանի բնակլիմայական պայմանները նպաստավոր են մետաքսագործության համար, սակայն, ցավոք, արտադրանքը շատ քիչ է ու պակասավոր։ Երեւանում տարեկան արտադրվում էր լոկ 10 ֆունտ մետաքս։ Նախիջեւանի շրջանում մետաքսի արտադրանքը հազիվ հասնում էր 41/2 փթի։ Համեմատաբար ավելի շատ արտադրանք էր տալիս Օրդուբադն իր շրջակա գյուղերով՝ 731/2 բաթման, այսինքն՝ 70 փութ, 20 ֆունտ։ Եթե բոլորը գումարենք, կստացվի 75 փութ, 10 ֆունտ։ Մետաքսի մեկ փութը արժեր 100 ռուբլի արծաթ։ Ուրեմն, ամբողջ հայկական մարզը մետաքսագործությունից ստանում էր տարեկան 7,525 ռուբլի արծաթ» (աշխատությունում մեջբերումը Ի. Շոպենից է։ Նկատենք, որ ֆունտը կամ գրվանքան կշռաչափ է, որը հավասար է 409,5 գրամի։ Նաեւ՝ բաթմանը նույնպես կշռաչափ է, որը հավասար է 32 ֆունտի)։
Այնուհետեւ հեղինակը (Գ. Ռ. Առաքելյան) շարունակում է. մետաքսի արտադրությանը զարկ տալու համար ցարական կառավարությունը 19—րդ դ. 30—40— ական թվականներին ձեռնարկեց մի շարք միջոցառումներ. ստեղծվեց մետաքսագործական ընկերություն, որը պետք է հոգար արտադրության այդ ճյուղի կարիքներն ու ամեն կերպ նպաստեր նրա զարգացմանը։ Բացի դրանից, համեմատաբար արտոնյալ վիճակ ստեղծվեց շերամապահությամբ զբաղվողների համար՝ նրանք ազատվեցին դրա համար գանձվելիք հարկերից։
Պարզվում է, որ, ի տարբերություն գործվածքային արտադրության մյուս ճյուղերի, ռուսական մետաքսագործական մանուֆակտուրաները բուն Ռուսաստանում չունեին հումքի սեփական բազաներ։ Այդ իսկ պատճառով Անդրկովկասի վրա մեծ ուշադրություն էր դարձվում։ «1830 թ. ցարական կառավարությունը հատուկ օրենք հրապարակեց, ըստ որի պետք է հոգ տարվեր երկրամասում թթենու այգիների ընդարձակման ու մշակման համար։ Անդրկովկաս էին հրավիրվում օտարերկրյա մասնագետներ, որոնք պետք է ընդարձակեին շերամապահությունը եւ արտադրական բարձր մակարդակի հասցնեին մետաքսաթելի ստացումը։ Այդպիսիներից էր առաջին կարգի վաճառական Կաստելլան, որը 1830—ական թվականներին ռուսական կառավարությունից ստանալով արտոնություններ եւ դրամական միջոցներ, Թիֆլիսում պետք է կառուցեր մետաքսի մշակման եւ մետաքսաթելի ստացման ֆաբրիկա։ Սակայն այդ գործը Կաստելլայի մահով ընդհատվեց եւ չիրագործվեց։ Այս եւ նման միջոցառումներով ցարական կառավարությունը ձգտում էր երկրի մետաքսագործական ձեռնարկություններն ապահովել սեփական հումքով, որպեսզի ստիպված չլիներ այն թանկ գներով ներմուծել արտասահմանից»։
Անդրկովկասից Ռուսաստան արտահանվող մետաքսահումքը տարեցտարի ավելանում էր, որի հիմքի վրա Ռուսաստանի մետաքսե գործվածքների արդյունաբերությունը շարունակում էր աճել։ 1838թ. Մոսկվայի նահանգում վերամշակվել է 38.000 փութ բոժոժ եւ մետաքսաթել, ըստ որում՝ հումքի 8.200 փութը եվրոպական էր, 8000—ը՝ չինական, իսկ 21.800—ը՝ կովկասյան։ Վերջինիս մեջ որոշակի բաժին ուներ նաեւ Արեւելյան Հայաստանը։
Շարունակելով ուսումնասիրել նույն աղբյուրը՝ տեղեկանում ենք, որ շերամապահությամբ ու մետաքսագործությամբ աչքի էին ընկնում Երեւանի, Նախիջեւանի, Շարուրի եւ էջմիածնի գավառները։ Նման աշխատանքով սովորաբար զբաղվում էր գյուղական ընտանիքների աշխատող ձեռքերի մի մասը եւ այն էլ տարվա կարճ ժամանակում։ 19—րդ դ. երկրորդ կեսին այն ուներ օժանդակ՝ տնայնագործական արտադրության բնույթ։ Այսպես, «Օժանդակ եւ տարածված զբաղմունք է այստեղ (Զանգեզուրի Շվանիձոր գյուղում — Դ. Ա.) շերամապահությունը, սրանով առանց բացառության ամենքն են պարապում, տարեկան 12 ֆունտից ավելի սերմ է գործադրվում, որը մի զգալի քանակություն է 152 տուն ունեցող գյուղի համար։ Այս գործը բացառապես կանանց ձեռքին է»։
Բայց Երեւանի նահանգում գործը երեւի այդպես էլ դանդաղ կգնար, եթե եվրոպական երկրներում շերամի որդը չհիվանդանար։
Գ. Ռ. Առաքելյանի հիշյալ գործից իմանում ենք, որ Երեւանի նահանգում, 19—րդ դարակեսին մետաքսի արտադրությունը չնչին էր. 1850 թ. ընդհանուր արդյունքը կազմում էր ընդամենը 80 փութ։ Դրա պատճառներից մեկն էլ այն էր, որ պարբերաբար կրկնվող հիվանդություններից փչանում էր բոժոժի 80 տոկոսից ավելին։ Բայց երբ 1856—62 թթ. արեւմտաեվրոպական երկրներում շերամի որդի հիվանդությունների պատճառով դադարեց մետպքսաթելի արտահանումը ռուսական շուկա, այդ ժամանակ մեծացավ անդրկովկասյան մետաքսի պահանջարկը, ինչի հետեւանքով բարձրացան տեղական հումքի ու մետաքսաթելի գները։ Օրդուբադում եւ շրջակայքում 1860—ականներին յուրաքանչյուր շերամապահի տարեկան մաքուր եկամուտը հասնում էր 180—240 ռ. արծաթի։ Որպեսզի պարզ դառնա, թե ինչ կարգի եկամտի մասին է խոսքը, մեկ այլ օրինակ էլ մեջբերենք. 1857թ. մրգերի վաճառքից ստացված ընդհանուր եկամուտը հավասար էր 36 հազար ռ., իսկ մետաքսի վաճառքից ստացվածինը՝ 53 հազար ռ., որը 1958թ. հասավ 63.000 ռ.։ Ընդհանրապես շերամապահությունը ձեռնտու զբաղմունք էր եւ մեծ հողատարածություններ ու դրամական միջոցներ չէր պահանջում։
Տարիներ անց՝ 1880—ականներին արդեն շերամապահ—տնայնագործն աստիճանաբար իր տեղը զիջեց եվրոպական տիպի ֆաբրիկաներին ու գործարաններին (240 ռ. արծաթ եկամուտը հասավ 56 ռ.—ի)։ Օրինակ, Օրդուբադում Բաբայանի գործարանն ուներ Ֆրանսիայից բերված շոգեշարժ մեքենաներ, որոնցից յուրաքանչյուրն. ուներ 6 ձիաուժ կարողություն։ Գործարանը բաժանված էր 3 արտադրամասի, որոնցից յուրաքանչյուրում աշխատում էր 90 բանվոր (ամեն մեկի տարեկան աշխատավարձը՝ 130 ռ.)։ Արտադրվում էր երեք տեսակի մետաքսաթել, որը վաճառվում էր Մոսկվայի եւ այլ քաղաքների ֆաբրիկատերերին։
Մետաքսի ֆաբրիկագործարանային արտադրությունը 19—րդ դարի վերջում մեծ տեղ էր գրավում նաեւ Ղարաբաղի տնտեսական կյանքում։ Գործարաններ կային ինչպես Շուշիում, այնպես էլ գյուղերում։ Գործարաններն ունեին 674 դազգահ, որոնք տարեկան արտադրում էին 1400 փութ մետաքսաթել 38500 ռ. արժողությամբ, իսկ Օրդուբադի գավառում գործում էին 4 այդպիսի կատարելագործված գործարաններ, որոնք ունեին 118 դազգահ եւ տարեկան արտադրում էին 300 փութ մետաքսաթել։
Հետո եկավ խորհրդային շրջանը։ Ինչ եղավ մետաքսաթելի արտադրության հետ Սովետական Հայաստանում, ինչ որոշեց հետանկախական Հայաստանը, ու ինչ են ուզում անել հիմա, ինչ առաջարկներ եի հնչեցնում՝ հաջորդիվ կխոսենք։
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ

08-06-2019





21-09-2019
Ինքնիշխան պետության ձեռքբերումներն ու մարտահրավերները
Ինչ է սովորեցնում մեզ անկախության արդեն 28 տարվա ...


21-09-2019
Անկախության բանաձեւը
Ո՞րն է պետություն կառուցելու մեր տեսլականը

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


1988-90 ...


 
21-09-2019
IPSE DIXIT
Ամբոխի հոգեբանության ուսումնասիրությունը ցանկալի է դիտվում գործնական առումով, բայց ...


21-09-2019
Տղամարդկանց հագուստ
Սմոքինգ
Բարձրաշխարհիկ պաշտոնական միջոցառումների ժամանակ (օրինակ՝ երեկոյան ընդունելությունների) նախընտրությունը ...


21-09-2019
Պատմության նոր էջ
Ժամանակին Մոսկվայում մի հայ ուսանողի քննությանը հարցրել էին. «Ի՞նչն ...


21-09-2019
Անկախության խորհուրդը պետության համար
Եվ անկախության՝ քաղաքացու ընկալումը

Յուրաքանչյուր դպրոցական գիտի, թե ...


21-09-2019
Ու եղավ այնպես, ինչպես չէր եղել արդեն քանի դար
Հայաստանն անկախացավ ժողովրդի գրեթե միաձայն քվեով

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am


«Անկախության ...



21-09-2019
Տնտեսական հեղափոխության ընկալումներն ու իրագործումը
Որքանով է այն պահանջված, եւ որոնք են դրա ...

21-09-2019
Ու եղավ այնպես, ինչպես չէր եղել արդեն քանի դար
Հայաստանն անկախացավ ժողովրդի գրեթե ...

21-09-2019
Իմ թանձրացական անկախությունը
Այն ինձ համար եթերային երազանք ...

21-09-2019
Անկախության սպորտը. անմոռանալի ապրումների պահեր
Հայաստանի անկախության 28 տարիներին ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +26... +28

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO