Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

24.06.2019
ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


Մարտահրավերներ եւ հնարավորություններ

Հայաստանն ամփոփում է ԵԱՏՄ-ում նախագահության մեկ տարին

ՀՀ Ազգային ժողովի տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ երեկ ԱԺ-ում տեղի ունեցան «ՀՀ նախագահության տարին ԵԱՏՄ-ում. մարտահրավերներ եւ հնարավորություններ» թեմայով խորհրդարանական լսումներ։
Նորաստեղծ հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանի խոսքով, 2015 թ. տարեսկզբից ԵԱՏՄ—ին անդամակցումը ճիշտ էր եւ ուղղված էր Հայաստանի զարգացմանը։ «Մեր անդամակցությունը միությանն ի հաշիվ այլ հարաբերությունների չի եղել, այսինքն՝ մենք նաեւ զարգացնում ենք Արեւելյան գործընկերության պայմանագիրը ԵՄ—ի հետ, ինչպես նաեւ երկկողմ հրաբերությունները, եւ որեւէ մեկը մյուսի հաշվին չէ։ Մեր հանձնաժողովի հիմնական գործառույթը ԵԱՏՄ անդամ երկրների եւ տարածաշրջանի երկրների օրենսդրությունների ներդաշնակեցումն է»,–ընդգծեց Մելքումյանը՝ ափսոսանք հայտնելով, որ ԵԱՏՄ—ում առայժմ միասնական շուկաները չեն կայացել։ «Կան պայմանավորվածություններ այդ շուկաների ձեւավորման վերաբերյալ, որպեսզի այդ գործընթացն իր տեմպերով եւ բովանդակությամբ շատ ավելի արագ տեղի ունենա»,–հավելեց նա։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ առաջիկայում ոչ ԱՊՀ անդամ երկրները նույնպես կարող են համալրել ԵԱՏՄ—ն, Մելքումյանը կարեւորում է ԵԱՏՄ խորհրդարանական վեհաժողով ստեղծելու գաղափարը։ Այս հարցով արդեն իսկ նամակ է հղել ՀՀ վարչապետին եւ ԱԺ նախագահին։
ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը ներկայացրեց այն ձեռքբերումներն ու աշխատանքները, որոնք տեղի են ունենցել Հայաստանի կողմից ԵԱՏՄ նախագահությունը ստանձնելուց հետո։ Մասնավորապես մեր երկիրը հնարավորություն է ստացել ոչ միայն ազդելու կառույցի օրակարգի ձեւավորման վրա, այլեւ առաջ մղելու Հայաստանի առաջնահերթությունները։
Նշենք, որ ԵԱՏՄ—ում Հայաստանի նախագահության առաջանահերթություններին այս տարվա հունվարին անդրարդարձել էր նաեւ երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որոնք են՝ թվային օրակարգը, ընդհանուր էլեկտրաէներգետիկ եւ նավթի, նավթամթերքի եւ գազի միասնական շուկաների ձեւավորումը, տրանսպորտային ենթակառուցվածքի զարգացումն ու դիվերսիֆիկացումը, ապրանքների եւ բեռների համար ժամանակակից համակարգերի ներդրումը եւ այլն։ Կանգ առնելով մի քանի առաջնահերթության վրա, Զ. Մնացականյանն ընդգծեց, որ անհրաժեշտ է ակտիվացնել համաձայնեցված էներգետիկ քաղաքականության իրականացմանը եւ էներգետիկ ռեսուրսների համար ոչ խտրական հիմքի վրա գնագոյացման զգայուն հարցի լուծմանն ուղղված ջանքերը, ինչպես նաեւ դրանց տարանցիկ փոխադրումը անդամ երկրների տարածքներով՝ հաշվի առնելով տարանցիկ բաղադրիչները։ «Գլոբալացման պայմաներում օրակարգային է տնտեսության թվայնացման հարցը, որը կանխորոշում է բիզնեսի զարգացման հնարավորությունները»,–ասաց նախարարը։
Նրա կարծիքով՝ նախորդ տարիների ընթացքում ԵԱՏՄ—ն ապացուցել է իր կայացած լինելը, երբ հիմնական տնտեսական ցուցանիշներում արձանագրվել է դրական դինամիկա, իսկ եվրասիական ինտեգրման բազմաթիվ ուղղություններով կայացվել են կարեւոր որոշումներ։
Հինգ տարիների կտրվածքով, առաջին տարիների դժվարությունները մի կողմ դրած, ներկայումս միությունը ցույց է տալիս փոխադարձ առեւտրի համոզիչ աճ։ Մասնավորապես, 2018—ին ԵԱՏՄ երկրներում գրանցվել է տնտեսական ցուցանիշների էական աճ, 2017—ի համեմատ ներքին առեւտուրն աճել է 9.2 տոկոսով, երրորդ երկրների հետ՝ 18.8 տոկոսով, ապրանքների արտահանումը՝ 26.8 տոկոսով։
«Հայաստանի Հանրապետության շնորհիվ ԵԱՏՄ—ի արտաքին տնտեսական բաղադրիչի զարգացումը լրացուցիչ խթան է ստացել։ Իրանի հետ Հայաստանի քաղաքական եւ տնտեսական կապերը պայմաններ ստեղծեցին միության համար՝ դուրս գալ Մերձավոր Արեւելքի տարածաշրջան, որի արդյունքում 2018—ի մայիսի 17—ին Աստանայում կնքվեց ԵԱՏՄ—ի ու անդամ պետությունների եւ Իրանի Իսլամական Հանրապետության միջեւ ազատ առեւտրի գոտու ստեղծմանն ուղղված ժամանակավոր համաձայնագիր»,– ասաց Մնացականյանը՝ նկատելով, որ Իրանի եւ Չինաստանի հետ համապատասխան համաձայնագրերի իրականացումը, ինչպես նաեւ Սինգապուրի, Սերբիայի, Եգիպտոսի, Իսրայելի եւ Հնդկաստանի հետ բանակցությունների ավարտը կարող են լրացուցիչ խթան հանդիսանալ ԵԱՏՄ—ի՝ համաշխարհային տնտեսության մեջ ինտեգրման գործընթացի համար։
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ԵԱՏՄ օրակարգում շրջանառության մեջ դրեց մի քանի թեզ, որոնցից առաջինը՝ մասշտաբի էֆեկտն է։ «Մեզ համար ԵԱՏՄ—ն նախեւառաջ մասշտաբի էֆեկտ է։ Թե ոնց ենք մենք այդ մասշտաբի էֆեկտը կառավարելու, օգտվելու կամ չօգտվելու՝ հարց է, որ պետք է միշտ քննարկենք։ Բայց եթե օգտվենք, վստահեցնում եմ, որ շատ լավ կլինի»,–ասաց նա՝ որպես հիմնավորում բերելով մի քանի փաստեր, մասնավորապես այն, որ Իրանի հետ ունենալով դարավոր բարեկամական հարաբերություններ, սակայն այդ երկրի հետ համաձայնագիր կնքեցինք այն փուլում, երբ հանդես եկանք որպես ԵԱՏՄ անդամ երկիր։
«Մենք այսօր Եգիպտոսի հետ բանակցող կողմ ենք եւ, բնականաբար, ի նպաստ Հայաստանի ենք բանակցում, բայց հանդես ենք գալիս որպես ԵԱՏՄ անդամ եւ առավել բարենպաստ պայմաններ կարող ենք ստանալ, էլ չեմ ասում Չինաստանի մասին»,–մանրամասնեց Գրիգորյանը՝ ընդգծելով, որ շատ կարեւոր է, թե յուրաքանչյուր հարցի շուրջ ինչպես ենք բանակցում։
ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը նույնպես Հայաստանի տնտեսության համար դրական գնահատեց ԵԱՏՄ—ին անդամակցումը։ Կատարված համեմատությունները ցույց են տվել, որ 2014 թվականի դրությամբ՝ նախքան անդամակցումը, առեւտրաշրջանառության ծավալները Հայաստանի եւ ԵԱՏՄ մյուս անդամ երկրների հետ այս ժամանակահատվածում տարեկան աճել են 34.5 տոկոսով։
Ընդ որում՝ Հայաստանից ԵԱՏՄ երկրներ արտահանման ծավալները նույն ժամանակահատվածում աճել են 2.1 անգամ, իսկ միայն 2018 թվականի ընթացքում՝ 20.7 տոկոսով։ «Կարեւոր է արձանագրել, որ այս արտահանումն իրենից ներկայացնում է վերջնական սպառման ապրանքներ։ Արտահանման ողջ ծավալի մեջ միայն 1.1 տոկոսն է եղել լեռնահանքային ոլորտի արտադրանք։ Մնացած 99 տոկոսը վերամշակող արդյունաբերության եւ գյուղատնտեսական չմշակված արտադրանքներ են»,– ասաց Տ. Խաչատրյանը։
Խորհրդարանական լսումներին փորձագիտական, հասարակական սեկտորի եւ գործարար միջավայրի ներկայացուցիչներից բացի ներկա էին նաեւ Հայաստանում ԵԱՏՄ անդամ երկրների արտակարգ եւ լիազոր դեսպանները։ Նրանք նույնպես իրենց գոհունակությունն արտահայտեցին ԵԱՏՄ—ի անցած ճանապարհի, ինչպես նաեւ զարգացման եւ փոխգործակցության հեռանկարների շուրջ խորհրդարնական լսումներին մասնակցելու համար։
ՀՀ—ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի խոսքով, ողջունելի է, որ խորհրդարանական լսումներին հրավիրված են փորձագետների լայն շրջանակ, գործարար հատվածի ներկայացուցիչներ, այսինքն՝ մարդիկ, որոնք անմիջականորեն զբաղվում են ԵԱՏՄ ինտեգրման եւ հարաբերությունների խորացման հարցերով եւ իրենց վրա զգում են ինտեգրման ինչպես դրական, այնպես էլ բացասական կողմերը։ «Նման լսումներն օգնում են ավելի լավ հասկանալ ինչպես ԵԱՏՄ ինտեգրացիան, այնպես էլ՝ այդ գործընթացը բուն Հայաստանում։ ԵԱՏՄ—ն ուղղված է այն բանին, որպեսզի նպաստի երկրների համատեղ զարգացմանը, մեր տնտեսությունների արդիականացմանը եւ դիվերսիֆիկացմանը՝ բարձրացնելով դրանց մրցունակությունը ժամանակակից աշխարհում»,–ասաց Կոպիրկինը։
ՀՀ—ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Թիան Էրլունի համար լսումներին ներկա գտնվելը հետաքրքիր եւ կարեւոր էր այն պատճառով, որ նախեւառաջ ԵԱՏՄ—ն շատ կարեւոր ինտեգրացիոն կառույց է ասիական տարածաշրջանում եւ մեծ ներուժ ունի տարածաշրջանի ինտեգրացիոն գործընթացների համար։ Երկրորդ հանգամանքն այն է, որ բոլոր անդամ երկրները կարեւոր եւ բարեկամ գործընկերներ են, այդ թվում՝ տնտեսական առումով։ Ի դեպ, Չինաստանի համար տնտեսական մասով Ռուսաստանը թիվ առաջին գործընկերն է, որի հետ ապրանքաշրջանառությունն անցած տարի հատել է 100 մլրդ—ի սահմանը։
«Մեզ համար շատ կարեւոր է մանրամասն իմանալ, թե ինչ հայացքներ եւ տեսլական կա այս կառույցում։ Հետաքրքրված ենք ինչպես կառույցի հետ ամբողջությամբ, այնպես էլ՝ անդամ երկրների հետ առանձին—առանձին հարաբերությունների զարգացմամբ»,–ասաց չինացի դիվանագետը՝ հիշեցնելով, որ ԵԱՏՄ—Չինաստան համաձայնագրի վավերացումն արդեն ապրիլին ավարտվել է եւ շուտով կյանքի կկոչվի եւ առավել կխորացնի համագործակցությունը։
Թիան Էրլունը լավ արդյունքների հասնելու համար կարեւորեց նաեւ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունը, որի շրջանակներում իրենք պատրաստ են համագործակցելու ամենալայն եւ ամենախոր իմաստով։
ՀՀ—ում Ղազախստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Թիմուր Ուրազաեւն ընդգծեց, որ տարածաշրջանային ինտեգրացիան իր երկրի համար առաջնահերթություններից է ոչ միայն արտաքին, այլեւ ներքին քաղաքականության մեջ։ Նա կարեւորեց տրանսպորտային եւ լոգիստիկ բաղադրիչը փոխգործակցության առումով, քանի որ այս գործոնը հաճախ թույլ չի տալիս օգտագործել երկրների ներուժը՝ պակաս արդյունավետ դարձնելով այն մեխանիզմները, որոնք ցանկանում են արդիականացնել միության շրջանակներում։
ՀՀ—ում Բելառուսի արտակարգ եւ լիազոր դեսպան Իգոր Նազարուկի համար միության առավելությունն ընդհանուր մշակույթը, պատմության ընդհանրությունն է սոցիալ—քաղաքական, անգամ կենցաղի մակարդակում։ Դեսպանի խոսքով, այս արդյունավետ հիմքի վրա էլ զարգանում է ինտեգրացիան։
«Մեր տնտեսություններն ինքնուրույն չեն կարող իրականացնել շատ եւ շատ ծրագրեր, նախագծեր։ Այդ առումով, ճիշտ էր ժամանակին Մաքսային միության, այնուհետեւ ԵԱՏՄ—ի ստեղծումը»,–ասաց Նազարուկը։
Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող Արամ Սաֆարյանը «ՀՀ»—ի հետ զրույցում նշեց, որ չնայած տնտեսական ոլորտում ինտեգրացիոն գործընթացներին, նույնը չի նկատվում նաեւ քաղաքական մասով։ «Ակնհայտ է, որ ԵԱՏՄ անդամ երկրների քաղաքական վերնախավը՝ կլինի Ղազախստանում, Ռուսաստանում, Բելառուսում, թե Ղրղըզստանում, չի շտապում իր իշխանական լիազորությունների մի մասը վերահասցեագրել վերպետական միության։ Մոտակա տարիներին, կարծում եմ, քաղաքական ինտեգրման հարց չի քննարկվելու, որովհետեւ ԵԱՏՄ—ում հարցերը լուծվում են կոնսենսուսի մակարդակով, իսկ այս հարցում մոտակա տարիների համար նման բան չի նկատվում։ Մենք Հայաստանում այդ բանավեճը չենք վարում այն պարզ պրագմատիկ պատճառով, որ իմաստ չունի խոսել մի բանի մասին, որն առաջիկայում չի սպասվում։ Ավելի ճիշտ կլինի քննարկումներ կազմակերպել այն թեմայով, թե առկա ընձեռված հնարավորությունների շրջանակներում ինչ լրացուցիչ քայլեր կարող ենք անել, օրինակ՝ մեր գիտական, երիտասարդության, հասարակական—քաղաքացիական ակտիվի ներուժը ինտեգրման նպատակներին ծառայեցնելու համար»,–ասաց փորձագետը։
Ներդրումներ ստանալու, միջպետական կոոպերացիայի եւ ոլորտային կոոպերացիայի, արդյունաբերության մոդեռնիզացիայի համար միայն տնտեսական գործունեությունը շատ քիչ է։ Ըստ Սաֆարյանի՝ անհրաժեշտ է, որ միության անդամ երկրներում հասարակությունները նույնպես բավարար չափով ճանաչեն միմյանց եւ վերաբերվեն որպես դաշնակիցների, ինչպես եղավ ԵՄ—ի պարագայում։ «Թեեւ մեր հասարակություններում ավագ սերունդը լավ է ճանաչում միմյանց, սակայն միջին եւ հատկապես երիտասարդ սերունդների միջեւ կապը թուլացել է»,–ասաց նա։
Հայաստանի գործատուների հանրապետական միության գործադիր տնօրեն Գագիկ Մակարյանն անդրադարձավ ԵԱՏՄ—ում ընդգրկվելու արդյունքում ունեցած ձեռքբերումներին։ Առաջին հերթին՝ դրանից հետո Հայաստանը սկսեց դիտարկվել որպես հավասար գործընկեր, երկրորդ՝ Հայաստանը ներկայումս շատ ավելի մեծ հետաքրքրություններ եւ հնարավորություններ ունի արդյունաբերության զարգացման համար, քան որոշ այլ երկրներ։
Նա նշեց, որ կառավարության կողմից հետաքրքրություն է նկատվում, եւ իրենց միությունը պատրաստ է աջակցել արդյունաբերության զարգացման վերլուծությունների, տարբեր ինժիներական լուծումների եւ համատեղ արտադրությունների հետ կապված։
«Մենք առաջարկում ենք մի մոդել, որը թույլ կտա Հայաստանի միջոցով արտահանել ԵԱՏՄ—ի բոլոր միջին մրցունակության կամ միջինից ցածր մրցունակության գործարանները կամ տեխնոլոգիաները, որոնք որեւէ կերպ չեն կարող արտահանվել, սանկցիաների տակ են, հեռու են ճանապարհներից։ Հայաստանը ԵԱՏՄ—ում պիտի դառնա այն առաջին երկիրը, որը կարող է ե՛ւ ԵԱՏՄ—ի ընդհանուր շահերին նպաստել՝ լուծելով առկա խնդիրները, ե՛ւ ոտքի կանգնել որպես պետություն եւ տնտեսություն,—ասաց Մակարյանը, ապա շարունակեց.–Մեր իրականացրած ուսումնասիրությունը ցույց է տվել, որ խորհրդային տարիներից մնացած գործարանները համարյա ոչ մի բանի պիտանի չեն, միայն շենքերն ու ենթակառուցվածքներն են օգտագործման ենթակա։ Առաջարկում են դրանք օգտագործել փոքր ու միջին բիզնեսի ոչ մրցունակ, միջին մրցունակության կամ տեղական կարիքների համար, նույնիսկ ՓՄՁ—ների արտադրական պարկեր, տեխնոպարկեր ստեղծելու նպատակով»։
Հայաստանը կարող է որպես բրենդ առաջարկել իր գիտական միտքը։ Դրա համար երկու մոդել կա, առաջինը՝ գիտական միտքը պետք է զարգանա գիտահետազոտական աշխատանքներում՝ ստեղծելով միացյալ բյուջեներ կամ՝ ուղիղ կապ հաստատելու ճանապարհով, երբ տնտեսավարող սուբյեկտները հնարավորություն կունենան ավելի հեշտ կապեր ստեղծել հետազոտական կենտրոնների կամ բուհերի հետ։ Այս սխեման ներկայացվել է ՀՀ վարչապետին, էկոնոմիկայի նախարարին, Կենտրոնական բանկին։ Մակարյանը նշեց, որ այս մոդելը միությունը մշակել է ամերիկահայ ներդրողների հետ համատեղ, եւ հունիսի վերջին ավելի ակտիվ աշխատանքներ են տանելու այդ ուղղությամբ։
«Այդ հարցը համաձայնեցրել ենք ԵԱՏՄ երկրների գործատուների միությունների ղեկավարների հետ։ Իրենք էլ ոգեւորված են։ Իրենք ուզում են տնտեսությունը դեպի դուրս զարգացնել, բայց չեն կարողանում, որովհետեւ տնտեսական, քաղաքական ենթակառուցվածքների խնդիրները հեշտ չէ լուծել, բայց Հայաստանը կարող է դառնալ դրա լուծողը։ Ընդ որում, կարող են մեր երկրում գրանցել իրենց գրասենյակը, ձեւավորել ինժեներական խմբերը, օգտագործել այստեղի GSP, GSP+ համակարգերը, այլ երկրների հետ աշխատելու մշակույթը, ցամաքային սահմանները դեպի մուսուլմանական երկրներ եւ այլն»,–մանրամասնեց զրուցակիցս։
Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ

11-06-2019





22-06-2019
Ակնկալվում էր առավել սուր հայտարարություն
ԼՂ խնդիրը տարածաշրջանային զարգացումների համատեքստում է

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


Հունիսի ...


22-06-2019
Անկայունության դրսեւորումներ հարեւան երկրում
Հայաստանը՝ արագ փոփոխվող միջազգային օրակարգի դեմ հանդիման

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am




22-06-2019
Պետություն
Մի այլ տարբերակ էլ հուշում է Քսենոփոնը

Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am




22-06-2019
Ֆրիդրիխ Գուստավ Էմիլ Մարտին Նիեմոլլեր
Ֆրիդրիխ Գուստավ Էմիլ Մարտին Նիեմոլլեր (1892—1984)՝ գերմանացի աստվածաբան եւ ...


22-06-2019
Ինչ—որ մի թշվառական բեմադրություն կար Սունդուկյանի թատրոնում
(Լեւոն Ներսիսյան. Դասախոսություններ)

...Մի փոքրիկ բան պատմեմ ձեզ, ...


 
22-06-2019
Նրանք
Դարավերջի «այցելուներս»՝ ինձ քուն թե արթմնի հանգիստ չտվող մտավորականների ...


22-06-2019
Բացարձակ օբյեկտիվիզմ անհնար է
Գրականագետ, գեղագետ, դերասան, դասախոս Լեւոն Ներսիսյանի (1931-1999) դասախոսություններից




22-06-2019
Բռնություն ընտանիքում ու կանանց հանդեպ
Համապատասխան մարմինների գործառույթներն ...

22-06-2019
«Ոսկե ծիրանի» քաղաքականությունը փոխվել է
Նաեւ թուրքական ու ադրբեջանական ֆիլմեր՝ ...

22-06-2019
«Բրուտ արտ» սիմպոզիումը՝ Շուշիում
Ամառային տարաբնույթ մշակութային միջոցառումների ...

22-06-2019
Մարզավիճակը հաջողության հույս է ներշնչում
Հայաստանի մարմնամարզիկներն ավարտելով թբիլիսյան ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO