Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

24.06.2019
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


Այդ ձեռնտու ու էկոլոգիապես մաքուր մետաքսի գործը

Երբ այլեւս միլիոնավոր դոլարներ չկորցնենք

Ինչու մեր երկրում չի զարգանում «մետաքսի գործը»։ Այն պարագայում, երբ դա մեզ խորթ չէ, երբ փորձն ունեցել ենք հին դարերից մինչեւ խորհրդային տարիներ։ 19—րդ դարի կեսերին այն Արեւելյան Հայաստանում զարգացրել ենք, շերամապահությամբ ու մետաքսագործությամբ աչքի են ընկել Երեւանի, Նախիջեւանի, Շարուրի եւ Էջմիածնի գավառները, ռուսական շուկայի հիմնական մատակարարներից ենք եղել։ Խորհրդային Հայաստանում այն լուրջ հիմքերի վրա ենք դրել։
Դեռ 1921թ. հայտնի պատճառներով մետաքսաթելի ու գործվածքների ձեռնարկություններն ազգայնացվեցին, իսկ մետաքսաթելի մանր արհեստանոցները վերացվեցին։ 1928թ. արդեն գործարկվեց Երեւանի Մարտի 8—ի անվան մետաքսաթելի ֆաբրիկան, որին 1931թ. հանձնվեց Ղափանի մետաքսաթելի ֆաբրիկայի ամբողջ սարքավորումը։ 1940թ. արհեստագործական կոոպերացիայի Երեւանի ու Շահումյանի մետաքսյա գործվածքների արտելները միավորվեցին եւ ընդգրկվեցին թեթեւ արդյունաբերության համակարգի մեջ։ 1953թ. սրանց բազայի վրա ստեղծվեց Երեւանի մետաքսի կոմբինատը, որին 1958թ. միավորվեց նաեւ Մարտի 8—ի անվան մետաքսաթելի ֆաբրիկան։ Հետո սարքավորումների նորացման, քիմիական մանրաթելերի արտադրության զարգացման շնորհիվ արտադրության ծավալն ավելացավ, ընդլայնվեց թողարկվող գործվածքների տեսականին։ 1979թ. արտադրվել է 21,7 մլն քմ մետաքսյա գործվածք։ Այս ճյուղին այնքան ուշադրություն էր դարձվում, որ տեխնիկական զարգացման գիտահետազոտական ու կոնստրուկտորափորձարարական աշխատանքներով զբաղվում էր թեթեւ եւ տեքստիլ մեքենաշինության համամիութենական ԳՀԻ—ին (Երեւանի մասնաճյուղը)։
1977—1987թթ. ՀՍԽՀ Պետպլանի թեթեւ արդյունաբերության բաժնի գլխավոր մասնագետ, 1987—2006թթ. «Մետաքս» արտադրական միավորման գլխավոր տնօրեն, 1990 թվականից ՀՀ թեթեւ արդյունաբերության տնօրենների խորհրդի նախագահ, տնտեսագիտության թեկնածու Արտաշես Տեր—Հովհաննիսյանի (նա Ադոլֆ Հիտլերի «Իմ պայքարը», Լի Կուան Յուի «Սինգապուրյան հրաշքի պատմությունը» եւ մի շարք այլ գրքերի թարգմանիչն է նաեւ,—Ա.Մ.) տվյալներով, Խորհրդային Հայաստանում եւ Արցախում տարեկան համապատասխանաբար արտադրվել է մինչեւ 200 տոննա մետաքսի բոժոժ, որը մշակվել է Երեւանի եւ Ստեփանակերտի մետաքսի կոմբինատներում։ Նշված ձեռնարկությունները մենաշնորհային էին, ունեին շուրջ 3000 աշխատող եւ տարեկան արտադրում էին 13—18 մլն գծամետր գործվածք։
Ի դեպ, նախկին «Մետաքս»—ի գլխավոր տնօրենը այս տարեսկզբին վարչապետ Նիկոլ Փաշինյանին էր դիմել՝ առաջարկներ ներկայացնելով ՀՀ եւ Արցախի թեթեւ արդյունաբերության վերականգնման ու զարգացման վերաբերյալ։ Առաջարկներն ուղարկվել են բաց նամակի ձեւով (CV—ի փոխարեն)։ Մետաքսագործության զարգացման մասին խոսելով՝ նա նշում է, որ Երեւանի մետաքսի կոմբինատը 2006թ. վաճառվեց «Ուայ—Էյչ—Բեյ» հայ—ամերիկյան համատեղ ընկերությանը (հայտնի գործարար Վահե Յակուբյան) եւ որոշ ժամանակից հետո դադարեցրեց իր պրոֆիլային գործունեությունը։ Ղարաբաղի մետաքսի կոմբինատը եւս մեծապես տուժեց արցախյան գոյամարտի տարիներին, սակայն որոշակիորեն պահպանեց իր արտադրական ներուժը։ Ներկայումս ձեռնարկության տարածքներում կազմակերպվել է արցախյան ձեռագործ գորգերի արտադրություն։ «Հայաստանի եւ Արցախի սոցիալ—տնտեսական զարգացման համար այս առանցքային ու եզակի նշանակության եւ հազարամյակների պատմական մեծ մշակույթ ունեցող ճյուղի նշանակությունը կարեւորելով՝ մեր կողմից մի քանի փորձեր արվեցին դրա վերականգնման եւ զարգացման ուղղությամբ,—շարունակում է Արտաշես Տեր—Հովհաննիսյանը,— 2000թ. պայմանավորվածություն ձեռք բերվեց հարավ—կորեական «Էյ—Դի—Էմ Ինտերնեյշնըլ» կորպորացիայի հետ, եւ նույն տարվա մայիսին Երեւան ներկրվեց 17,5 մլն հատ գրենա (շերմաորդի ձու)։ Թթենու պահպանված ծառատեսակների մեծ քանակը եւ տեղական իշխանությունների բարյացակամ վերաբերմունքը հաշվի առնելով՝ որպես արտադրական բազա ընտրվեց Սյունիքի մարզի համանուն համայնքը»։
Ծայրահեղ դժվարին պայմաններում մթերվել է ավելի քան 750 տ տերեւ (թթի տերեւները հիմնականում հանվել են ազերիների կողմից պատերազմի ժամանակ ականապատված թթաստաններից), ստեղծվել է ավելի քան 120 աշխատատեղ։ Եվ 2000թ. հուլիսին՝ ավելի քան 30 տարվա ընդմիջումից հետո, ստացվել է հայկական բոժոժի նոր բերքը։
Շարունակելով ներկայացնել մանրամասները՝ «Մետաքս»—ի տնօրենը պատմում է, որ այդ ժամանակ Հայաստան, նաեւ Արցախ եկավ Համաշխարհային բանկի ագրոբիզնեսի ամենահեղինակավոր մասնագետներից մեկը՝ Հարվարդի համալսարանի պրոֆեսոր Երվանդ (Էդդի) Չոբանյանը։ Պետք է հիմնվեր թթաստան։ Դրա հիմնադրման համար Արցախի իշխանությունները առաջարկեցին Աղդամի շրջանի 5 հազ. հա հողատարածքները, իսկ Հայաստանից գործնական առաջարկներ այդպես էլ չարվեցին։ «Մեծահամբավ եւ ծերունազարդ պրոֆեսորը մանրամասն ու մեծ պրոֆեսիոնալիզմով մշակեց հայկական շերամապահության վերականգնման եւ զարգացման բիզնես—պլան, որի գործնական իրականացման դեպքում Հայաստանն ու Արցախը դուրս են գալիս համաշխարհային մետաքսագործության առաջնակարգ տեղերից մեկը՝ Բրազիլիայի հետ կիսելով այդ ճյուղի՝ աշխարհում 5—ից 6—րդը լինելու դափնին։ Մեր իշխանություններից պահանջվում էր ընդամենը մի քանի բան. լրջմիտ վերաբերմունք եւ ծրագրի իրականացման համար տրամադրվող վարկերի համար տրվող պետական երաշխիքներ։ Դրանք չհետեւեցին, իսկ Ե. Չոբանյանը ստանալով Վրաստանի եւ Միջին Ասիայի (Ուզբեկստանի) կառավարությունների պաշտոնական հրավերը, լուրջ միջոցների ներգրավմամբ (Ուզբեկստանում մինչեւ 15.0 մլն դոլար) մեծ զարկ տվեց այդ երկրների մետաքսագործության զարգացմանը»։
Այն, որ մետաքսի գործը Հայաստանը կհաջողի, այն էլ՝ եկամտաբերությամբ, տնտեսագիտության թեկնածուն չի կասկածում։ Նա հարցի էությունը պարզ դարձնելու համար «մի քանի տնտեսագիտական պարզագույն հաշվարկներ» է անում։
Ըստ այդմ, 1 հա թթաստանը թույլ է տալիս տարեկան ստանալ բոժոժի երկու բերք (Բրազիլիայում դա հավասար է 9—ի), հիմնականում մայիս—հունիս եւ սեպտեմբեր—հոկտեմբերին։ 1 հա—ի թթաստաններից կարելի է ստանալ մինչեւ 3 տոննա հում (թաց) բոժոժ, իսկ վերամշակման դեպքում՝ մինչեւ 300 կգ մետաքսաթել։ Լավագույն տեսակի (ԱԱԱ) չոր բոժոժի գինը համաշխարհային շուկայում ներկայումս հասնում է մինչեւ 5 դոլարի, իսկ մետաքսաթելինը՝ 15—20 դոլարի։ 5000 հա—ից հնարավոր էր տարեկան ստանալ մինչեւ 15 հազ. տոննա թաց բոժոժ (կամ 2000 տոննա չոր բոժոժ)։ Նվազագույն (կգ—ը 3 դոլար վաճառելիս) համախառն եկամուտը կկազմի 6 մլն դոլար։ Յուրաքանչյուր հեկտարի մշակման եւ շերամորդի կերակրման համար կպահանջվի 3—5 մարդ։ 5 հազ. հա—ի դեպքում դա կստեղծի 15—25 հազ. աշխատատեղ։ 15 տարվա ընթացքում միայն այս գծով մեր ենթադրյալ կորուստները կազմել են միջինը 90—100 մլն դոլար։
Ինչեւէ, Արտաշես Տեր—Հովհաննիսյանը նամակում ներկայացնում է, թե քանի պաշտոնյանի դուռ է թակել՝ մետաքսի գործը գլուխ բերելու համար, բայց՝ ապարդյուն։ Հույսը չկորցնելով՝ հիմա էլ է դիմում իշխանություններին՝ մետաքսագործության ճյուղի զարգացման անհրաժեշտությունն ամփոփելով Հարվարդի համալսարանի պրոֆեսոր Երվանդ Չոբանյանի՝ համաշխարհային մետաքսագործության մասին որոշակի պատկերացում տվող տեղեկատվությամբ։ Այն է՝ աշխարհում (1990—ական թթ.) տարեկան արտադրվել է մինչեւ 1,5 մլն տոննա բոժոժ, որի 80 տոկոսը բաժին է ընկնում Չինաստանին։ Ճյուղը տարեկան արտադրում է 5—6 մլրդ դոլարի արտադրանք։ Աշխատողների թվաքանակը անցնում է 30 մլն մարդուց։ Մետաքսաթելից եւ գործվածքից զատ, բոժոժի վերամշակումից ստացվում է մետաքսյա գորգերի թել, ձկան կեր (եւ դրա կենսական հավելումները), կենսաբանորեն մաքուր վառելիք։ Այն էկոլոգիապես բացարձակ մաքուր է, անթափոն եւ համաշխարհային շուկայում ունի հարաճուն պահանջարկ։ Ու տրամաբանական կլինի, որ կառավարության հատուկ որոշմամբ Հայաստանն ու Արցախը վերականգնեն եւ զարգացնեն սոցիալ—տնտեսական առումով չափազանց խոստումնալից ճյուղը։
Ի դեպ, նկատենք, որ 1987—2006թթ. «Մետաքս» արտադրական միավորման գլխավոր տնօրենը առաջարկներ է ներկայացրել ոչ միայն մետաքսագործության, այլ՝ թեթեւ արդյունաբերության զարգացման համար անհրաժեշտ ճյուղերի մասով՝ գորգագործության եւ ոչխարաբուծության, տրիկոտաժի արտադրության, կարի արտադրության, ոչ գործվածքային արտադրության եւ այլնի մասով։
Ի դեպ, ասենք, որ Հայաստանում այս տարիներին շերամապահության փորձեր եղել են։ Բայց դրանք եթե նույնիսկ հաջողակ, ապա առանձին են, ոչ շղթայական, իմա՝ ոչ արդյունաբերական նշանակության։ Ընդհանուր հաջողության համար պետական ծրագիր է պետք, պատրաստակամություն՝ ոլորտին աջակցելու։
Օրինակ, նախորդ տարի Արմավիրի մարզի Աղավնատուն գյուղում շերամապահությամբ զբաղվել ու այսպես ասենք, բերքահավաքին էին սպասում (մեզ մոտ մետաքսաթել արտադրելու համար շերամապահությամբ են զբաղվում։ Բայց ասել ենք, որ կա նաեւ սարդի, կակղամորթու մետաքսաթել)։ Փորձնական սկսել էին 3 տուփ գրենայից։ 1 տուփում 24 հազար շերամորդի ձու է լինում։ 3 օրվա ընթացքում շերամորդը բերանով իր շուրջը հյուսում է մետաքսե ամուր պատյանը՝ բոժոժը, որի թաղանթը կազմված է 1000—1500 մ երկարություն ունեցող մետաքսաթելից։ Ասենք, որ փորձնական այս գործը սկսածները հույս ունեն, որ մի քանի տարի անց իրենց արտադրանքի ծավալն այնքան կմեծանա, որ Հայաստանում մետաքսի արտադրությունը կվերսկսվի (տեղեկացնենք, որ շերամորդը օգտագործվում է զրահաբաճկոնների, օդապարիկների արտադրության մեջ, դիմահարդարման քսուքների արտադրության մեջ… Մասնագիտական գրականությունից տեղեկանում ենք՝ բնագավառները շատ են)։
Ինչեւ, բամբակագործության թեմայի օրինակով, մետաքսագործության թեման էլ ենք բաց պահում։ Ասելիքը շատ է, տարակարծություններն ու համաձայնությունները՝ նույնպես։ Դրանք շարունակել ի մի բերելը պետք կգա այն օրը, երբ պետությունը կորոշի ոլորտային ծրագրեր մշակել։ Բայց հաստատ մետաքսագործությանը զարկ տալ պետք է։ Ու ոչ միայն տնտեսական արդյունավետության շարժառիթներից ելնելով։ Քաղաքականն էլ կա։ Խորհրդանշական կլինի, որ մենք Մետաքսի ճանապարհի մաս կազմենք հենց մետաքսի գործը վերականգնած։ Արդի աշխարհը ցույց է տալիս, թե քաղաքական ճիշտ մտածված խորհրդանշական քայլերը հետո ինչ տնտեսական հաղթաթղթեր են բերում…
Վերջերս Չինաստանի Ժողովրդական Հանրապետության պետական խորհրդի անդամ, արտաքին գործերի նախարար Վան Ին ընդգծել էր, թե «Մետաքսի մեծ ճանապարհը դեռեւս դարեր առաջ միավորել է մեր երկու ժողովուրդներին»։
Դարեր հետո էլ այդ ճանապարհով կարող են գալ ու գնալ հայկական ու չինական մետաքսները։
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ

11-06-2019





22-06-2019
Ակնկալվում էր առավել սուր հայտարարություն
ԼՂ խնդիրը տարածաշրջանային զարգացումների համատեքստում է

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


Հունիսի ...


22-06-2019
Անկայունության դրսեւորումներ հարեւան երկրում
Հայաստանը՝ արագ փոփոխվող միջազգային օրակարգի դեմ հանդիման

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am




22-06-2019
Պետություն
Մի այլ տարբերակ էլ հուշում է Քսենոփոնը

Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am




22-06-2019
Ֆրիդրիխ Գուստավ Էմիլ Մարտին Նիեմոլլեր
Ֆրիդրիխ Գուստավ Էմիլ Մարտին Նիեմոլլեր (1892—1984)՝ գերմանացի աստվածաբան եւ ...


22-06-2019
Ինչ—որ մի թշվառական բեմադրություն կար Սունդուկյանի թատրոնում
(Լեւոն Ներսիսյան. Դասախոսություններ)

...Մի փոքրիկ բան պատմեմ ձեզ, ...


 
22-06-2019
Նրանք
Դարավերջի «այցելուներս»՝ ինձ քուն թե արթմնի հանգիստ չտվող մտավորականների ...


22-06-2019
Բացարձակ օբյեկտիվիզմ անհնար է
Գրականագետ, գեղագետ, դերասան, դասախոս Լեւոն Ներսիսյանի (1931-1999) դասախոսություններից




22-06-2019
Բռնություն ընտանիքում ու կանանց հանդեպ
Համապատասխան մարմինների գործառույթներն ...

22-06-2019
«Ոսկե ծիրանի» քաղաքականությունը փոխվել է
Նաեւ թուրքական ու ադրբեջանական ֆիլմեր՝ ...

22-06-2019
«Բրուտ արտ» սիմպոզիումը՝ Շուշիում
Ամառային տարաբնույթ մշակութային միջոցառումների ...

22-06-2019
Մարզավիճակը հաջողության հույս է ներշնչում
Հայաստանի մարմնամարզիկներն ավարտելով թբիլիսյան ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO