Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

26.06.2019
ՆԱԽԱԳԱՀ


Սա մի դար է, որտեղ տեղի է ունենալու հայ ժողովրդի փառավոր վերածնունդը

Դիլիջանում տեղի է ունեցել «Մտքերի հայկական գագաթնաժողովը»

Դիլիջանում հունիսի 8-ին տեղի է ունեցել «Մտքերի հայկական գագաթնաժողովի» բացման հանդիսավոր արարողությունը։ Ամեն տարի Ֆրանսիայի Շամոնի քաղաքում անցկացվող «Մտքերի գագաթնաժողովը» («Summit of Minds») այս տարի առաջին անգամ անցկացվել է Հայաստանում, որը դարձել է Շամոնիից դուրս առաջին երկիրը, որտեղ հյուրընկալվել է այս միջոցառումը։
Բացման արարողությանը ներկա էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որն իր խոսքում մասնավորապես նշել է.
«Հայաստանի Հանրապետության մեծարգո նախագահ,
Կառավարության հարգելի անդամներ,
Պետական այրեր,
Հարգելի դեսպաններ, հյուրեր,
Ողջունում եմ մտքերի հայկական գագաթնաժողովը, որը հիմնված լինելով եւ ավանդաբար անցկացվելով ֆրանսիական Շամոնի քաղաքում, առաջին անգամ անցկացվում է Հայաստանի Հանրապետությունում։ Եվ ես ուզում եմ այս իրադարձության համար հատուկ շնորհակալություն հայտնել Հայաստանի Հանրապետության նախագահին եւ բոլոր նրանց, որոնց նշեց ՀՀ նախագահը։
Հին հնդկական առակը հարց է բարձրացնում՝ ի՞նչն է ավելի շատ, քան աստղերը եւ, բնականաբար, պատասխանում է. մտքերն են ավելի շատ, քան աստղերը։ Ընդ որում, նկատի է առնվում մեկ մարդու մտքերը, ոչ թե ամբողջ մարդկության։ Ընդհանրապես, միտքն այն ամենակարեւոր եւ շրջադարձային երեւույթն է, որ կերտել է, ստեղծել է մեր իրականությունը։
Ամբողջ քաղաքակրթությունն, ըստ էության, հիմնված է մեկ գործոնի վրա՝ դա մարդկային միտքն է։ Ընդհանրապես, երկրագնդի ողջ գոյության ընթացքում ընդամենը երկու գործոն կա, որ ազդել է երկիր մոլորակի վրա՝ մեկը տիեզերական գործոններն են, իսկ մյուսը՝ մարդկային միտքը։ Եվ երբ փորձում ենք խոսել այսօրվա քննարկման հիմնական թեմայի՝ աշխարհում եւ, ընդհանրապես, տարածաշրջանում տնտեսական, ներդրումային, ընդհուպ աշխարհաքաղաքական միտումների մասին, մենք կտեսնենք, որ ժամանակակից աշխարհում ամենամեծ ներդրումներն արվում են հենց մարդկային մտքի ոլորտում։
Այսօր տնտեսության շարժիչ ուժերը դարձել են այն ոլորտները, որոնք ուղղակիորեն կապ ունեն մտքի հետ։ Եվ բանը հասել է այնտեղ, որ մարդկային միտքն այլեւս չի բավարարվում ինքն իրենով, եւ աշխարհում սկսվել է արհեստական մտքի, արհեստական ինտելեկտի զարգացման գլոբալ պրոցես։ Սա է, ըստ էության, 21—րդ դարի, ժամանակակից աշխարհի հիմնական տնտեսական միտումը։
Երբ նայենք վերջին 20—30 տարիների համաշխարհային տնտեսության կառուցվածքը, կտեսնենք, որ ամենադրամատիկ եւ աչքի զարնող փոփոխությունը հենց դա է։ Տնտեսության մեջ առաջատար են դարձել այն ուժերը, որոնք առավելապես հիմնված են մարդկային մտքի, տաղանդի եւ ինտելեկտի վրա։ Հիմա մենք ապրում ենք մի զարմանալի ժամանակաշրջանում, երբ մարդկային միտքը սկսել է իր ազդեցությունն ունենալ ոչ միայն երկիր մոլորակի վրա, այլ այն սկսել է փոփոխություններ կատարել այլ մոլորակներում, եւ որեւէ կասկած չկա, որ այս միտումը շարունակվելու է ու ուժեղանալու է հենց արհեստական ինտելեկտի զարգացմանը զուգընթաց։
Երեւանից այստեղ գալիս, երբ նայում ենք ճամփեզրին, տեսնում ենք բազմաթիվ խանութներ, ռեստորաններ, փոքր եւ միջին բիզնեսի օբյեկտներ, նրանցից ոմանք հաջողակ են, ոմանք՝ անհաջողակ, ոմանց գործերն այդքան էլ լավ չեն, ոմանց գործերն ակնհայտորեն լավ են, ու դա երեւում է առաջին հայացքից։ Եվ երբ մտածում ենք, թե ի՞նչ է տարբերում հաջողված բիզնեսներն անհաջող բիզնեսներից, առաջին միքտը, որ զարնում է, այն է, որ հաջողակ են այն բիզնեսները, որոնց մեջ մտքի ներդրումն առավել մեծ չափաբաժին ունի։ Ինչպես սիրում են տնտեսագետներն ասել՝ այլ հավասար պայմաններում հաջողակ են առավելապես այն գործարարները, ձեռնարկությունները, որոնց մեջ ներդրված մտքի չափաբաժինն առանձնահատուկ է։
Եվ ես կարծում եմ, որ այս երեւույթը, միտումն, ընդհանուր առմամբ, բնորոշում է այսօրվա Հայաստանը, որովհետեւ 21—րդ դարն իսկապես մտքի դար է, մտքի հաղթանակի եւ մտքի զարգացման դար է, եւ այս է պատճառը, որ մենք հավատում ենք, որ 21—րդ դարը նաեւ Հայաստանի Հանրապետության դարն է, նաեւ Հայաստանի քաղաքացու դարն է, հայ ժողովրդի դարն է, որովհետեւ մենք հավատում ենք, որ սա մի դար է, որտեղ տեղի է ունենալու հայ ժողովրդի իսկապես փառավոր վերածնունդը։
Երբ ծովի դար էր՝ մենք ծով չունեինք, երբ նավթի դար էր՝ մենք նավթ չունեինք, երբ բախտի դար էր՝ մենք բախտ չունեինք, երբ ուժի դար էր՝ մենք ուժ չունեինք, եւ ահա եկել է մտքի դարը, ու որեւէ կասկած չկա, որ մենք ունենք միտք եւ, ըստ այդմ, մեր հիմնական անելիքը բնորոշված է. մենք պետք է զբաղվենք մեր մտքի զարգացմամբ, մենք պետք է պայմաններ ստեղծենք, որպեսզի միտքը զարգանա, միտքն ինքնադրսեւորվելու, իրացվելու, ինքն իրեն վերարտադրելու հնարավորություն ունենա։ Նաեւ սա է պատճառը, որ ասում ենք, որ մեր խնդիրն է Հայաստանի Հանրապետությունը դարձնել դրախտավայր տաղանդավոր մարդկանց, մտքի համար, իսկ մենք հավատում ենք, որ ընդհանրապես, յուրաքանչյուր մարդ բացառիկ է, յուրաքանչյուր մարդ տաղանդավոր է, եւ մեր խնդիրն է ահա ստեղծել մի միջավայր, որտեղ մարդու տաղանդը կաճի, կզարգանա, կդրսեւորվի, կստեղծի ինտելեկտ, կստեղծի արհեստական ինտելեկտ եւ այդ արհեստական ինտելեկտը կծառայեցնի մարդկային մտքին, մարդկային, հոգեւոր, բարոյական արժեքներին, համընդհանուր կայունությանը, խաղաղությանը եւ բարեկեցությանը։
Այնպես որ, պատեհ է, որ հենց հիմա, հենց այսօր մտքի գագաթնաժողովն անցկացվում է Հայաստանի Հանրապետությունում։ Ուզում եմ կրկին շնորհակալություն հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր այսօրվա գագաթնաժողովի անցկացումը Հայաստանի Հանրապետությունում դարձրել են իրականություն։ Շնորհակալ եմ»։
Բացման խոսքում ողջունելով գագաթնաժողովի մասնակիցներին եւ հյուրերին՝ հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մասնավորապես նշել է, որ իր համար մեծ պատիվ է բացել «Մտքերի գագաթնաժողովը» Հայաստանում, քանի որ այն նախորդ 20—30 տարիների մեծագույն նվաճումներից է։ «Այն մի յուրօրինակ թինք—թանք է, որը մտածում է մոլորակի ապագայի մասին,–ասել է նախագահը։–Այն մշտապես անցկացվել է մի հրաշալի վայրում՝ Շամոնիում, Մոնբլան լեռան մոտ»։
Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել գագաթնաժողովի հիմնադիր Թիերի Մալըրեին եւ նրա գործընկերներին՝ գագաթնաժողովը Շամոնիից դուրս տեղափոխելու եւ Հայաստանը որպես անցկացման վայր ընտրելու համար։
«Մտքերի գագաթնաժողովն» ամեն տարի մեկ հարկի տակ է հավաքում 200—300 մարդկանց աշխարհի տարբեր հատվածներից։ Աշխարհի լավագույն մտածողները հավաքվում են՝ սկսելու մտածել մոլորակի կարեւոր հարցերի շուրջ։ Եթե նայեք այս լուսանկարի վրա առկա Հայաստանի «Մտքերի գագաթնաժողովի» լոգոյին, կտեսնեք Արարատ սարը,–ասել է նախագահ Սարգսյանը։–Երբ ես մտածում եմ «Մտքերի գագաթնաժողովի» մասին եւ նայում Արարատի այս նկարին, այն ինձ մտովի տանում է փիլիսոփայական մի քննարկման։ Արարատ սարը Հայաստանի խորհրդանիշն է։ Սակայն այն նաեւ բիբլիական սար է։ Համաձայն լեգենդի, հազարավոր տարիներ առաջ, երբ մարդկությունը սկսեց ավելի նախանձ լինել, չգնալ երկխոսության ու չհարգել մարդկանց գաղափարները, գերակշռող դարձան վիճաբանություններն ու բամբասանքները, երբ մարդիկ սկսեցին կորցնել իրենց հավատն ու Աստծուն, Աստված որոշեց փոխել վիճակը եւ արարեց ջրհեղեղ։ Այնուհետեւ Աստված մտածեց Նոյի մասին եւ վստահեց նրան՝ գտնելու վստահելի մարդկանց ու կենդանատեսակների, բարձրացնել նրանց Նոյի տապանն ու նոր սկիզբ դնել։ Երբ ես անձամբ նայում եմ նոր աշխարհին, ես ջրհեղեղի նշաններ տեսնում եմ շատ տեղերում։ Ես տեսնում եմ ջրհեղեղի նշանները մեր վարքագծում, թե ինչպես ենք մենք վարվում, ինչ ենք անում բնությանը՝ կապված կլիմայական փոփոխությունների հետ։ Այս ամենը հիշեցնում է, որ մենք ինչ—որ բան սխալ ենք անում։ Մենք սխալ ենք վերաբերվում բնությանը։
Երբ նայում ենք համաշխարհային աշխարհաքաղաքականությանը, մի բան հստակ է՝ աշխարհում հսկայական անորոշություններ կան։ Անորոշություններ կան Եվրոպայի ապագայի հետ՝ կապված «Բրեքսիթի» հետ, ԱՄՆ—ում՝ առաջիկա ընտրությունների հետ, Մերձավոր Արեւելքում եւ շատ այլ վայրերում։ Աշխարհն այսօր լի է նոր կամ հնուց վերադարձող գաղափարներով։ Մեծ քանակությամբ պոպուլիզմ, ֆեյք լուրեր, թյուրըմբռնում։ Ի վերջո, ի՞նչ է լինելու աշխարհի հետ։ Մենք կորցնում ենք ավելի ու ավելի շատ վստահություն, կորցնում ենք երկխոսելու կարողությունը։ Այս տեսնակյունից «Մտքերի գագաթնաժողովն» ասես փոքր տապան լինի։ Այսօր սա Նոյի տապանը չէ, հայկական տապան է, որտեղ մարդիկ գալիս են քննարկելու, թե ինչպես ենք փրկելու մոլորակը։ Եվ սա շատ կարեւոր է։ Ես շատ ուրախ եմ՝ ունենալու մոլորակի ապագայի մասին այս փոքր տապանն այստեղ՝ Հայաստանում։
Ի՞նչ է այն տալու Հայաստանին։ Կարծում եմ՝ շատ կարեւոր է սկսել լսել, թե ինչ է ասում աշխարհը։ Սկսել «Մտքերի գագաթնաժողովին» տալ հիմնական հարցը՝ ի՞նչ է կատարվում այս աշխարհում, ի՞նչ անել եւ ինչպե՞ս անել։ Սրանք գլոբալ հարցեր են, սակայն դրանք առնչվում են նաեւ Հայաստանին։ Ո՞ւր ենք մենք շարժվում՝ որպես Հայաստանի Հանրապետություն, որպես ժողովուրդ եւ ի՞նչ ու ինչպե՞ս պետք է անենք։ Մեզ համար իմանալը, թե ուր է շարժվում աշխարհը, որտեղ է աշխարհը լինելու 20—30 տարի անց, շատ կարեւոր է՝ ունենալու մեր ծրագիրն ու գծելու մեր ուղին, իմանալու ինչ ու ինչպես անել։ Սա կարեւոր է Հայաստանի համար։ Կարեւոր է նաեւ, քանի որ «Մտքերի գագաթնաժողովի» եւ մի շարք այլ գագաթնաժողովների շնորհիվ աշխարհն ավելի շատ բան կիմանա մեր մասին, իսկ մենք էլ՝ ավելի շատ բան աշխարհի մասին։ Ուստի եւս մեկ անգամ շնորհակալություն, Թիերի, այս հնարավորության համար՝ բերելու «Մտքերի գագաթնաժողովը» Հայաստան։ Ուզում եմ ասել մեր հյուրերին, որ այս տարի մենք ունենալու ենք երկու կամ երեք այլ մեծ իրադարձություն մեր երկրում։ Հայաստանը հյուրընկալելու է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մեծ մասնագետների եւ այլն»։
Հայաստանի նախագահը հույս է հայտնել, որ Հայաստանի «Մտքերի գագաթնաժողովը» ամենամյա եւ մշտական կդառնա։
Միջոցառման կազմակերպիչ «The Monthly Barometer»—ի հիմնադիր Թիերի Մալըրեն նշել է, որ ուրախ է առաջին անգամ Դիլիջանում կազմակերպել «Մտքերի գագաթնաժողովը»։ «Մենք հավատացած ենք, որ գագաթնաժողովի երեք օրերի ընթացքում տեղի ունենալիք շփումները կնպաստեն միմյանց ավելի լավ ճանաչելուն եւ նոր, այդ թվում եւ ներդրումային գաղափարների առաջացմանը, ինչը անհրաժեշտ է նաեւ Հայաստանին»,–նշել է Մալըրեն։ Նա ընդգծել է, որ «Մտքերի գագաթնաժողովի» կազմակերպման հիմքում մշտապես բոլոր մասնակիցների առաջ դրվում է հետեւյալ պարտավորությունը. նրանք պետք է հեռանան գագաթնաժողովից՝ ունենալով առնվազն նոր գաղափար, նոր ընկեր եւ նոր նախագիծ։

Թեմատիկ քննարկումներ, ասուլիս

«Մտքերի հայկական գագաթնաժողովի» շրջանակում երկու օրերի ընթացքում կազմակերպվել են թեմատիկ քննարկումներ՝ աշխարհաքաղաքական զարգացումների, բարձր տեխնոլոգիաների, արհեստական բանականության, 4—րդ արդյունաբերական հեղափոխության, ձեռնարկատիրության ու նորարարությունների, 21—րդ դարի առաջնորդության ու քաղաքակրթությունների երկխոսության, արժութային ու ներդրումային քաղաքականության, աշխարհի առջեւ ծառացած ռիսկերի ու մարտահրավերների վերաբերյալ։
Հայաստանից եւ աշխարհի տարբեր երկրներից Դիլիջան ժամանած նախկին ու ներկա պետական եւ քաղաքական գործիչները, հայտնի վերլուծական կենտրոնների, բարձր տեխնոլոգիաների ոլորտի աշխարհահռչակ ընկերությունների ներկայացուցիչները, գիտնականները, գործարարներն ու ձեռնարկատերերը ներկայացրել են իրենց փորձառությունն ու գաղափարները, անդրադարձել աշխարհում կատարվող գործընթացներին ու նշված ոլորտներում զարգացման միտումներին։
Գագաթնաժողովի շրջանակում նախագահ Արմեն Սարգսյանը աշխարհի տարբեր երկրներից ժամանած հյուրերի հետ երկկողմ հանդիպումներ է ունեցել, որոնց հետ քննարկվել են ինչպես գագաթնաժողովին, այնպես էլ տարբեր ոլորտներում Հայաստանի հետ համագործակցությանը վերաբերող հարցեր։
Նախագահ Սարգսյանը մասնավորապես հանդիպումներ է ունեցել ՄԱԿ—ի առեւտրի եւ զարգացման համաժողովի ներդրումների եւ ձեռնարկատիրության բաժնի տնօրեն Ջեյմս Ժանի, «Netflix» ընկերության կորպորատիվ զարգացման տնօրեն Մայքլ Փորթերի, «Thales Electronic Systems» ընկերության փոխնախագահ եւ տնօրեն Ռեմի Փոլի, IBM ընկերության ինովացիաների եւ տեխնոլոգիաների հարցերով տնօրեն Ֆաբրիցիո Ռենզիի, CNN—ի նախկին գլխավոր մեկնաբան Ռից Խանի հետ։
Հայաստանում անցկացվող «Մտքերի հայկական գագաթնաժողովի» շրջանակում տեղի է ունեցել մամուլի ասուլիս, որին մասնակցել են նախագահ Արմեն Սարգսյանը, գագաթնաժողովի կազմակերպիչ, «The Monthly Barometer»—ի հիմնադիր Թիերի Մալըրեն, Ֆրանսիայի նախկին վարչապետ Դոմինիկ դը Վիլպենը, ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի անվտանգության հարցերով խորհրդական, «Jones Group International» կազմակերպության հիմնադիր, պաշտոնաթող գեներալ Ջեյմս Ջոնսը, Ռուսաստանի Դաշնության նախագահի՝ միջազգային մշակությային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը։
Հարցազրույցի ընթացքում բանախոսները պատասխանել են լրագրողների տարաբնույթ հարցերին։
Հուլիսի 9—ին նախագահ Արմեն Սարգսյանը մասնակցել է «Մտքերի հայկական գագաթնաժողովի» եզրափակիչ քննարկմանը։ Այն վարել է «Մտքերի գագաթնաժողովի» կազմակերպիչ, «The Monthly Barometer»—ի հիմնադիր Թիերի Մալըրեն, մասնակցել են Google ընկերության գնումների գծով արտադրության տնօրեն Թեդ Սոուդերը, իտալական հանրահայտ «Լեոնադրո» ընկերության ռազմավարության եւ տեխնոլոգիական հարցերով տնօրեն Ջիորջիո Մոսկան, Մեծ Բրիտանիայի Քենթի համալսարանի պրոֆեսոր Ելենա Կորոստելեւան, «Սինոփսիս Արմենիայի» նախագահ Երվանդ Զորյանը, կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնի ղեկավար Արմեն Նուրբեկյանը։
Նախագահը նախ շնորհակալություն է հայտնել բոլոր մասնակիցներին ու գագաթնաժողովի կազմակերպման աշխատանքներում ներգրավված անձանց եւ մասնավորապես նշել. «Ես շատ բան սովորեցի գագաթնաժողովից, սակայն հիմնական երեք հարցերը շարունակում են մնալ. ի՞նչ է տեղի ունենում, ի՞նչ անել եւ ինչպե՞ս անել։ Միակ բանը, որում հաստատապես համոզված եմ, հետեւյալն է. մենք կարիք ունենք տապանի, որը, հավանաբար, հենց «Մտքերի գագաթնաժողովն» է, որը կփրկի աշխարհը, քանի որ աշխարհը դարձել է շատ ավելի բարդ։ Այդ բարդությունն ավելին է, քան ցանկացած արհեստական բանականություն կարող է լուծել։ Մենք մարդկային մտքերի գագաթնաժողովի, ինչպես նաեւ ձեզ պես մարդկանց կարիքն ունենք՝ լուծումներ գտնելու համար։ Ես չեմ խոսում վերահսկելու մասին։ Աշխարհում, որն ավելի քվանտային է դառնում, անհնար է ունենալ դասական վերահսկման համակարգ։ Անհրաժեշտ է սովորել ապրել նոր քվանտային աշխարհում, որը շատ բարդ է, մարտահրավերներով լի, բայց չափազանց հետաքրքիր»։

11-06-2019





26-06-2019
Հայաստանը յուրաքանչյուր հայի հայրենիքը պիտի դառնա գործնականում
Հարցազրույց սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի հետ



26-06-2019
Պոլսո հայոց պատրիարքի ընտրություններին ընդառաջ
Թեկնածուն թուրքական իշխանությունների համար ընդունելի պետք է լինի

Թամարա ...


26-06-2019
Վիճակը նետված է վաղուց
Ողջ ազգը սեւեռվում է վիճակի վրա

Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am

Մեկ-մեկ ...


26-06-2019
Այսուհետ գործելու ենք փոփոխված հարկային օրենսգրքով
Մինչեւ աշնանային նստաշրջան օրենսդիրը կներկայացնի նոր փոփոխություններ

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am




26-06-2019
Դիվանագիտական խողովակներով կհստակեցվեն Մակրոնի՝ Հայաստան պետական այցի ժամկետները
Հարցազրույց Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանի հետ

Ֆրանսիայի ...


26-06-2019
Հենրիկ Բաբախանյան
Կար ժամանակ, երբ ես տարիքով կրտսեր էի իրենցից. հիմա ...


26-06-2019
Հայերը գնահատում են գիտությունն ու կրթությունը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն առաջարկել է գիտության ու ...



26-06-2019
«Խաղաղության ամենամեծ բրդուճը» կպատրաստվի Ենոքավանում
Տեղի կունենա ամենամյա «ՀայԲույս» ...

26-06-2019
Պարտադիր չէ՝ բոլորը երաժիշտ դառնան
Մայրաքաղաքի ու մարզերի երաժշտական ու ...

26-06-2019
Նոր սահմանափակումները՝ ընդդեմ կառավարման ողջ համակարգի
Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
e.begijanyan@hhpress.am



26-06-2019
Հայաստանի ֆուտբոլի ընտրանու հաղթաթուղթը
Հարձակվող Գեւորգ Ղազարյանի կարծիքով, դա ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO