Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

16.11.2019
ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


Տարածաշրջանի տարանցիկության մարտահրավերը

Հայաստանը պե՛տք է ստանձնի կամուրջի դերը

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Աշխարհն այսօր շատ արագ է փոխվում, հաճախ ոչ թե օրեցօր, այլ ժամ առ ժամ։ Հայաստանը պետք է կարողանա մշտապես ապահովել իր տեղն արեւի տակ։ Եվ դա պետք է անի շատ արագ եւ տնտեսական ու քաղաքական հաջողությունները զուգակցած։ Ինչպես ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը «Մտքերի գագաթնաժողովում» ասաց, աշխարհը փոխվում է շատ արագ։ Բոլորը համաձայն են, որ սա անկայուն, անկանխատեսելի աշխարհ է, որտեղ մենք ապրում ենք այսօր. «Սրան կարող եք նայել վախով, որովհետեւ որեւէ բան, որը անկանխատեսելի է, կարծես ինչ—որ իմաստով վախենալու է, որովհետեւ չգիտենք, թե ուր ենք գնում։ Բայց, մյուս կողմից էլ, եթե անկանխատեսելի է, դա նաեւ հնարավորություն է բացում։ Եթե դու գիտես՝ ուր ես գնում, հետեւաբար հաջողության կհասնես։ Անկանխատեսելի է, որովհետեւ արդեն միաբեւեռ չէ։ Անկանխատեսելի է, որովհետեւ հասկանալի չէ՝ երկբեւե՞ռ է լինելու, թե՞ երեք բեւեռ, թե՞ բազմաբեւեռ»։ Ինչպես ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույն գագաթնաժողովում ասաց, «21—րդ դարն իսկապես մտքի դար է, մտքի հաղթանակի եւ մտքի զարգացման դար է, եւ այս է պատճառը, որ մենք հավատում ենք, որ 21—րդ դարը նաեւ Հայաստանի Հանրապետության դարն է, նաեւ Հայաստանի քաղաքացու դարն է, հայ ժողովրդի դարն է, որովհետեւ մենք հավատում ենք, որ սա մի դար է, որտեղ տեղի է ունենալու հայ ժողովրդի իսկապես փառավոր վերածնունդը»։
Առաջին քայլը, որ մենք պետք է անենք, այդ միտքը, այսպես ասենք, քաղաքականապես մե՛զ համար ամրագրելն է։ Այլապես մեր հայ միտքը միշտ էլ բեղուն է եղել, բայց առավելապես ծառայել է այլ երկրների, հզորացրել է այլ երկրների։ Հիմա ժամանակն է մեր իսկ միտքը մե՛զ ծառայեցնելու։ Ու թեկուզ իբրեւ առաջին քայլ մասնագետները, փորձագետները պետք է ի մի բերեն՝ ինչպես անել, որ Հայաստանը ճիշտ ընդունի տարածաշրջանի տարանցիկության մարտահրավերը, հաղթահարի այն ու ստանձնի կամուրջի դերը։
Չինաստանն այսօր աշխարհում այն պետությունն է, որն իր ռազմատնտեսական հզորությամբ կարող է իր՝ որեւէ բեւեռի միանալով, փոփոխել համաշխարհային այս կամ այն բեւեռի ծանրությունը, ինչը նշանակում է՝ նաեւ ռազմաքաղաքական համաշխարհային նշանակության ծանրության առանցքը։ Եվ Հայաստանը չպետք է երկմտի Չինաստանի հետ հարաբերությունների մշտապես կարգավորման առումով, առավել եւս, որ չինական կողմը իրապես շահագրգռված է Հայաստանի հետ բազմակողմանի հարաբերությունները զարգացնելու ուղղությամբ։ Դա, իհարկե, ունի նաեւ քաղաքական պատճառներ, սակայն դա խանգարող հանգամանք չէ մեր պարագայում, ավելին՝ անգամ օգտակար է Հայաստանի արտաքին քաղաքականության հայանպաստ նպատակների համար։ Այսինքն՝ հայ—չինական հարաբերությունները փոխշահավետ են ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական առումներով։
Բազմիցս շեշտել ենք՝ հենց դա է պատճառը, որ Չինաստանը Կովկաս—Մերձավորարեւելյան տարածաշրջանի ամենամեծ դեսպանատունը Հայաստանում է կառուցում, ինչը մեծացնում է մեր երկրի դերակատարման նշանակությունը՝ նշյալ տարածաշրջանում հայ—չինական շահերի պաշտպանության տեսանկյունից։
Նշել ենք նաեւ, որ խոսակցություններ կան նաեւ Ռուսաստանի Դաշնության կողմից ՀՀ—ում նոր եւ ավելի մեծ դեսպանատան կառուցման մասով, իսկ Միացյալ Նահանգների դեսպանատունը արդեն աչքի է ընկնում տարածաշրջանում իր մեծությամբ։ Հասկանալի է՝ այս ամենը նշում ենք ոչ թե մեծ ու փոքր կառույցների քանակը գրանցելու համար, այլ տվյալ երկրների՝ տարածաշրջանում Հայաստանին մեծ նշանակություն տալու տեսանկյունից, ինչն էլ իր հերթին հավաստում է այն ճշմարտությունը, որ միջազգային օրակարգում տեղի են ունեցել լուրջ փոփոխություններ, որտեղ Հայաստանը կարող է ստանձնել լուրջ պարտավորություններ՝ դառնալով միջազգային խաղացող, միջազգային խաղի առարկա լինելու փոխարեն։
Եվ այստեղ է այն գաղտնիքը, որ ցայսօր արդարացնում է արտաքին փոխլրացնող քաղաքականությունը, ինչը մեր նոր ռազմաքաղաքական դիրքի հետ պայմանավորված՝ հնարավորություն է տվել արտաքին ասպարեզում հանդես գալու ոչ թե «կամ— կամ—ի», այլ «եւ— եւ—ի» նպաստավոր դիրքերից. միաժամանակ լինելով ԵԱՏՄ անդամ՝ համագործակցել ԵՄ—ի հետ, լինելով ՀԱՊԿ անդամ՝համագործակցել ՆԱՏՕ—ի հետ։ Այս ամենին զուգահեռ՝ նաեւ համաշխարհային 3—րդ բեւեռին ձգտող Չինաստանի հետ եւս ստեղծել ազդեցիկ հարաբերություններ։
Այսօր եւս պարտավոր ենք ամեն բան անել, որպեսզի Հայաստանի միջազգային նոր դերն ու նշանակությունը դուրս չգան միջազգային օրակարգից, եւ բարդություն չառաջանա «եւ— եւ—ի» նպաստավոր իրավիճակը տանուլ տալու համար։
Այս առումով վերստին պիտի անդրադառնամ մեր պետության այն դերին, որը տնտեսական եւ քաղաքական հեռանկարների համար կամուրջ կստեղծի Արեւմուտքի եւ Արեւելքի միջեւ։ Այդ մասին անդրադարձել ենք նաեւ «ՀՀ—ի» վերջին թողարկումներից մեկում՝ ընդգծելով այն կարեւորագույն հարցը, թե ով կմնա տարածաշրջանի կամուրջը՝ Ադրբեջան—Վրաստան—Թուրքիա եռյա՞կը, թե՞ Իրան—Հայաստան—Վրաստան՝ նոր ձեւավորման պատրաստ եռյակը։
Սա այսօր մեր արտաքին քաղաքականության առաջնային խնդիրներից մեկն է, ինչը կարող է կյանքի կոչվել, քանի որ առավելություն ունի գործող եռյակի նկատմամբ այն առումով, որ Իրան—Հայաստան—Վրաստան կամուրջը կարողանում է սպասարկել ոչ միայն Ասիայից Եվրոպա գնացող բազմաբնույթ հորիզոնական ուղղությունը, այլեւ փոխարինում է Իրան—Ադրբեջան—Ռուսաստան ուղղահայաց կապին, ինչը ռազմաքաղաքական տեսանկյունից շահավետ է նաեւ մեր հարեւան Իրանի համար։
Կան նաեւ քաղաքական այլ խնդիրներ, չնայած այն հանգամանքին, որ Թբիլիսին, Արեւմուտքի շահերից ելնելով, եւս որոշել է ամրացնել կապերը Հայաստանի ու Իրանի հետ, այնուամենայնիվ, ինչպես Ադրբեջանը, Վրաստանը եւս երկարատեւ քաղաքական ու տնտեսական կապեր ունի Թուրքիայի հետ։ Բացի այդ, Անկարան կարողանում է դեռ տարածաշրջանում շահարկել Թուրքիա—Վրաստան—Ադրբեջան ռազմաքաղաքական դաշինքը, որից ձերբազատվելու համար անհրաժեշտ կլինի Վաշինգտոնի, թերեւս նաեւ Մոսկվայի հստակ տեսակետը։ Իսկ այդ տեսակետները որոշակիորեն տատանվում են Վաշինգտոնի եւ Մոսկվայի տարածաշրջանային երկակի քաղաքականության պատճառով։
Բայց եթե Երեւանը կարողանա համոզիչ ստանձնել կամուրջ լինելու տարբերակը, ապա շատ բան կարող է փոխվել ի շահ մեր երկրի։ Նաեւ ռազմատնտեսական առումով, քանզի թուրք—ադրբեջանական տանդեմը փորձում է ամրապնդվել ոչ միայն Աջարիայի ու Ջավախքի ուղղությամբ, այլեւ Նախիջեւանի։
Պետք է հաշվի առնել նաեւ այն հանգամանքը, որ վերջերս նորից ի հայտ եկավ վրաց—ադրբեջանական հարաբերություններում։ Անգամ վրացական մամուլն է նշել, որ վրաց—ադրբեջանական հակասությունը Դավիթ Գարեջիի վանական համալիրի հարցում գլխացավանք կդառնա նաեւ Վրաստանի հաջորդ նախագահի համար։ Այս օրերին վրացիները բողոքի էին դուրս եկել՝ հայտարարելով՝ «Ադրբեջանը օկուպացրել է մեր տարածքները»… Եվ չնայած այն հանգամանքին, որ Վրաստանի ԱԳՆ—ն հայտարարեց, թե Ադրբեջանը Վրաստանի ռազմավարական գործընկերն է, վրացիները շարունակեցին բողոքի ցույցը՝ «Գարեջին Վրաստան է, ու Կովկասը մեր տունն է» ակցիան, ճիշտ է Վրաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի դրոշներով, սակայն հստակ հակաադրբեջանական ազդակներով։
Իմիջիայլոց, տեսակետ կա, որ Ջավախքում տեղի ունեցող վերջին հայ—վրացական սրացումները, նաեւ ոստիկանների բախումները տեղի հայերի հետ, հրահրվում են թուրք գործարարների կողմից, որոնք տնտեսական գործունեություն են ծավալել Ջավախքում եւ ամեն բան անում են հայերի արտագաղթին նպաստելու համար։
Դեռ ուժի մեջ է թուրքական հեռահար ծրագիրը՝ թուրք—մցխեթներին Ջավաքխի տարածքում բնակեցնելու համար։ Այսպես նաեւ փորձում են վրաց—ադրբեջանական առկա հակասությունները երկրորդական դարձնել։
Իսկ Դավիթ Գարեջիի վանական համալիրի խնդիրը նաեւ սահմանային է, քանզի վրաց—ադրբեջանական սահմանին գտնվող համալիրի շուրջ իրավիճակը թեժացել է հատկապես այն բանից հետո, երբ Բաքուն զբոսաշրջիկների ու վրացի հոգեւորականների առաջ փակել էր Գարեջիի անապատի վանքը։ Նման խնդիրներ կան նաեւ Ջավախքում, որտեղ արդեն կարող են սրվել հայ—թուրքական հարաբերությունները (Թուրքիան վաղուց տնտեսական ներխուժում է սկսել Վրաստանում, հատկապես Աջարիայի եւ Ջավախքի տարածքներում), ինչը, ցավոք, կարող է վերածել հայ—վրացական բախումների։
Այս ամենի մասին հայկական կողմը պետք է հանգամանալից խոսի վրացական կողմի հետ, այլապես Իրան—Հայաստան—Վրաստան՝ Ասիան Եվրոպային կապող ուղին կարող է այս անգամ եւս չեղարկվել։
Միով բանիվ, հայ—վրացական եւ հայ—իրանական հարաբերությունների զարգացման համար կարող է շատ նպաստավոր լինել Չինաստանի դերը։ Ի տարբերություն ամերիկյան ու ռուսական կողմի, չինական ուղղությունը երկակի քաղաքականություն չի վարում, միակողմանի է գործում եւ ի նպաստ Հայաստանի, քանի որ մյուս կողմում Թուրքիան ու Ադրբեջանն են, որոնց հետ Չինաստանն ունի ինչպես պատմա—քաղաքական, այնպես էլ ռազմա—տնտեսական օրակարգային խնդիրներ, որոնք առկա են նաեւ մեր տարածաշրջանում։
Ամփոփենք ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի խոսքով, որը նշել է, որ հայ—չինական հարաբերություններն այս շրջանում արտահայտվեցին երկու կարեւոր այցով, բայց դա շարունակական գործընթաց է։ «Այս շղթան շարունակվելու է բարձր մակարդակի քաղաքական երկխոսությամբ, որտեղ մեր օրակարգը Չինաստանի հետ չափազանց լայն է։ Դա վերաբերում է մեր հարաբերություններին տարբեր բնագավառներին։ Մենք այս շրջանում կարողացանք շոշափելի արդյունք ունենալ՝ վիզաների ազատականացման պայմանագիրը, որը պետք է անցնի որոշ գործընթաց, որպեսզի մտնի ուժի մեջ։ Սա նույնպես մի քայլ է լինելու, որը դյուրացնելու է շփումը բոլոր մակարդակներով։ Մենք առեւտրաշրջանառության ընդլայնվող ծավալ ունենք, ավելի մեծ հնարավորություններ՝ մեր արտադրանքը արտահանելու Չինաստան։ Ունենք ծրագրեր որոնք վերաբերում են ենթակառուցվածքների զարգացմանը»։
Այ հենց այս կետից էլ կսկսվեն մեզ համար բարենպաստ քայլերը…

12-06-2019





16-11-2019
Հայաստանի հավակնոտ հայտը ռազմարդյունաբերության ոլորտում
Ոլորտին հատկացվող գումարը հաջորդ տարի կկազմի 6.3 մլրդ ...


16-11-2019
Իրանի տնտեսարդյունաբերական ազատ եւ հատուկ գոտիները
Նպաստավոր պայմաններ են ապահովում հատկապես օտարերկրացի ներդրողների համար

Էմմա ...


16-11-2019
Ինչ ստացավ Անկարան Վաշինգտոնից եւ ինչ կստանա Մոսկվայից
Հայկական հարցը՝ միջազգային վերադասավորումների համապատկերում

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Մեր ենթադրությունների ...


16-11-2019
Ձկնարտադրությունից մինչեւ սեւ խավիար
Արցախի ձկնկիթն առաջին անգամ կարտահանվի Եվրոպա

Լուսինե ՆԱԶԱՐՅԱՆ
l.nazaryan@hhpress.am


Առաջնագծից ...


16-11-2019
ՊԵԿ-ը 253 միլիոն դրամի խախտում է արձանագրել
Կառույցն անցում է կատարում իրավախախտումների դեմ պայքարի նոր ...


 
16-11-2019
IPSE DIXIT
«Նախանձ» մենք համարում ենք մարդկային բնույթի այն ստորությունը, որը ...


 
16-11-2019
Հորդորակ
Հայերեն ընդունելի համարժեքներ ունեցող օտար բառերից խուսափելու մասին




16-11-2019
Ինչն է գրավում զբոսաշրջիկներին մեր երկրում
Քննարկման փուլում է ոլորտի զարգացման ...

16-11-2019
Մանկապարտեզների ու դպրոցների սնունդը
Ի՞նչ խնդիրներ կան, որո՞նք են չիմացության ...

16-11-2019
Հայաստանում աճում է սուսերամարտի նկատմամբ հետաքրքրությունը
Հանգստյան օրերին Նորագավիթի սուսերամարտի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +25... +27

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO