Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

24.06.2019
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


Հայը միշտ էլ պատրաստակամ է օգտակար լինել հայրենիքին

Կարեւորն այսօր այն է, որ այդ ցանկությունն իրագործելու հնարավորություններ ապահովվեն

Վաչագան ՍԱՐԳՍՅԱՆԻ
v.sargsyan@hhpress.am

Գործարար Հրաչյա Պողոսյանը, ակտիվ հասարակական գործունեություն ծավալելով ՌԴ հյուսիսային մայրաքաղաք Սանկտ Պետերբուրգում, երբեւէ չի անտեսել հայրենիքն ու ծննդավայր Ագարակ գյուղը (Արագածոտնի մարզ)։ Այսօր առավել եւս այդ ձգտումն ու նվիրումը զգացնել են տալիս, եթե նկատի ունենանք, որ նոր Հայաստանի ձգողականությունն ու գրավչությունը մեծացել են ընդհանրապես աշխարհում եւ մասնավորապես աշխարհասփյուռ հայության շրջանում։ Առհասարակ, հայրենի երկրում տեղի ունեցող փոփոխությունները, հպարտության զգացում առաջացնելով, նաեւ ոգեւորիչ ազդակ պետք է դառնան յուրաքանչյուր հայի համար՝ ներդրում ունենալու Հայաստանի առաջընթացի, հայրենական տնտեսության զարգացման գործում։
–Ճիշտ է,–«ՀՀ»—ի հետ զրույցում ասաց Հրաչյա Պողոսյանը,–ես հայրենիքում գտնվելով՝ չէի կարող մասնակցել օրերս Սանկտ Պետերբուրգում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը, բայց տեղյակ եմ հերթական այդ հանդիպման մանրամասներին։ Հանդիպումը շատ լավ է անցել, խոսեցի ընկերոջս՝ Գարեգին Բակլաչյանի հետ, որ պատրաստվում է առաջիկայում վերագործարկել Սեւանի շաքարի գործարանը։ Շատ ոգեւորված էր այդ հանդիպումից։ Վստահ եմ՝ այսօր դրսում շատ հայեր կան, որ ցանկանում են օգտակար լինել հայրենիքին, միայն թե, հավատացած եմ, դրա իրականացման ճիշտ բանալին պետք է գտնվի։
–Ճիշտ բանալի ասելով ի՞նչ նկատի ունեք եւ ինչպե՞ս եք պատկերացնում այսօր մեր երկրի առջեւ ծառացած այդ առանցքային՝ ներդրումների ապահովման խնդրի լուծումը։
–Գիտենք, որ Հայաստանի շատ մարզեր պայմանագրեր ունեն նաեւ Ռուսաստանի պետական տարածքային միավորումների հետ, բարեկամական կապեր են հաստատված, եւ արտերկրում բնակվող մեր շատ հայրենակիցներ կուզենան օգտակար լինել Հայաստանին։ Բայց տեղերում չունենալով վստահելի մարդիկ՝ գումար ներդնելու առումով որոշակի մտահոգություններ ունեն, ուստի շատ կարեւոր է, որ փոխադարձ վստահություն լինի, եւ, առհասարակ, ժամանակն է մեկ այլ մոտեցում, նոր մտածելակերպ որդեգրել։ Վերցնենք, մասնավորապես, մեր՝ Արագածոտնի ու Լենինգրադի մարզերի օրինակը։ Վերջերս հանդիպեցի մարզպետ Դավիթ Գեւորգյանի հետ՝ արծարծելով նշածս պայմանագրի շրջանակում համագործակցությունն ամրապնդելու հարցը եւ այդ առումով հետեւյալ առաջարկն արեցի։ Շատ լավ կլիներ, ասենք, մեր գյուղերում պատրաստվող չիրն ուղարկվեր Սանկտ Պետերբուրգ, այնտեղ փաթեթավորվեր եւ այնտեղ էլ հանվեր վաճառքի։ Ի՞նչ կտա դա մեզ, այսինքն՝ երկու կողմերին… Նախ, ընդհանուր առմամբ, միջմարզային պայմանագիրն առավել գործնական հուն կտեղափոխվի՝ անհամեմատ ընդլայնելով գործունեության շրջանակները, երկրորդը՝ տեղում կբացվեն աշխատատեղեր, ինչն այսօր կարեւոր խնդիր է նաեւ Ռուսաստանի համար, եւ երրորդը՝ տվյալ ապրանքի հավաստագիրը հենց տեղում կտրվի։
–Խոսքը, ըստ էության, համատեղ, այս պարագայում որոշակիորեն՝ հայ—ռուսական արտադրության կազմակերպման եւ այդ կերպ տնտեսական զարգացումը խթանելու մասին է, այո՞։
–Այո՛, արդյունքում կունենանք Հայաստանի արտադրանք, որը վերջնական տեսքի է բերված, այսպես ասած՝ կնքված ու դրոշմավորված է Լենինգրադի մարզում։ Դա, վստահեցնում եմ, ավելի մեծ հնարավորություն կտա Ռուսաստանի մնացած քաղաքներում եւս արդյունավետ իրացնելու այն, ինչն ուղղակիորեն կխթանի հայկական չրարտադրության ոլորտը։ Գաղտնիք չէ, որ այսօր ներմուծվող սննդատեսակներին շատ զգուշությամբ են վերաբերվում։ Թեպետ Հայաստանի եւ Ռուսաստանի դեպքում մի փոքր այլ է՝ մեր առանձնահատուկ հարաբերությունները նկատի առնելով, այնուամենայնիվ, ավելի հաճելի ու վստահեցնող է մարդու համար տեսնել, որ տվյալ ապրանքը ստուգված, հավաստագրված ու փաթեթավորված է հենց իրենց մոտ։ Մարդկանց պարզ շփումից, հարաբերվելուց սկսած՝ վերջացրած ընդհանուր մշակութային արժեքների մերձեցմամբ եւ այլն։ Այդ ճանապարհով, համոզված եմ, չրի արտադրությունը Հայաստանում մեծ զարգացում կապրի, կմեծանա պահանջարկը, կընդլայնվի սպառումը։ Շատ կարեւոր է, որ դա արվի միջպետական պայմանագրի շրջանակներում, այսօր թե՛ Հայաստանի, թե՛ Ռուսաստանի կառավարությունները մեծապես կարեւորում են ինչպես աշխատատեղերի, այնպես էլ արտադրանքի իրացման խնդիրները։
–Վերադառնանք Հայաստանի վարչապետի հետ նախորդ հանդիպումներին, որոնց մասնակցել եք նաեւ Դուք։ Ի՞նչ կարեւորություն ունեն նման միջոցառումները, որքանո՞վ եք գնահատում դրանց արդյունավետությունը։
–Ես մի քանի անգամ պատիվ եմ ունեցել մասնակցելու նման միջոցառումների, երբ Հայաստանի վարչապետը Սանկտ Պետերբուրգ է եկել։ Տեսել եմ, թե որքան մարդ է ցանկանում մասնակցել այդ հանդիպմանը։ Իսկ եթե ցանկանում են հանդիպել, նշանակում է՝ ասելիք ունեն, ցանկություն կա, մտահոգող խնդիր։ Շատերը, ցավոք, չեն տեսնում այդ ճանապարհը, եւ ահա այստեղ մենք պիտի տանք այդ հնարավորությունը, փորձենք օգնել մարդկանց։ Ասենք, Արագածոտնի մարզպետը գործարարների խմբի հետ այցելի Լենինգրադի մարզ, մեր հյուպատոսի միջոցով առանձին հանդիպումներ ունենա, պայմանավորվածություններ ձեռք բերվեն։ Հստակեցվի, թե ով ինչ հնարավորություն ունի տվյալ երկրում՝ Ռուսաստանում, միաժամանակ, կարեւորելով նաեւ Հայաստանի շահերը։ Այսինքն՝ գործակցություն՝ փոխադարձ շահագրգռության, հետաքրքրության հիմքի վրա։
–Դուք վարչապետի Սանկտ Պետերբուրգ առաջին այցից հետո արձագանքեցիք նրա կոչին եւ ներդրում արեցիք Ագարակում։ Այդ ժամանակից էլ, կարելի է ասել, հիմք դրվեց հայրենիքում Ձեր տնտեսական գործունեության ծավալմանը։
–Երբ վարչապետն առաջին անգամ Սանկտ Պետերբուրգում էր, ես էլ էի հրավիրված։ Ներկայացրեցի իմ բարեգործական ձեռնարկումների, հայրենիքում իրականացվող ծրագրերի մասին եւ նրան հրավիրեցի Ագարակ՝ գյուղում նախատեսված միջոցառումներին մասնակցելու առաջարկով։ Վարչապետն այդ ժամանակ ինձ հարցրեց, թե չեմ ուզում, արդյոք, աշխատատեղեր ստեղծել Ագարակում։ Պատասխանեցի, որ մտածել եմ այդ մասին։ Նա էլ ասաց, որ երբ իրականացնեմ դա, ինքն այդ ժամանակ էլ կգա… Դա էլ, ըստ էության, առիթ դարձավ, որ արագացնեմ մտահղացումս եւ շատ կարճ ժամանակահատվածում տրիկոտաժի արտադրություն հիմնեցի գյուղում։ Այն պատրաստ է, կարող է տարբեր տեսակի արտադրանք տալ, բայց հիմնականում արտահագուստ՝ բանակի, ոստիկանության եւ այլ ծառայությունների համար։ Արտադրանքի առաջին խմբաքանակը փորձնական ուղարկել ենք Ռուսաստան։ Այսօր աշխատատեղերի քանակը հասնում է 20—ի, իսկ շինարարությունում էլ մոտ 10 մարդ է աշխատում։ Շինարարությանը մեծ թափ ենք հաղորդել, մոտակա 2 ամսում կավարտենք եւ դրանով արտադրության ծավալներն ընդլայնելու նոր հնարավորություններ կստեղծվեն։ Ուրախ եմ, որ մեր գյուղացիները մեծ սիրով են ընդունում յուրաքանչյուր նման ձեռնարկում եւ գոհ են։
–Այսօր օրակարգային ընդհանուր գաղափարախոսությունը, որ դրսից ներդրումներ արվեն, զարգանա տնտեսությունը, պարզ է բոլորիս։ Այդուհանդերձ, ինչպես լավ հասկանում ենք, հստակ, գործուն մեխանիզմներ են անհրաժեշտ, որպեսզի մարդիկ շահագրգռված լինեն եւ առանց վարանելու գան Հայաստան՝ ներդրումներ անելու։
–Խնդրի նկատմամբ մեր մոտեցումը շատ ուղղակի ու միակողմանի չպետք է լինի։ Այսինքն, չմտածենք միայն Հայաստան ներդրումներ բերելու մասին, կարեւոր է նաեւ, որ ներդրումների ուղղվածությունը լինի հայաստանյան հումքի վրա։ Դա էլ է, ըստ իս, ներդրում, թերեւս, ավելի ապահով ներդրում։ Ահա այդ նպատակով, էլի մեր մարզերի օրինակով ասեմ, պայմանագրերը պետք է թարմացվեն, նոր հանդիպումներ կայանան, քննարկում լինի, տեղի հյուպատոսարանը գրանցի, այսպես ասած՝ ցանկությունների ու հնարավորությունների «գույքագրում» անցկացվի։
–Արագածոտնի մարզի տնտեսությունն, ինչ խոսք, այլ հետաքրքրություն ու գրավչություն եւս ներկայացնում է՝ արժանանալու ներդրումների պատրաստ գործարարների ուշադրությանը, այդպես չէ՞։
–Մոտ ժամանակներս մարզային համաժողով է լինելու, որին ներկա կլինի նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Կարծում եմ, այն նոր խթան կդառնա մարզի տնտեսական կյանքի աշխուժացման համար։ Խնձորի առումով, մասնավորապես, նշեմ, որ հուսադրող տեղաշարժեր կան։ Արտերկրից գործարար ունենք, որ լրջորեն լծվել է այդ գործին, տարեցտարի ընդլայնում է խնձորի այգետարածքները։ Ցանկալի է, որ նա գա, Ագարակում եւս հողատարածքներ կան, վերցնի։ Ես ինքս պատրաստ եմ այդ ծրագրին մասնակցելու։ Եթե սպառող կա, ուրեմն կարելի է անել. բիզնեսի առաջին խնդիրը գումար աշխատելն է, եթե կա նման հնարավորություն, ապա պիտի իրագործել, քանի որ այս գումարն աշխատելով՝ օգտակար ես լինում քո համագյուղացուն, հարազատին եւ, ընդհանուր հաշվով, հայրենի երկրին։
Ավարտելով խոսքս, մի կարեւոր հանգամանք եւս նշեմ։ Մարդիկ երբ են շփվում, գործակցում միմյանց հետ, պարզ է՝ երբ ընդհանուր հետաքրքրություններ ունեն։ Որքան մեծ լինի այդ շրջանակը, այնքան արդյունքն ավելի մեծ կլինի։ Դա բխում է երկու պետությունների ու ժողովուրդների շահերից, ավելի է ջերմացնում մթնոլորտը, խթանում զբոսաշրջությունը, մշակութային կապերի սերտացմանը եւ այլն։ Այդ մեխանիզմը մեկ օրվա չէ, մեկ ամսվա չէ, դա ժամանակի խնդիր է, որ պետք է կյանքի կոչվի։ Հնարավոր չէ միանգամից դրա արդյունքը տեսնել, ուստի մեզ մնում է գործել ու լավատես լինել։ Դա նման է այն բանին, որ այսօր ծառ ենք տնկում, ծառը պիտի աճի, մեծանա, հետո միայն բերք տա։ Հավատանք, համբերատար սպասենք, որ այն ծաղկի, բերք տա, եւ մենք կարողանանք պտուղը վայելել…


12-06-2019





22-06-2019
Ակնկալվում էր առավել սուր հայտարարություն
ԼՂ խնդիրը տարածաշրջանային զարգացումների համատեքստում է

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


Հունիսի ...


22-06-2019
Անկայունության դրսեւորումներ հարեւան երկրում
Հայաստանը՝ արագ փոփոխվող միջազգային օրակարգի դեմ հանդիման

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am




22-06-2019
Պետություն
Մի այլ տարբերակ էլ հուշում է Քսենոփոնը

Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am




22-06-2019
Ֆրիդրիխ Գուստավ Էմիլ Մարտին Նիեմոլլեր
Ֆրիդրիխ Գուստավ Էմիլ Մարտին Նիեմոլլեր (1892—1984)՝ գերմանացի աստվածաբան եւ ...


22-06-2019
Ինչ—որ մի թշվառական բեմադրություն կար Սունդուկյանի թատրոնում
(Լեւոն Ներսիսյան. Դասախոսություններ)

...Մի փոքրիկ բան պատմեմ ձեզ, ...


 
22-06-2019
Նրանք
Դարավերջի «այցելուներս»՝ ինձ քուն թե արթմնի հանգիստ չտվող մտավորականների ...


22-06-2019
Բացարձակ օբյեկտիվիզմ անհնար է
Գրականագետ, գեղագետ, դերասան, դասախոս Լեւոն Ներսիսյանի (1931-1999) դասախոսություններից




22-06-2019
Բռնություն ընտանիքում ու կանանց հանդեպ
Համապատասխան մարմինների գործառույթներն ...

22-06-2019
«Ոսկե ծիրանի» քաղաքականությունը փոխվել է
Նաեւ թուրքական ու ադրբեջանական ֆիլմեր՝ ...

22-06-2019
«Բրուտ արտ» սիմպոզիումը՝ Շուշիում
Ամառային տարաբնույթ մշակութային միջոցառումների ...

22-06-2019
Մարզավիճակը հաջողության հույս է ներշնչում
Հայաստանի մարմնամարզիկներն ավարտելով թբիլիսյան ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO