Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

18.10.2019
ՍՈՑԻՈՒՄ


Ատամնաբուժարան, բուժկետ, աղի քարանձավ

Մարի Իզմիրլյանի անվան մանկատունը նոր շունչ է ստանում

Մարի Իզմիրլյանի անվան մանկատունը նորանշանակ տնօրեն Լիլիթ Հակոբյանի շնորհիվ նոր շունչ է առել եւ ակտիվ գործունեություն է ծավալում։
Մեզ հետ զրույցում Մարի Իզմիրլյանի անվան մասնագիտացված մանկատան տնօրեն Լիլիթ Հակոբյանը ներկայացրեց կառույցում նախկինում եղած խնդիրներն ու կատարված աշխատանքը, խոսեց իր դեմ ուղղված մեղադրանքների մասին, արձագանքեց լուրերին, թե իբր ունի հովանավոր, մի խումբ աշխատակիցների է անհիմն հեռացրել եւ այլն։

Մուտք մանկատուն, եւ առաջին տպավորություն

Եկանք Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն, որը նախատեսված է հատուկ կարիքներ ունեցող երեխաների համար։ Անցանք անցակետով, որտեղ կար հսկիչ։ Կարգուկանոնը դեռ դռան մոտից երեւաց։ Բակում դաստիարակների հսկողության տակ երեխաներից մի քանիսը խաղում էին գնդակով, մյուսներն էլ ճոճանակների մոտ էին կամ ավազե խաղահրապարակում։ Բարեւեցինք փոքրիկներին ու մտանք շենք։ Տնօրենն արդեն սպասում էր մեզ հարցազրույցի համար։

Տնօրենը՝ իր հաստատած կարգուկանոնի մասին

«Իմ պաշտոնավարման առաջին իսկ օրվանից կարգուկանոն եմ հաստատել այստեղ։ Մուտքն այժմ անցակետով է, պարտադիր բոլոր մտնողներից պարզում են, թե ով են եւ ինչի համար են եկել»,–նշեց տնօրենը։

Ի պատասխան մեղադրանքների

Լիլիթ Հակոբյանն ավարտել է Երեւանի պետական բժշկական համալսարանը, որտեղ ստացել է երկու նեղ մասնագիտություն՝ հիգիենիստ եւ համաճարակաբան։ «Կարծում եմ, որ այսպիսի մանկատան տնօրենը, որտեղ ապրում են խնդիրներով երեխաներ, ու նրանց համար հատուկ խնամք է պահանջվում, պետք է հենց բժիշկ լինի։ Իմ մասնագիտությունն է, որ օգնել է ինձ այստեղ աշխատելու համար։ Իմ մասին գրում են, որ ես սոցիալական աշխատող եմ եւ չունեմ համապատասխան մասնագիտական կարողություններ, սակայն ես բժիշկ եմ եւ հպարտ եմ դրանով»,–շեշտեց Հակոբյանը։
Անդրադառնալով հարցին, թե ինքը հովանավորներ ունի, ինչի շնորհիվ էլ մանկատան տնօրեն է դարձել՝ ընդգծեց, որ նման բան չկա, եւ ինքը մրցույթի է մասնակցել ու հաղթել։ «Կարեն Ավագյանի (Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող—հեղ.) անունն են շատ շրջանառում՝ իբր իմ հովանավոր։ Նա եղել է իմ համակուրսեցին, եւ մենք շատ բարիդրացիական հարաբերությունների մեջ ենք, բայց նա, իհարկե, ոչ մի կապ չունի իմ աշխատանքի հետ։ Ես այստեղ եկել եմ 2017 թվականին, եւ այն ժամանակ դեռեւս տնօրեն Հասմիկ Մկրտչյանն արդեն խնդիրներ է ունեցել։ Նրա եւ մի խումբ անձանց նկատմամբ այդ ժամանակ քրեական գործեր էին հարուցվել։ Ինձ 1 տարի 8 ամիս անց նշանակել են ժամանակավոր պաշտոնակատար»,–պարզաբանեց տնօրենը։
2019 թվականի մայիսի 17—ին մրցույթ է անցկացվել։ Տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար դիմել էր 13 հոգի, սակայն մրցույթին մասնակցել է նրանցից 9—ը։ Յոթ անձ չի կարողացել հաղթահարել անցողիկ շեմը, եւ երկրորդ փուլ անցել են 2 հոգով՝ Լիանա Մանվելյանը եւ Լիլիթ Հակոբյանը։
«Երկուսս էլ շեմը հաղթահարեցինք, ինչին հետեւեց հարցազրույցը, եւ արդյունքում որոշում կայացվեց, որ ես եմ նշանակվում Մարի Իզմիրլյանի անվան մանկատան տնօրեն։ Ընդունվել եմ աշխատանքի մայիսի 22—ից»,–ասաց տնօրենը։

Խնդիրները շատ են

Լիլիթ Հակոբյանը ներկայացրեց բոլոր այն խնդիրները, որ եղել են իր գալուց առաջ, եւ որոնք նա աստիճանաբար լուծել է ու դեռ շարունակում է։
«2017 թվականին, երբ ես նշանակվեցի այստեղ ժամանակավոր պաշտոնակատար, խնդիրները չափազանց շատ էին՝ սկսած կարգուկանոնից մինչեւ մաքրություն։ Աշխատակիցները երբ ցանկացել՝ եկել են, երբ ցանկացել՝ գնացել։ Մանկատան տարածք կարողացել է մուտք գործել ցանկացած մեկը, նախկին աշխատակիցները, արձակուրդում գտնվողները եւ այլ մարդիկ։ Հենց այս պատճառով էլ անցակետ եմ կառուցել, որպեսզի նման իրավիճակ չլինի»,–ասաց Հակոբյանը։
Նրա խոսքով՝ նախկինում այստեղ լվացքատուն չի եղել. ընդամենը մեկ լվացքի մեքենա, որն էլ գտնվել է նկուղային հարկում։ Մանկատանը կա 7 խումբ, եւ ամեն խմբից ամենաքիչը 30 կգ լվացք է արվում, քանի որ երեխաներ կան, որոնց տակդիրներ են հարկավոր։ Լիլիթ Հակոբյանի տնօրեն նշանակվելուց առաջ մանկատանը գարշահոտություն է եղել, քանի որ, ինչպես ինքն է ասում, երեխաներին համապատասխան մաքուր պայմաններում չեն մեծացրել։
«Այստեղ ոչինչ չէին արդուկում, ինչը անվտանգության տեսանկյունից շատ կարեւոր է, շորերն ու սպիտակեղենը խոնավ վիճակում էին բերում սենյակներ։ Լվացքատանը նախկինում ամբողջությամբ առնետներ էին։ Խոհանոցում նույնպես անմխիթար վիճակ էր, անգամ միսը եփելուց հետո ջրի վրայի ավելորդ գոյացությունները չէին հեռացնում։ Սննդամթերքը ճիշտ պայմաններում չէր պահվում եւ ճիշտ ձեւով չէր լվացվում։ Մինչեւ իմ նշանակվելը պահեստներում չկային համապատասխան պայմաններ, եւ ամբողջը փչանում էր։ Բուժկետում անգամ ժամկետն անցած, ինչպես նաեւ սխալ պայմաններում պահվող դեղամիջոցներ կային»,–շեշտեց տնօրենը։

Մանկատան բարեփոխումները

Պաշտոնավարման առաջին իսկ օրվանից Լիլիթ Հակոբյանը փորձել է կարգուկանոն հաստատել կառույցում, ինչը կարծես թե ստացվել է։ Մանկատան բարեփոխումները երեւում են դեռ մուտքի մոտից։
«Երբ ես եկա, բակը շատ անմխիթար վիճակում էր, ամբողջությամբ բարեկարգել ենք խաղահրապարակը, տեղադրել ճոճանակներ։ Այդ աշխատանքների համար այն ժամանակ դիմել էի Երեւանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանին, եւ իրենք նույնպես մեծ աշխատանք իրականացրին. հող են բերել, չորացած ծառերը կտրել, մնացածն էլ էտել։ Գալուցս հետո ստեղծել եմ նաեւ լվացքատուն, որտեղ այժմ կա 7 լվացքի մեքենա՝ յուրաքանչյուր խմբի համար 1 հատ, եւ 2 չորանոց։ Վերջիններն ամռանը չենք օգտագործում, դրսում է չորանում լվացքը, եւ էներգիա ենք խնայում։ Խոհանոցում այս պահին լիարժեք մաքրություն է եւ հիգիենիկ բոլոր նորմերին համապատասխան»,–ընդգծեց Հակոբյանը։
Մինչեւ մեր շրջայցը տնօրենը ներկայացրեց եւս մի քանի բարեփոխում՝ կապված սննդի պահեստների, բուժկետի, լողավազանի եւ այլնի հետ։
«Սննդի պահեստներում ամեն ինչ պահվում է խիստ կանոնակարգված՝ առանձին մսեղենը, կաթնամթերքը, բանջարեղենը եւ այլն։ Սառնարաններ ենք գնել, դրանք 3—ն են։ Այժմ «Իզմիրլյան» հիմնադրամը ստեղծել է նաեւ սառնարանային պահեստ, որտեղ պահվում է սննդամթերքը։ Մանկատան բոլոր վարագույրները փոխվել են, խմբերում, որտեղ երեխաները ճաշում են, առանձնացված են խոհանոցային հատվածներ։ Ստեղծվել են նաեւ բուժկետ, ատամնաբուժարան, փակ լողավազան, այժմ էլ փորձում ենք կարգի բերել եւ վերանորոգել բաց լողավազանը»,–նշեց տնօրենը։
Բուժկետում մի շարք աշխատանքներ են իրականացվել։ Մանկատանն ապրող երեխաներից ոմանք ստանում են անգամ հոգեմետ դեղեր, եւ դրանց պահպանման համար հատուկ ռեժիմ գոյություն ունի, ինչը Լիլիթ Հակոբյանը սահմանել է առաջին իսկ օրվանից։
«Երկու ամիս բուժկետում աշխատանքներ էինք տանում, ինչից հետո ստուգողներ եկան եւ ասացին, որ իդեալական ճիշտ է ամեն ինչ արված եւ դասավորված։ Նմանատիպ գնահատական ստուգողները երբեք չեն տալիս, իրենք էլ այդ մասին ասացին, սակայն մեր պարագայում շատ ուրախացա, որ նման կերպ արտահայտվեցին։ Ստեղծել ենք նաեւ համակարգչային խմբակ, որտեղ երեխաները մեծ ուրախությամբ են այցելում, ունենք նաեւ շատ լավ գրադարան, որտեղ կամ երեխաներն են կարդում գրքերը, կամ մեր գրադարանավարուհին»,–ասաց տնօրենը եւ հավելեց, որ երեխաների հետ աշխատում են ոչ միայն դաստիարակները, այլեւ՝ սոցիալ—մանկավարժական մի խումբ, որը բաղկացած է արատաբաններից, լոգոպեդներից, հոգեբաններից եւ տիֆլոմանկավարժից (տեսողական խնդիրներ ունեցող երեխաների համար)։
Պարբերաբար տնօրենը եւ նրա ստեղծած հանձնաժողովը դասալսումներ են իրականացնում, ինչի արդյունքում արձանագրում են թերությունները, աշխատանքի մեթոդները, երեխաների կարիքները դասերի ժամանակ եւ այլն։
«Մեզ մոտ բոլոր երեխաները չէ, որ դպրոցներում են սովորում։ Ունենք 3 խումբ, որտեղ մեկ դաստիարակ եւ մեկ սպասուհի են աշխատում, կան նաեւ պալիատիվ խնամքով երեխաներ (անկողնային հիվանդ երեխաներ, որոնք չեն խոսում եւ ինքնուրույն ուտել չեն կարողանում)։ 18 տարեկանից սկսած մեր երեխաները հաճախում են քոլեջ, որտեղ մասնագիտություն են ստանում»,–շեշտեց Հակոբյանը։

Տնօրենը՝ խնամակալ

«Ես, որպես խնամակալ, իրավունք ունեմ գնալ եւ տեսնել, թե ինչ պայմաններում են սովորում իմ երեխաները։ Իմ՝ տնօրեն նշանակվելուց առաջ նման բան չի եղել, ոչ ոք չի հետաքրքրվել, թե երեխաները դպրոցներում ինչպես են սովորել եւ ինչ պայմաններում են գտնվել»,–ասաց Հակոբյանը եւ մեծ ոգեւորությամբ ընդգծեց, որ այժմ ինքն անձամբ մշտապես այցելում է դպրոցներ եւ տեղյակ է ամեն ինչից, իսկ գնալ չկարողանալու դեպքում մասնագետների է ուղարկում այնտեղ՝ լոգոպեդ եւ հոգեբան։

Երեխաների մաքրությունը

Տնօրենը պատմեց, որ մանկատան բոլոր երեխաները ոջիլ են ունեցել իր գալուց առաջ, եւ իր պաշտոնավարման առաջին իսկ օրվանից ուղիղ 2 ամիս պայքարել է դրանց դեմ։ Այժմ դեպքերը վերացել են։ Լիլիթ Հակոբյանի պնդմամբ՝ երեխաների ձեռքերը նույնպես մաքուր չեն եղել։
«Ինձ մեղադրում են անգամ այն բանում, որ ես լվանում եմ ձեռքերս, իսկ ի՞նչ անել։ Այն ժամանակ երեխաներին չէին էլ ասում, որ պետք է ուտելուց առաջ, հետո, բակից վերադառնալուց հետո ձեռքերը լվանալ, երեխաների ատամներն անգամ չէին լվացվում։ Երեխաներ կան, որոնք հատկապես ամռան ամիսներին լողանում են օրական 2—3 անգամ, սակայն նախկինում այդպես չի եղել, ինչի պատճառով էլ գարշահոտություն կար ամբողջ շենքում»,–նշեց տնօրենը։
Այժմ բոլոր երեխաների սրբիչները, ատամի խոզանակները պիտակավորված են։

Շրջայց մանկատան տարածքում

Սկզբում եղանք տարբեր ապրանքների պահեստում, որտեղ ամեն ինչ դասավորված էր այնպես, որպեսզի ցանկացած պահի ցանկացած ապրանք միանգամից հնարավոր լինի գտնել եւ օգտագործել։ Այնտեղից հետո գնացինք դեպի սառնարանային պահեստ, որտեղ ամեն ինչ պահվում էր մակնշումներով եւ սննդային նորմերին համապատասխան։ Խոհանոցում մաքրություն էր, իսկ օդում տարածվել էր համեղ ուտելիքների հոտը։ Հաջորդ «կանգառը» լվացքատունն էր, որտեղ կար 7 լվացքի մեքենա։ Բուժկետում ամեն ինչ դասավորված էր ըստ կարգի, չկային ժամկետն անց դեղեր։ Ատամնաբուժարանը չէր տարբերվում ոչ մի մասնավոր կլինիկայից, քանի որ կային բոլոր անհրաժեշտ սարքերը՝ ռենտգեն, ինչպես նաեւ հատուկ ախտահանող սարքեր։ Կինեզոթերապիայի սենյակում կային պարագաներ, որոնցով հնարավոր է վերականգնել երեխաների վերջույթների կորցրած ֆունկցիաները։ Այնտեղ իրականացվում է մերսում, ինչպես նաեւ կան երեխաներ, որոնք գլանակներով, հատուկ հարմարեցված հեծանիվներով եւ ֆիթբոլերով են մարզվում։ Փակ լողավազանը մեր այցելության ժամանակ ախտահանվում էր, որպեսզի հետո ջրով լցվեր, եւ երեխաներն այնտեղ էլ իրենց մարզումներն անցկացնեին։ Աղի սենյակը կամ աղի քարանձավը, որը մեր շրջայցի վերջին կետն էր՝ երեխաների սիրելի վայրն է, քանի որ այստեղ հիմնականում գեղեցիկ երաժշտություն է հնչում կամ հետաքրքիր մուլտֆիլմեր են դիտում։

Ազատման դիմումներ

Տնօրեն Լիլիթ Հակոբյանին մեղադրում են նաեւ մոտ 20—25 հոգու աշխատանքից ազատելու մեջ, սակայն նրա պաշտոնավարման առաջին իսկ ամսվա ընթացքում մի խումբ աշխատողներ սեփական դիմումների համաձայն են ազատվել աշխատանքից։
«Այն աշխատակիցները, որոնք սեփական դիմումի համաձայն են հեռացել այստեղից, մի մասը եղել է ուղղակի գրանցված, որոնք երբեւէ չեն ներկայացել աշխատանքի։ Ազատվածների մյուս մասն էլ իր համար այլ աշխատանք է գտել եւ դուրս եկել, մի բուժքույր ունեինք, սեփական երեխայի առողջական խնդիրների պատճառով դուրս եկավ աշխատանքից եւ մեկնեց արտերկիր»,–ընդգծեց Հակոբյանը։

Լիլիթ Հակոբյանն աշխատանքից հեռացրել է…

Մանկատան տնօրենն անձամբ հեռացրել է 2 հոգու։ Մեկը ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ֆինանսների վարչության պետի սանիկն է եղել՝ Գրիգոր Ենգիբարյանը, որը այնտեղ զբաղեցրել է տնտեսվարի պաշտոնը։
«1.5 ամիս անհարգելի բացակայության պատճառով հեռացրել եմ աշխատանքից, ինչից հետո նա դատարան է դիմել՝ անհիմն աշխատանքից ազատելու բողոքով։ Առաջին ատյանի եւ վերաքննիչ դատարանները որոշում են կայացրել հօգուտ ինձ։ Այդ մարդն այստեղ ձեւակերպված էր նաեւ որպես բժիշկ—վերականգնողաբան, այն դեպքում, երբ նա ավարտել էր ագրարային համալսարանը եւ բժշկության հետ կապ չուներ։ Երկրորդ աշխատողը խմբակի դաստիարակ էր, ով մանկատան նախկին կադրերի տեսուչի աղջիկն էր եւ նա նույնպես, գրանցված լինելով մի քանի պաշտոնի, չէր հաճախում աշխատանքի»,– պատմեց Հակոբյանը։

Աշխատակիցների մեկնաբանությունները մանկատան նոր տնօրենի կատարած աշխատանքների վերաբերյալ

Մանկատան պահեստապետ Ցիալա Կաբանովան նշեց, որ այժմ այստեղ ամեն ինչ կարգի է բերվել, նախկինում ամեն ինչ խառն էր, հնարավոր չի եղել անմիջապես գտնել այն ապրանքը, որն անհրաժեշտ է։ Նրա խոսքով՝ արդեն ամեն ինչ կանոնակարգված է։ Լվացքատան պատասխանատու Ալլան, ով նախկին տնօրենի օրոք նույնպես աշխատել է, իր հերթին շեշտեց, որ նախկինում աշխատել են նկուղում, որտեղ անգամ առնետներ են եղել։
«Լիլիթ Սուքիասովնան որոշում կայացրեց եւ տեղափոխեց լվացքատունն 1—ին հարկ, ինչից հետո նոր լվացքի մեքենաներ ձեռք բերվեցին, քանի որ լվացքը շատ—շատ է լինում։ Մեր նախկին տնօրենի օրոք անգամ արդուկ չէր արվում, ինչը շատ կարեւոր է հիգիենայի համար, սակայն այժմ դա պարտադիր է։ Այստեղ անգամ չորանոց ունենք, որը ամռան սեզոնին չենք օգտագործում, քանի որ դուրսն ենք կախում շորերն ու սպիտակեղենը»,–ասաց Ալլան։

Երեխաներն ու անձնակազմը

Մարի Իզմիրլյանի անվան մանկատանն ապրում են բնածին եւ ձեռքբերովի կենտրոնական նյարդային համակարգի ախտահարմամբ, ինչպես նաեւ մտավոր եւ ֆիզիկական խնդիրներով, աուտիզմով երեխաներ։ Մանկատանն այժմ ապրում է 104 երեխա եւ աշխատում 131 հոգի։ Անձնակազմում կան մանկաբույժ, մանկական հոգեբան, հոգեբույժ, ատամնաբույժ, բուժակ վերականգնողաբան, բուժակ ֆիզիոթերապեւտ, հերթապահ բժիշկներ նույնպես կան՝ մեկ բուժքույր եւ մեկ բժիշկ։
Պատրաստեց՝ Լիլիթ ԴԵՄՈՒՐՅԱՆԸ
Լուսանկարը՝ Տաթեւ ԴՈՒՐՅԱՆԻ

19-06-2019





18-10-2019
Համապարփակ լուծում հին խնդիրներին
Հայագիտական առարկաների դասավանդումը դպրոցներում կուժեղացվի

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


Վերջին ...


18-10-2019
Սիրիայում բոցավառվող տեսակի արգելված զենք է կիրառվել
Ո՞ր կողմն է գործադրել՝ ապացուցելը դժվար է լինելու

Թամարա ...


18-10-2019
10 մլն եվրո՝ Արարատի եւ Արմավիրի մարզերին
Հումքի մթերումների սուբսիդավորման ծրագրում փոփոխություն եղավ

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Կառավարությունը ...


18-10-2019
Գեղարվեստի կենարար ուժը
ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, տնտեսագիտության ...


18-10-2019
Բիբլիական լեռը ներկայանում է յուրովի
ՀԱՊ-ում բացվել է «Արարատ. սրբազան լեռը» խորագրով ցուցահանդեսը

Լիանա ...


18-10-2019
Պարտադիր, բայց առանց գնահատման
«Շախմատ» առարկայի դասավանդման շուրջ քննարկումներն ակտիվ փուլում են

Լուսինե ...


18-10-2019
«Ձեր խնդիրները մեր մշտական ուշադրության կենտրոնում են»
Վարչապետը հանդիպել է զոհված զինծառայողների մայրերի հետ

Վարչապետ ...



18-10-2019
Սոցցանցերը եւ մարդկային հարաբերությունների նոր մշակույթը
Հաշվարկված է, որ աշխարհի բնակչության 40 տոկոսը, ...

18-10-2019
Զբոսաշրջային ակտիվությունն ակնհայտ է
Բայց դրանից «գլուխներս չպետք է ...

18-10-2019
Վարչապետն ընդունել է Ճապոնիայի վարչապետի հատուկ խորհրդականին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ընդունել է Ճապոնիայի ...

18-10-2019
«Մեր գլխավոր նպատակն օլիմպիական ուղեգիր նվաճելն էր»
Գերմանիայում անցկացված սպորտային մարմնամարզության ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +25... +27

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO