Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

20.02.2020
ԱՇԽԱՐՀ


Վրաստանում կրքերը դեռ շարունակում են թեժ մնալ

Կարո՞ղ է Հայաստանը ստանձնել հրշեջի դեր

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


Վերջին օրերին ներքին քաղաքական իրադրությունը Վրաստանում բավականին լարված է։ Հունիսի 20-ից երկրում սկսված բողոքի ցույցերն առայսօր շարունակվում են։ Ցուցարարներն առաջ են քաշում մի շարք պահանջներ, որոնցից երկուսն արդեն բավարարվել են։ Առաջինը խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեի հրաժարականն էր, իսկ երեկ իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին կուսակցության քաղխորհրդի նիստից հետո հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ 2020 թվականից խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն բացառապես համամասնական ընտրակարգով՝ առանց ընտրական շեմի։ Նշենք, որ Սահմանադրությամբ համամասնական ընտրություններին անցնելը նախատեսված էր 2024 թվականից։ Այս որոշումից ընդդիմությունը գոհ է, սակայն դեռ շարունակում է պահանջել երկրի ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիայի հրաժարականը։ Ընդդիմադիր «Եվրոպական Վրաստան» կուսակցության ներկայացուցիչները շնորհավորել են միմյանց՝ իշխող «Վրացական երազանք» կուսակցության որոշումը համարելով խորհրդարանի դիմաց կանգնած ցանկացած քաղաքացու հաջողությունն ու հաղթանակը։
Բողոքի ցույցերի ժամանակ հակառուսական տրամադրությունների աճը ենթադրում էր համապատասխան արձագանք Ռուսաստանի կողմից, որը չուշացավ։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրաման ստորագրեց, որով հուլիսի 8—ից արգելվում է ավիափոխադրումներ իրականացնել Ռուսաստանի Դաշնությունից դեպի Վրաստան։ Պուտինը նաեւ հորդորել էր տուրիստական օպերատորներին ժամանակավորապես դադարեցնել դեպի Վրաստան ավիատոմսերի վաճառքը։
Տուրիստական ամենաակտիվ սեզոնի ընթացքում նման որոշումը լուրջ հարված է ոչ միայն Վրաստանի զբոսաշրջային ոլորտի, այլեւ այդ ուղղությամբ աշխատող տուրիստական գործակալությունների եւ ավիաընկերությունների համար։ Ի դեպ, Վրաստանն ամենամեծ պահանջարկ ունեցող տուրիստական ուղղություններից մեկն է ռուսաստանցիների համար։ Ռուսաստանի զբոսաշրջային արդյունաբերության միության մամուլի քարտուղար Իրինա Տյուրինայի խոսքով, միայն 2018 թվականի ընթացքում շուրջ 1.7 մլն մարդ է այցելել Վրաստան։ Ռուսաստանցիները երրորդ տեղն են զբաղեցնում Վրաստանի օտարերկրյա զբոսաշրջիկների ցանկում։
Ռուս—վրացական հարաբերություններում ծագած խնդիրները, բնականաբար, չեն կարող ազդեցություն չունենալ տարածաշրջանի եւ մասնավորապես Հայաստանի վրա։ Այդ խնդիրների հետեւանքով ավիափոխադրումների հետ կապված փոխադարձ արգելքների առնչությամբ ՀՀ վարչապետի ավիացիայի հարցերով խորհրդական Հակոբ Ճաղարյանը դիմել է հայկական բոլոր ավիաընկերություններին՝ ճշտելու  վերջիններիս պատրաստակամությունն ու հնարավորությունները՝ ռուս—վրացական լարվածության պատճառով ՌԴ—Վրաստան եւ հակառակ ուղղությամբ ուղեւորափոխադրումներին կազմակերպմանը միասնական հայկական ճակատով մասնակցելու համար։ Ճաղարյանն իր գոհունակությունն է հայտնել, որ «Արմենիա», «Տարոն Ավիա» եւ «Ատլանտիս Եուրոփիան» ավիաընկերությունները պատրաստակամ են գտնվել մասնակցելու «եղբայրական ժողովուրդների միջեւ ծագած ճգնաժամի կարգավորումներին՝ ամրագրված 5 օդանավերով, որոնց թիվը կարող է ավելանալ եւս 2—ով»։
Դեպի Ռուսաստան թռիչքներ են իրականացնում վրացական երկու ավիաընկերություններ՝ «Georgian Airways»–ը եւ «My Way Airlines»–ը։ Եթե վրացական ավիափոխադրումների վրա եւս արգելքը տարածվի, ապա «Georgian Airways» ընկերությունն իր ուղեւորներին պատրաստ է առաջարկել տրանզիտ չվերթներ՝ Թբիլիսի—Երեւան—Մոսկվա ուղղությամբ։ Այդ մասին տեղեկանում ենք «Georgian Airlines» ընկերության ֆեյսբուքյան էջում տեղադրված հայտարարությունից։
Իհարկե, ստեղծված իրավիճակը կարող է օգուտներ բերել Հայաստանին կարճաժամկետ առումով, ինչպես օրինակ՝ զբոսաշրջիկների թվի ավելացում, Գյումրիի օդանավակայանի գործարկում եւ այլն։ Սակայն այստեղ հարց է առաջանում՝ կարո՞ղ է արդյոք մեր երկիրը, զբոսաշրջային առկա ենթակառուցվածքներով ընդունել նախատեսվածից ավելի շատ հյուրեր։ Մյուս կողմից նկատենք, որ հարեւան երկրները կարող են շատ ավելի գրավիչ լինել որպես ծովափնյա հանգստի երկիր։ Ինչ վերաբերում է տարածաշրջանային լարվածության հետեւանքներին հեռանկարային առումով, ապա մեր երկիրն ավելի շատ վնասներ կկրի, եթե Վրաստան—Ռուսաստան ցամաքային կապը փակ լինի։ Այս պարագայում վնասն անհամեմատ ավելի շատ է, քան զբոսաշրջությունից եւ ավիափոխադրումներից ստացվող օգուտը։ Չմոռանանք, որ մեր երկրի ապրանքաշրջանառության մեծ մասը տեղի է ունենում հենց Վրաստանի միջոցով։ Խնդրահարույց է նաեւ ստեղծված իրավիճակը տարածաշրջանային անվտանգության առումով. կոշտ հռետորաբանությամբ միմյանց հետ պատերազմում են ինչպես Ռուսաստանն ու Վրաստանը, այնպես էլ՝ ԱՄՆ—ն եւ Իրանը։ Այս առումով իրադրությունն առավել պայթունավտանգ է, եւ ցանկացած անզգույշ քայլ ռազմական գործողությունների մեջ կարող է ներքաշել ոչ միայն տարածաշրջանի երկրներին, այլեւ այստեղ հետաքրքրություններ եւ շահեր ունեցող մնացած երկրներին։ Հայաստանի համար գործընկերներ են ինչպես Իրանն ու ԱՄՆ—ը, այնպես էլ՝ Վրաստանն ու Ռուսաստանը, եւ ուժերի ցանկացած վերադասավորում, կամ այլ կերպ ասած՝ ստատուս—քվոյի ցանկացած խախտում մեզ համար խիստ վտանգավոր է։ Թերեւս այս իրադրությունում Հայաստանը կարող է որպես միջնորդ հանդես գալ՝ փորձելով նպաստել լարվածության թուլացմանը։ Գործիքակազմը կարող է բազմազան լինել՝ խորհրդարանական դիվանագիտությունից մինչեւ սփյուռքի գործոնը։

25-06-2019





20-02-2020
Արցախը երբեք չի եղել Ադրբեջանի կազմում
Հարցազրույց Հայաստանի մարդու իրավունքների նախկին  պաշտպան Լարիսա Ալավերդյանի ...


20-02-2020
Մշակվել է ոլորտը կարգավորող նոր նախագիծ
Կհստակեցվեն յուրաքանչյուր քաղաքացու եւ կառույցի գործառույթներն աղետների ժամանակ

Լուսինե ...


20-02-2020
Հայաստանի ազգային հերոս
Կարեն Սերոբի Դեմիրճյան՝ փոքր երկրի մեծ ղեկավարը

Ծնվել ...


20-02-2020
Չեմ համարում, որ «Ոչ» քվեարկողներն ավելին լինեն, քան «Այո» քվեարկողները
Ավելին՝ ինքս չեմ պատրաստվում մասնակցել քվեարկությանը

Ապրիլի 5-ին ...


20-02-2020
Քաղաքական ուժերը դուրս են մնացել «ճակատամարտից»
Ինչը եւս մեկ անգամ ցույց է տալիս, թե ...


20-02-2020
Միջանձնային կոնֆլիկտների պատճառը նաեւ կրթության համակարգն է
Դպրոցը պետք է ունենա տղաների էմոցիոնալ, հայրենասիրության մշակութային ...


20-02-2020
«Յարխուշտան մեր ազգային ինքնությանը ամենաբնորոշ պարերից է»
Հայաստանում հունիսի 13-ին կանցկացվի յարխուշտայի փառատոն

Վարչապետ Նիկոլ ...



20-02-2020
Սիրիայի շուրջ ռուս-թուրքական նոր բանակցություններ կանցկացվե՞ն
Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
e.begijanyan@hhpress.am



20-02-2020
Ծննդյան հրաշալի խորհուրդը
Առաջին երեխան Բերձորում՝ կեսարյան ...

20-02-2020
Հետաքրքրությունն առկա է, միտումը՝ հուսադրող
Հայաստանը ռուսաստանցիների տուրիստական ...

20-02-2020
Հովհաննես Թումանյանի ծննդյան 151-ամյակը՝ Դսեղում
Մեծն լոռեցու ծննդյան 151-ամյակը եւ գիրք ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... -3
ցերեկը 0... +2

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO