Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

20.07.2019
ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ


Այսուհետ գործելու ենք փոփոխված հարկային օրենսգրքով

Մինչեւ աշնանային նստաշրջան օրենսդիրը կներկայացնի նոր փոփոխություններ

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթը՝ 73 կողմ, 32 դեմ հարաբերակցությամբ։ Փաթեթով առաջարկվող հիմնական փոփոխություններից է եկամտահարկի համահարթեցումը, ըստ որի՝ 2020 թվականի հունվարի 1—ից այն կկազմի 23 տոկոս՝ անկախ աշխատավարձի չափից։ Մինչեւ 2023 թվականը եկամտահարկն աստիճանաբար կնվազի՝ դառնալով 20 տոկոս։ Հաջորդ փոփոխություններից է շրջանառության հարկի շեմի բարձրացում 58.35 մլն—ից 115 մլն դրամի, 20 տոկոսից 18 կդառնա շահութահարկը։ Նախագծով բարձրացվելու է վարկային կազմակերպությունների, գրավատների, փոխանակման կետերի պետական տուրքը։
Փոփոխությունների փաթեթին կողմ էր քվեարկել «Իմ քայլը» խմբակցությունը, իսկ «Լուսավոր Հայաստան» եւ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները՝ դեմ։ «Իմ քայլը» խմբակցության անդամ, տնտեսագետ Արտակ Մանուկյանը «ՀՀ»—ի հետ զրույցում նշեց, որ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի աշխատանքները եղել են թափանցիկ եւ համապարփակ քննարկումներ են անցկացվել փոփոխությունների մասով։ Քվեարկության ժամանակ մի շարք փոփոխությունների կողմ են քվեարկել նաեւ ընդդիմադիր խմբակցությունների անդամներ, եւ այդ համատեքստում Մանուկյանի համար հասկանալի չէ, թե ինչու ի վերջո դեմ քվեարկեցին։ «Հիմա ունենք հարկային նոր, փոփոխված օրենսգիրքը, որի դրույթների մի մեծ բազմություն, որոնք կարող էին բավարար չափով պարզաբանված չլինել կամ հավելյալ ռիսկեր էին պարունակում, համատեղ քննարկման արդյունքում էականորեն բարելավել են»,– ասաց նա։ Այն դիտարկմանը, թե արդյոք դեմ քվեարկելը նոր հարկային օրենսգրքի համար պատասխանատվություն չվերցնելու համար է, Մանուկյանը նշեց, որ չի ցանկանա իր ընդդիմադիր գործընկերների փոխարեն մեկնաբանություններ անել։ «Արձանագրենք, սակայն, երկու փաստ. եթե ուսումնասիրենք անհատական քվեարկությունների արդյունքները կետ առ կետ՝ պետական տուրքի կամ այլ փոփոխությունների մասով, ապա հանձնաժողովում մեծամասամբ կողմ են եղել եւ պաշտպանել են այդ փոփոխված դրույթները։ Մինչդեռ երբ հերթը հասնում է հարկային օրենսգրքի ընդհանուր տրամաբանությանը, ըստ էության դեմ են քվեարկում,–նշեց պատգամավորը՝ վստահեցնելով, որ սա չափազանց կարեւոր նախագիծ էր արտահանման հատվածը խթանելու առումով, ապա շարունակեց.–Մենք պետք է համատեղ ջանքերով ստվերային շրջանառությունը կրճատելու ֆոնին էլ ավելի մեծացնենք մեր բյուջետային միջոցների ծախսման արդյունավետությունը, ինչպես նաեւ թիրախային եւ հասցեական քաղաքականությունը, որով կաջակցենք բիզնեսին»։
Հարկային ոլորտի նոր փոփոխությունների արդյունքները չեն սպասեցնի, քանի որ շատ արագ կփորձեն կենսագործել շրջանառության հարկի շեմի բարձրացման դրույթը, որով 58.35 մլն—ի շեմը կդառնա 115 մլն դրամ։ Եթե դա չարվեր, ապա, զրուցակցիս խոսքով, շրջանառության հարկ վճարողները կարող էին երկու վարքագիծ դրսեւորել՝ կամ պետք է ՀԴՄ տրամադրեին եւ հայտնվեին ԱԱՀ—ի դաշտում, ինչը հավելյալ թղթատարություն է ենթադրում, կամ պետք է ՀԴՄ չտրամադրեին՝ մտնելով ստվերային շրջանառության մեջ եւ ենթարկվեին տուգանքների հարկային վարչարարության հետեւանքով։ Վերջին հանգամանքը վստահաբար ձեռնտու չէր երկու կողմերի համար էլ՝ թե՛ բիզնեսի, թե՛ պետության, քանի որ այդ դեպքում կտուժեր բիզնես միջավայրը։ «Ի տարբերություն համահարթ հարկման, որը կարող է դիտարկվել ոչ բարելավող նորմ, շրջանառության հարկի շեմի բարձրացումը բարելավող նորմ է, եւ հետեւաբար վեց ամսվա ժամանակահատվածը չի գործում։ Այն հնարավորինս արագ կիրագործվի, որպեսզի բիզնեսին անմիջապես ուղերձ հղենք, որ մինչեւ 115 մլն դրամի ապրանքաշրջանառությունն առանց մտահոգվելու ցույց տան»,–նշեց Մանուկյանը։
Հարկային օրենսգրքում հաջորդ փոփոխությունը կվերաբերի կադաստրային արժեքի շուկայական գնահատմանը, ինչպես նաեւ կփորձելեն տուրքերի մասով ներդնել գոտիականության գաղափարը, որպեսզի օրինակ՝ փոխանակման կետերը Գյումրիում եւ Երեւանում նույն չափով չհարկվեն։ Մանուկյանը այս մոտեցման կողմնակիցներից է եւ առաջիկայում հանդես է գալու համապատասխան նախաձեռնություններով։
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթի քննարկման ժամանակ ԱԺ ամբիոնից տեղեկացրեց, որ խմբակցությունը դեմ է քվեարկելու։ Որոշումը հիմնավորեց նրանով, որ թեեւ մինչեւ երկրորդ ընթերցումը աշխատանք տարվել է, սակայն համահարթ հարկման համակարգի բարեփոխման մասով ոչ մի փոփոխություն չի եղել։ «Եվս մեկ անգամ վերահաստատեմ, որ մեզ համար համահարթեցման պահը սոցիալական արդարության դրսեւորում է»,–նշեց նա։
«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը նույնպես դեմ քվեարկեց առաջարկվող փոփոխությունների փաթեթին, գտնելով, որ այն չի ձեւավորի ներդրումային նպաստավոր միջավայր։ Խմբակցության անդամ Արկադի Խաչատրյանն իր ելույթում նշեց, որ իրենք ներկայացրել են մեկ տասնյակից ավելի առաջարկներ՝ հարկային քաղաքականության ռազմավարության սկզբունքների վերաբերյալ, որոնցից ամենակարեւորը վառելիքի հարկային բեռի ավելացման անթույլատրելիությունն է։ Խմբակցության կողմից առաջարկվել է նաեւ հրաժարվել շահաբաժնի հարկից, որպեսզի Հայաստանը կարողանա խթանել գործարարությունն ու մրցակցել Վրաստանի հետ։ Առաջարկություններից ընդունվել է միայն երեքը։ «Դիտարկել եմ 10 գործոն, որոնք կարող են ազդել ներդրողի վրա, եւ կարող եմ վստահեցնել, որ դրանց գերակշռող մասի դեպքում Վրաստանն ավելի շահեկան դիրքում է։ Այս հարկային օրենսգիրքը չի լուծում կարեւորագույն հարցեր, չի ձեւավորում այնպիսի ներդրումային, գործարար միջավայր, որի պարագայում ներդրողը միանշանակ որոշում կկայացնի ընտրել Հայաստանը՝ ներդրում անելու։ Մեզ պետք է նոր հարկային օրենսգիրք, սա է պատճառը, որ մենք դեմ ենք այս նախագծին»,—ասաց Խաչատրյանը։
«Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Սրբուհի Գրիգորյանը «ՀՀ»—ի հետ զրույցում վերահաստատեց, որ դեմ քվերակելու հիմնական պատճառը փոփոխությունների արդյունքում ակցիզային հարկի սպասվող թանկացումներն են։ Թեեւ որոշ առաջարկներ ընդունվել են, բայց իրենք հիմնական շեշտը դնում են ակցիզների թանկացման անընդունելիության վրա։ Եթե այդ կետը վերանայվեր, ապա խմբակցությունը կփոխեր դեմ քվեարկելու որոշումը։ «Կցանկանայի, որպեսզի «Իմ քայլի» գործընկերներս հաշվարկեին, թե ակցիզների բարձրացմամբ պայմանավորված որքան է թանկանալու դիզելը, ինչը կհանգեցնի գյուղատնտեսական աշխատանքների թանկացման եւ հետեւաբար ստացվող բերքի գնի վրա։ Երկրորդը՝ կթանկանա նաեւ բենզինը, հեղուկ գազը, որով հիմնականում տրանսպորտային միջոցներն են աշխատում։ Դա էլ շղթայաբար կբերի տրանսպորտի գնի բարձրացման»,–ասաց Գրիգորյանը։ Մյուս հանգամանքը, որի վրա ընդդիմադիր խմբակցության ներկայացուցիչն ուշադրություն հրավիրեց, այն է, որ առաքման կետերից դեպի գյուղեր ապրանքներ տեղափոխող մեքենաների համար թանկացած վառելիքը բնականաբար կազդի նաեւ առաքվող ապրանքների գնի վրա։
«Իմ քայլը» խմբակցության անդամ Գոռ Գեւորգյանի դիտարկմամբ, պետք է հստակ տարբերակվի աշխատավարձից ստացվող հարկը եկամտահարկից գեներացվող հարկից։ Այստեղ առկա է խնդիր, քանի որ այսօրվա դրությամբ հարկվում է միայն բնակչության աշխատող մասի աշխատավարձը, այլ ոչ թե եկամուտը։ Գեւորգյանը կոչ է անում արդեն այսօրվանից մտածել եկամտահարկի հայտարարագրման համակարգ մտցնելու մասին։

26-06-2019





20-07-2019
Շուշին լիովին կապահովվի խմելու ջրով
Բերդաքաղաքում լուծվում են կենսական խնդիրները

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am


Կրթամշակութային կենտրոն ...


20-07-2019
Օդի ջերմաստիճանը կհասնի +42-ի
Առողջապահության նախարարությունը տապից պաշտպանվելու խորհուրդներ է տալիս

Իրաքի ...


20-07-2019
Ամերիկյան մոդել
Հատվածներ Ֆարիդ Զաքարիայի «Ազատության ապագան. ոչլիբերալ ժողովրդավարությունը ԱՄՆ-ում ...


20-07-2019
Սեւանի անձնագիր ստացած երկարաչանչը
Որ կարեւոր է ոչ միայն լճի ջրի որակի, ...


20-07-2019
Հյուրընկալել է նախագահը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ ընդունել է Հայաստանի Հանրապետությունում ...


20-07-2019
«Սա այն բարեփոխումն է, որից մենք ակնկալում ենք կոնկրետ արդյունքներ»
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ...



20-07-2019
«Ամեն բան մարդուն մատչելի է....»
1902 թ. մի նամակում Հովհաննես Թումանյանը, դրվատելով ...

20-07-2019
Թատրոն չեն հաճախում, բայց դերասան դառնալ են ուզում
Ինչո՞ւ են դիմում թատերական ...

20-07-2019
Թեհրան—Լոնդոն փոխհարաբերություններում լարվածությունը պահպանվում է
Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
e.begijanyan@hhpress.am



 
20-07-2019
Մերոնք՝ միջազգային առաջնություններում
Վերջին օրերը հագեցած են հայ մարզիկների ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO