Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

18.10.2019
ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


Դիվանագիտական խողովակներով կհստակեցվեն Մակրոնի՝ Հայաստան պետական այցի ժամկետները

Հարցազրույց Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանի հետ

Ֆրանսիայի Հանրապետությունը շարունակում է առաջատար դիրքեր զբաղեցնել Հայաստանի տնտեսության մեջ կատարած ներդրումների առումով, մեծ թափով զարգանում են Հայաստանի ու Ֆրանսիայի հարաբերությունները նաեւ մի շարք այլ ոլորտներում։ Երկու երկրների միջեւ դարերի ընթացքում ձեւավորված բարեկամական հարաբերությունների ներկայիս իրավիճակի, առաջիկայում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Հայաստան հավանական այցի եւ մի շարք օրակարգային հարցերի շուրջ զրուցել ենք Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանի հետ։
–Տիկին դեսպան, ինչպե՞ս կբնութագրեք ներկայիս հայ—ֆրանսիական հարաբերությունները։
–Հայ—ֆրանսիական հարաբերությունները որակվում են, իրավամբ, որպես «առանձնաշնորհյալ»։ Այն արտահայտվում է երկու երկրների միջեւ ամենաբարձր մակարդակով հաստատված քաղաքական սերտ երկխոսությամբ եւ երկկողմ համագործակցության անխտիր բոլոր ոլորտներում դինամիկ զարգացում ապրող փոխգործակցությամբ։ Հայ եւ ֆրանսիացի ժողովուրդների միջեւ պատմականորեն ձեւավորված բարեկամական հարաբերություններն, անշուշտ, լավ հիմք են ստեղծել Հայաստանի անկախությունից ի վեր երկու երկրների միջեւ միջպետական սերտ հարաբերությունների հաստատման համար։ Կցանկանայի նաեւ ընդգծել այն առանձնահատուկ դերակատարությունը, որ ունի Ֆրանսիայում լավագույնս ինտեգրված շուրջ վեցհարյուրհազարանոց հայ համայնքը հայ—ֆրանսիական բարեկամության ամրապնդման գործում։
Հայ—ֆրանսիական բարեկամական ավանդույթներն սկիզբ են առնում դեռեւս Կիլիկյան Հայոց թագավորության ժամանակաշրջանից։ Կցանկանայի հիշատակել ընդամենը մեկ փաստ, ինչը վկայում է երկու ժողովուրդների միջեւ պատմականորեն սերտ առնչությունների խորությունը. Կիլիկիայի հայոց վերջին թագավոր Լեւոն VI—ը միակ օտար արքան է, որի աճյունն ամփոփված է ֆրանսիացի թագավորների հետ մեկտեղ՝ Սեն—Դընի տաճարի արքունի դամբարանում։ Հետագա դարերի ընթացքում հայ—ֆրանսիական բարեկամությունը մշտապես սնուցվել եւ հարստացել է մշակութային, կրթական, առեւտրական շփումների շնորհիվ։ Հայոց ցեղասպանությունից հետո Ֆրանսիայում ապաստան գտած բազմահազար վերապրողներ իրենց կարեւոր նպաստն են բերել ֆրանսիական հասարակության բոլոր շերտերում հայ ժողովրդի նկատմամբ համակրանքի կապիտալի ձեւավորմանը։
–Որո՞նք են երկկողմ հարաբերությունների ու համագործակցության խթանման հիմնական ուղղությունները։
–Երկրի բարձրագույն իշխանությունների միջեւ հաստատված սերտ քաղաքական երկխոսությունը նշանակալի տեղ է զբաղեցնում հայ—ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերություններում։ Այն ամրապնդվում է երկկողմ հաճախակի միջպետական փոխայցելություններով. վերջին մեկ տարվա ընթացքում վարչապետ Փաշինյանը եւ նախագահ Մակրոնը հանդիպել են հինգ անգամ. երկու ղեկավարներն օգտագործեցին թավշյա հեղափոխությունից հետո առաջին իսկ հնարավոր առիթը երկկողմ հանդիպման համար՝ նախորդ տարվա հուլիսին՝ Բրյուսելում, ՆԱՏՕ—ի գագաթնաժողովի շրջանակներում, սեպտեմբերին արդեն ՀՀ վարչապետն աշխատանքային այցով ժամանեց Փարիզ՝ Ֆրանսիայի նախագահի հրավերով, հոկտեմբերի 4—ին նրանք կողք կողքի էին՝ Ֆրանսիայի կողմից Շառլ Ազնավուրին նվիրված հրաժեշտի համազգային արարողության ժամանակ, հաջորդ հանդիպումն արդեն Երեւանում էր՝ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի կապակցությամբ, իսկ ուղիղ մեկ ամիս անց նախագահ Մակրոնը եւ վարչապետ Փաշինյանը վերստին հանդիպեցին Փարիզում առաջին աշխարհամարտի ավարտի հարյուրամյակի հանդիսավոր տոնակատարության շրջանակում։
Հատկանշական է նաեւ, որ 2018թ. կայացած թավշյա հեղափոխությունից ընդամենը օրեր անց Հայաստան այցելած առաջին արտերկրյա բարձրաստիճան պաշտոնյան Ֆրանսիայի արտաքին գործերի եւ Եվրոպայի նախարար Ժան—Իվ Լը Դրիանն էր։ Իսկ ապրիլի 16—18—ին տեղի ունեցավ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի այցը Ֆրանսիա, ինչը հնարավորություն ընձեռեց վերստին, նախարարական մակարդակով, անդրադառնալու երկկողմ համագործակցության օրակարգային հարցերին։
Հայաստանը բարձր է գնահատում Ֆրանսիայի ուշադրությունը մեր ժողովրդի համար կենսական նշանակություն ունեցող հարցերի նկատմամբ։ Ֆրանսիան՝ իբրեւ Մինսկի խմբի համանախագահ՝ կարեւոր ներգրավվածություն ունի ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում եւ մեր տարածաշրջանում տեւական խաղաղության եւ անվտանգության ամրապնդման հարցում։ Ֆրանսիան նաեւ ՀՀ համար առանցքային գործընկեր է ԵՄ հետ հարաբերություններում։ Գերազանց համագործակցություն է հաստատված երկու երկրների միջեւ միջազգային կազմակերպությունների շրջանակներում՝ ՄԱԿ, ԵԽ, ԵԱՀԿ։ Կցանկանայի առանձնահատուկ ընդգծել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակում փոխգործակցությունը, որին նոր կարեւոր լիցք հաղորդեց նախորդ տարվա հոկտեմբերին Երեւանում կայացած Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը։
Հայ—ֆրանսիական գերազանց հարաբերությունների կարեւոր հենասյուներից է նաեւ միջխորհրդարանական համագործակցությունը, ինչպես նաեւ երկու երկրների շուրջ մի քանի տասնյակ տեղական համայնքների եւ մարզերի միջեւ հաստատված ապակենտրոնացված փոխգործակցությունը։
Երկկողմ համագործակցությունը դինամիկ զարգացում է ապրում գիտական եւ կրթական ոլորտներում։ Այս ոլորտում համագործակցության լավագույն օրինակ է Հայաստանում ֆրանսիական համալսարանը, որն արդեն ավելի քան երկու տասնամյակ պատրաստում է բարձրակարգ մասնագետների եւ իր ուրույն տեղն ունի մեր երկրի բարձրագույն կրթական հաստատությունների շարքում։ Ընթացիկ ուսումնական տարվանից համալսարանում բացվել է նոր ֆակուլտետ՝ ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի, որը կոչված է պատրաստելու բարձրակարգ մասնագետներ՝ Հայաստանում մեծ զարգացում ապրող բարձր տեխնոլոգիաների ոլորտի համար եւ, բնականաբար, կխթանի նաեւ այս ոլորտում երկկողմ համագործակցության խորացմանը։
Ֆրանսիայի մի շարք համալսարաններում գործում են հայագիտության ամբիոններ, իսկ Ֆրանսիայի արեւելյան լեզուների եւ քաղաքակրթությունների ազգային ինստիտուտում հայերենի ուսուցման սկիզբը դրվել է դեռեւս 1799 թվականին։
Գիտակրթական ոլորտում համագործակցության վառ օրինակներից է նաեւ Թուլուզի համալսարանի կողմից Հայաստանին գերհզոր սուպերհամակարգչի նվիրումը։ Այն տեղադրվելու է Ինժեներական քաղաքում եւ կարող է կիրառվել ռազմապաշտպանական, առողջապահական, կրթական, էկոլոգիական, երկրաբանական հիմնախնդիրների ուսումնասիրություններում, ինչպես նաեւ այնպիսի գիտատար ոլորտներում, ինչպիսիք են միջուկային վառելիքի էլեմենտների կենսացիկլի մոդելավորումը, միջուկային եւ թերմամիջուկային ռեակտորների նախագծումը, քվանտային համակարգիչների ստեղծումը, հաշվողական կենսաբանությունը եւ քիմիան։
Հայաստանը պատրաստ է նաեւ ինքը կիսել իր փորձը իր ֆրանսիացի գործընկերների հետ, եւ ուրախ ենք, որ նրանք եւս որոշ դեպքերում կարող են հանդիսանալ հայկական հաջողությունների շահառու։ Ինչպես գիտեք, Փարիզում մի քանի ամիս առաջ բացվեց Թումոյի մասնաճյուղը՝ Փարիզի քաղաքապետի նախաձեռնությամբ, ՀՀ քաղաքապետի, ՀՀ կրթության նախարարի եւ ԵՄ նորարարության հանձնակատարի մասնակցությամբ։ Դա ոչ միայն նորարարական կրթության ոլորտում համագործակցության փայլուն օրինակ է, այլեւ ունի խորհրդանշական մեծ արժեք. Փարիզը, ներմուծելով հայկական ապրանքանիշը, այն դարձրեց միջազգային։
–Ինչպե՞ս կբնութագրեք ֆրանսահայ համայնքը եւ վերջինիս դերը Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ հարաբերությունների սերտացման գործում։
–Ֆրանսահայ համայնքը, որն աշխարհում երրորդն է իր մեծությամբ՝ ԱՄՆ—ից եւ ՌԴ—ից հետո, իր գերազանց ինտեգրվածության, օրինապահության, երկրի մշակութային, հասարակական—տնտեսական, քաղաքական կյանքում ունեցած իր նշանակալի նպաստի շնորհիվ ֆրանսիական հասարակության մեջ ձեւավորել է հայ ժողովրդի հանդեպ մեծ համակրանք եւ բնական կամուրջ է մեր երկու պետությունների միջեւ։
Շառլ Ազնավուրի դիպուկ եւ հանճարեղ ձեւակերպումը՝ իր 100 տոկոսով հայ եւ 100 տոկոսով ֆրանսիացի լինելու մասին, լավագույնս է արտացոլում իր հայկական արմատներին, ինքնությանը մեծապես հավատարիմ եւ, միեւնույն ժամանակ՝ Ֆրանսիայի լիիրավ քաղաքացի հանդիսացող ֆրանսահայերին։
Համայնքը կարողացել է նաեւ ստեղծել հասարակական կազմակերպությունների լայն ցանց, որոնք, հիմնականում, միավորված են ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի մեջ։ Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի՝ վերջին տարիներին ավանդական դարձած ամենամյա ընթրիքն իր ներկայությամբ պատվում է Ֆրանսիայի նախագահը, ինչը եւս արտահայտում է հայ համայնքի գերազանց ինտեգրվածությունը, ինչպես նաեւ այն ընդհանուր համակրանքն ու գնահատվածությունը, որ նա վայելում է ինչպես իշխանությունների, այնպես էլ հասարակության տարբեր շերտերի կողմից։ Հիշեցնեմ, որ փետրվարի 5—ին հենց այս տարեկան ընթիքի ժամանակ էր, որ նախագահ Մակրոնը հրապարակավ հայտարարեց ապրիլի 24—ը Հայոց ցեղասպանության ոգեկոչման պետական օր հռչակելու իր մտադրությունը՝ ընդգծելով, որ «ֆրանսահայերի պատմությունը՝ Ֆրանսիայի պատմությունն է»։ Ի դեպ, ոգեկոչման արարողությանը Ֆրանսիայի բարձրագույն իշխանությունների մասնակցությունը նույնպես Ֆրանսիայի հայազգի քաղաքացիների պատմության, հիշողության նկատմամբ վերջիններիս ուշադրության կարեւոր արտահայտություններից է։
–Ինչպե՞ս կմեկնաբանեք ֆրանսիական դատարանների կողմից Արցախի քաղաքների հետ համագործակցության հուշագրերի չեղարկումը։
–Բնականաբար բոլոր այն հարցերը, որոնք այս կամ այն կերպ առնչվում են համահայկական շահերին, հայ եւ ֆրանսիացի ժողովուրդների բարեկամությունը մշտապես գտնվում են մեր ուշադրության կենտրոնում։
Զերծ կմնամ Ֆրանսիայի ներքին իրավական գործընթացները մեկնաբանելուց։ Միեւնույն ժամանակ կարեւորում եմ հայ եւ ֆրանսիացի ժողովուրդների միջեւ տարբեր մակարդակներում բարեկամական պլատֆորմների ձեւավորումը եւ զարգացումը՝ այդ թվում տեղական ինքնակառավարման մարմինների մակարդակով, եւ այս գործընթացում Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չպետք է խոչընդոտ հանդիսանա եւ շահարկվի։ Այս տեսակետից ողջունելի են բարեկամությունը շարունակելու տեղական մարմինների ղեկավարների հայտարարությունները։
–Անդրադառնանք տնտեսական ցուցանիշներին։ Ասացեք խնդրեմ, վերջին տարիներին երկու երկրների առեւտրաշրջանառության ինչպիսի՞ ցուցանիշներ են գրանցվել եւ ո՞ր ուղղություններով։ Ինչպիսի ներուժ ունի Հայաստանը՝ գրավելու ֆրանսիացի ներդրողներին, որ ոլորտները կարող են հետաքրքրական լինել։ Զբոսաշրջության բնագավառում ինչպիսի՞ հեռանկարներ կան։
–Ֆրանսիան՝ Հայաստանի տնտեսության մեջ կատարած ներդրումների առումով շարունակում է զբաղեցնել առաջատար դիրքեր։ Հայաստանում ներկա են ֆրանսիական մի շարք հայտնի խոշոր ընկերություններ, ինչպես, օրինակ, «Վեոլիան», «Քարֆուրը», «Կրեդիտ Ագրիկոլը», «Պերնո—Ռիկարը»։
Այդուհանդերձ, երկկողմ տնտեսական համագործակցության մակարդակը դեռեւս նկատելիորեն զիջում է քաղաքական հարաբերությունների մակարդակին, եւ երկուստեք քայլեր են արվում այդ ուղղությամբ համագործակցության զարգացման ներուժը իրապես օգտագործելու համար, մասնավորապես՝ նորարարական տեխնոլոգիաների, վերականգնվող էներգետիկայի, զբոսաշրջության, ենթակառուցվածքների, գյուղատնտեսության, բնապահպանության ոլորտներում։
Անցյալ սեպտեմբերին Փարիզում աշխատանքային այցով գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայի ձեռնարկությունների միության (MEDEF) կողմից կազմակերպված գործարար հանդիպմանը ներկայացրեց Հայաստանում գործարար միջավայրի բարելավման եւ հավասար մրցակցային պայմանների ապահովման ուղղությամբ կառավարության կողմից ձեռնարկվող քայլերը, ինչը նպաստավոր պայմաններ է ստեղծում ֆրանսիական ընկերությունների եւ ներդրումների առավել գործուն մուտքը հայկական շուկա ապահովելու համար։ Հայաստանի անդամակցությունը 170 միլիոնանոց շուկա եւ առանց մաքսատուրքերի տարածք ապահովող Եվրասիական տնտեսական միությանը, ինչպես նաեւ Եվրոպական միության հետ առեւտրային GSP+ համակարգը՝ զուգակցելով Հայաստանում տնտեսական եւ հարկային բարեփոխումներին, կարծում ենք, համագործակցության նոր հնարավորություններ կուղենշի երկու երկրների գործարարների համար։
Երկկողմ համագործակցության կարեւոր ներուժ ունեցող ճյուղերից է բարձր տեխնոլոգիաների ոլորտը։ Ընդամենը շաբաթներ առաջ Փարիզի հանրահայտ «Vivatech 2019» տեխնոլոգիական համաժողովում առաջին անգամ ներկայացված էր նաեւ Հայաստանը՝ առանձին տաղավարով՝ մեկ տասնյակից ավելի հայկական ստարտափներով, որոնք հնարավորություն ունեցան իրենց յուրօրինակ մտահղացումներով կիսվել ՏՏ ոլորտի ֆրանսիացի եւ համաշխարհային կարեւոր դերակատարների հետ։ Համաժողովին ներկա ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը կարեւոր հանդիպումներ ունեցավ համաշխարհային առաջատար մի շարք ընկերությունների ղեկավարների հետ՝ ներկայացնելով Հայաստանի ներդրումային հնարավորությունները բարձր տեխնոլոգիական ոլորտում։
Վերջին տարիներին կայուն աճում է Ֆրանսիայից Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը։ Վերջիններիս շարքում անկասկած մեծ թիվ են կազմում հայկական արմատներով Ֆրանսիայի քաղաքացիները, սակայն Հայաստանի նկատմամբ զբոսաշրջային հետաքրքրությունն աճել է նաեւ ֆրանսիացիների շրջանակում։
–Ի՞նչ միջոցառումներ են նախատեսվում այս ոլորտում առաջիկայում։ Կա՞ն արդյոք ֆրանսահայ երգիչ Շառլ Ազնավուրի հիշատակին նվիրված միջոցառումների ծրագրեր։
–Մեկ ամիս առաջ՝ մայիսի 22—ին, Ֆրանսիայում նշվեց Շառլ Ազնավուրի ծննդյան 95—րդ տարեդարձը։ Այդ կապակցությամբ մայիսի 21—ին Փարիզում այն տան մոտ, որտեղ իր կյանքի առաջին տարիներն է անցկացրել Ազնավուրը, բացվեց մեծ երգչին նվիրված հուշատախտակ։ Նույն օրը Փարիզի քաղաքապետարանի առջեւ գտնվող հրապարակում անցկացվեց բացօթյա մեծ համերգ։ Առաջիկա ամիսներին նախատեսվում է Փարիզում Ազնավուրի արձանի բացումը եւ Փարիզի սրտում գտնվող Երեւանի պուրակի շարունակությամբ գտնվող ծառուղու անվանակոչումը մեծ արտիստի անունով։ Ֆրանսիայի մի շարք քաղաքներում, օրինակ, Կլիշի, Շավիլ, Մարսել, Ալֆորվիլ, Իսի—լե—Մուլինո եւ այլն, հրապարակներ, համերգասրահներ անվանակոչվեցին Շառլ Ազնավուրի անունով։
–ՀՀ—ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրն արդեն վավերացրել է 15 պետություն։ Ի՞նչ փուլում է Ֆրանսիայի կողմից համաձայնագրի վավերացման գործընթացը։
–Հայաստանը բարձր է գնահատում Ֆրանսիայի աջակցությունը Հայաստան—ԵՄ համագործակցության համատեքստում։ Վստահ ենք, որ ՀԸԳՀ—ն նոր հարթակ կհանդիսանա երկկողմ համագործակցության խորացման համար։
Մարտի 26—ին Ֆրանսիայի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը միաձայն հավանության է արժանացրել ՀՀ—ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացումը նախատեսող օրենքի նախագիծը, եւ նախատեսվում է, որ առաջիկայում Ֆրանսիան կվավերացնի համաձայնագիրը։
–Նախագահ Էմանուել Մակրոնն ապրիլի 10—ին ապրիլի 24—ը Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր ճանաչելու մասին հրամանագիր է ստորագրել։ Ինչպե՞ս եք գնահատում Ֆրանսիայի քայլերը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում։
–Ֆրանսիան առանցքային դերակատարություն է ունեցել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում։ Այն աշխարհում առաջին պետությունն է, որ 2001—ին օրենքի ուժով ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։ Ֆրանսիայի նախագահը Երեւանում ներկա էր ցեղասպանության հարյուրամյակի ոգեկոչման արարողությանը։ Ֆրանսիայի տարածքում մի քանի տասնյակ հուշարձաններ, փողոցներ, հրապարակներ, պուրակներ նվիրված են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։
Հայոց մեծ եղեռնի միջազգային ճանաչման ուղղությամբ շատ կարեւոր հանգրվան էր նախագահ Մակրոնի նախաձեռնությամբ եւ հրամանագրով ապրիլի 24—ի՝ որպես Հայոց ցեղասպանության հիշատակի օրվա ամրագրումը Ֆրանսիայի պետական օրացույցում եւ հետեւաբար՝ այսուհետ ոգեկոչումը պետական մակարդակով։ Այս տարի Ֆրանսիայի ավելի քան յոթ տասնյակ քաղաքում անցկացվել են հիշատակի միջոցառումներ՝ պատգամավորների, սենատորների, քաղաքապետների մասնակցությամբ։ Ինչպես անշուշտ տեղյակ եք, Փարիզում կայացած միջոցառմանը ներկա գտնվեցին եւ ելույթով հանդես եկան Ֆրանսիայի վարչապետը, Փարիզի քաղաքապետը, ներկա էին տասնյակ նախարարներ քաղաքապետներ, խորհրդարանականներ, քաղաքական, հասարակական գործիչներ։ Հիշատակի օրվան լայն անդրադարձ կատարվեց տասնյակ լրատվամիջոցներով։ Նախագահ Մակրոնը հատուկ ուղերձ հղեց՝ ի համերաշխություն հայ ժողովրդի հետ։
–Տիկին դեսպան, նախագահ Մակրոնը Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի վերոնշյալ ընթրիքի ժամանակ հայտարարել էր նաեւ Հայաստան այցելելու իր մտադրության մասին։ Այցի ժամկետների վերաբերյալ ի՞նչ հստակեցումներ կան։
–Իրավացի եք։ Նախագահ Մակրոնը հրապարակավ վերահաստատել է առաջիկայում Հայաստան պետական այցով այցելելու մտադրությունը։ Առաջիկա ամիսներին, երկուստեք դիվանագիտական խողովակներով, աշխատանք կտարվի՝ այցի ժամկետների հստակեցման ուղղությամբ։ Վստահ եմ, որ այն նոր կարեւոր լիցք կհաղորդի հայ—ֆրանսիական ամուր բարեկամությանը։
Հարցազրույցը՝
Նորայր ՇՈՂԻԿՅԱՆԻ

26-06-2019





18-10-2019
Համապարփակ լուծում հին խնդիրներին
Հայագիտական առարկաների դասավանդումը դպրոցներում կուժեղացվի

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


Վերջին ...


18-10-2019
Սիրիայում բոցավառվող տեսակի արգելված զենք է կիրառվել
Ո՞ր կողմն է գործադրել՝ ապացուցելը դժվար է լինելու

Թամարա ...


18-10-2019
10 մլն եվրո՝ Արարատի եւ Արմավիրի մարզերին
Հումքի մթերումների սուբսիդավորման ծրագրում փոփոխություն եղավ

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Կառավարությունը ...


18-10-2019
Գեղարվեստի կենարար ուժը
ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, տնտեսագիտության ...


18-10-2019
Բիբլիական լեռը ներկայանում է յուրովի
ՀԱՊ-ում բացվել է «Արարատ. սրբազան լեռը» խորագրով ցուցահանդեսը

Լիանա ...


18-10-2019
Պարտադիր, բայց առանց գնահատման
«Շախմատ» առարկայի դասավանդման շուրջ քննարկումներն ակտիվ փուլում են

Լուսինե ...


18-10-2019
«Ձեր խնդիրները մեր մշտական ուշադրության կենտրոնում են»
Վարչապետը հանդիպել է զոհված զինծառայողների մայրերի հետ

Վարչապետ ...



18-10-2019
Սոցցանցերը եւ մարդկային հարաբերությունների նոր մշակույթը
Հաշվարկված է, որ աշխարհի բնակչության 40 տոկոսը, ...

18-10-2019
Զբոսաշրջային ակտիվությունն ակնհայտ է
Բայց դրանից «գլուխներս չպետք է ...

18-10-2019
Վարչապետն ընդունել է Ճապոնիայի վարչապետի հատուկ խորհրդականին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ընդունել է Ճապոնիայի ...

18-10-2019
«Մեր գլխավոր նպատակն օլիմպիական ուղեգիր նվաճելն էր»
Գերմանիայում անցկացված սպորտային մարմնամարզության ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +25... +27

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO