Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

21.07.2019
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


«Հայկական պանիրը» ստեղծվեց, բայց «սպիտակ ոսկի» չդարձավ

Ինչն է խանգարում մեր ավանդական տեսականին շուկաներ տանելուն

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Տարիներ առաջ այծաբուծության թեմայով հոդված գրելու համար փորձեցի կապ հաստատել Ֆրանսիայում, Գերմանիայում կամ Շվեդիայում որեւէ ագարակատիրոջ հետ, որը պանրագործությամբ է զբաղվում։ Ի վերջո հաջողվեց կապ հաստատել մի ֆրանսիացի ագարակատիրոջ հետ, որը ցայժմ էլ հաճախ է օգնում ինձ գյուղոլորտին վերաբերող այս կամ այլ խնդրի շուրջ պարզաբանում ստանալու։ Օրերս նա ժամանել էր Հայաստան՝ իր իսկ արտադրած պանիրների տեսականիով։ Այս մասին դեռ կխոսենք։ Իսկ հիմա անդրադառնանք հայկական պանրի արտադրության վիճակին։
Պարզաբանելու համար հարցում ուղարկեցինք էկոնոմիկայի նախարարություն։ Նախ՝ փորձեցինք հասկանալ մի բան. տարիներ առաջ որոշվեց հայկական արտադրության պանիրը «Հայկական պանիր» ընդհանուր ապրանքանիշով արտահանել ասիական եւ եվրոպական շուկաներ։ Բայց չհաջողվեց։ Հիմա կա՞ նմանատիպ նախաձեռնություն, ցանկություն։ Նախարարությունից մեր հացադրմանն ի պատասխան նշել էին. «Պետությունը՝ ի դեմս Զարգացման հայկական գործակալության եւ պանիր արտադրողների միությունը 2010 թվականին հիմնադրել են «Հայկական պանիր» ՓԲԸ—ն։ Ընկերության կողմից ժամանակին իրականացվել են բավական աշխատանքներ միասնական բրենդով հայկական պանիրների արտահանման ուղղությամբ, եւ փորձնական խմբաքանակն առաքվել է Ռուսաստանի Դաշնություն, սակայն հետագայում մի շարք օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով գործընթացը զարգացում չի ունեցել։ Միաժամանակ կցանկանայինք նշել, որ մշակման փուլում է գտնվում ՀՀ գյուղատնտեսության ոլորտի մինչեւ 2030 թվականի տնտեսական զարգացումն ապահովող հիմնական ուղղությունների նախագիծը, որի միջոցառումների շարքում ներառված է նաեւ հայկական պարենային առանձին ապրանքների նոր բրենդների ձեւավորման եւ առաջմղման նախաձեռնությունը»։
Երկրորդ հարցը վերաբերում էր այն բանին, թե ինչքան պանիր է արտադրել Հայաստանը 2017 եւ 2018թթ.։ Եվ եթե արտահանել է նաեւ, որոնք են շուկաները։ Էկոնոմիկայի նախարարությունից պատասխանեցին, որ Հայաստանում 2017 թվականին արտադրվել է 19140.7, իսկ 2018 թվականին՝ 21248.7 տոննա պանիր, որից 2017 թվականին արտահանվել է 8204.6, իսկ 2018 թվականին՝ 4329.8 տոննա։ Պանիրը հիմնականում արտահանվել է Ռուսաստանի Դաշնություն, փոքր խմբաքանակներով՝ նաեւ ԱՄՆ, Իսրայել, Վրաստան եւ Ղազախստան։
Հիմա՝ ինչպես արտահանել հայկական պանիրը (ընդհանրապես՝ ապրանքը), երբ ճանապարհները փակ են։ Սովորաբար այս հարցն է հնչեցվում տնտեսագիտական եւ գործարար շրջանակների կողմից՝ իբրեւ թույլ կետ համարելով աշխարհագրական մեր դիրքը։ Չնայած իմ տարբեր վերլուծություններում միշտ հակառակ տեսակետն եմ տվել՝ աշխարհագրական մեր դիրքը շատ էլ նպաստավոր է։ Ի դեպ, համարյա մեկ ամիս առաջ ինձ հետ հարցազրույցում նույն՝ նպաստավոր լինելու տեսակետն արտահայտեց էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը, ով բառացի ասաց. «Հայաստանի աշխարհագրական դիրքը, որ մենք միշտ համարել ենք անբարենպաստ, ճիշտ հակառակը, ուժեղ կողմ է համարում... Հայաստանից եվրոպական իրացման շուկաներ 6 ժամ է ընդամենը։ Հայաստանը բացառիկ աշխարհագրական դիրք ունի ե՛ւ Հյուսիսի, ե՛ւ Ասիայի, ե՛ւ Արեւելքի, ե՛ւ Արեւմուտքի նկատմամբ։ Սա պետք է մենք հասկանանք ու գնահատենք եւ ուժեղացնենք դա։ Բայց մեզ մոտ դեռ վատ են լոգիստիկ ենթակառուցվածքի հետ կապված խնդիրները»։
Այլ կերպ՝ խնդիրը բոլորովին այլ տեղ պետք է փնտրել։ Որտե՞ղ։ Նման խնդիր տարիներ առաջ առաջադրվեց ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնի ուսանողներին։ Երբ վարչապետն ուսանողներին հարցրել էր, թե արդյո՞ք իրենք պատկերացնում են՝ գյուղատնտեսական ինչ ապրանքներ պետք է արտահանել, որպեսզի արտերկրում այն հայկական ապրանքանիշ դառնա, ուսանողուհիներից մեկը պատասխանել էր՝ «հայկական չիր»։ «Իսկ օրինակ պանի՞ր։ Այծի պանիրը»,–շարունակել էր վարչապետը։ «Բայց ճանապարհները փակ են, արտահանման խնդիրը դժվարանում է»,–նշել էին ուսանողները։ Վարչապետն էլ նրանց խնդիր էր առաջադրել. «Դուք բացառիկ հնարավորություն ունեք մտածելու եւ ելքեր գտնելու, թե ինչպես արտահանել հայկական ապրանքները հենց այս՝ փակ ճանապարհների պայմաններում»։
Երբ 2010թ. «Հայկական պանիրը» ստեղծվեց, ոգեւորությունը շատ մեծ էր։ 2011թ. համար թիրախավորվել էին 5 ոլորտներ, այդ թվում եւ գյուղատնտեսությունը, իմա՝ պանրի արտահանումը։ Ընտրվել էր նախ ռուսական շուկան, եւ Զարգացման հայկական գործակալության տնօրենն ասաց նույնիսկ, որ որեւիցե խնդիր չի եղել եւ պանրի մատակարարման 1.5 մլն դոլարի երկարատեւ պայմանագիր են կնքել։ Եվ որ, ճիշտ է, պանրի ոլորտում ստանդարտացման հետ կապված խնդիրներ կան (ինչու ոչ, նաեւ՝ ընդհանուր սննդի ոլորտում), ՀՀ—ն բանակցում է ԵՄ հետ, ու եթե գործարարները ժամանակին համապատասխան քայլեր ձեռնարկեն, ապա կարող են մուտք գործել նաեւ եվրոպական շուկաներ։
2012թ. կեսերին պանրի արտահանման հետ կապված ոգեւորությունն արդեն կամաց—կամաց մարում էր։ Թեեւ նույն տարվա կեսերին գյուղատնտեսության նախարարը նկատել էր, որ հայկական պանիրը կարող է բավական մրցունակ լինել եվրոպական շուկաներում, բայց «որոշակի խնդիրներ գոյություն ունեն հայկական պանրի արտահանման հարցում, որոնք, նախեւառաջ, կապված են սննդամթերքի անվտանգության չափանիշների հետ»։
Նույն՝ 2012թ. նոյեմբերին արդեն պանիր արտադրողների միության նախագահ Արմեն Գիգոյանը հայտնեց, որ «Հայկական պանիր» ընկերությունը փաստացիորեն չի գործում։ «Մի քանի տարի առաջ կառավարությունը հայտարարեց պանրի արտադրության ոլորտին առավել շատ ուշադրություն հատկացնելու մտադրության մասին, վարչապետն ինքն այդ գործը ստանձնեց, հիմնվեց «Հայկական պանիր» ընկերությունը, եւ մենք բոլորս ոգեւորված էինք։ Սակայն 2—3 նախաձեռնություններից հետո դրա գործունեությունը փաստացիորեն սառեցվեց, քանի որ չստացվեց խոստացված ֆինանսավորումը… Պանրի արտադրությունը Հայաստանի տնտեսության համար կարեւորագույն ոլորտ է, սակայն երկրի կառավարությունը պատշաճ ուշադրություն չի հատկացնում դրան»,—հայտարարել էր Արմեն Գիգոյանը՝ միաժամանակ ընդգծելով, որ «Հայաստանը եզակի աշխարհագրական առանձնահատկություններ ունի պանրի արտադրության համար։ Պանիրը եւ կաթնամթերքն ընդհանուր առմամբ կարող են Հայաստանի համար «սպիտակ ոսկի» դառնալ։ Եթե մենք պատշաճ մակարդակի բարձրացնենք պանրի արտադրությունը, ապա մեզ հետ կարող են մրցակցել միայն Ալպերն ու Ալթայը»։
Հայաստանն ավելի քան 25 տեսակի պանիր արտադրող երկիր է։ Պանիրներից շատերը, օրինակ՝ «Լոռին», «Չանախը», «Մոթալը», «Չեչիլը», «Եղեգնաձորը», բացառապես հայկական տեսակներ են։ Ինձ հետաքրքրեց հատկապես «Մոթալը», քանզի մասնագիտական կայքերում մեր այս պանրատեսակի մասին շատ է խոսվում։ «Slowfood» հիմնադրամն էլ (անգլերենից թարգմանաբար՝ դանդաղ սնունդ՝ ի հակակշիռ «Fast food»—ի (արագ սնունդ) «մոթալի» անհետացման վտանգի մասին է խոսում։ Ուսումնասիրությունս ցույց տվեց. մենք արտադրում ենք մի պանրատեսակ (այծաբուծության ոլորտ ենք գալիս), որի պահանջարկը աշխարհում կա, ավելին՝ անհետացման ահազանգը կա։ Այլ կերպ՝ կա այն տեղը, որ կարող ենք լցնել։ Ինչն է խանգարում, ինչու չենք մեզ թափ տալիս. այս մասին առանձին կխոսենք։

02-07-2019





20-07-2019
Շուշին լիովին կապահովվի խմելու ջրով
Բերդաքաղաքում լուծվում են կենսական խնդիրները

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am


Կրթամշակութային կենտրոն ...


20-07-2019
Օդի ջերմաստիճանը կհասնի +42-ի
Առողջապահության նախարարությունը տապից պաշտպանվելու խորհուրդներ է տալիս

Իրաքի ...


20-07-2019
Ամերիկյան մոդել
Հատվածներ Ֆարիդ Զաքարիայի «Ազատության ապագան. ոչլիբերալ ժողովրդավարությունը ԱՄՆ-ում ...


20-07-2019
Սեւանի անձնագիր ստացած երկարաչանչը
Որ կարեւոր է ոչ միայն լճի ջրի որակի, ...


20-07-2019
Հյուրընկալել է նախագահը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ ընդունել է Հայաստանի Հանրապետությունում ...


20-07-2019
«Սա այն բարեփոխումն է, որից մենք ակնկալում ենք կոնկրետ արդյունքներ»
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ...



20-07-2019
«Ամեն բան մարդուն մատչելի է....»
1902 թ. մի նամակում Հովհաննես Թումանյանը, դրվատելով ...

20-07-2019
Թատրոն չեն հաճախում, բայց դերասան դառնալ են ուզում
Ինչո՞ւ են դիմում թատերական ...

20-07-2019
Թեհրան—Լոնդոն փոխհարաբերություններում լարվածությունը պահպանվում է
Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
e.begijanyan@hhpress.am



 
20-07-2019
Մերոնք՝ միջազգային առաջնություններում
Վերջին օրերը հագեցած են հայ մարզիկների ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO