Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

17.09.2019
ՄԱՐԶԵՐ


Հայրենիքը սկսվում է սահմանից

Այն կարելի է սիրել միայն ճանաչելով

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


Արմավիրի մարզի Երվանդաշատ կամ Բագարան համայնքներում գտնվելիս որոշակի ժամերի կարելի է լսել հավատացյալներին աղոթքի հրավիրող մոլլաների երգաձայն աղոթքը, որը բարձրախոսներով ուղղված է նաեւ դեպի հայկական գյուղերը։ Թուրքիայի հետ պետական սահմանից ընդամենը 200 մետր հեռավորության վրա՝ մեր պատմական հայրենիքի տարածքում կանգնեցված է մզկիթ, որից հնչող աղոթքն ու հոգեւոր երաժշտությունը ստիպված են ամեն օր, օրը մի քանի անգամ լսել մեր սահմանամերձ համայնքների բնակիչները։ Սա համայնքների առջեւ ծառացած խնդիրներից ընդամենը մի փոքրիկ հոգեբանական դրվագն է, իսկ խնդիրները տարբեր են՝ սկսած կրթական, սոցիալական, մշակութայինից մինչեւ ենթակառուցվածքային։ Առաջնային լուծում է պահանջում համայնքները Երեւանի եւ մյուս շրջանների հետ կապող տրանսպորտի առկայությունը. ներկայումս գյուղացիները ստիպված են տաքսիներով կամ ծանոթ—բարեկամների մեքենաներով հասնել քաղաք։
Հաջորդը՝ բարեկարգ ճանապարհներն են։ Այս տարի անկախությունից հետո առաջին անգամ ՀՀ կառավարության ջանքերով կառուցվելու է Երվանդաշատ—Բագարան տանող ներհամայնքային ճանապարհը։ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանի ու ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Նարեկ Մկրտչյանի՝ վերջերս «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ տնօրինության հետ ձեռք բերված պայմանավորվածության շնորհիվ, ի թիվս մարզի 20 համայնքների, շուրջ 1 կմ հատված է ասֆալտապատվել նաեւ Երվանդաշատ համայնքում։ Աշխատանքներին մասնակցություն է ցուցաբերել նաեւ համայնքը։ Թեեւ համայնքներում չեն գործում մշակույթի տները, դրանք հիմնականում գտնվում են ոչ բարվոք վիճակում, սակայն համայնքում կան մշակութային կյանքն ակտիվ պահող մի շարք օջախներ՝ գործում է երգի, պարի համույթ, «Արմաթ» ինժեներական լաբորատորիա, որտեղ երեխաները գիտելիքներ են ձեռք բերում բարձր տեխնոլոգիաների գծով։
Հայրենիքը սկսվում է սահմանից. այն զուտ ֆիզիկական տարածք չէ, այլ նախեւառաջ պետք է ունենա հոգեւոր—մշակութային ընկալում, որը կարող է գերազանցել ֆիզիկականը։ Սահմանի հոգեւոր—մշակութային ընկալումը գալիս է դեռեւս 5—րդ դարից, երբ պատմահայր Մովսես Խորենացին ասում էր, որ հայկականության սահմանը զուգորդվում է մայրենի լեզվի կիրառելիության սահմանների հետ. «Իսկ ի ծայրս հայերեն խօսից»։ Ահա նման ընկալումն է, որ տարածքը փոխակերպում է հայրենիքի։ «ՀՀ»—ի հետ զրույցում Նարեկ Մկրտչյանն ափսոսանքով նշեց, որ ապրիլյան պատերազմի օրերին հնչում էին մոտեցումներ, որոնց համաձայն սահմանն ընկալվում էր՝ ելնելով զուտ գործառնական նշանակությունից։ «Ստացվում է, որ եթե այդ տարածքում չենք կարողանում բանջարաբոստանային կուլտուրաներ աճեցնել, ապա այն ռազմավարական նշանակություն չունի եւ կորցնելու դեպքում կարելի է ծանր չտանել կամ էլ սփոփվել այն մտքից, որ ըստ նշանակության որեւէ գործառույթ չէր իրականացնում։ Մինչդեռ երբ մենք տարածքն ընկալում ենք իբրեւ հոգեւոր— մշակութային տիրույթ, այդ դեպքում ամեն մի սանտիմետրը մեզ համար կարեւոր է։ Այդ իսկ պատճառով պետք է փոխենք տարածքի եւ վերջինիս սահմանի ընկալումը։ Հողը պետք է ունենա հոգեւոր–մշակութային ընկալում»,–ասաց պատգամավորը։
Սահմանի կարեւորությունը հասկանալու եւ սահմանի ընկալման մեջ փոփոխություն մտցնելու, ինչպես նաեւ Երվանդաշատ, Բագարան եւ հարակից համայնքների մշակութային, սոցիալական կյանքն ակտիվացնելու նպատակով հուլիսի 7—ին Երվանդաշատ համայնքում Նարեկ Մկրտչյանի նախաձեռնությամբ անցկացվեց «Փառատոնը սահմանին. պատմական մայրաքաղաքներ. Երվանդաշատ, Բագարան» խորագրով միջոցառումը։ Փառատոնի օրակարգը հագեցած էր կրթամշակութային, կրթագիտական միջոցառումներով։ Զրուցակցիս խոսքով, տարածքը դառնում է հայրենիք, երբ կիրառում ենք որոշակի տեխնոլոգիաներ, եւ բնավ կապ չունի՝ այդ տարածքը կգտնվի քաղաքի կենտրոնում, թե սահմանի վրա։ Տեխնոլոգիաները կարող են տարբեր լինել՝ հոգեմտավոր, մշակութային, ժողովրդագրական եւ այլն։ «Եթե կիրառեինք ժողովրդագրական արդյունավետ տեխնոլոգիաներ, ապա այսօրվա 150 հազարի փոխարեն Արցախում կապրեր 500—600 հազար բնակչություն։ Երբ յուրացնում ենք տարածքը մշակութային ներկայությամբ եւ տարածքի ճանաչողությամբ, դրանք նույնպես տեխնոլոգիաներ են»,–մանրամասնեց միջոցառման հեղինակը։ Նա նպատակ ունի այս փառատոնը դարձնել մոդելային եւ տարին 1—2 անգամ յուրաքանչյուր մարզի սահմանամերձ համայնքներում կազմակերպել «Փառատոնը սահմանին» խորագրով միջոցառումներ։ Թեմատիկան կարող է ընդգրկուն լինել՝ սկսած կրթամշակութայինից մինչեւ ժամանցային. կարեւորը՝ ապրեցնի համայնքները եւ դարձնի տուրիզմի, այդ թվում՝ ներգնա տուրիզմի համար գրավիչ։ «Չի կարող երկիրը զարգանալ, եթե միայն մայրաքաղաքն է զարգանում՝ կորցնելով կապը ծայրամասերի հետ։ Կայսրությունների խաղի կանոնները հուշում են, որ մետրոպոլիան զարգանալու հեռանկար ունի, եթե ամուր է կապը ծայրամասերի հետ։ Մենք նույնպես պետք է շարժվենք կայսրությունների մանրակերտի խաղի կանոններով։ Դրա համար կարեւոր է, որպեսզի մենք ամրացնենք մեր հայրենիքն ու սահմանը նաեւ մեր հոգում եւ տարբեր միջոցառումներ կազմակերպենք սահմանամերձ գյուղերում»,–ընդգծեց պատգամավորը։
Ցավոք, մեզանից քչերը եղած կլինեն այդ համայնքներում։ Մեր հայրենիքի այս գողտրիկ անկյունը ոչ միայն գեղեցիկ է իր բնապատկերներով, այլեւ պատմական կարեւորագույն վայրերից մեկն է։ Քիչ է հանդիպում, երբ հնագույն երկու մայրաքաղաքներ՝ Երվանդունիների եւ Բագրատունիների ժամանակաշրջանի, գտնվում են իրար այդքան մոտ։ «Այս տարածքը պետք է լիներ բոլորիս համար հայտնի եւ ճանաչելի վայր»,–նկատեց Մկրտչյանը։ Երվանդաշատ համայնքի մի հատվածը ներկայումս գտնվում է չեզոք գոտում՝ հայկական եւ ռուսական սահմանապահ զորքերի հսկողության ներքո, բայց այն հիմնական կենսատարածքը, որտեղ մարդիկ ապրում են, աշխատում եւ արարում, գտնվում է ազատ տարածքում, ուղղակի տարիներ շարունակ կտրված է եղել, վերջին տարիներին որեւէ պաշտոնյա չի այցելել այս տարածքներ, իսկ եթե այցելել են, միայն նրանց ներկայացուցիչները։ Փառատոնի շնորհիվ այս էջը կարծես շրջվեց, հուսանք՝ անվերադարձ։ Միջոցառմանը մասնակցել էին ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, Արմավիրի, Կոտայքի մարզպետները, «Իմ քայլը» խմբակցության մեկ տասնյակից ավելի պատգամավորներ, մշակույթի, արվեստի գործիչներ եւ պարզապես քաղաքացիներ, որոնց համար բացահայտում էր Հայաստանի այս դրախտավայրը։ Մեծ էր նաեւ համայնքների բնակիչների ոգեւորությունը։ Մասնակցում էին ոչ միայն Երվանդաշատի եւ Բագարանի, այլեւ Վանանդի, Կողբավանի եւ շրջակա մյուս սահմանամերձ համայնքների բնակիչները։
Այս տարածքում եղել ենք երկու տարի առաջ, երբ ամբողջ ճանապարհի երկայնքով ամայի եւ անջրդի տարածքներ էին։ Անչափ ուրախալի եւ ոգեւորիչ էր, երբ այս անգամ աչք էին շոյում, թեկուզ քիչ, բայց այնուամենայնիվ հանդիպող մշակված այգիները։ Նորություն էին նաեւ ջրի խողովակները, որոնց գործարկման, գյուղացու աշխատանքի եւ ճանապարհները բարեկարգելու պարագայում լիարժեք կդառնա այս տարածքի յուրացումը։
«Սահմանին մշակութային, կրթական, սոցիալական ակտիվություն ապահովելու ճանապարհով սահմանի ընկալումը փշալարայինից կտեղափոխենք հոգեւոր—մշակութային դաշտ։ Երեւանում գտնվելիս այլ զգացողություն է, իսկ երբ գնում ենք սահմանամերձ Երվանդաշատ կամ Բագարան համայնքները, ապա մեր երեւակայության միջոցով կարողանում ենք տեղափոխվել 4—րդ դար։ Ընդամենը 200 մետր այն կողմ գտնվում է Երվանդ 4—րդի արքունի պալատը, որտեղից հնագիտական պեղումների ընթացքում հայտնաբերվել են տարբեր հնագիտական գտածոներ։ Մի քանի մետր հեռավորության վրա է գտնվում Բագարանը՝ մյուս մայրաքաղաքը։ Այսպես է ձեւավորվում երեւակայական հանրույթը»,–ասաց պատմաբան պատգամավորը։ Թեպետ Երվանդաշատի հնավայրային հատվածը գտնվում է չեզոք գոտում, բայց զրուցակիցս վստահ է, որ նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ կարելի է վերակենդանացնել եւ այցելուներին ներկայացնել մեր անցյալը։
Անդրադառնալով այն հարցին, թե ինչ պետք է անել, որպեսզի սահմանի հետ կապը չավարտվի մեկ օրով, այլ ունենա շարունակություն եւ ապահովի որոշակի զարգացումներ, Մկրտչյանը նշեց, որ անհրաժեշտ է կամք եւ ջանք՝ ամենակարեւորը սահմանի նկատմամբ համապատասխան ընկալում ձեւավորելու համար։ «Ցանկացած տարածք, եթե անտեսվի, եւ մենք չունենանք դրա հանդեպ հանձնառություն, ապա այն, ըստ էության, դուրս կմնա մեր ընկալումներից։ Մշակութային բաղադրիչն անհրաժեշտ է, դրա շնորհիվ է միայն տարածքը մնալու հայրենիք։ Կա ֆիզիկական սահման, երբ մենք գնում, տեսնում ենք, որ այն փակ է, փշալար կա, կամ այլ տարանջատող գիծ, որը հսկում է զինվորը։ Սակայն այդ սահմանները փշուր—փշուր են լինում, եթե դու ունենում ես երեւակայելու հնարավորություն։ Սահմանի մշակութային ընկալման շնորհիվ ի վերջո փոխվում են նաեւ ֆիզիկական պատկերացումները»,–մեկնաբանեց նա։ Պատգամավորի խոսքով, երբ ստեղծվեց գրերի գյուտը, հետո արդեն տպագրություն ունեցանք, դրա շնորհիվ մենք օնլայն հարաբերությունների միջավայր ստեղծեցինք եւ գտնվելով աշխարհի տարբեր հատվածներում՝ սկսեցինք ընկալել մեզ իբրեւ մեկ միասնական ազգ։

09-07-2019





14-09-2019
Սուրբ Խաչն ուրախության տոն է
Իսկ ննջեցյալների գերեզմաններին այցելում են հաջորդ օրը

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am




14-09-2019
Պետությունը կաջակցի ջերմատնային տնտեսություն կառուցողներին
Ծրագիրը քննարկման փուլում է

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Էկոնոմիկայի նախարարությունը մի ...


14-09-2019
«Պապական խոսքի» վարքակարգավորիչ ներուժը
Հայոց առածանին, որպես անձի, խմբի եւ հանրության վարվելակերպի նմուշների ...


 
14-09-2019
Միայն գիտակցելով անցյալը
Մենք կարող ենք երաշխավորել ազատության ապագան

Դրանով հանդերձ ...


14-09-2019
Ձգտումները ժողովրդավարական են...
Վաղը ժողովրդավարության համաշխարհային օրն է

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


2007թ. աշնանը ...


14-09-2019
Եղել է դեպք, երբ փաստաբանը վարակվել է բանտարկյալից
Կստեղծվեն հատուկ պայմաններ բանտարկյալներին այցելողների համար

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


Ազգային ...


14-09-2019
Պետությունը կաջակցի ջերմատնային տնտեսություն կառուցողներին
Ծրագիրը քննարկման փուլում է

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Էկոնոմիկայի նախարարությունը մի ...



14-09-2019
Թումանյանն ու Կոմիտասը «պաշտում» էին միմյանց
Նրանք հանդիպել են կյանքի տարբեր ...

14-09-2019
Մշակութային, գիտակրթական կենտրոն դառնալու հայտ
Արցախում անցկացվել է հայագիտական ...

14-09-2019
Շահագրգիռ քննարկումներ՝ օրենսդրական փոփոխությունների շուրջ
Նախարարը հանդիպել է քաղաքացիական ...

14-09-2019
Մարմնամարզիկները պատրաստ են արդարացնելու սպասելիքները
Սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնության ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +37... +39

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO