Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

21.07.2019
ՆԱԽԱԳԱՀ


Հայաստանի հարավը կարող է համալիր զարգանալ

Հանրապետության նախագահն աշխատանքային այցով Սյունիքի մարզում էր

Աշխատանքային այցով Սյունիքի մարզում գտնվող հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի մարտական դիրքեր, հայտնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից։ Նախագահը հանդիպել է ծառայություն անցկացնող զինվորների եւ հրամանատարների հետ, շրջայց կատարել մարտական հենակետում եւ ծանոթացել ծառայության պայմաններին, մարտական պատրաստականության վիճակին։
Սահմանադրության օրվա առթիվ շնորհավորելով հերթապահություն իրականացնող զինվորներին ու սպաներին՝ նախագահը մասնավորապես նշել է, որ իր համար իսկապես մեծ ուրախություն եւ պատիվ է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրը գտնվել սահմանին։ «Ձեզնից յուրաքանչյուրը, դուք պաշտպանում եք ոչ միայն մեր սահմանը, այլ նաեւ՝ Սահմանադրությունը, մեր հայրենիքը, ձեր հարազատներին, ընտանիքները, երեխաներին, մայրերին, մեզ բոլորիս։ Ես խոնարհվում եմ բոլորիդ առաջ՝ հասկանալով, որ այս դիրքերը մեր հայրենիքի պաշտպանության կարեւորագույն վայրերն են։ Հեշտ չէ ամառվա շոգին եւ ձմեռվա ցրտին ամեն օր, 24 ժամ ծառայություն իրականացնել,–ասել է նախագահը։–Ես, որպես հանրապետության նախագահ, ուզում եմ բոլորի կողմից ձեզ խորին շնորհակալություն հայտնել եւ ասել, որ մենք հպարտ ենք ձեզնով։ Սպասում ենք, որ ձեզնից յուրաքանչյուրը կշարունակի կատարել իր պարտականությունը, կպահպանի եւ կպաշտպանի իր հայրենիքը, կպահպանի եւ կպաշտպանի խաղաղությունը։ Մաղթում եմ բոլորիդ առողջություն, բարի ծառայություն։ Ամուր եղեք։ Կրկին շնորհավորում եմ բոլորիդ եւ մեզ բոլորիս այսօրվա տոնի՝ Սահմանադրության օրվա առթիվ։ Բարի ծառայություն»։
Մարտական հերթապահություն իրականացնող մի խումբ զինծառայողներ բարեխիղճ ու անձնվեր ծառայության համար պարգեւատրվել են հանրապետության նախագահի անվանական ժամացույցներով։ Նախագահի անունից նաեւ հանձնվել են նվերներ։
Արմեն Սարգսյանն այցելել է Մեղրիի ազատ տնտեսական գոտի (ԱՏԳ)։
Նախագահը ծանոթացել է ստեղծված ենթակառուցվածքներին ու պայմաններին։ Մեղրիի ԱՏԳ—ի տնօրեն Աշոտ Զարբաբյանը ներկայացրել է կատարված աշխատանքները, ընթացիկ իրավիճակն ու նախատեսվող անելիքները։ Մասնավորապես նշվել է, որ առայժմ իրականացվել են միայն առաջին փուլով նախատեսվող աշխատանքները։
Նախագահ Սարգսյանն ասել է, որ օտարերկրյա ներդրողների եւ կազմակերպությունների ղեկավարների հետ իր բազմաթիվ հանդիպումների ընթացքում հետաքրքրություն է ցուցաբերվել նաեւ Մեղրիի ԱՏԳ—ի նկատմամբ, եւ այսօր ինքն այցելել է՝ անձամբ տեսնելու եւ ծանոթանալու ստեղծված պայմաններին ու հնարավորություններին։ «Մարդիկ տեղյակ են, որ Հայաստանում՝ Մեղրիում ազատ տնտեսական գոտի է ստեղծվում։ Այդ մասին հարցնում են թե՛ արեւմտյան, թե՛ ռուսական ընկերությունները։ Քանի որ փորձում եմ ներդրողներ հրավիրել Հայաստան, ինձ համար կարեւոր էր անձամբ տեսնել, որպեսզի հնարավորինս աջակցեմ՝ խորհրդակցելով կառավարության գործընկերների հետ»,–ասել է նախագահը։
Նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է նաեւ Մեղրիի տարածաշրջանային բժշկական կենտրոն։ Նա շրջայց է կատարել բուժհաստատությունում, ծանոթացել առկա պայմաններին, զրուցել անձնակազմի հետ, հետաքրքրվել կենտրոնի հագեցվածությամբ եւ խնդիրներով։ Նախագահին տեղեկատվություն է ներկայացվել կենտրոնում մատուցվող ծառայությունների եւ դրանց հասանելիության ու որակի մասին։
Մեղրիի տարածաշրջանային բժշկական կենտրոնը շահագործվում է 2016 թվականից։ Այն կառուցվել է Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող «Առողջապահական համակարգի արդիականացում» ծրագրի շրջանակում եւ սպասարկում է Ագարակ, Մեղրի քաղաքների եւ հարակից գյուղական համայնքների բնակչությանը։
«Տպավորված եմ, որ այստեղ ժամանակակից հիվանդանոց կա, որտեղ հոյակապ մարդիկ են աշխատում։ Մեղրին իսկապես դրախտ է՝ թե՛ իր բնությամբ, թե՛ մարդկանցով։ Հանրապետության նախագահի պաշտոնում սա իմ առաջին այցն է Մեղրի, բայց իհարկե վերջինը չէ, շուտով նորից կգամ»,—պատասխանելով լրագրողների հարցերին՝ ասել է նախագահը։
Արմեն Սարգսյանն այցելել է նաեւ Մեղրիի Մեծ թաղի Սուրբ Աստվածածին եկեղեցի։
Հանրապետության նախագահն այցելել է նաեւ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ եւ ընկերության կողմից շահագործվող հանքավայրի տարածք։ Գլխավոր տնօրեն Մհեր Պոլոսկովը ներկայացրել է հանքավայրի շահագործման տեխնոլոգիաները, տեխնիկական ու արտադրական հզորությունները, արտադրության ու արտահանման ծավալները։ Անդրադարձ է եղել առաջիկա անելիքներին ու զարգացման ծրագրերին, նաեւ՝ համայնքներում իրականացվող սոցիալական ծրագրերին։
«Էական է տեսնել, վստահ լինել, որ ընկերությունը ճիշտ ճանապարհով է առաջ գնում եւ մանավանդ կատարում է իր սոցիալական պարտականությունները»,–ասել է նախագահը՝ նշելով, որ լեռնամետալուրգիայի հայկական հսկան ոչ միայն մեծ ներդրում ունի Հայաստանի արտահանման ոլորտում, այլեւ մեծ նշանակություն ամբողջ հարավի համար՝ Մեղրիից Գորիս։ Նախագահ Սարգսյանը կարեւոր է համարել, որ բիզնեսը, արդյունաբերությունը, հանքը լինեն նաեւ սոցիալական կյանք, մշակույթ ստեղծող կազմակերպություն։ «Սա իմ ուղերձն է, իմ խնդրանքն ու առաջարկն է այս ընկերության կառավարիչներին՝ շարունակեք ուշադրություն դարձնել սոցիալական կյանքին»,—ասել է նախագահ Սարգսյանը։
Ընդգծելով Կապանի օդանավակայանի կարեւոր նշանակությունը՝ Արմեն Սարգսյանն ասել է. «Մեր հարավը զբոսաշրջության իմաստով կարծես թանկարժեք քար է, որը գաղտնի ենք պահել։ Եվ եթե օդային կապ լինի, իրավիճակն էապես կփոխվի»։ Նախագահը նշել է, որ հարավն ունի փայլուն տվյալներ նաեւ գյուղատնտեսության, զանազան այլ արտադրությունների, թեթեւ արդյունաբերության, առեւտրային գործունեության համար։ «Ժամանակին Կապանում հազարավոր մարդիկ աշխատում էին թեթեւ արդյունաբերության ոլորտում, այստեղ կար գործարան, որը բամբակից եւ բրդից մեծ քանակությամբ արտադրանք էր տալիս, հազարավոր մարդիկ էին աշխատում։ Ավանդույթը կարելի է վերականգնել, մանավանդ որ կա առեւտրական ճանապարհ։ Հարավը կարող է համալիր զարգանալ»,—ասել է նախագահ Սարգսյանը։
Արմեն Սարգսյանի հաջորդ այցը մարզի արտադրական մի շարք ձեռնարկություններ էր։
«Սյունիք Ֆուդ» ընկերությունում, որը մասնագիտացած է պահածոների արտադրության մեջ, նախագահը ծանոթացել է արտադրության գործընթացին, զրուցել աշխատակիցների հետ։ Արտադրամասերում շրջայցի ընթացքում ընկերության սեփականատեր Սարմեն Սարգսյանը տեղեկություններ է ներկայացրել արտադրության ծավալների ու հզորությունների վերաբերյալ։
Գործարանն ունի 80 աշխատակից, մթերման շրջանում աշխատակիցների թիվը հասնում է 250—ի։ Ընկերությունը մթերում է իրականացնում ոչ միայն տարածաշրջանի, այլեւ Արցախի գյուղացիական տնտեսություններից։ Արտադրանքը սպառվում է ոչ միայն տեղական շուկայում, այլեւ արտահանվում է։
Հանրապետության նախագահն ընկերության ղեկավարության հետ զրուցել է ընկերության արտադրության ծավալների ընդլայնման ու զարգացման հնարավորությունների մասին եւ պատրաստակամություն հայտնել աջակցել նոր շուկաներ դուրս գալու հարցում։
«Սյունիքի մարզն ունի զարգացման մեծ ներուժ։ Բացի հանքարդյունաբերությունից, այստեղ զարգանալու մեծ հնարավորություններ կան սննդի արտադրության, թեթեւ արդյունաբերության, զբոսաշրջության համար։ Այնպես որ, դուք ճիշտ ուղղություն եք ընտրել»,–ասել է նա՝ առաջարկելով մեծացնել արտադրության ծավալները, նշելով, որ բնական, բարձրորակ, միջազգային ստանդարտներին համապատասխան արտադրանքը պահանջարկ ունի։
Նախագահ Սարգսյանի հաջորդ կանգառը եղել է «Մարիլա» ընկերությունը, որն ունի 55 աշխատակից, զբաղվում է կաթնամթերքի եւ մսամթերքի արտադրությամբ։ Տնօրեն Հայկ Հակոբյանը հանրապետության նախագահին է ներկայացրել արտադրական հզորություններն ու հնարավորությունները, պատմել առաջիկա ծրագրերի մասին։ Նա ընդգծել է, որ այս պահին միայն տեղական շուկայում գործունեություն ծավալող ընկերությունը մտադիր է ընդլայնվել։ Նախագահ Արմեն Սարգսյանը նշել է, որ պատրաստ է աջակցել ընկերությանը՝ դուրս գալու արտաքին շուկա։
Նախագահը տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանի եւ մարզպետ Հունան Պողոսյանի հետ շրջել է մարզի համայնքները ներկայացնող տաղավարներով, համտեսել թթից պատրաստվող բարիքները, ծանոթացել սյունեցի արվեստագետների ու ժողովրդական վարպետների ստեղծած աշխատանքներին, զրուցել թթի փառատոնի կազմակերպիչների, մասնակիցների ու փառատոնի հյուրերի հետ։ 2014 թվականից կազմակերպվող միջոցառման նպատակն է նպաստել զբոսաշրջության զարգացմանը Սյունիքի մարզում։
Արմեն Սարգսյանը հաջորդիվ այցելել է Քարահունջ համայնք։
Նախագահը գյուղի երեխաների ուղեկցությամբ այցելել է Քարահունջի համայնքային գրադարան եւ նրանց նվիրել է իր տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հեղինակած հեքիաթների գրքերը։
Համայնքի մշակույթի տանը նախագահը հանդիպել է բնակիչների հետ։ Պատասխանելով այն հարցին, թե արդյոք Սահմանադրությամբ հանրապետության նախագահին վերապահված լիազորությունները բավարար են, Արմեն Սարգսյանն ասել է. «Անկախ նրանից, թե տվյալ պաշտոնն ինչ նկարագրություն ունի, պաշտոնը զբաղեցնող անհատն է ձեւավորում արդյունքը։ Անկախ նրանից՝ ինչքան իրավասություն ունես, եթե լավ ես անում՝ լավ է, եթե վատ ես անում՝ վատ է։ Ես փորձում եմ հանրապետության նախագահի գործունեության մեջ դնել այն իմաստը, որը կարծում եմ՝ ճիշտ։ Աշխատում եմ Սահմանադրության սահմաններում, ո՛չ դրանից դուրս։ Պարզվում է, որ այդ նույն Սահմանադրության սահմաններում աշխատելով՝ բավականին բան կարող ես անել։ Կարող ես ունենալ աշխարհի ամենամեծ պատասխանատվությունը, բոլոր մեծ հնարավորությունները, բայց ոչինչ չանել։ Եվ հակառակը՝ ունենալ մեկը եւ այն օգտագործել։ Պետք չէ մտածել, թե ինչ լծակ, գործիք ունես, կարեւորը՝ հասնես նպատակին։ Իսկ իմ նպատակը շատ պարզ է՝ երկիրը բարգավաճ լինի, երեխաներն ուրախ լինեն, ես էլ իմ փոքր ներդրումն ունենամ իմ հնարավորությունների սահմանում»։
Հայաստանի ապագայի մասին հարցին ի պատասխան՝ հանրապետության նախագահը վստահեցրել է, որ մեր երկիրը փայլուն ապագա ունի. «Նայեք այս երեխաներին, եւ ամեն ինչ պարզ կլինի։ Մեր պարտականությունն է նրանց համար հնարավորություններ ստեղծել»։
Գորիսում նախագահ Սարգսյանն այցելել է հայ անվանի գրող Ակսել Բակունցի տուն—թանգարան։ Թանգարանի բակում Գորիսի Շառլ Ազնավուրի անվան երաժշտական դպրոցի սաներն իրենց կատարումներով ողջունել են հանրապետության նախագահին։
Տուն—թանգարանի տնօրեն Վարդան Սարգսյանի ուղեկցությամբ նախագահը ծանոթացել է թանգարանի պայմաններին ու ցուցանմուշներին, զրուցել անձնակազմի հետ։ Նախագահ Սարգսյանին ներկայացվել են Ակսել Բակունցի ծննդյան հոբելյանի առիթով իրականացված եւ իրականացվելիք միջոցառումները։ Այս տարի նշվում է գրողի 120—ամյակը։
Այնուհետեւ նախագահը զբոսնել է քաղաքում։ Արմեն Սարգսյանն այցելել է Գորիսի քաղաքային պուրակ, որտեղ գտնվում է ճարտարապետներ Ռաֆայել Իսրայելյանի ու իր հոր՝ Վարդան Սարգսյանի ու քանդակագործ Արա Հարությունյանի հեղինակած հուշարձանը։ Այն տեղադրվել է խորհրդային տարիներին՝ ի հիշատակ իրենց կյանքը զոհաբերած զինվորների։ Նախագահը Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի հետ քննարկել է այն վերականգնելու հարցը։ Քաղաքապետը նախագահին տեղեկացրել է այգին վերականգնելու, ինչպես նաեւ քաղաքում իրականացվելիք մի շարք այլ ծրագրերի մասին։
Այցի ավարտին Արմեն Սարգսյանն այցելել է Գորիսի ֆրանս—հայկական սրտանոթային կենտրոն։
Ֆրանսահայ բժիշկ, սրտաբան, ֆրանս—հայկական սրտանոթային կենտրոնի հիմնադրամի տնօրեն եւ «Ակցիա առողջություն Ֆրանսիա—Հայաստան» ասոցիացիայի փոխնախագահ Ավետիս Մատիկյանի ուղեկցությամբ նախագահը շրջայց է կատարել բժշկական կենտրոնում, ծանոթացել պայմաններին, տեղեկացել մատուցվող ծառայություններին։ Բարձրակարգ մասնագետներով ու ժամանակակից բուժսարքավորումներով հագեցած կենտրոնը սպասարկում է ոչ միայն Սյունյաց աշխարհի, այլեւ Արցախի, Վայոց ձորի սրտանոթային խնդիրներ ունեցող բնակիչներին։
Բուժհաստատությունը հիմնվել է 2013 թ., Ֆրանսիայի Բուշ դյու Ռոն նահանգի վարչական խորհրդի աջակցությամբ՝ «Ակցիա առողջություն Ֆրանսիա—Հայաստան» ասոցիացիայի կողմից։ Կենտրոնի աշխատանքի շնորհիվ մինչ օրս ավելի քան 2000 կյանք է փրկվել։
Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Ավետիս Մատիկյանին, ում նախաձեռնությամբ է կառուցվել կենտրոնը, ինչպես նաեւ բուժանձնակազմին՝ նվիրված աշխատանքի համար։ Նա բարձր է գնահատել բուժհաստատության դերը տարածաշրջանի բնակչության առողջության պահպանման գործում։
Մարզային այցի ավարտին նախագահը պատասխանել է նաեւ լրագրողների հարցերին՝ նշելով, որ ուրախ էր երկու օր անցկացնել մեր հայրենիքի հարավում, մի տարածքում, որն ունի ե՛ւ պատմություն, ե՛ւ հպարտանալու արժեքներ, ե՛ւ մեծ ներուժ, սակայն այդ ներուժի մեծ մասը դեռեւս չի իրացվել։
Անդրադառնալով Մեղրիի ազատ տնտեսական գոտի այցելությանը՝ նախագահը հույս է հայտնել, որ այն արագ կգործարկվի. «Այդ գոտու նկատմամբ մեծ հետաքրքրություն կա։ Այն կիրառական նշանակություն ունի ոչ միայն Սյունիքի, այլեւ ողջ Հայաստանի համար։ Մեծ թվով ընկերություններ հետաքրքրված են, որպեսզի Հայաստանն օգտագործեն Իրանի շուկա մտնելու համար»։
Նա նշել է, որ որոշ դեպքերում կարող է անձամբ աջակցել, օգտակար լինել, օրինակ, օգնել Կապանի փոքր ձեռնարկություններին նոր շուկաներ գտնելու հարցում։
Խոսելով տպավորությունների մասին՝ նախագահ Սարգսյանը կարեւոր է համարել, որ բնակիչներն իրենց քաղաքը, իրենց համայնքը համարում են իրենց տունը։ Անդրադառնալով Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ այցելությանը՝ նախագահը նշել է, որ այն շատ կարեւոր դեր ունի հատկապես Կապանի ու Քաջարանի բնակչության համար. «Նրանց համար կարեւոր չէ, ով է սեփականատերը։ Նրանք համարում են, որ կոմբինատն իրենցն է, քաղաքը իրենցն է, եւ դա շատ կարեւոր է։ Իրենց հայրերն են աշխատել այնտեղ, եւ իրենց որդիները կաշխատեն։ Շատ էական է, որ կոմբինատը նաեւ սոցիալական ծրագրեր է իրականացնում»։
Նույնպիսի միասնականություն, ըստ նախագահի, կար նաեւ Քարահունջի թթի փառատոնի ժամանակ։ «Ինձ համար ուրախալի էր թե՛ մարդկանց թիվը, թե՛ մթնոլորտը,–ասել է Արմեն Սարգսյանը։–Մարդիկ հպարտ են իրենց պատմությամբ։ Ընտանիքի զգացողությունը, որ նրանք ունեին, շատ գեղեցիկ էր ու տպավորիչ։ Ուրախալի էր, որ այցելուներ կային ոչ միայն շրջակա գյուղերից, Գորիսից, այլեւ Երեւանից։ Խնդրանքս այն է, որ միայն թթով չբավարարվեն։ Պետք է կարողանանք ամեն մի այսպիսի առիթով բոլորս նորից հավաքվել եւ ուրախանալ նրանով, որ միասին ենք։ Այնպես որ, նույն կոչն ունեմ բոլորին՝ մեր հայրենիքը շատ գեղեցիկ է, եկեք եւ հայտնաբերեք այն»։
Նախագահը զարգացման հիմք է համարել պետական շահի գիտակցումն ու պետական մտածողությունը. «Եթե խնդիրը լուծելու համար հիմքում պետականը շահը՝ մշտական, երկարաժամկետ, չես դնում, միեւնույն է, ստեղծածդ ծուռ է լինելու, մի օր կքանդվի։ Լինի կառույց, թե կազմակերպություն, այն ամուր եւ ճիշտ հիմքեր պիտի ունենա եւ ուղիղ բարձրանա։ Իսկ ուղիղ բարձրանալու համար պետք է մտածես ուղիղ՝ հիմք ունենալով պետական եւ ազգային շահը»։

09-07-2019





20-07-2019
Շուշին լիովին կապահովվի խմելու ջրով
Բերդաքաղաքում լուծվում են կենսական խնդիրները

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am


Կրթամշակութային կենտրոն ...


20-07-2019
Օդի ջերմաստիճանը կհասնի +42-ի
Առողջապահության նախարարությունը տապից պաշտպանվելու խորհուրդներ է տալիս

Իրաքի ...


20-07-2019
Ամերիկյան մոդել
Հատվածներ Ֆարիդ Զաքարիայի «Ազատության ապագան. ոչլիբերալ ժողովրդավարությունը ԱՄՆ-ում ...


20-07-2019
Սեւանի անձնագիր ստացած երկարաչանչը
Որ կարեւոր է ոչ միայն լճի ջրի որակի, ...


20-07-2019
Հյուրընկալել է նախագահը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ ընդունել է Հայաստանի Հանրապետությունում ...


20-07-2019
«Սա այն բարեփոխումն է, որից մենք ակնկալում ենք կոնկրետ արդյունքներ»
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ...



20-07-2019
«Ամեն բան մարդուն մատչելի է....»
1902 թ. մի նամակում Հովհաննես Թումանյանը, դրվատելով ...

20-07-2019
Թատրոն չեն հաճախում, բայց դերասան դառնալ են ուզում
Ինչո՞ւ են դիմում թատերական ...

20-07-2019
Թեհրան—Լոնդոն փոխհարաբերություններում լարվածությունը պահպանվում է
Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
e.begijanyan@hhpress.am



 
20-07-2019
Մերոնք՝ միջազգային առաջնություններում
Վերջին օրերը հագեցած են հայ մարզիկների ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO