Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

21.07.2019
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ


Հայաստանն ու Վիետնամը խորացնում են համագործակցությունը մի շարք ուղղություններով

Ավարտվել է ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակության այցը Վիետնամի Սոցիալիստական Հանրապետություն

Պաշտոնական այցով Վիետնամում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 5-ին հանդիպում է ունեցել այդ երկրի կառավարության ղեկավար Նգույեն Սուան Ֆուքի հետ։
Նախ տեղի է ունեցել վարչապետ Փաշինյանի եւ տիկին Աննա Հակոբյանի դիմավորման պաշտոնական արարողությունը, որի ընթացքում երկու երկրների վարչապետներն ու նրանց տիկնայք ողջունել են պատվիրակությունների անդամներին, այնուհետեւ հնչել են Հայաստանի ու Վիետնամի պետական օրհներգերը, տեղի է ունեցել Պատվո պահակախմբի քայլերթը։
Արարողակարգային տեսալուսանկարահանումից հետո բանակցություններն ընթացել են նեղ, ապա ընդլայնված կազմերով։
Վիետնամի վարչապետն անձամբ իր եւ երկրի կառավարության անունից ջերմորեն ողջունել է Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությանը։
Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար եւ նշել, որ իր այցի նպատակն է նպաստելու հայ—վիետնամական քաղաքական, տնտեսական եւ հումանիտար կապերի առաջընթացին։ Գործադիրի ղեկավարի խոսքով՝ երկու երկրներն ունեն հարաբերությունների ընդլայնման մեծ ներուժ՝ եւ կառավարությունները պետք է կոնկրետ քայլեր ձեռնարկեն այն լիարժեք իրացնելու նպատակով։
Այնուհետեւ զրուցակիցները քննարկել են առեւտրատնտեսական կապերի ընլայնմանը, տեղեկատվական տեխնոլոգիաների, այդ թվում՝ ինժեներական լաբորատորիաների փոխգործակցության, զբոսաշրջության, առողջապահության, կրթության, գիտության, շրջակա միջավայրի պաշտպանության ոլորտներում հարաբերությունների հետագա զարգացմանը վերաբերող հարցեր։
Անդրադառնալով առեւտրատնտեսական կապերի ընդլայնմանը՝ զրուցակիցները կարեւորել են միջկառավարական հանձնաժողովի ակտիվ գործունեությունը։ Մասնավորապես, պայմանավորվածություն է ձեռք բերվել հանձնաժողովի առաջիկա նիստի ընթացքում, որը տեղի կունենա Երեւանում ընթացիկ տարվա աշնանը, անցկացնել նաեւ գործարար համաժողով։ Կողմերը համոզմունք են հայտնել, որ այն նոր ազդակ կհաղորդի համատեղ ներդրումային ծրագրերի իրականացմանն ու երկու երկրների միջեւ տնտեսական համագործակցությանը։ Անդրադարձ է կատարվել հայկական կոնյակի եւ գինու՝ Վիետնամի շուկա ներմուծելու հնարավորություններին։
Նիկոլ Փաշինյանը եւ Նգույեն Սուան Ֆուքը պայմանավորվել են նաեւ քննարկումներ սկսել կրկնակի հարկումը բացառող համաձայնագրի կնքման ուղղությամբ։ Կողմերը համոզմունք են հայտնել, որ տնտեսական փոխգործակցության զարգացմանը նոր ազդակ կհաղորդի նաեւ Եվրասիական տնտեսական միության եւ Վիետնամի միջեւ ազատ առեւտրի գոտու ստեղծումը։
Երկու երկրների վարչապետներն ընդգծել են զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը եւ կարեւորել վիզային ռեժիմի դյուրացման ուղղությամբ քայլերի իրականացումը։ Առանձնակի նշվել է Հայաստանի եւ Վիետնամի տարածաշրջանների, առեւտրային պալատների համագործակցության, երկկողմ իրավապայմանագրային բազայի զարգացման անհրաժեշտությունը։
Նիկոլ Փաշինյանը եւ Նգույեն Սուան Ֆուքն անդրադարձել են նաեւ միջազգային կազմակերպությունների, այդ թվում՝ ՄԱԿ—ի եւ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակում հետագա համագործակցությանը, ինչպես նաեւ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի։
Հանդիպման արդյունքներով Հայաստանի Հանրապետության եւ Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության կառավարությունների միջեւ ստորագրվել է կրթության եւ գիտության բնագավառում համագործակցության մասին համաձայնագիր։ Նիկոլ Փաշինյանի եւ Նգույեն Սուան Ֆուքի ներկայությամբ համաձայնագիրը ստորագրել են ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը եւ Վիետնամի կրթության եւ վերապատրաստման նախարարի տեղակալ Նգույեն Վան Ֆուքը։
Այնուհետեւ երկու երկրների կառավարությունների ղեկավարները զանգվածային լրատվական միջոցների ներկայացուցիչների համար հանդես են եկել բանակցությունների արդյունքներն ամփոփող հայտարարություններով։
ՎՍՀ վարչապետ Նգույեն Սուան Ֆուքի անունից ի պատիվ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ տիկին Աննա Հակոբյանի տրվել է պաշտոնական ընթրիք։
Մինչ այդ վաղ առավոտյան Նիկոլ Փաշինյանը  Աննա Հակոբյանի հետ, ՀՀ կառավարական պատվիրակության ուղեկցությամբ նախ այցելել է Վիետնամի անկախության եւ ազատության համար զոհված հերոսների հուշահամալիր, այնուհետեւ Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության հիմնադիր Հո Շի—Մինի դամբարան։ Վարչապետը ծաղկեպսակներ է դրել նախ հուշահամալիրի, ապա դամբարանի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելով զոհված հերոսների եւ Հո Շի Մինի հիշատակին։
Այնուհետեւ վարչապետը եւ տիկին Աննա Հակոբյանն այցելել են Հանոյի գրականության տաճար, վերջինիս գլխավոր տնօրեն Լի Սուան Քիուի ուղեկցությամբ շրջայց կատարել տաճարում։ Վարչապետը եւ տիկին Հակոբյանը ծանոթացել են ներկայացված նյութերին եւ տաճարի պատմությանը։ Շրջայցից հետո Նիկոլ Փաշինյանը գրառում է արել տաճարի պատվավոր հյուրերի գրքում։
Հուլիսի 6—ի առավոտյան Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Վիետնամի Ազգային ժողովի նախագահ Նգույեն Թխի Քիմ Նգանի հետ։
Վերջինս բարձր է գնահատել վարչապետի պաշտոնական այցը Վիետնամ եւ նշել, որ այն նոր ազդակ կհաղորդի երկկողմ հարաբերություններին տարբեր ոլորտներում։
Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար եւ նշել, որ արդյունավետ բանակցություններ է ունեցել Վիետնամի իր գործընկերոջ հետ՝ ձեռք բերելով կոնկրետ պայմանավորվածություններ։ Կառավարության ղեկավարի խոսքով՝ Հայաստանին ու Վիետնամին միմյանց են կապում ավանդական հարաբերությունները։ Վարչապետը նշել է նաեւ, որ Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության հիմնադիր Հո Շի Մինի՝ 1959 թվականի Հայաստան այցից մեր ժողովրդի մոտ մնացել են ջերմ հիշողություններ։
Նիկոլ Փաշինյանը կարեւորել է միջկառավարական եւ միջխորհրդարանական համագործակցության զարգացումը եւ տիկին Նգույեն Թխի Քիմ Նգանին փոխանցել ՀՀ Ազգային ժողովի նախագահի՝ Հայաստան այցելելու հրավերը, ինչը սիրով ընդունվել է։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույն օրը հանդիպում է ունեցել Վիետնամի առեւտրի պալատի ղեկավարության եւ վիետնամցի մոտ երկու տասնյակ խոշոր գործարարների հետ։
Վիետնամի առեւտրի պալատի նախագահ Վու Թիեն Լոքը նշել է, որ տեղյակ է ՀՀ վարչապետի եւ իր երկրի կառավարության ղեկավարի արդյունավետ բանակցությունների արդյունքներից՝ ավելացնելով, որ հանդիպմանը ներկա գործարարները հետաքրքրված են հայ գործընկերների հետ կապերի հաստատմամբ ու խորացմամբ։ Մասնավորապես, նա նշել է, որ գործարարները ներկայացնում են արդյունաբերության, գյուղատնտեսության, տեխնոլոգիաների, առեւտրի ոլորտները։
Վարչապետ Փաշինյանը հանդիպման մասնակիցներին է ներկայացրել Հայաստանի բիզնես միջավայրի բարելավման ուղղությամբ իրականացված քայլերը՝ ընդգծելով, որ այսօր Հայաստանում ներդրումների համար չկան արհեստական խոչընդոտներ։ «ՀՀ կառավարության նպատակն է երկիրը վերածել տեխնոլոգիական պետության։ Վերջին տարիներին Հայաստանում ՏՏ ոլորտն աճել է հինգ անգամ։ Ոլորտի զարգացումը ոչ միայն շարունակվում է, այլ նաեւ ընթանում է ավելի արագ տեմեպերով։ Ուրախ եմ, որ մեր երկրների ՏՏ ոլորտի պատասխանատուներն արդեն իսկ պայմանավորվել են իրականացնել պիլոտային համատեղ ծրագրեր»,–նշել է Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետը որպես համագործակցության հեռանկարային ճյուղեր նշել է նաեւ գյուղատնտեսությունը, զբոսաշրջությունը, կրթությունը, տեքստիլ արդյունաբերությունը։ Կառավարության ղեկավարը հիշեցրել է, որ մեր պետությունը ազատ առեւտրային ռեժիմներ ունի Վրաստանի, Եվրասիական տնտեսական միության պետությունների, շուտով նման ռեժիմ կունենա նաեւ Իրանի հետ։ Հայաստանը GSP եւ GSP+ ռեժիմներ ունի ԵՄ երկրների, ԱՄՆ—ի ու Շվեյցարիայի հետ։ «Կարծում եմ՝ վիետնամցի գործարարների համար մեր երկիրը կարող է մեծ հետաքրքրություն ներկայացնել ոչ միայն նշածս ուղղություններով, այլ նաեւ հայկական խմիչքների՝ կոնյակի ու գինու, վերամշակված գյուղմթերքների՝ Վիետնամ արտահանելու առումով։ Վստահ եմ, որ դրանք գին—որակ հարաբերակցությամբ կարող են մրցակցային լինել Վիետնամի շուկայում»,–ասել է Նիկոլ Փաշինյանը։
Խոշոր՝ Sovico, Vingroup, Contrexim, Huang Som, Tiscovina, Hapro, Kangaroo, Voci, Constrexim Hod եւ մյուս ընկերությունների ղեկավարները ներկայացրել են հայկական շուկա մուտք գործելու, Հայաստանում ներդրումային տարբեր ծրագրեր իրականացնելու, հայկական արտադրանքը, այդ թվում՝ կոնյակ եւ գինի Վիետնամ արտահանելու հետ կապված կոնկրետ առաջարկություններ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել վիետնամական առաջատար «Nhan Dan» հեռուստաընկերությանը, որի ընթացքում խոսել է հայ—վիետնամական հարաբերությունների մասին, անդրադարձել Հանոյում ունեցած բանակցությունների արդյունքներին։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ տիկին Աննա Հակոբյանն այցելել են Վիետնամում Հայաստանի Հանրապետության դեսպանություն, որտեղ տեղի է ունեցել ընդունելություն «Վիետնամ—Հայաստան բարեկամություն» ասոցիացիայի անդամների մասնակցությամբ։
Ասոցիացիայի անդամներն են՝ խորհրդային տարիներին Հայաստանի բուհերում կրթություն ստացած անձինք։ Նրանք ջերմորեն ողջունել են վարչապետին եւ նրա տիկնոջը՝ ընդգծելով, որ Հայաստանից պահպանել են ջերմ հուշեր եւ մշտական կապի մեջ են Հանոյում Հայաստանի դեսպանության հետ։
Վարչապետը նշել է, որ ուրախ է հեռավոր Վիետնամում տեսնել Հայաստանի բազմաթիվ բարեկամների, ովքեր իրենց ներդրումն ունեն երկրի զարգացման գործում։ «Խորհրդային տարիներին Հայաստանի բուհերում ուսում է ստացել շուրջ 1000 վիետնամցի ուսանող, եւ այսօր մենք այս երկրում ունենք ոչ թե մեկ, այլ 1000 դեսպան»,–ասել է Նիկոլ Փաշինյանը։
«Վիետնամ—Հայաստան բարեկամություն» ասոցիացիայի անդամները ողջունել են վարչապետի նախաձեռնությունը եւ շնորհակալություն հայտնել հանդիպման համար։ Ջերմ մթոնոլորտում անցած ընդունելության ժամանակ նրանք կատարել են նաեւ հայկական երգեր։
Նիկոլ Փաշինյանը Վիետնամում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Ռաիսա Վարդանյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել դեսպանությունում, ծանոթացել աշխատանքային պայմաններին։

09-07-2019





20-07-2019
Շուշին լիովին կապահովվի խմելու ջրով
Բերդաքաղաքում լուծվում են կենսական խնդիրները

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am


Կրթամշակութային կենտրոն ...


20-07-2019
Օդի ջերմաստիճանը կհասնի +42-ի
Առողջապահության նախարարությունը տապից պաշտպանվելու խորհուրդներ է տալիս

Իրաքի ...


20-07-2019
Ամերիկյան մոդել
Հատվածներ Ֆարիդ Զաքարիայի «Ազատության ապագան. ոչլիբերալ ժողովրդավարությունը ԱՄՆ-ում ...


20-07-2019
Սեւանի անձնագիր ստացած երկարաչանչը
Որ կարեւոր է ոչ միայն լճի ջրի որակի, ...


20-07-2019
Հյուրընկալել է նախագահը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ ընդունել է Հայաստանի Հանրապետությունում ...


20-07-2019
«Սա այն բարեփոխումն է, որից մենք ակնկալում ենք կոնկրետ արդյունքներ»
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ...



20-07-2019
«Ամեն բան մարդուն մատչելի է....»
1902 թ. մի նամակում Հովհաննես Թումանյանը, դրվատելով ...

20-07-2019
Թատրոն չեն հաճախում, բայց դերասան դառնալ են ուզում
Ինչո՞ւ են դիմում թատերական ...

20-07-2019
Թեհրան—Լոնդոն փոխհարաբերություններում լարվածությունը պահպանվում է
Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
e.begijanyan@hhpress.am



 
20-07-2019
Մերոնք՝ միջազգային առաջնություններում
Վերջին օրերը հագեցած են հայ մարզիկների ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO