Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

21.07.2019
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ


Նոր ազդակ հայ–սինգապուրյան հարաբերությունների զարգացմանը

Շարունակվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Սինգապուր

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ Սինգապուրի Հանրապետության վարչապետ Լի Սիեն Լոնգի հրավերով նախօրեին պաշտոնական այցով ժամանել է Սինգապուր, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Սինգապուրի «Իստանա» կառավարական նստավայրում երեկ տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ տիկին Աննա Հակոբյանի դիմավորման պաշտոնական արարողությունը։ ՀՀ վարչապետին եւ տիկին Հակոբյանին նստավայրի բակում դիմավորել են Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լուն եւ տիկին Հո Չինը։ Հնչել են Հայաստանի ու Սինգապուրի պետական օրհներգերը, այնուհետեւ երկու երկրների վարչապետներն ու նրանց տիկնայք ողջունել են պատվիրակությունների անդամներին։
Լի Սյեն Լուն ողջունել է Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Սինգապուր եւ նշել, որ այն նոր ազդակ կհաղորդի երկու պետությունների միջեւ համագործակցությանը տարբեր ուղղություններով։ Սինգապուրի վարչապետի խոսքով՝ Հայաստանը եւ հայ ժողովուրդը իրենց երկրում վայելում են մեծ հարգանք, ու իր գլխավորած կառավարությունը շահագրգռված է հայկական կողմի հետ ակտիվ գործակցություն ծավալելու հարցում։ Լի Սյեն Լունը կարեւորել է փոխգործակցությունը տնտեսության ոլորտում, ընդգծել առեւտրատնտեսական կապերի զարգացման ու ընդլայնման անհրաժեշտությունը։
Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար՝ համոզմունք հայտնելով, որ երկկողմ արդյունավետ բանակցությունների արդյունքում հայ—սինգապուրյան կապերը հետեւողականորեն կընդլայնվեն։ Կառավարության ղեկավարը նշել է, որ ամբողջ աշխարհը տպավորված է Սինգապուրի զարգացման փորձով, եւ մեր երկիրը նույնպես այն համարում է օրինակելի։ «Մենք շահագրգռված են խորացնելու քաղաքական, տնտեսական եւ հումանիտար համագործակցությունը, սերտացնելու կապերը ժողովուրդների միջեւ»,— ասել է վարչապետը՝ կարեւորելով նաեւ հայկական եւ սինգապուրյան բիզնեսի միջեւ փոխգործակցության զարգացումը։ Վարչապետն անդրադարձել է կառավարության առաջնահերթություններին՝ հավելելով, որ դրանց նպատակն է Հայաստանը դարձնել տեխնոլոգիական տնտեսությամբ պետություն։ Նիկոլ Փաշինյանը, այդ առումով, հատկապես կարեւորել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության զարգացումը։
Հանդիպման ընթացքում երկու երկրների վարչապետները քննարկել են ներդրումային համատեղ ծրագրերի իրականացման, առեւտրաշրջանառության ծավալների ավելացման, բարձր տեխնոլոգիաների, զբոսաշրջության, ավիացիայի եւ այլ ոլորտներում համագործակցության հնարավորություններին վերաբերող հարցեր։
Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է մեր երկրում իրականացվող ինստիտուցիոնալ բարեփոխումների ու բիզնես միջավայրի բարելավման ուղղությամբ իրականացվող քայլերը։
Սինգապուրի վարչապետը ողջունել է Հայաստանում տեղի ունեցող համակարգային փոփոխություններն ու հավելել, որ դրանք կնպաստեն մեր երկրի տնտեսական զարգացմանն ու առաջընթացին։
Նիկոլ Փաշինյանը եւ Լի Սյեն Լուն անդրադարձել են Եվրասիական տնտեսական միության եւ Սինգապուրի միջեւ ազատ առեւտրի գոտու ստեղծման համաձայնագրի ստորագրմանը։ Կողմերը համոզմունք են հայտնել, որ այն նույնպես նոր թափ կհաղորդի առեւտրաշրջանառության ծավալների ավելացմանը։
Երկու երկրների վարչապետերն ընդգծել են տնտեսական համագործակցության մեծ ներուժի առկայության փաստը եւ նշել, որ դրա իրացման ուղղությամբ քայլերը պետք է ակտիվորեն շարունակվեն։
Միաժամանակ, զբոսաշրջության ոլորտում կապերի ընդլայնման առումով կողմերը պայմանավորվել են Սինգապուրում անցկացնել Հայաստանի մշակույթի օրեր։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ տարածաշրջանային նշանակության հարցեր։
Հանդիպման արդյունքներով Հայաստանի Հանրապետության եւ Սինգապուրի կառավարությունների միջեւ ստորագրվել են տարբեր ոլորտներում համագործակցության մի քանի փաստաթղթեր։ Նիկոլ Փաշինյանի եւ Լի Սյեն Լունի ներկայությամբ մասնավորապես ստորագրվել են հետեւյալ փաստաթղթերը.
Հայաստանի Հանրապետության եւ Սինգապուրի Հանրապետության կառավարությունների միջեւ ստորագրվել է եկամուտների կրկնակի հարկումը բացառելու եւ հարկերի վճարումից խուսափելը կանխելու մասին համաձայնագիր։ Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը եւ Սինգապուրի պաշտպանության եւ արտաքին գործերի ավագ պետական նախարար Մալիկի Օսմանը։
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի եւ Սինգապուրի Հանրապետության զբոսաշրջության խորհրդի միջեւ ստորագրվել է զբոսաշրջության բնագավառում համագործակցության ամրապնդման մասին փոխըմբռնման հուշագիր։ Այն ստորագրել են ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը եւ Սինգապուրի առեւտրի եւ արդյունաբերության ավագ պետական նախարար Կոհ Պոհ Կունը։
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության եւ Սինգապուրի Հանրապետության մշակույթի, համայնքների զարգացման եւ երիտասարդության հարցերի նախարարության միջեւ ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր։ Հայկական կողմից այն ստորագրել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը, իսկ սինգապուրյան կողմից՝ պաշտպանության եւ արտաքին գործերի ավագ պետական նախարար Մալիկի Օսմանը։
Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի Ա. Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի եւ Սինգապուրի Հանրապետության ազգային պարկերի խորհրդի միջեւ ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր։ Այն ստորագրել են ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը եւ Սինգապուրի ազգային պարկերի խորհրդի գլխավոր տնօրեն Քեննեթ Էրը։
Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լունի անունից ի պատիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ տիկին Աննա Հակոբյանի տրվել է պաշտոնական ճաշ, որի ընթացքում երկու երկրների կառավարությունների ղեկավարները հանդես են եկել բաժակաճառերով։
Մինչ այդ Հայաստանի վարչապետը եւ տիկին Աննա Հակոբյանն այցելել են Սինգապուրի հայկական Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, որը Սինգապուրի ամենահին քրիստոնեական կառույցն է (1835 թ.)։ ՀՀ վարչապետի, Սինգապուրի առեւտրի եւ արդյունաբերության ավագ պետական նախարար Կո Պո Կունի եւ Սինգապուրի, ինչպես նաեւ հարեւան երկրների ու տարածաշրջանների՝ Մալայզիայի, Ինդոնեզիայի, Թաիլանդի, Հոնգկոնգի, Ավստրալիայի հայ համայնքների ներկայացուցիչների մասնակցությամբ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուն հարակից հայկական փողոցի նորաբաց այգում տեղի է ունեցել «Վանդա Միսս Ջոակիմ» խոլորձի արձանի բացման հանդիսավոր արարողությունը։ Արձանը կառուցվել է բարերար Խաժակ Մանուկյանի նախաձեռնությամբ։
«Վանդա Միսս Ջոակիմ» անունը կրող խոլորձ տեսակը, որը հայտնի է նաեւ որպես Սինգապուրյան կամ Ալոհա արքայադստեր խոլորձ, հիբրիդային տեսակ է, որը դարձել է Սինգապուրի ազգային ծաղիկ՝ պետական խորհրդանիշ։ Հայտնի խոլորձն իր անվանումն ստացել է ի պատիվ Սինգապուրում բնակվող հայազգի ծաղկաբույծ Ագնես Ջոակիմի (Աշխեն Հովակիմյան), ով ծաղիկը հայտնաբերել է Եղեգնուտում։
Այնուհետեւ Նիկոլ Փաշինյանը եւ Աննա Հակոբյանն այցելել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, շրջայց կատարել հայկական ժառանգության թանգարանում։ Վարչապետը գրառում է կատարել պատվավոր հյուրերի գրքում, այնուհետեւ հանդիպել վերը նշված պետությունների հայ համայնքների ներկայացուցիչներին։
Ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի՝ վարչապետը ծակեպսակ է դրել Հիշողության պարտեզում կանգնեցված հայկական խաչքարի մոտ։ Պարտեզում ամփոփված են նաեւ բազմաթիվ հայկական տապանաքարեր։
Նիկոլ Փաշինյանը եւ Աննա Հակոբյանը շրջել են նաեւ Սինգապուրի Արմենիա հայկական փողոցով։
Կառավարության ղեկավարը երեկ առավոտյան հանդիպում է ունեցել «Temasek Holdings» հիմնադրամի ներկայացուցիչների հետ՝ ներդրումային խմբի համաղեկավար Նագի Համիյեյի գլխավորությամբ։
Վարչապետը նշել է, որ ՀՀ կառավարությունը հետաքրքրված է քննարկելու «Temasek Holdings» հիմնադրամի հետ համագործակցության հնարավորությունները՝ հաշվի առնելով վերջինիս արդյունավետ գործունեությունը տնտեսության մի շարք ոլորտներում, այդ թվում բարձր տեխնոլոգիաների ոլորտում։ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ տեխնոլոգիական բնագավառը Հայաստանի կառավարության առաջնահերթություններից մեկն է, քանի որ մեր երկրի նպատակն է կառուցել տեխնոլոգիական տնտեսություն, որի լոկոմոտիվը կլինի ՏՏ ոլորտը։ Գործադիրի ղեկավարը նշել է, որ դեռեւս խորհրդային ժամանակներից Հայաստանում ինժեներական համակարգը եղել է զարգացած, այժմ երկրում գործում են ինժեներական ոլորտում հաջողությամբ գործունեություն ծավալող ընկերություններ։ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ վերջին 7 տարիներին ՏՏ ոլորտը Հայաստանում աճել է 5 անգամ։ Վարչապետը ներկայացրել է նաեւ մենաշնորհների, կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ կառավարության քայլերը՝ հավելելով, որ ինստիտուցիոնալ բարեփոխումներ են իրականացվում մի շարք ուղղություններով։ «Հրավիրում ենք ձեզ ծանոթանալու Հայաստանի տեխնոլոգիական հնարավորություններին եւ ընկերությունների գործունեությանը»,–ասել է վարչապետը։
Նագի Համիյեն նշել է, որ Սինգապուրում առկա է փոքրաթիվ, սակայն կազմակերպված սփյուռք, որի ներկայացուցիչները հաջող գործունեություն են ծավալում տարբեր ոլորտներում, այդ թվում՝ տեխնոլոգիական։ Պարոն Համիյեն հավելել է, որ «Temasek» հոլդինգը պատրաստ է ՀՀ կառավարության հետ քննարկել համագործակցության, ներդրումային ծրագրեր իրականացնելու հնարավորությունները, այդ թվում ինժեներական կրթության ոլորտում։ «Temasek Holdings» ներդրումային խմբի համաղեկավարը ներկայացրել է հիմնադրամի գործունեությունը Սինգապուրում, Չինաստանում, ԱՄՆ—ում, Հնդկաստանում։
Այնուհետեւ զրուցակիցները քննարկել են համատեղ վենչուրային հիմնադրամի ստեղծման, ստարտափ ծրագրերի իրականացման, փորձի փոխանակման եւ տեխնիկական համագործակցության հեռանկարները։
«Temasek Holdings»—ի ներկայացուցիչները հրավիրվել են այս տարվա աշնանը Երեւանում կայանալիք բարձր տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսին։ Հրավերը սիրով ընդունվել է։ Կողմերը պայմանավորվել են քննարկումները շարունակել Երեւանում։
Նիկոլ Փաշինյանը Սինգապուրի «Իստանա» կառավարական նստավայրում հանդիպում է ունեցել այդ երկրի նախագահ Խալիմա Յակոբի հետ։
Տիկին Յակոբը ողջունելով ՀՀ վարչապետի պաշտոնական այցը Սինգապուր՝ նշել է, որ երկրում առկա փոքրաթիվ հայ համայնքը վայելում է մեծ հեղինակություն եւ լիարժեք ինտեգրվել է տեղի հասարակությանը։ Սինգապուրի նախագահն ընդգծել է, որ դրա արդյունքում է նաեւ Սինգապուրի կենտրոնում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու, հայկական փողոցի առկայությունը։ «Ձեր այցն ունի մեծ նշանակություն մեր երկրների միջեւ բարեկամական հարաբերություններն ամրապնդելու, ինչպես նաեւ տնտեսական կապերը զարգացնելու գործում»,–ասել է Խալիմա Յակոբը՝ ավելացնելով, որ Սինգապուրը պատրաստ է սերտորեն համագործակցել հայ գործընկերների հետ, իրականացնել փորձի փոխանակում։
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանի կառավարությունը մեծապես կարեւորում է Սինգապուրի հետ համագործակցության խորացումը, եւ հավելել, որ երկու երկրներին միմյանց են կապում ժողովուրդների ջերմ հարաբերությունները։ Որպես օրինակ վարչապետը նշել է Սինգապուրի ազգային ծաղիկ՝ պետական խորհրդանիշ «Վանդա Միսս Ջոակիմ» անունը կրող խոլորձ տեսակը հայտնաբերած Աշխեն Հովակիմյանին։ «Երեկ հայկական եկեղեցու բակում բացվեց «Վանդա Միսս Ջոակիմ» խոլորձի արձանը, որը երկու ժողովուրդներին կապող եւս մեկ փաստ է։ Մենք ջերմությամբ ենք հիշում նաեւ Սինգապուրի առաջին վարչապետ Լի Կուան Յուի այցը Հայաստան, որը տեղի է ունեցել մի քանի տարի առաջ»,–ասել է վարչապետը։ Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ ՀՀ կառավարական պատվիրակության այցի նպատակն է նոր ազդակ հաղորդել երկկողմ հարաբերություններին եւ համագործակցությանը։
ՀՀ վարչապետը եւ Սինգապուրի նախագահը քննարկել են ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորություններին, առեւտրատնտեսական կապերի զարգացմանը, երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափերում համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր։
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է մեր երկրում տեղի ունեցող փոփոխություններին եւ ընդգծել, որ կառավարության նպատակն է քաղաքական հեղափոխությունը վերածել տնտեսականի, իսկ տնտեսությունը դարձնել տեխնոլոգիական։ Մեր երկրի առաջընթացի ապահովման գործում վարչապետը ոգեւորիչ է համարել Սինգապուրի փորձը եւ կարեւորել երկկողմ համագործակցության ակտիվացումը։ «Ունենք գործակցության մեծ ներուժ, որն անհրաժեշտ է համատեղ ջանքերով լիարժեք իրացնել»,–ասել է վարչապետը՝ ավելացնելով, որ մեր երկրում իրականացվող բարեփոխումների արդյունքում ստեղծված է ազատ եւ թափանցիկ բիզնես միջավայր, ֆինանսական եւ բանկային համակարգը կայուն է։
Սինգապուրի նախագահն իր աջակցությունն է հայտնել երկու երկրների կառավարությունների ջանքերին, որոնք միտված կլինեն հետագա կապերի զարգացմանն ու ընդլայնմանը։
Զրուցակիցները կարեւորել են համագործակցությունը նաեւ միջազգային կազմակերպությունների շրջանակում ու անդրադարձել տարածաշրջանային նշանակություն ունեցող խնդիրներին։
Երեկ վարչապետ Փաշինյանը եւ նրա գլխավորած պատվիրակության անդամները կլոր—սեղան ձեւաչափի շրջանակում հանդիպում—քննարկում են ունեցել «Սինգապուրի բիզնես ֆեդերացիա» հիմնադրամի ներկայացուցիչների հետ։
Ողջունելով հյուրերին՝ «Սինգապուրի բիզնես ֆեդերացիա» հիմնադրամի գործադիր տնօրեն Հո Մեն Կիթը կարեւորել է Հայաստանի վարչապետի եւ կառավարական պատվիրակության հետ հանդիպումը։ Նրա խոսքով՝ այն լավ հնարավորություն է հայ—սինգապուրյան գործարար կապերը զարգացնելու, դրանց նոր շունչ հաղորդելու եւ համատեղ ծրագրեր նախաձեռնելու համար։ Նա նշել է, որ սինգապուրցի գործարարները հետաքրքրված են Հայաստանում տարբեր ոլորտներում գործունեություն ծավալելու հարցում եւ պատրաստ են ծանոթանալ մեր երկրի ներդրումային հնարավորություններին, քննարկել համագործակցության հեռանկարները։ «Սինգապուրի բիզնես ֆեդերացիա» հիմնադրամի գործադիր տնօրենը նշել է, որ Եվրասիական տնտեսական միության եւ Սինգապուրի միջեւ կնքվելիք ազատ առեւտրի մասին պայմանագիրը եւս գործուն հնարավորություն է բիզնես կապերի ակտիվացման համար, եւ Հայաստանը կարեւոր հարթակ կարող է լինել երրորդ երկրների շուկաներ դուրս գալու համար։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ուրախ է հյուրընկալվել «Սինգապուրի բիզնես ֆեդերացիա» հիմնադրամում եւ քննարկել տնտեսական կապերի զարգացման հարցեր։ «Մեր քաղաքական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա։ Հուսով եմ՝ այս այցից հետո դրանք էլ ավելի կամրապնդվեն, կակտիվանա նաեւ տնտեսական համագործակցությունը։ Հայաստանը գտնվում է տնտեսական փոխակերպման գործընթացում, եւ մենք շարունակական աշխատում ենք տնտեսական աճի, գործարարությամբ զբաղվելու համար նպաստավոր պայմանների ստեղծման ուղղությամբ»,–նշել է ՀՀ վարչապետը։Վարչապետն անդրադարձել է ՀՀ կառավարության կողմից նախաձեռնված բարեփոխումներին՝ խոսելով հարկային եւ մաքսային ոլորտի բարելավման ուղղությամբ իրականացվող քայլերի մասին, նաեւ դատական համակարգի բարեփոխումների մասին, որոնք ուղղված են օտարերկրյա ներդրումների պաշտպանության երաշխիքների ստեղծմանը։ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանում նախորդ տարի տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը, քաղաքական արմատական փոփոխությունները տնտեսական ցնցումներ չեն առաջացրել, բանկային համակարգը շարունակել է կայուն աշխատել, չի արձանագրվել սեփականության վերաբաշխման որեւէ դեպք, ինչը պայմանավորված էր այդ իրադարձությունների ոչ բռնի եւ խաղաղ բնույթով։ Կառավարության ղեկավարը ներկայացրել է վերջին ամիսների մակրոտնտեսական ցուցանիշները՝ նշելով, որ դրանք շարունակական աճ են արձանագրում, եւ անդրադարձել այն ոլորտներին, որտեղ համագործակցության ներուժ կա՝ տեղեկատվական տեխնոլոգիաներ, օդային հաղորդակցություն, զբոսաշրջություն, այդ թվում՝ էկո, գաստրոտուրիզմ, սննդարդյունաբերություն, օդային հաղորդակցություն, ենթակառուցվածքներ եւ այլն։ «Սինգապուրի զարգացման ուղին եւ կուտակած մեծ փորձը հետաքրքիր են Հայաստանի համար եւ կարող են օգտակար լինել մեր հետագա բարեփոխումների գործընթացում։ Շահագրգռված ենք փորձի փոխանակմամբ եւ համատեղ ներդրումային ծրագրերի իրականացմամբ»,–հավելել է Նիկոլ Փաշինյանը։
Այնուհետեւ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը ներկայացրել է Հայաստանի ՏՏ ոլորտի ներուժը, զարգացման միտումները, թվայնացման ուղղությամբ տարվող աշխատանքները եւ համագործակցության հնարավորությունները, իսկ ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյանը մանրամասն ներկայացրել է Հայաստանի տնտեսության տարբեր ճյուղերում առկա ներուժը եւ փոխգործակցության համար հեռանկարային ուղղությունները։ «Սինգապուրի բիզնես ֆեդերացիա» հիմնադրամի ներկայացուցիչները շնորհակալություն են հայտնել ՀՀ վարչապետին եւ նրա գլխավորած պատվիրակությանը՝ մանրամասն տեղեկատվություն ներդրումային հնարավորությունների մասին ներկայացնելու համար, եւ նշել, որ հետաքրքրված են մեր երկրում ներդրումներ կատարելու հարցում. առաջիկայում նախատեսում են այցելել Հայաստան եւ ծանոթանալ այդ հնարավորություններին։ Հանդիպմանը մասնակցում էին վերամշակող արդյունաբերության, հյուրանոցային բիզնեսի, տեքստիլ արդյունաբերության, գյուղատնտեսական ապրանքների ներմուծմամբ եւ արտահանմամբ, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում մասնագիտացած ընկերությունների ղեկավարներ, ներկայացուցիչներ։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ կազմակերպել բիզնես պատվիրակությունների փոխայցեր Հայաստան եւ Սինգապուր՝ տեղում ներդրումային եւ համագործակցության հնարավորություններին ծանոթանալու համար։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նաեւ տեղեկացրել է, որ այս տարվա հոկտեմբերին Հայաստանում տեղի է ունենալու Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսի ամենամյա համաժողովը, եւ հրավիրել է Սինգապուրի ՏՏ ոլորտի ձեռնարկություններին՝ մասնակցելու բարձր եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի այդ կարեւոր միջոցառմանը։ «Սինգապուրի բիզնես ֆեդերացիա» հիմնադրամի գործադիր տնօրենը նշել է, որ տեղեկատվությունը եւ հրավերը կփոխանցի Սինգապուրի համապատասխան ասոցիացիայի ղեկավարությանը։

09-07-2019





20-07-2019
Շուշին լիովին կապահովվի խմելու ջրով
Բերդաքաղաքում լուծվում են կենսական խնդիրները

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am


Կրթամշակութային կենտրոն ...


20-07-2019
Օդի ջերմաստիճանը կհասնի +42-ի
Առողջապահության նախարարությունը տապից պաշտպանվելու խորհուրդներ է տալիս

Իրաքի ...


20-07-2019
Ամերիկյան մոդել
Հատվածներ Ֆարիդ Զաքարիայի «Ազատության ապագան. ոչլիբերալ ժողովրդավարությունը ԱՄՆ-ում ...


20-07-2019
Սեւանի անձնագիր ստացած երկարաչանչը
Որ կարեւոր է ոչ միայն լճի ջրի որակի, ...


20-07-2019
Հյուրընկալել է նախագահը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ ընդունել է Հայաստանի Հանրապետությունում ...


20-07-2019
«Սա այն բարեփոխումն է, որից մենք ակնկալում ենք կոնկրետ արդյունքներ»
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ...



20-07-2019
«Ամեն բան մարդուն մատչելի է....»
1902 թ. մի նամակում Հովհաննես Թումանյանը, դրվատելով ...

20-07-2019
Թատրոն չեն հաճախում, բայց դերասան դառնալ են ուզում
Ինչո՞ւ են դիմում թատերական ...

20-07-2019
Թեհրան—Լոնդոն փոխհարաբերություններում լարվածությունը պահպանվում է
Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
e.begijanyan@hhpress.am



 
20-07-2019
Մերոնք՝ միջազգային առաջնություններում
Վերջին օրերը հագեցած են հայ մարզիկների ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO