Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

08.04.2020
ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


ԵՄ-ն շարունակելու է սերտորեն աշխատել Հայաստանի հետ

Նիկոլ Փաշինյանն ու Դոնալդ Տուսկը քննարկումն արդյունավետ են համարել

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը Հայաստանի կառավարությունում երեկ կայացած բանակցություններից հետո մամուլի համար հայտարարություններով հանդես եկան։
Նիկոլ Փաշինյանը նախ նշեց, որ կարճ ժամանակահատվածում մի քանի անգամ առիթ է ունեցել հանդիպելու Դոնալդ Տուսկին, եւ բոլոր շփումները շատ տպավորիչ են եղել։ Հերթական հանդիպմամբ արդյունավետ քննարկում են ունեցել։ Անդրադարձ է եղել ՀՀ—ԵՄ հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակի։ Մտքերի փոխանակում է եղել քաղաքական եւ ճյուղային համագործակցության, Հայաստանի ներքին կյանքին եւ տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցերի շուրջ։

Կոռուպցիայի դեմ պայքարից մինչեւ մուտքի արտոնագրի ազատականացում

Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ վերահաստատել է օրենքի գերակայության եւ ժողովրդավարության ամրապնդման, ինչպես նաեւ կոռուպցիայի դեմ պայքարի՝ Հայաստանի իշխանությունների որդեգրած հանձնառությունը։ Հանդիպման ընթացքում վարչապետը խոսել է Հայաստանում իրականացվող բարեփոխումների մասին՝ հիշատակելով անկախ դատաիրավական համակարգ կառուցելու ուղղությամբ ներկայումս գործադրած ջանքերը. «Ընդգծեցի, որ այդ առումով Հայաստանը մեծապես կարեւորում է եվրոպական հաստատությունների, այդ թվում՝ ԵՄ աջակցությունը եւ հայտնում իր երախտագիտությունը ցուցաբերվող օժանդակության եւ գաղափարական զորակցության համար։ Ընդգծեցի ԵՄ եւ ԵՄ անդամ պետությունների հետ համագործակցության ընդլայնման վերաբերյալ Հայաստանի իշխանությունների քաղաքական հանձնառությունը։ Երկուստեք նշվեց Հայաստան—ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության մասին պայմանագրի մեծ նշանակությունը եւ եվրոպական երկրների կողմից այն շուտափույթ վավերացնելու կարեւորությունը։ Տվյալ պայմանագիրը մի գործիք է, որի իրականացումը ոչ միայն նպաստելու է Հայաստան—ԵՄ հարաբերությունների զարգացմանը, այլեւ օգնելու է Հայաստանի իշխանությունների բարեփոխումների օրակարգի իրականացմանը։ Այս առումով ես ցանկանում եմ տեղեկացնել, որ Հայաստանի կառավարության գերատեսչությունները Եվրամիության համապատասխան մարմինների հետ համագործակցությամբ մշակել են Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության մասին պայմանագրի իրականացման ճանապարհային քարտեզը։ Այն իմ կողմից հաստատվել է հունիսի 1—ին՝ պայմանագրի ժամանակավոր կիրառման սկզբից ուղիղ 1 տարի անց։ Հունիսի 13—ին պայմանագիրն արժանացավ նաեւ Հայաստան—ԵՄ գործընկերության խորհրդի երկրորդ հանդիպման հավանությանը»։
Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ անդրադարձել են նաեւ ՀՀ—ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման վերաբերյալ երկխոսություն սկսելու խնդրին։ Վարչապետը նշել է Հայաստանի շահագրգռվածությունն այս հարցում, հատկապես, միջանձնային շփումների ընդլայնման անհրաժեշտության տեսանկյունից։ Ու դիմել է Տուսկին՝ ԵՄ անդամ պետություններին այս ուղերձը փոխանցելու խնդրանքով։
Տարածաշրջանային խնդիրների մասին էլ են զրուցել։ «Երախտագիտություն հայտնեցի ԵՄ կողմից Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում հավասարակշռված դիրքորոշում ցուցաբերելու եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների դիրքորոշումն աներկբայորեն պաշտպանելու համար։ Համոզվածություն հայտնեցի ԵՄ այս կեցվածքի շարունակականության հարցում»,—հավելեց ՀՀ վարչապետը։

Եվրոպական մշակույթի վրա մեր ազդեցության ապացույցը

Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը նկատեց, որ սա իր առաջին այցն է Երեւան Հայաստանի խաղաղ հեղափոխությունից ի վեր. «Ուրախ եմ հիմա գտնվել այստեղ, եւ Հայաստանի դրական դինամիկան նոր հնարավորություններ է ստեղծել մեր համագործակցության համար։ Իմ այցն ապացույցն է այն կարեւորության, որը Եվրամիությունը վերագրում է Հայաստանի ու տարածաշրջանի հետ մեր հարաբերություններին»։
Շարունակելով Տուսկն ասաց, թե իրենց քննարկումն ընդգծեց գործընկերության համաձայնագրի արդյունավետ իրականացումը։ Այն հավակնոտ համաձայնագիր է, որը սատարում է Հայաստանի արդիականացմանը։ ԵՄ—ն կշարունակի տրամադրել տեխնիկական ու ֆինանսական օժանդակություն այս համաձայնագրի իրականացման համար։
Տուսկն ու Փաշինյանը համաձայնել են, թե որքան կարեւոր են օրենքի գերակայությունը, կոռուպցիայի դեմ պայքարը եւ մարդու իրավունքների հանդեպ հարգանքը։ Եվրամիությունը ողջունում է անկախ, արդյունավետ եւ հաշվետու դատական համակարգ ստեղծելու նկատմամբ ուշադրությունը։ Կուռ դատական համակարգն էական բաղադրիչ է ժողովրդավարության հասնելու եւ տնտեսական ու սոցիալական զարգացման համար։ Այստեղ եւս ԵՄ—ն շարունակելու է աջակցել փորձագիտական օժանդակությամբ ու լրացուցիչ ռեսուրսները մոբիլիզացնելով։
Տուսկը հավելեց նաեւ, որ քննարկել են մասնագիտացված հակակոռուպցիոն հանձնաժողովի ստեղծման հարցը։ «Ճանաչելով կառավարության բարեփոխումների ուղղությամբ ջանքերը՝ Եվրամիությունը համարյա կրկնապատկել է 2019թ. համար օժանդակությունը Հայաստանին։ Այս միջոցները կօգնեն գերակա ծրագրեր իրականացնել՝ ներառյալ ենթակառուցվածքային եւ բնապահպանական»։
Ի միջի այլոց, այս համատեքստում Տուսկն ասաց, որ կայցելի Սեւանա լճի ավազան։ ԵՄ—ն սատարելու է ջրային ռեսուրսների կառավարմանը, ինչպես փոխհամաձայնեցվել էր Փաշինյանի՝ Բրյուսել վերջին այցի ժամանակ։
Տուսկն առիթը բաց չի թողնի եւ կայցելի Սեւանավանքը։ «Մի հուշարձան,–ասաց նա,–որը եվրոպական մշակույթի վրա Հայաստանի հազարամյա ազդեցության ապացույց է»։

ԼՂՀ հակամարտությունը ռազմական լուծում չունի

Անդրադարձ է եղել նաեւ Լեռնային Ղարաբաղի «չհանգուցալուծված հակամարտությանը»։ Տուսկի խոսքերով՝ ԵՄ—ն քաջալերված է այս տարվա զարգացումների դինամիկայով եւ ժողովուրդներին խաղաղության պատրաստելու ու մարդասիրական խնդիրների վրա շեշտադրում կատարելու պատրաստակամությամբ։ «Մենք նաեւ կիսում ենք Մինսկի խմբի համանախագահների մտահոգությունը շփման գծի երկայնքով վերջին զոհերի, ինչպես նաեւ էսկալացիոն հայտարարությունների վերաբերյալ։ Երկու կողմերն էլ պետք է զսպվածություն ցուցաբերեն եւ միջոցներ ձեռնարկեն՝ վերականգնելու համար այն միջավայրը, որը նպաստավոր կլինի խաղաղության, իրական բանակցությունների համար»,—ասաց նա։
Եվրոպական խորհրդի նախագահը միաժամանակ շեշտեց, որ հակամարտությունը ռազմական լուծում չունի, «եւ այստեղ քաղաքական հանգուցալուծում է պետք, որը կհամապատասխանի միջազգային իրավունքի սկզբունքներին։ ԵՄ—ն շարունակում է լիարժեքորեն աջակցել ՄԽ համանախագահների ջանքերին եւ շեշտադրությանը՝ գտնելու արդար եւ տեւական հանգուցալուծում՝ ելնելով Հելսինկիի եզրափակիչ ակտի հիմնական սկզբունքներից։ ԵՄ—ն արդեն սատարում է խաղաղության կառուցման գործողություններին եւ պատրաստ է սատարել ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու միջոցառումներին»։
Վերջում Տուսկը հավաստեց, թե ԵՄ—ն շարունակելու է սերտորեն աշխատել Հայաստանի հետ՝ հօգուտ բոլոր հայերի։

11-07-2019





08-04-2020
Imagine, there's no newsroom… Լրատվամիջոցները համավարակից հետո
Ճգնաժամային պայմանները կարծրատիպեր են կոտրում

Եթե չլինեին լրատվամիջոցները, ...


08-04-2020
Հայկական կոնյակը՝ հայկական սպիրտից, սա էլ՝ ՀՀ-ի եւ Արցախի խաղողի հատուկ սորտերից
Իսկ ինչ են վկայում այդ խմիչքի ու դրա ...


08-04-2020
Հայաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 881. ապաքինվել է ևս 27 քաղաքացի
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 28 նոր դեպք: Այս ...


08-04-2020
Հողի, գյուղացու ու կորոնավիրուսի մասին
Տարիներ առաջ զրուցում էի գյուղատնտեսության ոլորտի մի բարձրաստիճան պաշտոնյայի ...


08-04-2020
Հոգեւոր անկյուն
Ցանկանում ենք ներկայացնել, որ իմունիտետ ունենում է ոչ միայն ...


08-04-2020
Մաքսերի իջեցում, վարկերի տոկոսադրույքների զրոյացում…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է օգտատերերի հարցերին

Նախօրեին ...


08-04-2020
ՌԴ-ում աշխատանքային միգրանտների թիվը կնվազի
Հզոր հարվածի տակ հայտնված փոքր բիզնեսը չի կարողանա ...



08-04-2020
Իտալիան արդեն ոչ թե վիրուսից, այլ աղքատությունից է վախենում
Այս երկիրը հասել է սովի եւ սոցիալական ...

08-04-2020
Կունենանք թոքերի օդափոխման սարքերի սեփական արտադրություն
Հայ մասնագետներն արդեն գործի են ...

08-04-2020
Բանականության սահմանից այն կողմ
Կամ՝ երբ մշակույթն անգամ իր բարձրությամբ ...

08-04-2020
Հրապարակվել է ՖԻՖԱ-ում կոռուպցիայի գործով մեղադրական եզրակացությունը
ԱՄՆ Նյու Յորք նահանգի Արեւելյան շրջանի դաշնային ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +2... +4
ցերեկը +11... +13

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO