Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

17.10.2019
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ


Աննախադեպ երկար նիստերից մինչեւ ռեկորդային թվով հարցեր

ԱԺ փոխնախագահներն ամփոփեցին նստաշրջանը

ՀՀ յոթերորդ գումարման Ազգային ժողովի երկրորդ նստաշրջանն աչքի է ընկել աննախադեպ երկար տեւողությամբ նիստերով, կառավարության անդամներին ուղղված ամենաշատ թվով հարցերով, կարեւոր հարցերի սուր քննարկումներով։ Մեզ հետ զրույցում երկրորդ նստաշրջանի աշխատանքներն ամփոփելիս՝ նման տեսակետ հայտնեցին ԱԺ փոխնախագահներ՝ «Իմ քայլը» դաշինքը ներկայացնող Լենա Նազարյանն ու «Բարգավաճ Հայաստանը» ներկայացնող Վահե Էնֆիաջյանը։

Քառօրյա, թե վեցօրյա. ռեկորդային թվով հարցեր

«Քառօրյա նիստերը դարձել էին վեցօրյաներ, եւ մենք շաբաթվա ընթացքում չէինք կարողանում ավարտել բոլոր հարցերի քննարկումները, արդյունքում շարունակում էինք հաջորդ շաբաթ։ Պատգամավորները գրեթե բոլորը ներկա էին լինում հարցերի քննարկումներին, բուռն հարց ու պատասխաններ են եղել՝ ե՛ւ կառավարության, ե՛ւ ընդդիմության հետ։ Սա վկայում է այն մասին, որ խորհրդարանը հագեցած օրակարգով է աշխատել եւ շատ տարբեր հարցերով գտել է լուծումներ»,—նկատեց Նազարյանն ու հիշեց, որ կառավարության հարց ու պատասխանների ժամանակ գրանցվել է մինչեւ 45 պատգամավոր, եւ հարց ու պատասխանը տեւել է մինչեւ ժամը 20։30—ը։
Նա շեշտեց հատկապես տնտեսական հարցերի հանձնաժողովի աշխատանքը, որի նիստում քննարկվել են մեծ թվով հարցեր։ Տնտեսական հարցերի հանձնաժողովն ամփոփել է անցյալ 6 ամիսների աշխատանքը։ Անցած 6 ամիսներին ամբողջությամբ ընդունվել է 126 օրենքի նախագիծ, այդ թվում՝ 48 նախագծերի գլխադասային հանձնաժողովը եղել է տնտեսական հարցերի հանձնաժողովը։
Վահե Էնֆիաջյանն էլ նկատեց, որ նստաշրջանի սկզբնական փուլում ըստ էության տեղի էին ունենում խորհրդարանի ձեւավորման աշխատանքները, եւ այդ ժամանակում նստաշրջանի առաջին քառօրյա նիստերը որոշակիորեն պասիվ էին։ «Հետագայում բնականոն հունի մեջ ընկնելով՝ խորհրդարանական գործառույթները՝ օրենսդրական լուծումների առումով, արդեն բավականաչափ ակտիվացան։ Ընդ որում, մենք ունեցանք այնպիսի նիստեր, որ պետք է արձանագրենք, որ նախկինում նման տեւողությամբ եւ հագեցած օրակարգով երբեւէ չէին եղել։ Ռեկորդային ցուցանիշներով պատգամավորներ են գրանցվել կառավարության անդամներին հարց տալու, հայտարարություններ կատարելու համար»,—ասաց Էնֆիաջյանն ու ակտիվություն բավականին բարձր գնահատեց այդ փուլում։

Կառավարության նախագծերին միայն կողմ քվեարկելու սկզբունքային որոշում չունեն

Անդրադառնալով կառավարության եւ պատգամավորների կողմից ներկայացված օրենսդրական նախաձեռնությունների հարաբերակցությանը՝ Լենա Նազարյանը նկատեց, որ իհարկե մեծամասնությունը եղել են կառավարության նախաձեռնությունները։ Սակայն նա դա համարեց օրինաչափ։ «Բոլոր երկրներում հիմնականում օրենսդրական նախաձեռնությամբ հանդես է գալիս կառավարությունը, քանի որ գործադիր մարմին է եւ գործնականում շատ արագ է նկատում խոչընդոտները, որոնց վերացումն անհրաժեշտ է խնդիրներ լուծելու համար։ Սակայն խորհրդարանի դերն է՝ դառնալ այն հարթակը, որը պետք է հնարավորինս լայն բացի հարցը եւ ներկայացնի հանրությանը, հարցի քննարկման մեջ ընդգրկի շահագրգիռ կողմերին»,—ասաց նա։
Նազարյանը նշեց, որ կառավարության նախագծերին անկախ ամեն ինչից միայն կողմ քվեարկելու սկզբունքային որոշում չունեն. «Թե ինչ նախագիծ գալիս է լիագումար նիստերի օրակարգ, կողմ ենք քվեարկում»։ Սակայն այդպես չէ, ճանապարհին տարբեր օղակներ կան, որտեղ շատ դրույթներ փոփոխվում են։ Եթե կառավարությունից գալիս է մի նախագիծ, եւ հանրության արձագանքից տեսնում ենք, որ չի ընդունվելու, եւ կան խնդիրներ, հենց հանձնաժողովի մակարդակում սկսվում է կառավարության եւ շահագրգիռ կողմերի հետ քննարկումը։ Եվ հենց այդ փուլում է, որ հնարավոր է կառավարությունը հրաժարվի կամ փոխի նախագիծը։

Ընդդիմությունը չի անտեսվում

Նազարյանը նաեւ շեշտեց, որ կարծրատիպային կանխադրույթ չկա, որ եթե ընդդիմության նախագիծն է, ապա պետք է դեմ քվեարկեն։ Նա նշեց, որ չի տեսել մի նախագիծ, որը մերժվի չհիմնավորված կամ չպարզաբանված, նկատեց՝ միգուցե ընդդիմությանը չի բավարարել այդ բացատրությունը, բայց դա եղել է։
Ընդդիմադիր խմբակցության ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանն այդ հարցի վերաբերյալ շեշտեց, որ ընդդիմադիր երկու ուժերն էլ՝ ԲՀԿ եւ «Լուսավոր Հայաստան», կաշկանդված չեն իրենց դիրքորոշումը հայտնելու համար։ «Այս նստաշրջանի ընթացքում նման կարծիքներ հնչել են, թե ընդդիմության առաջարկները մերժվում են, ընդ որում՝ հարցն այնպիսի արձագանք ստացավ, որ վարչապետն անդրադարձավ ու ասաց, թե պարտադիր չէ, որ կառավարությունը կամ իշխանության ներկայացուցիչը լինի նախագծի հեղինակը, որ դրական եզրակացություն տան, կարող է ընդդիմության նախաձեռնությունն էլ դրական արձագանքի արժանանալ»,—ասաց Էնֆիաջյանն ու նկատեց, որ նման դրսեւորում եղել է։

Ինչու «Իմ քայլը» տապալեց Աննա Մարգարյանի ընտրությունը

Երկրորդ նստաշրջանի կարեւոր հարցերից էին Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընտրությունները, ընդ որում՝ խորհրդարանական մեծամասնություն ունեցող «Իմ քայլը» խմբակցության թեկնածու Աննա Մարգարյանը չընտրվեց՝ բավարար ձայներ չհավաքելով։
Լենա Նազարյանը դա հիմնավորեց նրանով, որ իրենց խմբակցության պատգամավորները գործուղման են եղել եւ չեն կարողացել ներկայանալ նիստին։ «Վերջերս Լյուքսեմբուրգում տեղի ունեցավ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի կարեւոր նիստ, որտեղ Իռլանդիայի մի պատգամավոր ներկայացրել էր բանաձեւի նախագիծ, որում ընդգրկված էին հակահայկական շատ անընդունելի ձեւակերպումներ։ Մեզ անհրաժեշտ էր, որ վեհաժողովի այլ երկրների պատգամավորները աջակցեին մեր առաջարկությունները այդ հակահայկական ձեւակերպումները նախագծից հանելու համար։ Եվ որպեսզի պատվիրակներին կարողանայինք համոզել, շատ պատգամավորներ մեկնել էին գործուղման՝ ընդ որում ընդամենը 24 ժամով։ Եվ այնպես է դասավորվել, որ այդ հանգամանքը խոչընդոտել է, որ մենք մեր ձայներով ընտրեինք այդ թեկնածուին, ինչի համար իրականում շատ եմ ափսոսում»,–ասաց Նազարյանը։
Սակայն նրա կարծիքով՝ ընդդիմությունը կարող էր ցուցաբերել իր աջակցությունը, մանավանդ այն դեպքում, երբ ինքը չէր լսել որեւէ տրամաբանական բացատրություն, թե ինչու չեն քվեարկել այդ թեկնածուի օգտին։
Վահե Էնֆիաջյանն այս հարցի վերաբերյալ նշեց, որ խմբակցությունով քննարկումների ժամանակ կաշկանդված չեն եղել խոսելու անկեղծ, բաց եւ հաշվի առնել ընդհանուր քննարկման արդյունքները։ Նա նշեց, որ խմբակցությունը հաճախ ազատ է թողնում պատգամավորներին իրենց քվեարկության համար, ուստի պատգամավորները փակ ու գաղտնի քվեարկությամբ են իրենց դիրքորոշումը հայտնել։

Վահե Գրիգորյան, ՍԴ, հակասական քննարկումներ. որտե՞ղ է իրականությունը

Երկրորդ նստաշրջանի կարեւորագույն իրադարձություններից մեկն էլ Սահմանադրական դատարանի դատավորի ընտրությունն էր, որին հաջորդեց դատավոր ընտրված Վահե Գրիգորյանի հայտարարությունը, թե ինքը ստանձնում է ՍԴ նախագահի լիազորությունները։ Այդ հայտարարությունը հակասական քննարկումների առիթ դարձավ։ Էնֆիաջյանը չցանկացավ մեկնաբանել Վահե Գրիգորյանի հայտարարությունը։ «Մեր իշխանության ճյուղերը պետք է իրենց հաստատուն տեղն ունենան, եւ Սահմանադրությունն ու օրենսդրությունը պետք է պահպանենք»,–ասաց Էնֆիաջյանն ու նկատեց՝ քաղաքական գործիչները կարող են դատական իշխանության մասին գնահատական տալ՝ միեւնույն ժամանակ չմոռանալով, որ դա իշխանության առանձին ճյուղ է։ Նազարյանը եւս զերծ մնաց խոր մեկնաբանություններ անելուց, նշեց՝ իրենք իրենց անելիքն արել են, ընտրել են իրենց համար ընդունելի թեկնածուին, մնացած մեկնաբանությունները պետք է անեն համապատասխան անձինք։

Հարկային օրենսգիրք. կողմ, թե դեմ

ԱԺ—ն երկրորդ նստաշրջանում լսումներից, երկարատեւ քննարկումներից հետո ընդունեց նաեւ Հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթը։ Քննադատություններ էին հնչում, թե նախագիծը ներկայացված նախնական տարբերակից հետո բազմաթիվ փոփոխություններ կրեց։ Նազարյանը, հակառակը, դա համարեց լավ նշան, որ կառավարությունը մանրամասն քննարկում է առաջարկները։
Էնֆիաջյանն անդրադարձավ հարցին, թե ինչու խմբակցությունով դեմ քվեարկեցին փաթեթին։ «Հայտարարվել էր, որ երկրում պետք է տեղի ունենա տնտեսական հեղափոխություն։ Եվ գտնում ենք, որ դրա լավագույն երաշխիքը պետք է ապահովի Հարկային օրենսգիրքը։ Այս առումով հիմնական, արմատական փոփոխությունները ըստ էության արձանագրված չէին դրանում, այդ պատճառով դեմ ենք քվեարկել»,—ասաց նա։

Պատգամավորները շեղվում են բուն թեմայից

Հանրության, տարբեր ուժերի կողմից երբեմն քննադատություններ էին հնչում, թե պատգամավորները հաճախ շեղվում են քննարկվող բուն թեմաներից։ Նազարյանն ու Էնֆիաջյանը միանշանակ նորմալ համարեցին։ Նազարյանի խոսքով՝ կա հստակ հարցերի օրակարգ, որոնք պետք է քննարկեն, բայց, երբ ինչ—որ պատգամավոր համարում է, որ կա հրատապ հարց, որի մասին պետք է խոսի, ապա իրավունք ունի շեղվելու հարցերից եւ ներկայացնելու այդ պահի հրատապ խնդիրը։ Էնֆիաջյանն էլ շեշտեց՝ պատգամավորն իրավունք ունի կարծիք, դիրքորոշում հայտնելու որեւէ հարցի հետ կապված։

Ամենակարեւորի մասին

Լենա Նազարյանը երկրորդ նստաշրջանի ընթացքում ընդունված ամենակարեւոր նախագծերից համարեց Հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթը, Մարտի 1—ի իրադարձությունների ժամանակ տուժած անձանց, հարազատներին աջակցություն տրամադրելու մասին նախագիծը եւ Արարատ Միրզոյանի նախագիծը, որով հնարավորություն է տրվում ընդդիմադիր խմբակցություններին առաջադրել ՏՄՊՊՀ եւ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամների թեկնածուներ։ Նա հույս հայտնեց, որ հաջորդ նստաշրջանն ավելի ակտիվ կլինի, քանի որ պատգամավորների մեծամասնությունը նոր էին, եւ պետք է մտնեին հունի մեջ։
Էնֆիաջյանն անդրադառնալով Արարատ Միրզոյանի՝ նշված նախագծին դեմ արտահայտվելու պատճառներին՝ նշեց, որ նախագծով ստացվում էր ոչ թե վերահսկողական, այլ մասնակցային գործընթաց էր տրվում։ «Գտնում ենք, որ ղեկավարի մակարդակով պետք է քվոտա ունենանք, որպեսզի կարողանանք լիարժեք վերահսկողական գործառույթներ իրականացնել։ Այս պարագայում ըստ մեր քաղաքական ուժի՝ կստացվեր պարզապես մասնակցային գործընթաց, իսկ մեր խորհրդարանական գործառույթները բավականաչափ են, որպեսզի արձանագրենք, բարձրաձայնենք հիմնախնդիրները»,—նշեց նա։

Ինչ սպասել ապագայում

Էնֆիաջյանը կարծում է, որ խորհրդարանն ունի դեռ չիրացված պոտենցիալ, որն առաջիկայում պետք է իրացնի։ Խմբակցությունը եւս ունի նախաձեռնություններ, որ դեռ պետք է իրականացնի։ Նա տեղեկացրեց, որ հաջորդ նստաշրջանում անպայման կազմակերպելու են խորհրդարանական լսումներ՝ օտարված եւ իրացված տարածքների հիմնախնդիրներին նվիրված, նշեց, որ արդեն բավականաչափ նյութեր պատրաստել են, ինքն անձամբ պարբերաբար այցելում է նման տարածքներ, բնակիչների հետ շատ ինտենսիվ շփման մեջ է։ Էնֆիաջյանը չբացառեց, որ լսումներից հետո մի քանի օրենսդրական նախաձեռնություններով հանդես կգան։
Աննա ԳՐԻԳՈՐՅԱՆ

12-07-2019





17-10-2019
Էթնիկ զտումների քաղաքականությունը շարունակվում է
«Թուրք զինվորները դեռ ծարավ են արյան...»

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Չնայած ...


17-10-2019
Երբ դժվար իրացվող գույքը էժան էլ չի վաճառվում
Օտարման ինչ փուլեր է առաջարկում պետգույքի կառավարման կոմիտեն

Արմենուհի ...


17-10-2019
Գայթակղությունները բազում էին, իսկ ինքը մենակ էր
Տիգրանը պատրանքներ չուներ, այլ ստեղծում էր պատրանքներ
 
Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am




17-10-2019
Սիրիահայերի հնարավոր վերադարձը Հայաստան կանխատեսելի է
Ամեն ինչ արվելու է մեր հայրենակիցների պատշաճ ընդունելության ...


17-10-2019
Թարգմանությունը՝ որպես մշակույթ եւ լեզվի մարզանք
Հայ ժողովուրդն իրավամբ պարծենալու տեղ ունի աշխարհում

Հայ ...


17-10-2019
Անհրաժեշտ փորձ ձեռք բերելու հրաշալի հարթակ
«Գիտական աստիճաններ. դեպի եվրոպական ստանդարտներ»

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


Բարձրագույն կրթության ...


17-10-2019
«Երբ ասում ենք ինովացիա, առաջին հերթին պետք է նկատի ունենանք մտքի, մտածողության ինովացիա, որը եւ իրականում փոխում է աշխարհը»
Վարչապետը մասնակցել է «Գլոբալ ինովացիոն ֆորումի» բացմանը

Վարչապետ ...



17-10-2019
Համանախագահները հանդիպել են Արցախի ղեկավարի հետ
Երեւանյան քննարկումները շարունակվել են ...

17-10-2019
Աղջիկ չունենալու վատ սովորույթը տեղի է տալիս
Հայաստանը դեռեւս սեռով պայմանավորված ...

17-10-2019
...Ասադը նույնպես վայելում է ՌԴ նախագահի աջակցությունը
Թուրքիայի նախագահը Մոսկվա է գնալու՝ ...

17-10-2019
Հաջողությունը պետք է վաստակել
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը, ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +26... +28

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO