Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

14.10.2019
ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


Կարեւոր ազդակներ Ադրբեջանին ԱՄՆ օրենսդիրներից

Ներկայացուցիչների պալատն ընդունել է հայանպաստ օրենքներ

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


Նախօրեին ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը 234 կողմ, 195 դեմ ձայներով հաստատել է կոնգրեսական Բրեդ Շերմանի նախաձեռնությունը, որով Նահանգներին արգելվում է այնպիսի զինատեսակներ վաճառել Ադրբեջանին, որոնք կարող են սպառնալ Ստեփանակերտի օդանավակայան ուղեւորվող քաղաքացիական ինքնաթիռների անվտանգությանը։ Իր ելույթում կոնգրեսականը հիշեցրել է, որ Ադրբեջանի իշխանությունները խոստացել են խոցել ցանկացած ինքնաթիռ, որը կփորձի վայրէջք կատարել Ստեփանակերտի օդանավակայանում։ Նա անգամ կողմ է ընդհանրապես արգելել Ադրբեջանին զենքի վաճառքը։
Օրենքի փոփոխությունը հստակ ուղերձ է Ադրբեջանին, որ Միացյալ Նահանգների կողմից անընդունելի են Արցախի երկնքում քաղաքացիական ինքնաթիռներ խոցելու կամ այդ մասին սպառնալիքներով հանդես գալու հայտարարությունները։
«Իմ քայլը» խմբակցության անդամ Տաթեւիկ Հայրապետյանը «ՀՀ»—ի հետ զրույցում նշեց, որ Ստեփանակերտի օդանավակայանի գործարկման հարցը պետք է մշտապես ներկա լինի մեր օրակարգում։ Օդանավակայանի գործարկումը տարբեր նպատակներով՝ այդ թվում՝ առողջապահական, ամբողջությամբ տեղավորվում է հումանիտար միջոցառումների շրջանակներում։ «Բաքուն շատ զգայուն է այդ հարցում, ուստի միայն ռիսկերը չեզոքացնելուց հետո պետք է գնանք այդ քայլին, քանի որ մեր երկիրն առաջնորդվում է մարդկային կյանքերի հանդեպ ունեցած պատասխանատվությամբ»,– ասաց նա՝ ընդգծելով, որ օդանավակայանի գործարկումը պետք է փոխկապակցվի ոչ թե Արցախի հակամարտության լուծման, այլ հումանիտար միջոցառումների, մթնոլորտի առողջացման, սպառնալիքների վերացման եւ նմանատիպ այլ քայլերի հետ։ Բնականաբար, Ադրբեջանը չի կարող արգելել քաղաքացիական օդանավերի թռիչքները եւ Ստեփանակերտի օդանավակայանի գործարկումը, սակայն երբ հնչում է ակնհայտ սպառնալիք, ապա միանշանակ պետք է զգուշավորություն ցուցաբերել եւ թռիչքներն իրականացնել միայն դիրքերն ամրապնդելուց հետո։
«Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Տարոն Սիմոնյանի համոզմամբ, Ադրբեջանի կողմից մեր՝ քաղաքացիական ավիացիայի օդանավ խոցելու հավանականությունը զրոյացնելու համար առաջին հերթին պետք է մենք ինքներս անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկենք այդ ուղղությամբ։ Իհարկե, միջազգային հանրության նման վերաբերմունքը կարող է ինչ—որ առումով հոգեբանորեն զսպող մեխանիզմ հանդիսանալ, բայց ճանաչելով հարեւան—հակառակորդի հոգեբանությունն ու վարքագիծը, նա մեկ անգամ եւս ընդգծեց, որ հիմնական զսպող միջոցը մեր ուժն է լինելու։
ԱՄՆ ներկայացուցիչների պալատի կողմից ընդունվել է նաեւ «Ազգային պաշտպանության բյուջետային հատկացումների մասին» օրենքում կոնգրեսական Ջուդի Չուի ներկայացրած փոփոխությունը, որը վերահաստատում է Արցախի եւ Ադրբեջանի զինված ուժերի միջեւ շփման գծում լարվածության թուլացմանը միտված «Էնգել—Ռոյս նախաձեռնության» կարեւորությունը։
Փաստաթուղթը նախատեսում է մասնավորապես շփման գծից հետ քաշել դիպուկահարներին, ծանր զինտեխնիկան եւ նոր զինատեսակները, ինչպես նաեւ ներդնել հրաձգությունների տեղորոշման համակարգեր եւ ընդլայնել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի անձնակազմը։ Արցախի Հանրապետության ԱԳՆ—ն արդեն իսկ ողջունել է այս որոշումները։
ԱՄՆ—ից եկող դրական ազդակներն առավել հետաքրքիր են դառնում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորությամբ սպասվող Նահանգներ այցի համատեքստում։ Նման զարգացումները Տարոն Սիմոնյանը պայմանավորում է Միացյալ Նահանգներում հայկական գործոնի ունեցած դրական դերակատարությամբ, երբ կարողանում ենք ճիշտ եւ թիրախավորված ներկայացնել մեր պահանջները ամերիկացի գործընկերներին։ «Պետք է օր առաջ ընդունել նման բանաձեւեր, որպեսզի զսպեն Ադրբեջանի ռազմական հռետորաբանությունը։ Միեւնույն ժամանակ այս ամենը տեղավորվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներսում ընթացող գործընթացների հետ, որի առաջնային նպատակներից է խաղաղության համար հիմքերի նախապատրաստումը։ Իսկ խաղաղության համար հիմքերը պատրաստ կլինեն, եթե տարածաշրջանում սպառազինության աճը բացառող որոշումներ ընդունվեն նաեւ համանախագահող երկրների կողմից։ Դրանով կկանխվի Ադրբեջանի հանցավոր ինքնավստահությունն առ այն, թե կարող է խնդիրները լուծել զենքի միջոցով»,– մեկնաբանեց պատգամավորը։
Միջազգային հանրությունն այսօր այն փուլում է գտնվում, որ չի ցանկանա այս տարածաշրջանում խաղաղության դեմ ուղղված գործողություններ սկսվեն։ Այստեղ, ըստ Սիմոնյանի՝ ներդաշնակեցվում են մի քանի մեծ տերությունների շահերը. նրանք միակարծիք են, որ չպետք է թույլ տալ զինված բախում Արցախի եւ Ադրբեջանի զինված ուժերի միջեւ։ Մյուս կողմից՝ Ադրբեջանի ռազմատենչ նկրտումները զսպող կարեւորագույն գործոնը ոչ թե միջազգային հանրությունն է, այլ՝ հայկական, այդ թվում՝ Արցախի Հանրապետության զինված ներուժը։ «Եթե Ադրբեջանը փոքր—ինչ վստահություն ունենար, որ կարող է հաղթել հայկական ուժերին, ապա հաշվի չէր նստի միջազգային հանրության արձագանքի հետ։ Չնայած մեր ուժերի հանդեպ ունեցած վստահությանը, այնուամենայնիվ չպետք է թուլացնենք մեր զգոնությունը։ Յուրաքանչյուր օր պետք է հետամուտ լինենք նոր սպառազինությունների ստեղծմանը, ապա նաեւ ձեռքբերմանը»,–ասաց նա։ Ժամանակակից աշխարհում նոր տեխնոլոգիաների առաջացման բովում անհրաժեշտ է միշտ մի քանի քայլ առաջ լինել հակառակորդից։ «Այսօր մենք որակով պետք է պայքարենք մեր հակառակորդի դեմ, որովհետեւ նա ունի թվային առավելություն։ Մեր որակական գերակայությունը նաեւ արտահայտվում է տեխնիկայի մեջ։ Միանշանակ է, որ մենք ունենք ռազմարդյունաբերությունը զարգացնելու անհրաժեշտ ներուժ»,–հավելեց Սիմոնյանը։
Զրուցակիցներիս համար ողջունելի է, որ ԱՄՆ—ի օրենսդիր մարմնի կողմից ընդունվում են այնպիսի նախագծեր, որոնք ուղղված են խնդիրը խաղաղ ճանապարհով լուծելուն։ «Ադրբեջանն ի վերջո պետք է հասկանա, որ միջազգային իրավունքում հիմնարար սկզբունքներից է ուժի կամ դրա սպառնալիքի չկիրառման սկզբունքը, որը չպետք է խախտվի»,–նկատեց Սիմոնյանը։ Տաթեւիկ Հայրապետյանն էլ շեշտեց, որ Ադրբեջանում պետք է հրաժարվեն պատերազմական կոչերից եւ ատելության հռետորաբանությունից, որոնք այլեւս ընկալելի չեն միջազգային հանրությանը, ավելին՝ արժանանալու են կոշտ քննադատության։ «Եթե համեմատություններ անցկացնենք վերջերս Եվրոպայի խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի տարածաշրջանային այցի ընթացքում Արցախի հիմնահարցում հնչեցրած դրույթների հետ, ապա հստակ պատկեր է ձեւավորվում, որ խաղաղությանը, հումանիտար միջոցառումներին եւ լարվածության թուլացմանը միտված մեր օրակարգն ամբողջությամբ ընկալելի եւ ողջունելի է։ Չենք կարող սահմանին շարունակ զոհեր ունենալ եւ միեւնույն ժամանակ արդյունավետ բանակցային գործընթաց ծավալել։ Դրանք համատեղելի չեն»,–ամփոփեց պատգամավորը։

13-07-2019





12-10-2019
Արցախի բարեկամները՝ Ստեփանակերտում
Պետականաշինության տեսլականը եւ արտաքին քաղաքական հրամայականները

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am


Ստեփանակերտում ...


12-10-2019
Պաշտպանե՛լ Սիրիան՝ հաջորդող պատերազմները կանխելու համար
Այլապես Թուրքիայի ախորժակը անհնար կլինի զսպել

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Մենք՝ ...


12-10-2019
Վարչապետի հանդիպումները Թուրքմենստանում
Մեկնարկել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Թուրքմենստան, հայտնում ...


12-10-2019
«Պետք է կարողանանք գտնել մեր ժողովուրդների միջեւ երկխոսության, փոխադարձ զիջման, վստահության եւ հարգանքի ուղիներ»
Վարչապետը մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի ...


12-10-2019
«Սեւան» ՄՀԿ
Աշտարակի մանկապատանեկան մարզադպրոցի գործունեությունը Արագածոտն մարզում

«Սեւան» գյուղական ...


12-10-2019
Արտասահմանյան երկրների, միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությունը
Արագածոտնի մարզպետարանը գործընկերային հարաբերություններ ունի տարբեր միջազգային կառույցների (ՄԱԿ, ...


12-10-2019
Պատմական ակնարկ
Արագածոտնի մարզը հիմնադրվել է 1996 թ.։ Մարզի տարածքը 2753 ...



12-10-2019
Կարեւոր է հասկանալ՝ ինչ դասեր է քաղում Ադրբեջանը
Իսկ Փաշինյանի նվերը Պուտինին ...

12-10-2019
Կենսական պահանջ եւ ոչ թե նպատակ
Շմավոն Շմավոնյանը նկարի պատմություն չի ...

12-10-2019
Յուրաքանչյուր հայ պետք է կարողանա սեփական քրտինքով սեփական հացը վաստակել
Ճանաչված բարերար ու գործարար Հրաչյա ...

12-10-2019
Հաղթեցին, բայց չտպավորեցին
Մինչեւ 21 տարեկան ֆուտբոլիստների Հայաստանի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +26... +28

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO