Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

19.08.2019
ԼՂՀ


Հայության ուշադրությունը վերստին սեւեռվում է Արցախի վրա

Համահայկական 7-րդ ամառային խաղերի մեկնարկին քիչ ժամանակ է մնում

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am


Ընդամենը մեկ ամիս առաջ Արցախի մայրաքաղաքում Չճանաչված երկրների ֆուտբոլի ասոցիացիաների կոնֆեդերացիայի հովանու ներքո տեղի ունեցավ ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը՝ մարզիկների ու հանդիսատեսների վրա թողնելով անմոռանալի տպավորություններ։ Եվ ահա Արցախում վերստին մարզական մեծածավալ միջոցառման են սպասում։
Շուտով Ստեփանակերտի Ս. Շահումյանի անվան բազմահազարանոց կենտրոնական մարզադաշտում տրվելու է Համահայկական 7—րդ ամառային խաղերի մեկնարկը։ Իսկ որպեսզի արձագանքները նախորդի պես լինեն բացառապես դրական ու տպավորիչ, անակնկալներով լի, թե կազմակերպիչները եւ թե տանտերերն ամիսներ առաջ են ձեռնամուխ եղել նախապատրաստական աշխատանքներին՝ տեսադաշտից դուրս չթողնելով վճռորոշ եւ ոչ մի հանգամանք։
Այդ նպատակով Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանի գլխավորած պատվիրակությունը մի քանի անգամ այցելել է Ստեփանակերտ եւ հանդիպել ԱՀ նախագահ Բակո Սահակյանին եւ պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանին, որը, որպես կազմկոմիտեի ղեկավար, համակարգում է մարզական մեծ տոնի կազմակերպչական աշխատանքները։
Գ. Մարտիրոսյանը, շեշտելով Համահայկական 7—րդ ամառային խաղերի կարեւորությունը Արցախի մարզամշակութային եւ սոցիալ—տնտեսական կյանքում, գտնում է, որ բոլոր ջանքերը պիտի գործադրվեն «հյուրերին ավանդապահ արցախցուն վայել պատշաճ մակարդակով ընդունելու եւ ոգեշնչելու համար»։ Խոստանալով միջոցառման բացման հանդիսավոր արարողությունը կազմակերպել միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան, պետնախարարը կազմկոմիտեի անդամներին, բոլոր գերատեսչությունների պատասխանատուներին հանձնարարել է ավելի մեծ ուշադրություն հրավիրել նախապատրաստական աշխատանքներին եւ ամեն ինչ անել կազմակերպված ու համակարգված։ Նա դրական է որակել ոչ միայն հանրապետական, այլեւ Ասկերանի, Մարտունու, Մարտակերտի քաղաքային մարզադաշտերում իրականացված վերակառուցման ու բարեկարգման աշխատանքները, «որոնք այսօր պահանջված են միջազգային նման խաղերի եւ մրցաշարերի անցկացման համար»։ Բարելավվել են բոլոր ենթակառուցվածքները, նորոգվել երկրի տարանցիկ ճանապարհները։ Այդ տեսանկյունից հատկապես աչք են շոյում մայրաքաղաք Ստեփանակերտում ու հանրապետության մյուս քաղաքներում՝ խորհրդանշական մարզական տոնին նվիրված ցուցապաստառներն ու մեծադիր նկարները, որոնք ազդարարում են խաղերի մասին։ Ժամանակին հոգ է տարվել նաեւ հյուրանոցների, գիշերավարձի հետ կապված խնդիրների, մեծ թվով կամավորների ընդգրկման ուղղությամբ։
Արդեն մի քանի օր է, ինչ Ստեփանակերտի կենտրոնական մարզադաշտում Համահայկական խաղերի հանդիսավոր բացման ու մշակութային ծավալուն միջոցառման փորձեր են ընթանում, որոնց մասնակցում են շուրջ 1500 արհեստավարժ պարողներ, դերասաններ, մարզիկներ եւ կամավորներ։ «Առավոտից մինչ երեկո ընդարձակ հրապարակում ստեղծագործական տքնաջան աշխատանքները չեն դադարում, եւ փորձերի ժամանակ նոր մտահղացումներ եւ գաղափարներ են ծնունդ առնում։ Յուրաքանչյուրը ձգտում է արժանապատվորեն ներկայանալ հանդիսականներին ու հաճելի տպավորություններ թողնել,–ասում է մարզամշակութային մեծ միջոցառման գլխավոր ռեժիսոր Ռուբեն Հովհաննիսյանը, որը շատ է կարեւորում մարզատոնի մեկնարկին պատշաՃ նախապատրաստվելու հանգամանքը։–Ամեն ինչ պիտի լինի գեղեցիկ ու ներդաշնակ, գեղարվեստական դրվագներով, ուշագրավ տեսարաններով ու արարներով, երաժշտական ձեւավորումներով հագեցած»։ Հատկանշական է, որ գլխավոր փորձերին պետնախարար Գ. Մարտիրոսյանի եւ Ի. Զաքարյանի ուղեկցությամբ հետեւել է նաեւ Բակո Սահակյանը։
Մարզասերներին ու երաժշտասերներին մեծ անակնկալներ է խոստանում Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահը՝ չշտապելով մանրակրկիտ բացել փակագծերը։ «Վստահեցնում եմ, որ հանդիսավոր բացման արարողությունը լինելու է բոլորի համար շատ սպասված եւ տպավորիչ,–ճեպազրույցի ժամանակ նշեց նա։–Իմ մտահոգությունը հյուրերի եւ միջոցառման մասնակիցների ընդհանուր թվի հետ է կապված, միայն Համահայկական խաղերի ներկայացուցիչների թիվն անցնում է 5 հազարից։ Ու եթե հաշվի առնենք մարզասերների պահանջը, ակնհայտ է դառնում, որ շքերթի արարողությանը կենտրոնական մարզադաշտը բոլորին չի տեղավորի»… Եվ որպես խնդրի համակարգման «ընդունելի տարբերակ», Ի. Զաքարյանը առաջարկում է հանդիսատեսի մեծ հատվածի համար բացման արարողությունը ուղիղ միացմամբ մեծ էկրանների վրա ցուցադրել Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում։
Ամառային խաղերի մասնակիցներն իրենց ուժերը կչափեն 17 մարզաձեւերում, որոնցից 6—ի մեկնարկը (շախմատ, ֆուտբոլ, բազմամարտ, վոլեյբոլ, սպորտային պարեր, հեծանավազք) կտրվի Արցախում։ Ընդ որում, գլխավոր մրցավար Դերենիկ Գաբրիելյանն ընդգծեց. «Մրցումները չեն կենտրոնանալու միայն մայրաքաղաք Ստեփանակերտում ու դրանց մի մասը կանցկացվեն Մարտունի, Մարտակերտ եւ Ասկերան շրջկենտրոններում, որտեղ վերակառուցված մարզադաշտերը լիովին համապատասխանում են ժամանակի պահանջներին»։
Երեկ հրավիրված կառավարության նիստում, որ վարում էր նախագահ Բակո Սահակյանը, երկրի ղեկավարը գերատեսչությունների ղեկավարների ուշադրությունը նորից հրավիրել է Համահայկական խաղերն Արցախում բարձր մակարդակով անցկացնելու խնդրին, կարեւորել մարզական միջոցառման ռազմավարական նշանակությունը։
Հավելենք, որ Համահայկական մարզական խոշոր տոնակատարության մեկնարկը կտրվի օգոստոսի 6—ին։
Ստեփանակերտ

17-07-2019





01-08-2019
Ինչպե՞ս դառնալ ներդրող
Բնակելի շենքի կառուցապատման գործընթացից կարելի է շահույթ ստանալ ...


01-08-2019
«Աշխարհս առանց իշխանութեան չի կառավարուիր»
Մկրտիչ Ա Վանեցի Ամենայն հայոց կաթողիկոսը (1820–1907) համոզված էր, ...


01-08-2019
Հնարավոր չէ առանց պատժվելու այլասերել բառերը
Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am


Կամյուին կարելի է համարել 20-րդ դարի ...


01-08-2019
Արեւայրուք ստանալ բակում «բուրդ չփխելո՞վ», թե՞ լողափին
Հանգստի ամեն տեսակ էլ կարող է լավագույնը լինել

Թամարա ...


01-08-2019
Թավշյա հեղափոխությունը բացառապես ներքին խնդիր էր
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը Մարշալի հիմնադրամին



01-08-2019
Թարմ մսի սպանդանոցային ծագման պահանջ՝ այսօրվանից
Տեսչական մարմինը մշտադիտարկում է սկսում հանրային սննդի կետերում

Արմենուհի ...


01-08-2019
Ժամանակ ու սերունդներ կապող մարդ-մշակույթ էր
ՀՀ ժողովրդական արտիստ, բեմադրիչ Երվանդ Ղազանչյանի վախճանը մեծ ...



01-08-2019
Եղիշե Չարենցը պաշտում էր Արեւելքը
Վաղը բանաստեղծի տուն-թանգարանում կբացվի ...

01-08-2019
Այվազովսկուց մինչեւ Սալվադոր Դալի
Ի՞նչ են սովորում ՀԱՊ-ի ամառային ...

01-08-2019
Արոտների ջրարբիացումից՝ ճանապարհների վերակառուցում
Ի՞նչ խնդիրներ են լուծվում Ամասիա ...

01-08-2019
Մեդալներն արդեն նշմարվում են
Եվրոպայի երիտասարդական առաջնությանը ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +37... +39

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO