Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

14.11.2019
ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ


Ապօրինի պայմաններ պարտադրելու փորձերին՝ ամենակոշտ հակազդեցություն

Ինչ գնահատական տվեց Իջեւանի վերջին դեպքերին կառավարությունը

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


«Օպերատիվ տվյալներ ունենք, թե ովքեր են վառելափայտի բիզնեսների ղեկավարները։ Եվ այո, ոստիկանության աշխատակից էլ է մասնակից»,–երեկ կառավարության նիստից հետո լրագորղների հետ ճեպազրույցում հայտարարեց փոխոստիկանապետ Վարդան Մովսիսյանը։
Ի դեպ, գործադիրը երեկվա նիստում մինչ օրակարգի հարցերին անդրադառնալը քննարկեց Իջեւանում տեղի ունեցած դեպքերը։ Կառավարության նիստից հետո էլ բանախոսների հետ լրագրողներիս զրույցը նույն թեմայով էր։ Ներկայացնենք, սակայն, հերթականությամբ։
Նախ՝ նիստի հենց սկզբում վարչապետ Նիկոլ Փաշինյանը շեշտեց, որ Իջեւանում «անթույլատրելի զարգացումներ են տեղի ունեցել». ապօրինի ծառահատումներով զբաղվող քաղաքացիների կազմակերպած ակցիայի մասնակիցները չեն ենթարկվել ոստիկանության օրինական պահանջներին եւ մարմնական վնասվածքներ են հասցրել ոստիկաններին։ 12 ոստիկան վնասվել է, բարեբախտաբար, ոչ շատ ծանր, 2 քաղաքացի էլ է վնասվել։ Այսպիսով, ըստ գործադիր իշխանության ղեկավարի, ապօրինի ծառահատումներ իրականացնող անձինք փորձել են ապօրինի պայմաններ պարտադրել կառավարությանը։ «Միանգամից ասեմ, որ կառավարությանն ապօրինի պայմաններ պարտադրելու որեւէ փորձ արժանանալու է ամենակոշտ հակազդեցության»,–նշեց վարչապետը։
Ոստիկանության պետի տեղակալ Վարդան Մովսիսյանի գնահատականն էլ նույնն էր՝ ծառահատումներն ապօրինի էին։ Եվ այդ ապօրինի ծառահատման կանխման շրջանակում միջոցառումներ էին իրականացվում Լոռու եւ Տավուշի մարզերի տարածքներում։ Տեղավորվել էին անշարժ պահակակետեր՝ այն կարեւոր ուղիներով, որոնցով կարող էին արտահանվել այդ ապօրինի ծառահատված քանակները, որը դժգոհություն էր առաջացրել այդ հատվածի մոտ, ովքեր զբաղվում են ապօրինի ծառահատումներով, եւ նրանք փողոց փակելու միջոցով ուզում էին իրենց հարցերը կարգավորել։ Հուլիսի 17—ին Իջեւան քաղաքում մի քանի անգամ փակվեցին եւ բացվեցին Իջեւան—Վրաստան մայրուղին եւ Իջեւանի Երեւանյան փողոցը։ «Մոտ 500 անձ պահանջ էր դրել կառավարությանը, որպեսզի հանեն այդ անշարժ պահակակետերը եւ թույլ տան իրենց այդ ապօրինի ծառահատված քանակն արտահանել մարզերից, բնականաբար, երեւի վաճառքի նպատակով։ Ժամը 18։00—ի շրջանում չենթարկվելով ոստիկանության օրինական պահանջներին եւ փակելով մայրուղին, ոստիկանությունն օրենքի շրջանակում պատնեշ էր կազմել, եւ ուզում էինք բացել փողոցները։ Այդտեղ տեղի ունեցավ բախում, եւ այդ բողոքավոր հատվածը՝ քարերով, փայտերով, մահակներով, վնասվածքներ պատճառեց մեր մի խումբ ոստիկանների։ 8 հոգի այժմ հոսպիտալացված են ոստիկանության հոսպիտալում, վիճակը բավարար է, 2—ը կմնան, 6—ը կլինեն ամբուլատոր հսկողության տակ։ Եվ այդ պարագայում ոստիկանության պետը որոշում կայացրեց ավելի ուժեղացված ծառայություն իրականացնել տեղում»,–կառավարությանը դեպքերի ընթացքը ներկայացնելով՝ փոխոստիկանապետն ասաց, որ ոստիկանապետը Իջեւանում է, եւ ոստիկանության զորքերից մի մասն էլ է տեղափոխվել Իջեւան։
Բանակցություններ են վարվել ակտիվիստների հետ (դարձյալ ըստ փոխոստիկանապետի), որի ընթացքում նույն ձեւով ներկայացվել է պահանջ՝ պահակակետերը հանելու։ Ոստիկանության պետը բացառել է, սակայն, անօրինական ձեւով այդ հարցի լուծումը եւ հորդորել է բացել փողոցները։
Մի խոսքով՝ քննչական կոմիտեում քրեական գործ է հարուցվել։ Բերման է ենթարկվել 19 անձ։ 13—ը ձերբակալված են, մնացածը ստորագրությամբ բաց են թողնվել։
Վարչապետը փոխոստիկանապետին դիմելով նախ ասաց, որ «տվյալ դեպքում ակտիվիստ բառն օգտագործելն այդքան էլ պատեհ չէ» եւ ապա հարցրեց. «Ես գիտեմ, որ պոտենցիալ բերման ենթարկվողների ցանկն ավելի լայն էր, շուրջ 36 հոգի, առավել եւս կազմակերպիչները պետք է բերման ենթարկվեին։ Մյուսներն ո՞ւր են»։
Ոստիկանության պետի տեղակալ Վարդան Մովսիսյանը պարզաբանեց, որ նրանք բացակայել են բնակության վայրից, ու հիմա աշխատանքները շարունակվում են նրանց հայտնաբերելու ուղղությամբ։
«Բացառե՞լ եք նրանց՝ հանրապետության տարածքը լքելը»,–հետաքրքրվեց վարչապետը։ «Այո. բացառել ենք»,–համառոտեց փոխոստիկանապետը։
Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Սամվել Ավետիսյանը մանրամասնեց, որ կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ 258 հոդվածի խուլիգանության եւ ոստիկանության աշխատակիցներին դիմադրություն ցույց տալու հատկանիշներով։ Քննչական կոմիտեի նախագահի հանձնարարությամբ գործն անմիջապես հանձնարարվել է ՔԿ հատուկ կարեւոր գործերի քննության գլխավոր վարչությանը։

Ինչու են բողոքավորները թուղթ ուզում

Խնդրո առարկայի շուրջ որոշ պարզաբանումներ ներկայացրեց նաեւ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը։
Ըստ այդմ (գնահատականներն ու բնորոշումները նախարարինն են)՝ ԱԺ—ն մեկ շաբաթ առաջ ընդունել է քրեական եւ վարչական օրենսգրքերում փոփոխություն իրականացնելու մասին օրենսդրական փաթեթը, որով առաջին անգամ քրեականացվեց ապօրինի անտառահատման ժամանակ վարչական իրավախախտումից հաջորդ դեպքի ժամանակ քրեականին անցնելը։ Մի քանի շատ էական փոփոխություններ նախատեսվեցին, եւ այդ փոփոխությունների փաթեթը մշակվել է դատախազության եւ ՔԿ—ի հետ։ Այդ փաթեթի ամբողջ էությունն այն էր, որ մինչ այժմ օրենսդրական այն սողանքները եւ բաց տարածքները, որոնք կային եւ որոնց միջոցով հնարավոր էր անընդհատ, պարբերաբար հատումներ կատարել եւ բռնվելու դեպքում միայն վարչական որոշակի վճարումներ անելով ազատվել, այս փոփոխություններն ամբողջությամբ փակում են դա։ Սահմանվել են ե՛ւ կազմակերպված գործունեության հետ կապված, ե՛ւ շահադիտական նպատակով տեղափոխման հետ կապված հարաբերությունները, որոնք մինչ այժմ կանոնակարգված չէին, ինչպես նաեւ վարչականից քրեականին անցումը։ «Երեկ նաեւ այդ ակցիայի ժամանակ բազմիցս մասնակիցների կողմից շեշտվեց, որ օրենսդրական փոփոխություններ են եղել, քրեականացվել են արդեն որոշ հարցեր, եւ իրենց բարձրացրած հարցերը, ըստ էության, վերաբերում էին թուղթ ունենալուն՝ թուղթ»,–նշեց Էրիկ Գրիգորյանը։
Որպեսզի թղթով փայտի ապօրինի ծավալները դեպի ոչ անտառապատ տարածքներ տեղափոխել կարողանան։
Որպեսզի տարակարծություն չլինի, նախարարը հստակեցրեց. խոսքը անտառապատ տարածքներում մարդկանց վառելափայտով ապահովելու հարցի մասին չէ, որովհետեւ նրանց անվճար տրամադրվում է թափուկ վառելափայտ։ Նախորդ տարի էլ շատ մեծ ծավալով տրվել է։ Բացի այդ՝ կան հնարավորություններ, որպեսզի մարդիկ, որոնք այնտեղ ապրում են, իրենց վառելիքի չափը որոշակիորեն կարողանան բավարարել։
Այդ դեպքում՝ ո՞րն է ակցիայի նպատակը։ «Ամբողջ ակցիայի նպատակն է՝ հնարավորություն ստանալ տեղափոխելու վառելափայտը եւ փայտը ընդհանրապես։ Իսկ ոստիկանության եւ տեսչական մարմնի կողմից դրված այդ պահակակետերը խոչընդոտում են այդ գործընթացը։ Եվ բացի այդ, այն փաստաթղթերը՝ անտառահատման տոմսերը, որոնք երկար տարիներ օգտագործել են, ենթադրենք 8 խմ կամ 5 խմ համար մեկ անտառահատման տոմսով ամիսներ շարունակ անընդհատ շրջանառել եւ ցույց են տրվել իբր օրինական գործունեություն, դա նույնպես ոստիկանության ու տեսչական մարմնի կողմից արդեն ֆիքսվում է եւ հնարավոր չէ երկրորդ անգամ օգտագործել։ Այսինքն՝ առկա են մի շարք գործոններ, որոնք էականորեն դժվարացնում են ապօրինի անտառահատման հետ կապված շարժը»,–նշեց Էրիկ Գրիգորյանը։
Նկատենք, որ շրջակա միջավայրի նախարարը ե՛ւ կառավարության նիստում ասաց, ե՛ւ նիստից հետո լրագրողների հետ զրույցում մանրամասնեց, որ այս պահին տասնյակ քրեական գործեր են հարուցված տարբեր անտառտնտեսություններում։ «Սա ընդհանուր, նաեւ Հայաստանի համար կենսական նշանակության հարց է եւ ոչ միայն անտառի»,–շեշտեց նախարարը։ Որովհետեւ անտառի այս լայնածավալ ու հսկայածավալ հատումները հանգեցնում են այլ խնդիրների՝ ջրերի հետ կապված, ոռոգման հետ կապված։ Ձեւախեղված (դեգրադացված) անտառները բոլորիս են դժվար վիճակի առաջ կանգնեցնելու։
Վարչապետը նախարարի դիտարկումը տեղին համարելով՝ հստակեցրեց. «Ոչ մի կոմպրոմիս չի լինելու։ Ես շատ հստակ խնդիրը դնում եմ իրավապահ համակարգի առաջ։ Հայաստանի կառավարության հետ որեւէ մեկը չի կարող շանտաժով խոսել, եւ սա գործնականում կյանքի կոչելը իրավապահ համակարգի խնդիրն է»։ Նաեւ խնդիր կա մարդկանց բացատրել, որ անտառը չկտրելով՝ իրենք կարող են ավելի մեծ գումարներ վաստակել։ «Իջեւանում, Լոռիում, Նոյեմբերյանում, Բերդում մարդիկ կան, որ 30 տարի անտառ կտրելով են զբաղված, շարքային քաղաքացիները ինչպես աղքատ եղել են, այդպես էլ շարունակում են աղքատ մնալ, նրանց կյանքում ոչ մի բան չի փոխվում։ Այո, շատ փոքր խումբ մարդիկ՝ մի քանի հոգի, նրանց աշխատանքի եւ, ըստ էության, նրանց շահագործելու արդյունքում հարստանում են, բայց այն բուն, այն սեւագործ մարդկանց կյանքում վերջին 30 տարում ոչ մի բան չի փոխվել. ինչպես եղել են խեղճ ու կրակ, այդպես էլ մնացել են խեղճ ու կրակ։ Եվ այս փաստը պետք է վկայի մեզ բոլորիս, որ գնում ենք սխալ ճանապարհով։ Պետք է այդ անտառը մեզ համար լինի ոչ թե ոչնչացման միջոցով ինչ—որ նյութական միջոցներ ձեռք բերելու միջոց, այլ, ընդհակառակը, անտառի պահպանման միջոցով պետք է մենք կարողանանք նյութական միջոցներ գեներացնել»,–եզրափակեց վարչապետը։
Թեմայի քննարկումը շարունակվեց այլընտրանքային վառելիքի արտադրության հարցի շուրջ։

Ինչ է պատկերում անտառահատումների վիճակագրությունը

Որոշ թվեր խնդրեցինք Էրիկ Գրիգորյանից՝ անտառահատումների պատկերը ամբողջացնելու համար։
Ըստ տարբեր փորձագիտական տվյալների՝ ապօրինի ծառահատումները տարեկան 500 հազար խմ—ից մինչեւ 1 մլն խմ—ին են հասնում։ Շուրջ 40 մլն դոլար շրջանառությամբ գործողության մասին է խոսքը։
Ապօրինի ծառահատողների անուններ նախարարը չի կարող տալ։ «Սյունիքում տասնյակ անտառապահներ կան, որոնց նկատմամբ հարուցված են քրեական գործեր, բայց անձը, որ պետք է լինի այդ ամբողջ համակարգի հետեւում, դա իրավապահ մարմինների կողմից ներկայացվող տեղեկություն պետք է լինի։ Ես առանց որեւէ հիմնավորվածության որեւէ անուն չեմ նշի, որովհետեւ չեմ կարծում, թե ես ունեմ այդ իրավունքը»,–պարզաբանեց նա։
2019թ. օրինական հատումների ծավալը, մասնագետների ներկայացմամբ, ընդամենը 17 հազար խորանարդ մետր է եղել։ Մնացածն ապօրինի հատումներ են, գործում է մեծ շրջանառության ստվերային հսկայական կառույց, որի դեմ են այս բոլոր՝ կադրային, ոստիկանության, տեսչական մարմինների աշխատանքի, օրենսդրական փոփոխությունները միտված, որպեսզի ապօրինի ծառահատման համակարգն ուղղակի վերանա։
Ի միջի այլոց, բանախոսը հայտնեց, որ Սյունիքի անտառտնեսություններում հիմնականում անտառահատումներ չկան, մեծամասամբ նվազել են, իսկ Տավուշում ու Լոռիում, մի քանի խնդրահարույց անտառտնտեսություններ կան, որոնցից մեկն էլ հենց Իջեւանի անտառտնտեսությունն է, որտեղ 10 օր առաջ կադրային փոփոխություն է արվել, ղեկավարը փոխվել է։
Ինչ վերաբերում է ապօրինի անտառահատումների վիճակագրությանը. նախարարի խոսքերով՝ երկար տարիների ընթացքում ձեւական վիճակագրություն է ներկայացվել։ Նշվել է, որ ապօրինի հատվել է 100 կամ 1000 ծառ, մինչդեռ դրանք շատ սահմանափակ թվեր են։ «Վիճակագրական տեսակետից ամեն ինչ ավելի վատ է, իսկ իրականության տեսակետից ապօրինի անտառահատումների ծավալը նվազում է էականորեն, բայց բացահայտումները պետք է ամբողջական լինեն»,–ասաց շրջակա միջավայրի նախարարը։

Ովքեր են փայտի բիզնեսի ղեկավարները

Ոստիկանությունն ունի օպերատիվ տվյալներ՝ ովքեր են վառելափայտի բիզնեսների ղեկավարները, սակայն դեռեւս այդ տվյալները չեն կարող հնչեցնել։
Կառավարության նիստից հետո լրագրողներին տեղեկացրեց ոստիկանապետի տեղակալ Վարդան Մովսիսյանը՝ երկրորդելով, որ ստեղծված իրավիճակում սոցիալապես անապահովության խնդիր չկա, խոսքն ապօրինի անտառահատման մասին է, որն իրականացվում է բիզնեսի համար. «Այսինքն՝ այդ վառելանյութը բերել, վաճառել են այն վայրերում, որտեղ չկան անտառներ։ Փայտի այն քանակը, որը գյուղացիներն օգտագործում են իրենց համար, բավարար է իրենց»։
Բերման ենթարկվածների մեջ կա՞ն մարդիկ, որոնք այդ բիզնեսով են զբաղվում։ Հարցին ի պատասխան համառոտեց. «Չեմ կարող ասել, դեռ ուսումնասիրվում է»։
Փոխոստիկանապետը հաստատեց՝ կոռուպցիոն սխեմաներ կարող են լինել։ Այդ գործով ԱԱԾ—ն քննություն է իրականացնում։ «Քննությունն ավարտված չէ, բայց այո՛, ոստիկանության աշխատակից է մասնակից եղել նման պրոցեսում, եւ հիմա ինքը քննության տակ է գտնվում»,–ասաց եւ հստակեցրեց՝ մեկ ոստիկանի մասին է խոսքը։
Իջեւանում ոստիկանների նկատմամբ կիրառված ուժը ոստիկանության թուլության նշա՞ն է։ «Ոստիկանությունն իր գործողություններն իրականացնում է օրենքի սահմաններում»,–համառոտեց փոխոստիկանապետը։
Եվ եզրափակեց. անտառներում անշարժ պահակակետերում հսկողությունն ուժեղացվելու է, ոստիկանապետի հրամանով էլ ոստիկանական խմբեր են տեղափոխվել այնտեղ։ Վիճակը կայուն է, բայց կարող են լինել անցանկալի իրավիճակներ, որոնք պետք է վերահսկողության տակ պահել։

19-07-2019





13-11-2019
Կարո՛ղ ենք տալ «հայկական ջրային դարաշրջանի» մեկնարկը
Մեզ մնում է ճիշտ կառավարել մեր պաշարները

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am




13-11-2019
Երախտիքի տո՞ւրք արժանավորներին, թե՞...
Ինչպես ենք պատվում եւ հավերժացնում մեր անվանիների հիշատակը

Լիանա ...


 
13-11-2019
ԱՌՁԵՌՆ ԱՌԱԾԱՆԻ
«Ես աղա, դու աղա,
բա մեր աղունն ո՞վ աղա»



 
13-11-2019
Վաղվա քաղաքի թաքնված դեմքը
Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am


Ընդունված է կարծել, թե հին հույներին է ...


13-11-2019
Մենք հարյուր մեկ տարեկան ենք…
Հետաքրքիր մանրամասներ գործակալության «ծննդի» եւ առաջին քայլերի մասին



13-11-2019
Նիկոլ Փաշինյանը եւ Աննա Հակոբյանը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ում
Աշխատանքային այցով Փարիզում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա ...


13-11-2019
«Հնարավորությունների տոնավաճառ»
Բաց հարթակ գործատուների եւ աշխատանք փնտրողների միջեւ




13-11-2019
Շեմը հեշտ է, ուսուցումն անվճար՝ անկախ առաջադիմությունից
Նպատակային ուսուցումն իր առաքելությունն ...

13-11-2019
Ակնայում հայկական նոր խաչքար է հայտնաբերվել
Այն իրեղեն ապացույց է՝ ընդդեմ պատմության ...

13-11-2019
Տարածաշրջանը՝ համաշխարհային շահերի բախման թատերաբեմ
Երբ միջազգային օրակարգն ուրվագծվի, ...

13-11-2019
Հայկական վոլեյբոլն աննախանձելի վիճակում է
Բեկումնային կարող է լինել Վրաստանի հետ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +25... +27

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO