Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

12.12.2019
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


Համակարգի անվտանգության մակարդակը՝ բարձր եւ հուսալի

Հարցազրույց տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի էներգետիկայի գծով տեղակալ Հակոբ Վարդանյանի հետ

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


–Միջուկային, ջերմային ու հիդրո էներգետիկայի ճյուղերից հետո գանք արեւային էներգետիկային։ Այստե՞ղ ինչ պատկեր է գծվում։
–Հետաքրքիր ճյուղ է շատ։ Երկու տարի առաջ կառավարությունը թույլ տվեց ֆիզիկական անձանց՝ առանց լիցենզիայի մինչեւ 150 կՎտ հզորությամբ, իրավաբանական անձանց՝ մինչեւ 500 կՎտ հզորությամբ կայաններ ունենալ, միանալ ցանցին, ավելցուկային էներգիան վաճառել ցանցին կամ կուտակել՝ անհրաժեշտության պարագայում հետ ստանալու պայմանով։ Երկու տարի առաջ ընդհանուր 10 Մվտ—ի լիցենզիա է տրվել 12 կայանի կառուցման համար։ Սրանցից 8—ն արդեն ցանցում են՝ մինչեւ 1 Մվտ հզորությամբ։ Նախորդ հոկտեմբերին էլ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը թույլատրեց եւս 100 Մվտ ընդհանուր հզորութամբ մինչեւ 5 Մվտ—անոց կայաններ կառուցել։ Որեւէ մեկը դեռ կառուցված չէ, լիցենզավորման փուլում է։ Բայց տենդենցը թույլ է տալիս ենթադրելու՝ շատ հետաքրքիր բիզնես է։ Այս պահին ֆինանսական ամփոփման փուլում է «Մեծ Մասրիկ» արեւային կայանի կառուցման ծրագիրը՝ 55 Մվտ—անոց։
–Պետությունը մտածում է արեւային էներգետիկան զարգացնելու մասին։ Բայց մենք ռեժիմային սահմանափակում ունենք կարծես։
–Այո, այս պահին 200 ՄՎտ—ից ավելի հնարավոր չէ բալանսում պահել։ Երբ պատրաստ լինեն Հայաստան—Վրաստան, Հայաստան—Իրան միջսահմանային գծերը, գործեն Իրանի հետ նախնական պայմանագրերը (տարեկան մինչեւ 7 մլրդ ԿՎտ.ժամ էլէներգիա արտահանման ծավալով), այդ ժամանակ հնարավորություն կունենանք արեւայինի 500—600 ՄՎտ բազիսում ունենալու եւ արտահանելու Իրան։ Իսկ այս պահին գծերի թողունակությունը թույլ չի տալիս ավելի ճկուն լինել։ Հողմային էներգետիկայից առանձնապես խոսելու բան չկա, մեկ կայան ունենք։ Հեռանկարների ու ներուժի մասին ինքներդ էլ բազմիցս խոսել եք։
–Երկրաջերմային էներգետիկան զարգացնելու մասով ժամանակին քայլեր արվեցին. հորատումներ եղան, ուսումնասիրության արդյունքը գոհացուցիչ էր։ Արդեն ուզում էին կայան կառուցել։ Հանկարծ միանգամից կանգնեց գործընթացը։ Այսօր այս ճյուղից կխոսվի՞։
–Ո՞վ է ասել, որ արդյունքը գոհացուցիչ էր։
–Մեր մասնագետներն են խոսել՝ հորատումներին մասնակցող (Ջերմաղբյուր, Քարքար)։ Նաեւ Համաշխարհային բանկի ներկայացուցիչներն էին այդ մասին նշել։
–Լավ չէ, որ Համաշխարհային բանկի կամ այլ մասնագետներ խոսում են ականջահաճո բաներ…
–Այդ դեպքում՝ ի՞նչ է եղել իրականում՝ ձեր կարծիքով։
–Ես այդ ծրագրի զարգացման համար եղել եմ Իսլանդիայում, թե ինչու այստեղ՝ հասկանալի է, հանդիպել եմ աշխարհի առաջատար ընկերությունների հետ։ Մեր Քարքար կոչվող տեղանքում հորատանցք է արվել մոտ 1600 մ—ի վրա։ 126 աստիճանի ջերմաստիճան են ստացել։ Այս պահին հորատանցքում, որ կա եւ խոռոչներում, որոնք հայտնաբերվել են, կա այդ ջերմաստիճանը, բայց չկա ջուր։ Դա արդեն վատ է։ Իսլանդիայի մասնագետներն ասում են՝ կարելի է կողքից փորել, 100 մ այս ու այն կողմ հնարավոր է ջրի աղբյուրներ լինեն։
–Բայց կայան կառուցելու առաջարկներ եղել են, ինչ է՝ չգիտեի՞ն, որ ջուր չկա։
–Նախնական մի ծրագիր չեխական ընկերություն էր ներկայացրել եւ ասել էր, թե մինչեւ 30 ՄՎտ հզորության կայան կարող էր «ստանալ» այնտեղ (սակագինը 9—10 ցենտ էր առաջարկվում)։ Բայց ինչ էր առաջարկում. ջուրը ներմղել հորը եւ հանել։ Այսինքն՝ ջրի ավտոմատ տաքացում էր առաջարկում։ Բայց դա շատ թանկ պրոցես է։ Մենք որոշում կայացրեցինք՝ այս պահին թույլ չտալ դրա կառուցումը, քանզի սակագնային առումով շատ թանկ էր։
–Այսինքն՝ փակո՞ւմ ենք երկրաջերմայինի էջը։
–Ո՛չ, ո՛չ, իհարկե ոչ։ Հարմար ոչ մի տարբերակ չենք մերժի։
–Իջեւանի դեպքերի համապատկերում մի հարց։ Բնակչությանը կարո՞ղ ենք իբրեւ այլընտրանք առաջարկել թերթաքարային պաշարների գործածումը։ Խորհրդային տարիներին դրանցից բրիկետներ սարքելու մասին խոսք եղել է։ Կարո՞ղ ենք արագ բիզնես անել։
–Չեմ կարող այս պահին պատասխանել։ Հարցը չեմ ուսումնասիրել։ Բայց ինձ համար որպես ֆինանսիստ պարզ է. եթե բիզնեսը 30 տարի դրանով չի զբաղվել, ուրեմն շուկան չի կարգավորել հարցը։
–Գուցե շուկան չի կարգավորել, որովհետեւ մեր գործարարները արագ փողեր են սիրում՝ առեւտուր ու խաղատներ։ Հազիվ թե նրանք մտածեն հայրենի բնաշխարհի մասին՝ ասածս գործը անելու համար (այն էլ դեռ պատշաճ պիտի արվի, որ նոր վնասներ չհասցվեն)։ Գուցե պետությու՞նը ուղղորդի։
–Ոլորտն ընդհանրապես չեմ ուսումնասիրել։ Չեմ ուզում ոչ պրոֆեսիոնալ քայլ անել ու խոսել այդ մասին։
–Լավ, ուրեմն ամփոփենք։ Էներգետիկայի բոլոր ճյուղերում արձանագրու՞մ ենք անվտանգության նորմալ մակարդակ, հուսալիության բավարար աստիճան եւ հեռանկարներ։
–Այո, ամեն ինչ նորմալ է։ Եվ վերջերս էներգահամակարգում խափանման պատճառի ուսումնասիրությունը երբ ավարտվի, բացերը կնախանշվեն, հրատապ ռեժիմով կկատարվեն՝ անկախ պահանջվող ծախսերից կարծում եմ։ Եվ կունենանք մեկ աստիճանով ավելի բարձր հուսալիություն։ Եվ, ի դեպ, վթարին էլ նորմալ եմ վերաբերում։ Աշխարհի բոլոր երկրներում լինում են վթարներ, ցանկացած համակարգում՝ նույնիսկ ամենազարգացած։ Եվ ամեն խափանումից հետո պարզվում է, որ զարգանալու տեղ դեռ կա։ Իդեալական աստիճանի հասած ոչ մի համակարգ չկա։ Հակառակը պնդողները հեռու են ոլորտից։
–Պարոն Վարդանյան, մեկ ճշգրտում. ճի՞շտ եմ հասկանում, որ միտում կա էլէներգիա տեղափոխող եւ իրացնող ձեռնարկությունները մեկ ընկերության տնօրինությանը տալ։ Այլ կերպ՝ «Բարձրավոլտ էլցանցերը» (որ էլէներգիա տեղափոխողն է) եւ «Հայաստանի էլցանցերը» (որ իրացնողն է) ասենք «Տաշիր գրուպ»—ին կամ մեկ այլ ընկերության տալը ինչքանո՞վ է ճիշտ էներգահամակարգի անվտանգության եւ հուսալիության տեսանկյունից։ Կամ՝ այս պարագայում գործառույթների տարանջատու՞մն է ճիշտ, թե՞ մեկտեղումը։
–Եթե կարելի է, մի քիչ ավելի երկար պարզաբանեմ ձեր հարցը։ Մամուլում մի տեղ կարծեմ հանդիպել եմ, որ, պատկերացնու՞մ եք, նույնիսկ գեներացնող կայանների մասին էին խոսում։ Միանգամից հերքեմ. գեներացնողի մասին խոսք լինել չի կարող։ Բազիսային բոլոր կայանները, որոնք կարող են ապահովել էներգամատակարարումը, ՋԷԿ—երն են եւ ատոմակայանը։ ՋԷԿ—երից մեկը «Գազպրոմինն» է, չեմ կարծում, որ կվաճառեն օրինակ «Տաշիրին»։ Մյուսը, որ երկու տարի հետո է լինելու, «Ռենկոյինն» է, դարձյալ չեմ կարծում, որ կվաճառեն։ Իսկ ԱԷԿ—ը, գիտեք, պետական է եւ վաճառքի ենթակա չէ։ Այսինքն՝ այս մասով թեման փակ է։ Գանք ԲԷՑ—երի ու ՀԷՑ—երի թեմային։ «ԲԷՑ» ՓԲԸ—ն գույքը շահագործող կազմակերպություն է, ոչ կառավարող տեխնիկական։ Կրկնում եմ՝ շահագործող, սպասարկող, ոչ կառավարող։ «ՀէՑ»—ը ե՛ւ սեփականատերն է սարքավորումների, գծերի, ենթակայանների, ե՛ւ շահագործողն է, ե՛ւ սպասարկողը, ե՛ւ որոշում կայացնողը՝ որտեղ ինչպես բաշխել (իհարկե համաձայնեցնելով օպերատորի հետ)։ Իսկ «ԲԷՑ»—ը միայն շահագործողն է։
–Եկեք ամեն դեպքում հակիրճ խոսենք։ Էլէներգիա տեղափոխող ԲԷՑ—ն ու իրացնող ՀԷՑ—ը եթե միավորվեն՝ խնդիրներ կծագե՞ն, թե՞ ոչ։
–Կրկնում եմ՝ տարանջատենք, որ թյուրիմացություններ չլինեն։ «ԲԷՑ»—ը էլէներգիա տեղափոխող ցանցի շահագործող կազմակերպությունն է։ Եվ այդ տեղափոխողի տեխնիկական կառավարումն իրականացնում է օպերատորը։ Եվ, ըստ այդմ, անվտանգության խնդիր չի կարող ծագել։ Որովհետեւ տեղափոխողի գործառույթը, կրկնում եմ, օպերատորինն է, թե ով կշահագործի ցանցը, արդեն էական չէ։ Եվ, ի դեպ, այսօր նման բան՝ ԲԷՑ—երը մեկին տալու, որոշում չկա։
–Հաստա՞տ։
–Չգիտեմ՝ մեկ տարի հետո ինչ կլինի, բայց այսօր նման բան չկա։ Նախկինում էլ երբ եղել է նման փորձ, դա եղել է այլ մոտիվների պատճառով, այդ պահին քաղաքական որոշում է եղել. ԲԷՑ—ը ունի բավականին մեծ պարտքային պորտֆել, որը պետական պարտքի վրա է, փորձ է արվել պետական պարտքի երաշխիքը, արտաքին պարտքի նվազեցման առումով, տեղափոխել մասնավորի վրա։ Այսինքն՝ այլ ուղղությամբ է սկսվել այդ պրոցեսը… Հիմա եթե հանկարծ որոշեն գործառույթները մեկտեղել, անվտանգության հետ կապված որեւէ խնդիր չի առաջանա։
–Նոր կառավարությունը ի՞նչ է որոշել անել էներգահամակարգում։ Որեւէ նոր բան։
–Նոր կառավարությունը էներգահամակարգում դեռ այս վերջին խափանումից վեց ամիս առաջ որոշել էր, որ մենք պետք է ունենանք համակարգային ավտոմատիկա, ինչը նախկինում երբեւէ չի քննարկվել։ Միջոցների հայթայթման ժամանակ էր։ Վթարը երբ եղավ, հասկացանք, որ չպետք է հապաղել։
–Ի՞նչ ասել է համակարգային ավտոմատիկա։
–Այսինքն՝ եթե 5—րդ բլոկը համակարգից դուրս գա, մենք ունենանք ավտոմատ ռեակտիվի եւ ակտիվի սպառիչների անջատում։ Որպեսզի լարման անկում համակարգում չունենանք։ Եկեք շարքային ընթերցողի համար ավելի մատչելի բացատրեմ՝ ջրի օրինակով։ Ճնշումն ընկավ՝ լրացուցիչ աղբյուրը փակում ես, ճնշումը կարգավորվում է։ Էներգահամակարգում էլ նույնն է. երբ սպառիչը անջատում ենք, ռեակտիվ էներգիայի դեֆիցիտային աղբյուրը դուրս ենք հանում։ Եթե մենք ունենայինք համակարգային ավտոմատիկա, Երեւանի ՋԷԿ—ը չէր անջատվի այդ օրերին։ Մի խոսքով՝ մենք համակարգային ավտոմատիկա ունենալու կարիք ունենք։ Թե ինչ ձեւով կաշխատի՝ մասնագետները պետք է մշակեն։
–Համակարգում աշխատավարձերի կտրուկ բարձրացման մասին են խոսում։ Կա՞ նման բան։
–Այդ բարձրացումը գուցե առաջին հայացքից անմիջական էներգահամակարգի հետ կապ չունեցող թվա, բայց այդպես չէ։ Որոշվել է, որ աշխատավարձերի կտրուկ բարձրացում պետք է լինի, ավելին, քան մասնավոր հատվածում է, ասենք՝ բանկերում։ Եվ ընդ որում, սա՝ առանց սակագնից զրո ավելի գումար ուզելու, ներքին ռեսուրսների վերակառուցման հաշվին։ Մենք պետք է գնահատենք մեր մասնագետներին։ Դա զարգացման կարեւորագույն պայմաններից է։
–Շնորհակալություն հարցազրույցի համար։
–Ես եմ շնորհակալ՝ մեր օրերի կարեւորագույն թեմա արծարծելու համար։

25-07-2019





12-12-2019
Էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացումը մի քանի փուլով կլինի
Գիշերային սակագնի հետագա կիրառության նպատակահարմարությունը կքննարկվի

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Վերջերս ...


12-12-2019
Ո՞ր երկրներում են ավելի քիչ հիվանդանում քաղցկեղով
Ինչ կարող է տալ Հայաստանին միջուկային բժշկությունը

Լուսինե ՆԱԶԱՐՅԱՆ
l.nazaryan@hhpress.am




12-12-2019
Ուրախություն. ախտանի՞շ, թե՞ մշակույթ
Ուրախությունը բավականության ու բավարարվածության, երջանկության զգացողության, ներքին դրական մոտիվացիաների ...


12-12-2019
«Ուզում ենք այս ներդրմամբ ավելի խթանել տուրիստների ներհոսքը»
Դա հատկապես կարեւոր է ձմռանը, երբ զբոսաշրջիկների հոսքը ...


12-12-2019
Միքայել Նալբանդյան-190
«Լուսավորության տաճարը պիտի կառուցանվի ամբողջ ազգի ձեռքով»

«Ազգության ...


12-12-2019
Հրաչյա Հովհաննիսյանն իմաստուն էր
Եվ հավատում էր մեր ժողովրդի հաղթանակին

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am


1990-ի ...


12-12-2019
Արցախը նախապատրաստվում է Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոներին
Մայրաքաղաք Ստեփանակերտը լույսերի եւ գույների պակաս չի զգա

Դավիթ ...



12-12-2019
Իրաքում վարչապետի ընտրության շուրջ բանակցություններն սկսվել են
Երկրի նախագահի վստահեցմամբ՝ ժողովուրդը ...

12-12-2019
Քարե մասունքներ
Խորհրդային տարիներին «եղբայր» կոչված ...

12-12-2019
Միջուկային երկիր լինելն արդեն իսկ ինքնապաշտպանական հիմք ունի
ՆԱՏՕ-ն թաքնված վտանգներ է տեսնում ...

12-12-2019
Հավաքականում ձեւավորվել է աննախադեպ մրցակցություն
Հայաստանի սպորտային մարմնամարզության տղամարդկանց ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +1... +3
ցերեկը +7... +9

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO