Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

25.08.2019
ՄՇԱԿՈՒՅԹ


Արտիստների աշխատավարձը «նորմալ» է

Սակայն միջազգային չափանիշներից շատ հեռու ենք

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am


Որո՞նք են օպերային արվեստի ու օպերային թատրոնի խնդիրները, ի՞նչ լուծումներ են առաջարկվում, ի՞նչ հանգուցալուծում է ստացել թատրոնի վերջին հայտնի խնդիրը. «ՀՀ»–ի հարցերին պատասխանել է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՌԴ վաստակավոր արտիստ Կոնստանտին Օրբելյանը։
–Ինչպե՞ս կգնահատեք հայաստանյան օպերային արվեստը. գեղարվեստական տեսակետից ի՞նչ խնդիրներ ու խոչընդոտներ կան, եւ որո՞նք են դրանց լուծման տարբերակները։
–Ես կարծում եմ, որ Հայաստանի օպերայի եւ բալետի թատրոնում եղած գեղարվեստական ներուժը հսկայական է։ Իհարկե, մենք բոլորս գիտենք, որ ամեն ինչ սկսվում է ֆինանսական հարցերից, եւ ինչպես նախկինում ասել եմ, կառավարության համար մեծ պատասխանատվություն է ունենալ հրաշալի որակով օպերա։ Շենքը պետք է շատ բարձր մակարդակի տեխնիկական ապահովվածություն ունենա, եւ մենք ներկայումս խնդիրներ ունենք կապված տանիքի, օդափոխման համակարգի, ջեռուցման, բեմական լուսավորման հետ։ Այսպիսով, գեղարվեստական հարցերը պատշաճ կերպով լուծելու համար մենք պետք է շենքը բոլոր առումներով համապատասխանեցնենք 21—րդ դարի չափանիշներին։
–ՀՀ կառավարության ծրագրի մշակութային բլոկը լուծումներ առաջարկո՞ւմ է այսօր առկա խնդիրներին։
–Նախկինում մշակույթի նախարարությունն անտեսել է մեր բոլոր խնդրանքները՝ կապված տեխնիկական հարցերի լուծման հետ՝ տանիքի վերանորոգում, օդորակում, ջեռուցում եւ այլն։ Տեսնենք, արդյոք մշակույթի ներկայիս պատասխանատուներն ուշադրություն կդարձնե՞ն մեզ, թե՞ ոչ՝ իհարկե, դրական առումով։
–Օպերային թատրոնում որո՞նք են վերջին էական ձեռքբերումները։
–Նախորդ թատերաշրջանում մեր ունեցած ութ նոր բեմադրություններից ոչ մեկի համար մշակույթի նախարարության կողմից ֆինանսավորում չենք ստացել։ Մենք շատ շնորհակալ ենք «Արդշինբանկին», որպես թատրոնի գլխավոր հովանավորի (մինչեւ մարտի 29—ը, երբ դադարեցվեցին իմ լիազորությունները որպես թատրոնի տնօրեն), ցուցաբերած աջակցության համար։ Այսպիսով, մենք կարողացանք իրականացնել Բիզեի «Կարմեն» օպերայի նոր բեմադրությունը, որի բեմադրող ռեժիսորը տաղանդավոր Նաիրե Ստեփանյանն է, Մոցարտի «Կախարդական սրինգ» օպերայի բեմադրությունը, որը բեմադրվեց իտալացի հայտնի ռեժիսոր, մեր լավ ընկեր եւ բարեկամ Պաոլո Միչիկեի կողմից։ 2018—2019թթ. Հայաստանում ներկայացրինք Ժ. Մասնեի ֆանտաստիկ «Մանոն» օպերան, որի բեմադրող ռեժիսորը տաղանդավոր Անդրեյս Ժագարսն էր, որը, ցավոք, ամիսներ առաջ մահացավ։ Նախորդ թատերաշրջանի ընթացքում մենք կարողացանք նաեւ Մոսկվայի Մեծ թատրոնից գնել Կ. Խաչատրյանի «Չիպոլինո» մանկական բալետային ներկայացման դեկորներն ու հագուստները։ Եվ ես մեծ սիրով Հայաստան հրավիրեցի հայտնի բալետմայստեր Հենրիխ Մայորովին՝ «Չիպոլինո» բալետի բեմադրման համար։
Բացի այդ, մենք ունեցանք Ջ. Վերդիի «Աթիլլա» օպերայի համերգային կատարումը, որի համար հրավիրել էինք հայտնի բաս Պաատա Բուրչուլաձեին։ Մեր սիրելի ընկեր, գործընկեր Մկրտիչ Բաբաջանյանի բեմադրությամբ, որը հանդես եկավ նաեւ որպես դիրիժոր, ցուցադրվեց Ջ. Ռոսինիի «Ճանապարհորդություն դեպի Ռեյմս» օպերայի բեմականացված համերգային կատարումը։ Այս տարի ունեցանք նաեւ Տ. Չուխաջյանի «Կարինե» օպերետի պրեմիերան, որը բեմադրեց Ժիրայր Բաբազյանը։
Մենք նախատեսում ենք ներկայացնել Ու. Ջորդանոյի «Անդրե Շենիե» օպերայի համերգային կատարումը, որի դիրիժորը կլինի մեր գործընկեր Ջանլուկա Մարչանոն, ինչպես նաեւ Ջ. Վերդիի «Պարահանդես—դիմակահանդես» օպերայի համերգային կատարումը եւ Պ. Ի. Չայկովսկու «Եվգենի Օնեգին» օպերայի համերգային կատարումը։
Նոր թատերաշրջանում պլանավորում ենք վերականգնել Մ. Մարտիրոսյանի «Անտունի» բալետային ներկայացումը, որը նվիրվում է Կոմիտասի հոբելյանին, եւ հուսով ենք, որ նոր թատերաշրջանում նաեւ կներկայացնենք Ա. Տիգրանյանի «Անուշ» օպերայի նոր բեմադրությունը՝ նվիրված Հովհաննես Թումանյանի հոբելյանին։
–Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնը հրավիրում էր փորձառու բեմադրող ռեժիսորների՝ ներկայացնելու «Անուշ» օպերայի նոր բեմադրման իրենց առաջարկը։ Այդ առումով նորություն կա՞, եւ օպերայի նոր բեմադրությունը ե՞րբ կհանձնվի հանդիսատեսի դատին։
–Մեր հանձնաժողովը որոշեց երկարաձգել հայտերի ընդունման ժամկետները։ Բոլոր հայտերը մենք գերազանց ենք գնահատում, սակայն ընդունող հանձնաժողովը քննարկման արդյունքում որոշեց առաջին փուլի մասնակիցներին հնարավորություն տալ արդեն երկրորդ փուլում՝ մինչեւ սեպտեմբերի 30—ը, ներկայացնելու առավել ընդլայնված հայտեր։
–Հայաստանի օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնը աշխարհի ո՞ր թատրոնների հետ է համագործակցում, եւ ի՞նչ արդյունքներ են արձանագրվում։
–Մոսկվայի Մեծ թատրոնում մեծ հաջողությամբ Ա. Խաչատրյանի «Գայանե» բալետի ցուցադրությունից հետո մենք արդեն հետագա համագործակցության պլաններ ենք մշակում։ Բացի այդ, համագործակցության քայլեր ենք ձեռնարկում Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» օպերայի, Վիլնյուսի ազգային օպերայի, Մինսկի ազգային օպերայի եւ Ղազախստանի օպերայի եւ բալետի թատրոնների հետ։
Այն բանից հետո, երբ 2019 թվականի մարտ ամսից դադարեցվեցին իմ պարտականությունները որպես թատրոնի տնօրեն, բանակցություններն այլ ձեւով են ընթանում, եւ տեսնենք, թե ինչ արդյունքի կհասնենք։ Մի քանի օր առաջ ես Մոսկվայում էի եւ հանդիպեցի Մոսկվայի Մեծ թատրոնի ռազմավարական պլանավորման եւ հատուկ նախագծերի ղեկավար Իրինա Չերնոմուրովայի հետ։ Մեր քննարկումները ներառում էին մեր բալետի մեկ այլ շրջագայություն դեպի Մեծ թատրոն, ինչպես նաեւ չորս փառահեղ ներկայացումների ձեռքբերման հարցը՝ Պ. Ի. Չայկովսկու «Պիկովայա դամա», Ջ. Պուչինիի «Մադամ Բաթերֆլայ», Վ. Բելինիի «Լուսնոտը», Ջ. Վերդիի «Մակբեթ» օպերաները։ Այս բոլորը առաջին կարգի բեմադրություններ են, եւ Մեծ թատրոնը քննարկում է դրանք մեզ տրամադրելու հարցը (դեկորներ, հագուստներ)։ Եթե ինձ հաջողվի դա իրականացնել, մենք կունենանք այնպիսի հրաշալի ներկայացումներ, որոնցից է «Չիպոլինոն»։
–Առաջիկայի համար ի՞նչ ծրագրեր են նախանշված։
–Ինչպես արդեն նշեցի, մենք նախատեսում ենք ներկայացնել Ու. Ջորդանոյի «Անդրե Շենիե», Ջ. Վերդիի «Պարահանդես—դիմակահանդես», Պ. Ի. Չայկովսկու «Եվգենի Օնեգին» օպերայի համերգային կատարումները եւ Ա. Տիգրանյանի «Անուշ» օպերայի նոր բեմադրությունը։
Այս ամենի իրականացումը շատ կարեւոր է մեր թատրոնի համար։ Եվ, անշուշտ, ամեն ինչ կախված է ֆինանսավորումից։ Մենք նաեւ բեմադրելու ենք նոր բալետ՝ Վ. Շարաֆյանի «Հին Աստվածներ», ինչպես նաեւ Ա. Շորի «Բյուրեղապակյա դղյակ» բալետային ներկայացումը, որը 2018թ. Մեծ թատրոնի արտիստների մասնակցությամբ ներկայացվեց մեր թատրոնում։
–Թատրոնը մասնագետների խնդիր ունի՞, ոլորտի համար պատրաստվող մասնագետների որակը գոհացնո՞ղ է։
–Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպիսի մասնագետների մասին ենք խոսում։ Անշուշտ, Հայաստանում չկա թատերական կամ բեմադրական կառավարման դպրոց, եւ բոլորը խորհրդային ժամանակներում սովորում էին Մոսկվայում կամ Սանկտ Պետերբուրգում։ Մենք «թատերական» մասնագետների խնդիր ունենք։ Ինչ վերաբերում է մեր երգիչներին եւ բալետային արտիստներին՝ կարող եմ ասել, որ հիանալի ուսուցիչներ ունենք Հայաստանում, բայց դա չի նշանակում, որ մենք չպետք է մեր արտիստների համար իրականացնենք վարպետության դասեր աշխարհահռչակ վոկալի ուսուցիչների եւ պարուսույցների կողմից։ Իմ հրավերով «Մետրոպոլիտեն» օպերայից Ջոն Ֆիշերը, «Հյուսթոնգրանդ» օպերայից Դայանա Զոլան, Դեյլ Ֆանդլինգը, հրաշալի մեցցո—սոպրանո Էլենի Մաթոսը, Բարբարա Ֆրիտտոլին վարպետության դասեր են անցկացրել մեր արտիստների հետ։ Եվ նույնիսկ Ռենե Ֆլեմինգը 2017 թվականի հոկտեմբերին Հայաստանում իր համերգից հետո փոքր վարպետության դաս անցկացրեց մեր արտիստների համար։ Այսպիսով, կրկին ուզում եմ նշել, որ մենք մասնագետների եւ ֆինանսների կարիք ունենք այդ ամենն իրականացնելու համար։
–Արտիստներն ըստ արժանվույն վարձատրվո՞ւմ են։
–Ես կարծում եմ, որ հայկական չափանիշներին համապատասխան՝ մեր արտիստները «նորմալ» են վարձատրվում, սակայն մենք շատ հեռու ենք միջազգային չափանիշներից։ Բացի այդ, տոմսերի գները հիմնված են մեր հայաստանյան հանրության գնողունակության վրա, ուստի տոմսերի գները շատ համեստ են։
–Թատրոն—հանդիսատես կապն ինչպե՞ս կբնորոշեք։
–Կարծում եմ, որ մենք հիանալի հարաբերություններ ունենք մեր հանդիսատեսի հետ։ Ինչպես կարող եք տեսնել, մեր ներկայացումների տոմսերը գրեթե ամբողջությամբ կամ ամբողջությամբ վաճառված են լինում։
–Կոնստանտին Օրբելյանի՝ գեղարվեստական ղեկավար լինելու հանգամանքներով պայմանավորված խնդիրը, ի վերջո, ինչպե՞ս կարգավորվեց։
–Ցավոք, այդ խնդիրը լուծված չէ։ Նազենի Ղարիբյանն այլեւս մշակույթի նախարարությունում չի աշխատում, բայց, ցավոք, իմ՝ տնօրենի պաշտոնից ազատվելու հարցը դեռ արդիական է, եւ մենք սպասում ենք, որ դատարանը որոշի, թե ինչպիսի լուծում կստանա այդ հարցը։

25-07-2019





01-08-2019
Ինչպե՞ս դառնալ ներդրող
Բնակելի շենքի կառուցապատման գործընթացից կարելի է շահույթ ստանալ ...


01-08-2019
«Աշխարհս առանց իշխանութեան չի կառավարուիր»
Մկրտիչ Ա Վանեցի Ամենայն հայոց կաթողիկոսը (1820–1907) համոզված էր, ...


01-08-2019
Հնարավոր չէ առանց պատժվելու այլասերել բառերը
Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am


Կամյուին կարելի է համարել 20-րդ դարի ...


01-08-2019
Արեւայրուք ստանալ բակում «բուրդ չփխելո՞վ», թե՞ լողափին
Հանգստի ամեն տեսակ էլ կարող է լավագույնը լինել

Թամարա ...


01-08-2019
Թավշյա հեղափոխությունը բացառապես ներքին խնդիր էր
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը Մարշալի հիմնադրամին



01-08-2019
Թարմ մսի սպանդանոցային ծագման պահանջ՝ այսօրվանից
Տեսչական մարմինը մշտադիտարկում է սկսում հանրային սննդի կետերում

Արմենուհի ...


01-08-2019
Ժամանակ ու սերունդներ կապող մարդ-մշակույթ էր
ՀՀ ժողովրդական արտիստ, բեմադրիչ Երվանդ Ղազանչյանի վախճանը մեծ ...



01-08-2019
Եղիշե Չարենցը պաշտում էր Արեւելքը
Վաղը բանաստեղծի տուն-թանգարանում կբացվի ...

01-08-2019
Այվազովսկուց մինչեւ Սալվադոր Դալի
Ի՞նչ են սովորում ՀԱՊ-ի ամառային ...

01-08-2019
Արոտների ջրարբիացումից՝ ճանապարհների վերակառուցում
Ի՞նչ խնդիրներ են լուծվում Ամասիա ...

01-08-2019
Մեդալներն արդեն նշմարվում են
Եվրոպայի երիտասարդական առաջնությանը ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +37... +39

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO