Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

19.11.2019
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


«70 եւ 30»

Երբ 1965 թ. Նիկիտա Խրուչովը հանդես եկավ Խորհրդային Միությունում Իոսիֆ Ստալինի անհատի կուռքի պաշտամունքի ձեւավորման եւ դրանից ածանցյալ արատավոր երեւույթների մերկացմամբ, Չինաստանի ղեկավար Մաո Ցզե Դունը սկզբնապես կտրուկ հակադրվեց դրան, բայց հետագայում, այնուամենայնիվ, հարկ համարեց Ստալինի գործունեությունը գնահատել հետեւյալ ձեւակերպմամբ՝ «70 տոկոսը՝ հաղթանակներ եւ 30 տոկոսը՝ սխալներ»։ Շատ տարիներ անց Չինաստանի ղեկավարությունը ճիշտ նույն բանաձեւը սկսեց գործածել Մաո Ցզե Դունի գործունեությունը գնահատելիս։
Անտարակույս, պատմություն մեջ չի եղել որեւէ պետական, քաղաքական, կրոնական, տնտեսական ղեկավար, որին հնարավոր լիներ վերագրել միայն հարյուր տոկոսանոց հաջողություն կամ հարյուր տոկոսանոց սխալ։ «Ճիշտ մարդը՝ ճիշտ տեղում» սկզբունքը իդեալական կառավարման ձեւակերպումն է, ինչը կյանքում, բնականաբար, ենթարկվում է փոփոխությունների։ Դեռ առիթ կունենանք քննարկելու դրանք, նշեմ միայն, որ հաճախ հենց «ճիշտ տեղը», ամենից առաջ՝ իշխանություն ունենալն է հետադարձ ազդեցություն գործում «ճիշտ մարդու» վրա, ընդ որում՝ բնավ էլ ոչ միշտ բարերար։
Ինչ վերաբերում է Մաո Ցզե Դունին (1893–1976), ապա բոլոր հանրագիտարանները միանգամայն հիմնովին նրան մատուցում են որպես 20—րդ դարի ամենանշանավոր պետական եւ քաղաքական գործիչներից մեկը։ Վաղ տարիքում զինվորագրվել է Չինաստանի կոմկուսին, դարձել ղեկավարներից մեկը, ծավալել հեղափոխական բուռն գործունեություն, մեծ վաստակ ունի Չինաստանի բանվորական եւ գյուղացիական կարմիր բանակի հիմնադրման մեջ, եղել է պետության երկարամյա ղեկավարը (1949–1976), ունեցել է միջազգային բացառիկ հեղինակություն։ Նա կարողացավ ամրապնդել պետության միասնականությունը, հզորացնել կենտրոնաձիգ կառավարումը, իրականացնել տնտեսական եւ սոցիալական արմատական վերափոխումներ։ Մաոյի եւ իր համախոհների հետեւողական ջանքերի շնորհիվ երկրում տասն անգամ մեծացավ արդյունաբերական արտադրության ծավալը, անգրագիտությունը 80 տոկոսից կրճատվեց մինչեւ 7—ի, բնակչությունը՝ կրկնապատկվեց, հետամնաց ագրարային երկիրն այնքան հզորացավ, որ տեր դարձավ սեփական ատոմային ռումբի։ Զուր չէ, որ 2013 թ. Չինաստանում մեծ հանդիսավորությամբ նշվեց «նոր Չինաստանի հոր» 120—ամյակը։
Չմոռանանք «30 տոկոսը»։ Նախ՝ տուրք տալով վոլյունտարիզմին (սա, հիշեցնեմ, այն ուսմունքն է, ըստ որի հզոր անհատի, «հերոսի» կամային ջանքերով հնարավոր է իրականացնել օբյեկտիվորեն անհնար թվացող ամեն մի ծրագիր)՝ առաջ քաշեց «Մեծ թռիչքի» ծրագիրը (1958–1960), հայտարարելով տնտեսական մոտալուտ հրաշքի, առաջին աշխարհի երկրների մակարդակին շուտափույթ հասնելու հնարավորության մասին։ Հաջորդն ավելի վնասակար քայլ էր. իբր պայքարելով բուրժուական ապրելակերպի ներթափանցման դեմ՝ Մաոն սանձազերծեց «Մշակութային հեղափոխության» կործանարար քարոզչությունը եւ կատարյալ ավերը (1966–1975), երբ կիրթ մարդկանց սկսեցին հալածել, հայտնի մտավորականներին քշել գյուղեր՝ իբր ֆիզիկական աշխատանքով «վերադաստիարակվելու», թալանվեցին եւ ոչնչացվեցին հազարավոր թանգարաններ, մշակութային հուշարձաններ։
Չինաստանի առաջնորդի մասին բազում գրքեր կան գրված։ Մաո ղեկավարի եւ Մաո անհատի մասին լավագույն գիրքը, թերեւս, նրա անձնական բժիշկ Լի Չժիսույի հուշագրությունների երկհատորյակն է։ Քսան տարուց ավելի նա ոչ միայն հետեւել է Մաոյի առողջությանը, այլեւ հասցրել է շատ բաներ նկատել։ Մասնավորապես, գրում է Լին, աստիճանաբար իր խնամարկյալը սկսում է նմանվել «Հին Չինաստանի դաժան եւ անողոք բռնակալներին»։ Մեջբերենք մի ամբողջական բնութագրում. «Մաոն անկոտրում կամքի տեր էր, իր շրջապատում շատերի համար նա տիեզերքի կենտրոնն էր։ Ենթականերից նա պահանջում էր միայն նվիրվածություն։ Այլոց սկզբունքայնությունը նա ընկալում էր որպես վտանգ։ Նրա կինը, սիրուհիները, ծառաները, քաղաքական համախոհները, բոլորը պետք է ենթարկվեին նրա կամքին եւ լինեին նրա հավատարիմ եւ հնազանդ ստրուկները»։
Շատերն են արձանագրել նրա ընթերցասիրությունը, ինչի շնորհիվ, Մաոն քաջատեղյակ էր հինչինական պատմությանն ու գրականությանը, լավ գիտեր նաեւ եվրոպական հեղինակներին։ Ինքն էլ հմուտ գրիչ ուներ, ընդ որում գրել է ոչ միայն տեսական եւ հրապարակախոսական աշխատություններ, այլեւ բանաստեղծություններ։ Ըստ որոշ աղբյուրների՝ Մաո Ցզե Դունի գրքերի տպաքանակը աշխարհում զիջում է միայն Աստվածաշնչին։ Նրա հանրահայտ «Կարմիր գրքույկը» (427 մեջբերումից բաղկացած ժողովածուն, առաջին անգամ տպագրվել է 1966 թ.) միլիոնավոր օրինակներով եւ բազում լեզուներով տարածում են մաոյական խմբավորումները։
Մաոն իրեն հռչակել էր մարքսիզմի տեսաբան եւ հավակնում էր մարքսիստական դրույթների գործնական ձեւակերպումների՝ հաշվի առնելով չինական առանձնահատկությունները։ Իհարկե, լրջմիտ տեսաբան համարվելու նրա հավակնությունները անհիմն են։ Ավելին՝ մաոիզմը, թեպետ կառուցված է սոցիալիստական սկզբունքների ոգով, սակայն այնքան հեղհեղուկ է ձեւակերպված, որ ներկայիս Չինաստանում, հռչակված լինելով պետական գաղափարախոսություն, լիովին համակերպվում է ազատ ձեռներեցության սկզբունքներին խարսխված տնտեսությանը։
Արդ, ըստ մեր ավանդույթի՝ փորձենք կյանքի բովով անցած փորձառու ղեկավարից մեզ համար որոշ օգտակար մտքեր քաղել (անգամ եթե այդ մտքերը եւ խորհուրդները հեռու են նրա իրական վարքագծից)։
–Կա երկու սկզբունք. մեկը զանգվածների իրական պահանջմունքներն են, այլ ոչ թե այն, ինչը մեզ է թվում հարկավոր, երկրորդը զանգվածների ցանկություններն են, ըստ որոնց նրանք իրենք պիտի կազմեն սեփական կարծիքը, այլ ոչ թե մենք։
–Ամեն մի երկրում գոյություն ունի հեղափոխական իրավիճակի հնարավորություն, եթե կառավարությունը մշտապես ձախողվում է քաղաքացիների մեծամասնության համար թեկուզ նվազագույն կենսամակարդակ ապահովելու իր պարտականության մեջ։
–Ձգտիր անհնարինին՝ կհասնես առավելագույնին։
–Մեր վերաբերմունքը մեր հանդեպ պետք է լինի՝ անհագ ուսում, այլոց հանդեպ՝ անխոնջ ուսուցում։
–Մենք երբեք չպետք է ձեւացնենք, թե իբր գիտենք այն, ինչը չգիտենք, մեզ համար ամոթալի չպետք է լինի ստորադասներին հարցեր տալը եւ նրանցից սովորելը, մենք պետք է ուշադիր ունկնդրենք ավելի ցածր մակարդակի կադրերի կարծիքը։ Նախ աշակերտ եղեք՝ մինչեւ ուսուցիչ դառնալը, սովորեցեք ստորադաս կադրերից՝ մինչեւ նրանց հրամաններ տալը։
–Զենքը պատերազմի կարեւոր գործոն է, բայց ոչ վճռորոշը։ Վճռորոշ գործոնը մարդն է, ոչ թե իրը։ Ուժերի հարաբերակցությունը պայմանավորված է ոչ միայն զինական եւ տնտեսական հզորությամբ, այլեւ մարդկային ռեսուրսներով եւ բարոյական վիճակով։ Զինական ուժը եւ տնտեսությունը մարդիկ են կառավարում։
–Այս կամ այն քաղաքական իշխանությունը տապալելու նպատակով հարկավոր է ամենից առաջ նախապատրաստել հասարակական կարծիքը, աշխատանք կատարել գաղափարախոսության բնագավառում։ Այդպես են վարվում հեղափոխական դասակարգերը, այդպես են վարվում նաեւ հակահեղափոխական դասակարգերը։
–Առանց կործանման չկա արարում։ Կործանումը քննադատությունն է, հեղափոխությունը։ Կործանումը պահանջում է ճշմարտության պարզում, իսկ ճշմարտության պարզումը հենց արարումն է։ Նախ՝ կործանում, քանզի բուն կործանման մեջ ներակա է արարումը։
–Ինքնին հասկանալի է, որ ինչով էլ որ մենք զբաղվելիս լինենք, եթե լավ չգիտենք դրա բնույթը, պայմանները, դրա կապերը այլ երեւույթների հետ, ապա մեզ անմատչելի են մնալու այդ գործի օրինաչափությունները, չենք իմանալու ինչպես ձեռնամուխ լինենք եւ չենք կարողանա գործն անել։
–Երբ նեղն ենք ընկնում, հարկավոր է տեսնել սեփական հաջողությունները, պետք է կարողանալ տեսնել լուսավոր կողմը, հարկավոր է կարողանալ խթանել սեփական քաջությունը։

Վալերի ՄԻՐԶՈՅԱՆ
Փ. գ. դ., պրոֆեսոր

26-07-2019





19-11-2019
Տարածաշրջանը՝ ռազմաքաղաքական ծավալումների սպասումներում
Հայաստանի դերը կարող է անսպասելիորեն առաջնային դիտարկվել

Արմենուհի ...


19-11-2019
ՀԱԷԿ-ը մտադիր է աշխատած միջուկային վառելիքի կառավարման ի՛ր ծրագիրն անել
Չոր պահեստարանի չորրորդ հերթի շինարարությունն էլ կսկսենք

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am




19-11-2019
Կոռուպցիայի դեմ պայքարի ինստիտուցիոնալ հիմքերը
Ձեւավորվում է կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողվի առաջնային կազմը

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am




19-11-2019
Կառավարությունը կրթության եւ գիտության ոլորտում գնալու է վճռական, սկզբունքային եւ հետեւողական փոփոխությունների
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ...


19-11-2019
Քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ընդունել է Համաշխարհային մաքսային կազմակերպության ...


19-11-2019
Ովքե՞ր են եղանակի մասին տեղեկանում «առաջին ձեռքից»
Գարնան առաջին ամպրոպների հետ Գագիկ Սուրենյանի համար կյանքը ...


19-11-2019
Խաղաղության աղավնին՝ դպրոցի բակում
Հերիկի դպրոցը կոչվեց Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի անունով




19-11-2019
Ոսկու փոխարեն՝ արեւային էներգիա
Տարածքի կոնսերվացման նպատակով ավելի քան ...

19-11-2019
Եթե ապրում ես, ուրեմն ապրում ես կայացած երազանքի մեջ
«Վերնիսաժում» նստած՝ աշխարհը պտտում է իր ...

19-11-2019
Պատվաբեր առաքելություն
Արթուր Ալեքսանյանը դարձավ
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +25... +27

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO