Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

19.08.2019
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


«...Առաջին տեղում միշտ եղել է պարտքի կատարումը»

Հյուսիսային Իռլանդիայի եւ Մեծ Բրիտանիայի Միացյալ Թագավորության առաջին կին վարչապետ Մարգարետ Թետչերի (1979–1990) կյանքում եւ գործունեության մեջ կան ուշագրավ շատ պահեր։ 1987 թվականին, երբ պահպանողականները իշխող կուսակցություն էին, խորհրդարանի հերթական ընտրության շեմին հարցումները պարզում են նրանց վարկանիշի տագնապալից անկումը, միաժամանակ հանրային կարծիքի մեջ աճում է համակրանքը լեյբորիստական կուսակցության հանդեպ։ Որպես կուսակցության առաջնորդ՝ Թետչերը զինակիցների առջեւ ձեւակերպում է պահի հրամայականը։ Չէ՞ որ իշխող կուսակցությունը, ի տարբերություն ընդդիմադիրի, պետք է ոչ թե խոստումներ տա, այլ արվածը դնի սեղանին։ «Որպես կուսակցություն, որն արդեն իշխում էր ութ տարի, մենք պարտավոր էինք ցրել այն ակնարկությունները, թե մենք մեզ արդեն սպառել ենք»։ Մի կողմից՝ համախոհների թիվն ավելացնելու նպատակով հարկավոր էր առաջարկել նոր բարեփոխումներ, մյուս կողմից՝ կանխել հնարավոր այն քննադատությունը, թե ինչո՞ւ այդ ծրագրերը չէին իրականացվում։ Լուծումը գտնվում է՝ հանճարեղորեն պարզ. նոր առաջարկները տարփողվում են որպես «թետչերիզմի ծրագրի երրորդ փուլ»։ «Հետահայաց դիտարկմամբ՝ կարող եմ ասել, հիշում է Թետչերը, հենց որ նման հռչակագիր հրապարակվեց, անմիջապես դադարեցին սպառված կառավարության մասին խոսակցությունները»։
Կենսագիրները հիշատակում են Մարգարետ Հիլդա Ռոբերտսի («Թետչերը» ամուսնու ազգանունն է) մտավոր բացառիկ ընդունակությունները, ջանասիրությունը, հետեւողականությունը, համառությունը՝ տակավին դպրոցական տարիքում։ Ապագա առաջնորդի բնավորության մասին է խոսում թեկուզ հետեւյալ եղելությունը։ Մի անգամ իննամյա Մարգարետը հաղթում է բանաստեղծական ասմունքի մրցույթում, եւ դպրոցի տնօրենը շնորհավորում է «հաջողության» համար, աղջնակը պատասխանում է, թե դա ոչ թե «հաջողություն էր», այսինքն՝ նաեւ պատահականության բերում, այլ «վաստակ», այսինքն՝ արժանավայել հաղթանակ։
Երբ 1974 թ. փետրվարին լեյբորիստական կուսակցությունը հաղթեց խորհրդարանի ընտրությունում, եւ պահպանողական կուսակցության նախագահ եւ վարչապետ Էդվարդ Հիթը հարկադրված եղավ հրաժարական տալ, պահպանողականները նոր առաջնորդ ընտրեցին՝ Մարգարետ Թետչերին, որն արդեն ուներ ե՛ւ օրենսդրական, ե՛ւ գործադիր աշխատանքի փորձ։ Սա մեծ համարձակություն էր. տնտեսությունը ծանր վիճակում էր, անվերջանալի գործադուլներ էին տեղի ունենում, արհմիություններն իրենց կամքն էին թելադրում կառավարությանը եւ գործարար աշխարհին, հանրային կարծիքը հիացած չէր պետական կառավարման համակարգով, մամուլն անխնա քննադատում էր իրականացվող սոցիալ—տնտեսական քաղաքականությունը։
1979 թ. վարչապետ դարձած Թետչերի համար ամենամեծ փորձությունը եղավ Արգենտինայի դեմ պատերազմը՝ 1982 թ. ապրիլի 2—ից մինչեւ հունիսի 14—ը։ Պատճառը Ֆոլկլենդյան (արգենտինյան կողմի համար՝ «Մալվինյան») կղզիներն էին, որոնք 1841 թվականից համարվել են Մեծ Բրիտանիայի անդրծովյան տարածքը, բայց միշտ էլ (մինչեւ օրս) Արգենտինան վիճարկել է դա։ Նախահարձակն Արգենտինան էր. նախորդ տարի իշխանության եկած զինվորականներն անակնկալ գրավեցին կղզիները, հարկադրեցին անգլիական կայազորին անձնատուր լինել։ ՄԱԿ—ը դատապարտեց ագրեսիան, բայց Արգենտինան մտադիր չէր զիջել։ Միգուցե այստեղ կարծում էին, թե տնտեսական ճգնաժամի մեջ գտնվող Անգլիան իր կին վարչապետով կխուսափի ռազմական բախումից, կգերադասի բանակցությունները, դիվանագիտական միջոցները։ Նման կարծիքներ էին տարածված նաեւ Անգլիայում. ի վերջո, այդ կղզիներն Անգլիայից 8 հազար մղոն հեռու էին, այդտեղ ապրում էր լոկ 1300 բրիտանացի։
Մինչդեռ Մարգարետ Թետչերի համար դա պետության հեղինակության, Մեծ Բրիտանիայի միջազգային դիրքերի հարց էր։ Ինքն էլ էր գիտակցում ռիսկը. հետագայում խոստովանում է, թե պարտությունը նաեւ իր եւ կուսակցության ձախողումն էր լինելու։ Այդուհանդերձ, հատկապես նրա անզիջում դիրքորոշման շնորհիվ է կառավարությունը որոշում զինված ուժեր ուղարկել Ֆոլկլենդյան կղզիներ եւ ստիպել Արգենտինային ընդունելու պարտությունը։ Բրիտանացիները կորցրին 255 զինվորականի, արգենտինացիները՝ 649, եւս 11 հազարը գերության մեջ հայտնվեցին։ Սակայն, ինչպես Անգլիայի քաղաքական շրջանակները, այնպես էլ ժողովուրդը ճիշտ համարեցին վարչապետի գործողությունները. հաջորդ՝ 1984 թ. խորհրդարանական ընտրությունում պահպանողական կուսակցությունը համոզիչ հաղթանակ տարավ։
Թետչերի կառավարչական ոճին բնորոշ էր, ամենից առաջ, հստակ նպատակադրումը. նա ռազմավարական կառավարման մեծ վարպետ էր։ Կայացրած վճռից հետ չէր կանգնում։ Ուներ պատասխանատվության բացառիկ զգացում եւ նույնն էր պահանջում ենթականերից։ Թերեւս այդ ժամանակաշրջանի ոչ մի քաղաքական գործիչ ավելի իրավունք չուներ ասելու այն, ինչն իր մասին ասել է նա. «Ինձ համար առաջին տեղում միշտ եղել է պարտքի կատարումը»։ Տնտեսական քաղաքականության մեջ ձգտում էր անհատական ձեռներեցությանը տալ ամենալայն հնարավորությունները՝ պետությանը թողնելով ընդհանուր կարգ ու կանոնի եւ օրինականության պահպանումը. ազատ շուկա եւ ուժեղ պետություն՝ սա էր կարգախոսը։
Մարգարետ Թետչերը հույժ կարեւորել է առաջնորդի հրապարակային խոսքը, բացառիկ ուշադրություն է հատկացրել սեփական ելույթների նախապատրաստմանը։ Նախնական աշխատանքի, «սեւագրի» վրա տքնելու կարեւորության մասին նրա կարծիքը փորձի արգասիք է. «Ինչ—որ խորհրդավոր պատճառով, որքան մենք շատ ենք տառապում խոսքը նախապատրաստելիս, այնքան նա հետագայում ավելի լավ է հնչում»։ Նախարարներից մեկին փոխարինելու մտադրության հիմքում տեսնում ենք նույն հիմնավորումը. «Ես ուզում էի կրթության նախարարությունում տեսնել նոր դեմք. այդքան մեծ նշանակության բնագավառում Ջոն Մակգրեգորի՝ վատ հռետորի խնդիրները մեզ վրա շատ թանկ էին նստում»։
1990 թ. ներկուսակցական խարդավանքների պատճառով Թետչերը զրկվում է պահպանողականների նախագահ վերընտրվելու հնարավորությունից, ուստի հրաժարականի դիմում է ներկայացնում։ Նրա վերջին ելույթը, թերեւս, լավագույնն է նաեւ այն պատճառով, որ պաշտպանում էր ոչ թե անձամբ իրեն, այլ իր կառավարության գործունեությունը եւ նաեւ պիտի հող նախապատրաստեր գալիք խորհրդարանական ընտրությունից առաջ կուսակցության հաղթանակի համար։ «Ի պաշտպանություն կառավարության նվաճումների՝ այս պաշտպանական ճառը կետ առ կետ պատասխանում էր ընդդիմության հարձակումներին.... Ելույթի ընթացքում ես ամեն մի արտահայտություն ընկալում էի այնպես, կարծես վկայի ցուցմունքներ էի տալիս պատմության դատարանի առջեւ։ Ես խոսում էի, կարծես, վերջին անգամ կյանքումս, այլ ոչ թե որպես վարչապետ»։
Հետաքրքրական եւ ուշագրավ է Մարգարետ Թետչերի «Ինքնակենսագրություն» ծավալուն գիրքը, իսկ նրա «Պետական կառավարման արվեստը» վերլուծական մենագրությունը անզուգական մի դասագիրք է բոլորիս համար։ Մի քանի բնութագրական դատողություն այդ գրքից.
–Որպեսզի ազատությունը կայանա՝ անհրաժեշտ է մարդկանց կրիտիկական մի զանգված, որն իսկապես ըմբռնում է, թե ինչ է ազատությունը։ Նման ըմբռնումը չի կարող լինել պարզապես գրքեր կարդալու արդյունք, միայն աշխարհայացքը եւ ավանդություններն են ազատությունը դարձնում հաստատուն։ Այլ կերպ ասած՝ նախ ի հայտ են գալիս ազատ մարդիկ, եւ հետո միայն գոյանում է քաղաքական, տնտեսական եւ սոցիալական ազատություն։
–Ոչ մի կառավարություն չի կարող գործել այլ կերպ, քան մարդկանց միջոցով, իսկ մարդիկ առաջին հերթին իրենք են պարտավոր կարգավորել սեփական վարվելակերպը։ Մեր պարտքն է նախ հոգ տանել մեր մասին, արդեն հետո՝ հարեւանի։ Մինչդեռ մարդիկ ավելի շատ մտածում են իրավունքների մասին, քան պարտականությունների։ Իրավունք պարզապես չի կարող լինել, եթե նախապես չի կատարվել պարտականությունը։
–Ազատ հասարակությունը «սոցիալական արդարության» պատճառով կարող է հայտնվել պղտոր ջրերի մեջ, եթե արդարությունը հասկանանք ոչ միայն որպես հավասար հնարավորություններ, այլեւ հավասար արդյունքներ։ Անհավասարությունը ազատության գինն է։ Եթե մարդկանց հնարավորություն են ընձեռում ինքնուրույն վճիռ կայացնելու, ապա մեկը վարվում է ավելի հաշվենկատորեն եւ ստեղծագործաբար, քան մյուսը։ Ամեն ինչից զատ, նաեւ ոմանց բախտն է բերում։
–Քանի դեռ բոլոր տղամարդիկ եւ կանայք իսկապես հավասար են օրենքի առջեւ, քանի դեռ օրենքը արդյունավետորեն գործում է եւ անաչառ կերպով հաստատվում է դատարանում, ապա, անկախ այն բանից, թե այդ մարդիկ ինչ հարստության տեր են, հիմք չկա դժգոհելու «անարդարությունից»։ Նրանք իրենք են որոշում ինչպես տնօրինել սեփական կյանքը եւ սեփականությունը։ Նրանք լիակատար պատասխանատվություն են կրում հաջողությունների եւ ձախողումների համար, իսկ ամեն մեկիս կյանքում լիուլի կա թե՛ մեկը, թե՛ մյուսը։ Իր հերթին, կառավարությունը, եթե իսկապես նվիրված է ազատության գաղափարին, խուսափում է սոցիալական պլանավորմանն ուղղված վերաբաշխիչ հարկագանձումից եւ այլաբնույթ միջամտություններից, քանի որ գիտակցում է, թե ի հեճուկս սոցիալական արդարության մասին չդադարող շաղակրատանքի, դա անարդարացի է ըստ էության։
–Վերջին տարիներին անհատապաշտությունը հայտնվել է քննադատության հորձանուտի մեջ։ Անհատապաշտությունն ամենուր ընկալվում է որպես եսականության հոմանիշ։ Սակայն իշխանական շրջանակներում անհատապաշտության հանդեպ բացասական վերաբերմունքի հիմնական պատճառն այն է, որ հատկապես անհատապաշտ անձինք են բոլորից առավել ընդվզում իշխանության չարաշահումների դեմ։

Վալերի ՄԻՐԶՈՅԱՆ
Փ.գ.դ., պրոֆեսոր

30-07-2019





01-08-2019
Ինչպե՞ս դառնալ ներդրող
Բնակելի շենքի կառուցապատման գործընթացից կարելի է շահույթ ստանալ ...


01-08-2019
«Աշխարհս առանց իշխանութեան չի կառավարուիր»
Մկրտիչ Ա Վանեցի Ամենայն հայոց կաթողիկոսը (1820–1907) համոզված էր, ...


01-08-2019
Հնարավոր չէ առանց պատժվելու այլասերել բառերը
Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am


Կամյուին կարելի է համարել 20-րդ դարի ...


01-08-2019
Արեւայրուք ստանալ բակում «բուրդ չփխելո՞վ», թե՞ լողափին
Հանգստի ամեն տեսակ էլ կարող է լավագույնը լինել

Թամարա ...


01-08-2019
Թավշյա հեղափոխությունը բացառապես ներքին խնդիր էր
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը Մարշալի հիմնադրամին



01-08-2019
Թարմ մսի սպանդանոցային ծագման պահանջ՝ այսօրվանից
Տեսչական մարմինը մշտադիտարկում է սկսում հանրային սննդի կետերում

Արմենուհի ...


01-08-2019
Ժամանակ ու սերունդներ կապող մարդ-մշակույթ էր
ՀՀ ժողովրդական արտիստ, բեմադրիչ Երվանդ Ղազանչյանի վախճանը մեծ ...



01-08-2019
Եղիշե Չարենցը պաշտում էր Արեւելքը
Վաղը բանաստեղծի տուն-թանգարանում կբացվի ...

01-08-2019
Այվազովսկուց մինչեւ Սալվադոր Դալի
Ի՞նչ են սովորում ՀԱՊ-ի ամառային ...

01-08-2019
Արոտների ջրարբիացումից՝ ճանապարհների վերակառուցում
Ի՞նչ խնդիրներ են լուծվում Ամասիա ...

01-08-2019
Մեդալներն արդեն նշմարվում են
Եվրոպայի երիտասարդական առաջնությանը ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +37... +39

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO