Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

14.10.2019
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ


Հոմեոպատիա. այլընտրա՞նք, թե՞ սպառնալիք առողջությանը

Որոշ երկրներ արգելել են բուժական այս մեթոդի կիրառումը

Լուսինե ՆԱԶԱՐՅԱՆ
l.nazaryan@hhpress.am


Առողջության պահպանումը եւ կանխարգելումը հանրության համար կարեւորագույն խնդիր են։ Այս պարագայում շատ կարեւոր է այն հանգամանքը, թե քաղաքացին ո՞ւմ է դիմում բուժօգնության համար եւ որքանո՞վ է ստանում արդյունավետ բուժում։
Ցավոք, առաջատար կլինիկաներից զատ, այսօր նաեւ անանուն ծագման տարատեսակ բժշկական կենտրոններ են բացվում, որոնք բուժական նոր մեթոդներ են կիրառում, սակայն չունեն ո՛չ գործունեության, ո՛չ բուժական մեթոդի կիրառման լիցենզիա։ Բացի այդ, համացանցում նկատելիորեն շատացել են տարբեր հիվանդությունների դեմ գովազդվող տարատեսակ դեղամիջոցները, որոնք երբեմն նույնիսկ սխալ եւ կեղծ հղմամբ, այս կամ այն հայտնի մասնագետի անունից են գովազդվում եւ ապատեղեկատվության գրոհի տակ մեծ սպառում ապահովում։
Նկատենք, որ այս առումով դաշտը վերահսկելի չէ, եւ հայ բժիշկները, ինչպես նաեւ առողջապահության եւ աշխատանքի տեսչական մարմինը այս կապակցությամբ հաճախ են հանդես գալիս ու հորդորում զերծ մնալ անանուն ծագման դեղամիջոցներից, հետեւաբար նաեւ՝ ինքնաբուժությունից։ Ցանկացած դեղամիջոց պետք է արդյունավետությունը հավաստող փաստաթուղթ ունենա եւ նշանակվի բուժող բժշկի կողմից։ Նման դեղամիջոցների համացանցային գովազդը բնականաբար իրացման եւ հնարավորինս մեծ վաճառք ապահովելու նպատակ ունի։
Որքան էլ բժշկությունը դինամիկ զարգացող ուղղություն է, այդուհանդերձ, ավանդական բժշկությունը եւս շարունակում է պահանջարկված մնալ։ Խնդիրը, սակայն, ոչ թե ավանդական բժշկության ճյուղերին է վերաբերում, այլ հոմեոպատիային, որի առումով խնդրահարույց դեպքերի ենք բազմիցս ականատես լինում։ Թեպետ հոմեոպատիկ դեղերը պատրաստվում են բացառապես բնական հումքից (բույսեր՝ 70% դեպքերում, կենդանի օրգանիզմներ, հանքանյութեր, կենդանիների թույներ, առանձնացված հիվանդածին մասեր) եւ վաճառվում մասնագիտացված դեղատներում, սական դրանց արդյունավետությունը ժամանակակից բժշկությունը չի ընդունում։
Նշենք, որ որոշ երկրներում դեղերի շուկան ներկայումս ողողված է հոմեոպատիկ դեղամիջոցներով, քանի որ  գործող օրենքը չի պահանջում դրանց գրանցում, ինչը թանկ հաճույք է։ Հոմեոպատիայի հիմնադիրը եղել է գերմանացի քիմիկոս (1755—1843 թթ.), որը բազմաթիվ փորձարկումներ հենց իր վրա կատարելով՝ մշակել է հոմեոպատիկ դեղամիջոցների պատրաստման աննախադեպ մեթոդ։
Հոմեոպատիկ դեղամիջոցները հիմնականում ստանում են բնական հումքերից՝ բույսերից, կենդանիներից եւ հանքային նյութերից, որոշ մասն էլ՝ արհեստական ճանապարհով։ Որոշ պատրաստուկներ կարող են լինել ինչպես բուսական (կակտուսի հյութ՝ Բրազիլիայից, Ժենշեն՝ Չինաստանից եւ այլն), այնպես էլ կենդանական ծագման (մեղվի, տարբեր տեսակի օձերի թույներ), օգտագործվում են նաեւ մետաղներ եւ հանքանյութեր։ Այսօր արդեն մշակված է ավելի քան 3000 հոմեոպատիկ դեղամիջոց։
Հոմեոպատիայի առաջին սկզբունքն է՝ բուժում փոքր չափաքանակով դեղամիջոցի օգտագործմամբ, որի մեծ չափաքանակի օգտագործման դեպքում առողջ մարդը ունենում է հակառակ արդյունքը, այսինքն առողջի մոտ ի հայտ է գալիս նույն հիվանդությունը։
Ո՞ր հիվանդություններն է բուժում հոմեոպատիան, այս հարցադրումն առ այսօր անպատասխան է։ Հայաստանում եւս շատ քաղաքացիներ հրաժարվելով քիմիական պրեպարատներից՝ նախընտրում են դիմել հոմեոպատների, սակայն առ այսօր դրանց արդյունավետությունը ժամանակակից բժշկության համար մնում է անհայտ ու անհասկանալի։ Ոմանք պնդում են, թե հոմեոպատիան անփոխարինելի է այն քրոնիկական հիվանդությունների դեպքում, երբ պաշտոնական բժշկությունը չի օգնում կամ գերադասում է վիրահատական մեթոդը։ Սակայն պաշտոնական բժշկությունը շարունակում է դրա արդյունավետությունն ու ապացուցողականությունը հերքող տեսակետ ներկայացնել։
Գիտական հանրության որոշ մասը հոմեոպատիային վերաբերվում է որպես խարդախության՝ պատճառաբանելով գիտական հիմունքների բացակայությունը։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) նույնիսկ զգուշացում է արել այդ բուժման վտանգավոր լինելու մասին։ Ըստ փորձագիտական կազմակերպությունների՝ հոմեոպատիկ բուժումը չունի համապատասխան ապացույցներ, բայց այն օգտագործվում է որպես այլընտրանքային բուժում եւ եվրոպական երկրներում բավականին տարածված է։
ՀՀ առողջապահության եւ աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Սամվել Սողոմոնյանը «ՀՀ»–ի հետ զրույցում նույնպես բուժական այս մեթոդի ապացուցողականությունը հերքեց՝ նշելով, սակայն, որ ավանդական բժշկության մեթոդներից, որոնք ներկայումս ՀՀ–ում կիրառվում են, ապացուցողականություն ունեն միայն երկու մեթոդ՝ ռեֆլեքսոթերապիան եւ ասեղնաբուժությունը։
«Հոմեոպատիան բավական տարածում ունի նաեւ աշխարհում, եւ վերջին շրջանում բավական շատ գիտական հոդվածներ ու հետազոտություններ են հրապարակվել դրա վերաբերյալ։ Նրա սկզբունքն է՝ այն, ինչ վնասում է օրգանիզմին, դրանով էլ հնարավոր է բուժել օրգանիզմը։ Հոմեոպատիկ դեղամիջոցների մեջ օրինակ շատ է կիրառվում թույնը, որը սակայն չափաբաժնի շեղման դեպքում կարող է վտանգել առողջությունը։
Ոչ մի հետազոտությամբ հոմեոպատիկ դեղերի եւ հոմեոպատիայի արդյունավետությունը չի ապացուցվել, ընդհակառակը, շատ հետազոտություններ տպագրվեցին, որոնք հաստատեցին եւ դասեցին այն կեղծ բժշկության շարքին։ Աշխարհի շատ երկրներում հոմեոպատիան որպես բժշկության առանձին ճյուղ արդեն սկսում են արգելել եւ լիցենզիա չեն տրամադրում նման ծառայությունների մատուցման եւ այդ մեթոդով բուժման համար։
Հայաստանում եւս կգնանք դրան, որ արգելվի հոմեոպատիկ բուժման մեթոդը՝ որպես ապացուցողական հենք չունեցող բժշկության տեսակ։
Մենք պետք է հիշենք, պացիենտներն ունեն ներշնչանքի էֆեկտ, երբ մարդուն բուժում է ոչ թե դեղը, այլ ներշնչանքը, այն վաղուց հայտնի է, եւ հոմեոպատիայի դեպքում գործ ունենք այս երեւույթի հետ»,– ասաց Սամվել Սողոմոնյանը։
Նա անդրադարձ արեց նաեւ այն կարեւոր հանգամանքին, որ շատ հաճախ անհայտ ծագման սարքերը կիրառվում են առանց լիցենզիայի, բնակարանային եւ կիսանկուղային տարածքներում՝ սննդային հավելումներ վաճառելով քաղաքացիներին։
Օրենսդրական կարգավորումներն առաջիկայում հնարավորություն կտան կանխելու նաեւ այս խնդիրը։ Իսկ մինչ այդ կառույցի ներկայացուցիչը հորդորում է զգոն լինել, չտրվել երեւակայությանը եւ տարբերակել դրանց կեղծ եւ ճշգրիտ լինելու սկզբունքը։ Եթե որեւէ սարքով կամ որեւէ դեղամիջոցով փորձում են ողջ օրգանիզմում առկա բոլոր խնդիրները լուծել, ուրեմն նման բուժական մեթոդը հեռու է պաշտոնական բժշկությունից։

30-07-2019





12-10-2019
Արցախի բարեկամները՝ Ստեփանակերտում
Պետականաշինության տեսլականը եւ արտաքին քաղաքական հրամայականները

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am


Ստեփանակերտում ...


12-10-2019
Պաշտպանե՛լ Սիրիան՝ հաջորդող պատերազմները կանխելու համար
Այլապես Թուրքիայի ախորժակը անհնար կլինի զսպել

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Մենք՝ ...


12-10-2019
Վարչապետի հանդիպումները Թուրքմենստանում
Մեկնարկել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Թուրքմենստան, հայտնում ...


12-10-2019
«Պետք է կարողանանք գտնել մեր ժողովուրդների միջեւ երկխոսության, փոխադարձ զիջման, վստահության եւ հարգանքի ուղիներ»
Վարչապետը մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի ...


12-10-2019
«Սեւան» ՄՀԿ
Աշտարակի մանկապատանեկան մարզադպրոցի գործունեությունը Արագածոտն մարզում

«Սեւան» գյուղական ...


12-10-2019
Արտասահմանյան երկրների, միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությունը
Արագածոտնի մարզպետարանը գործընկերային հարաբերություններ ունի տարբեր միջազգային կառույցների (ՄԱԿ, ...


12-10-2019
Պատմական ակնարկ
Արագածոտնի մարզը հիմնադրվել է 1996 թ.։ Մարզի տարածքը 2753 ...



12-10-2019
Կարեւոր է հասկանալ՝ ինչ դասեր է քաղում Ադրբեջանը
Իսկ Փաշինյանի նվերը Պուտինին ...

12-10-2019
Կենսական պահանջ եւ ոչ թե նպատակ
Շմավոն Շմավոնյանը նկարի պատմություն չի ...

12-10-2019
Յուրաքանչյուր հայ պետք է կարողանա սեփական քրտինքով սեփական հացը վաստակել
Ճանաչված բարերար ու գործարար Հրաչյա ...

12-10-2019
Հաղթեցին, բայց չտպավորեցին
Մինչեւ 21 տարեկան ֆուտբոլիստների Հայաստանի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +26... +28

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO