Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

18.09.2019
ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ


Ինչ կտա Հայաստանին սուվերեն վարկանիշի փոփոխությունը

13 տարի անց առաջին անգամ բարձրացել ենք

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


2006 թ. ի վեր առաջին անգամ «Մուդիզ» միջազգային վարկանիշային կազմակերպությունը բարձրացրել է Հայաստանի սուվերեն վարկանիշը։ Կառավարության երեկվա նիստում մինչ օրակարգային հարցերի քննարկումը վարչապետ Նիկոլ Փաշինյանը այս փաստը շատ կարեւորեց եւ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանին խնդրեց ներկայացնել, թե ինչու է սա կարեւոր իրադարձություն, եւ «ինչու են տնտեսագետներն այդքան կարեւորում այդ իրադարձությունը»։

Ինչն է մտափոխել «Մուդիզին»

Էկոնոմիկայի նախարարը պարզաբանեց, որ մեր երկրի սուվերեն վարկանիշը, B1—ից բարձրացվելով մեկ մակարդակ, սահմանվել է Ba3 մակարդակում։ «Մուդիզ»—ը «Ստանդարտ եւ Փուրզ եւ Ֆիթչ» վարկանիշային կազմակերպությունների հետ միասին ստեղծում է, ըստ էության, միջազգային ներդրումային հանրության մոտ սպասումներ եւ կարծիք՝ տվյալ երկրում եղած մակրոտնտեսական, ընդհանրապես տնտեսական քաղաքականության հուսալիության եւ զարգացման հեռանկարների վերաբերյալ։ Եվ այն փաստը, որ 2015 եւ ապա 2016թթ. հաջորդաբար Հայաստանի սուվերեն վարկանիշն իջեցվելուց հետո այսօր նորից հետ է բարձրացվում առաջին անգամ վերջին տարիների ընթացքում, վկայում է, որ վարվող տնտեսական քաղաքականությունները նշված հեղինակավոր կազմակերպությունների կողմից ընկալվել եւ որակվել են որպես դրական, եւ այդ միտումների ֆոնին սպասումներ են ձեւավորվում, եւ որ առաջիկայում նույնպես զարգացման հեռանկարները դիտվում են որպես կայուն։
Հարց է ծագում՝ ի՞նչ բաղկացուցիչներ են ազդում վարկանիշային կազմակերպության ընդհանրական գնահատականի ձեւավորման վրա։ «Դրանք մակրոտնտեսական կայունության հարցերն են, որոնք, իհարկե, վերաբերում են գների, փոխարժեքային կայունության, հարկային քաղաքականության եւ պետբյուջեի հարկային եկամուտներ ձեւավորելու, դեֆիցիտի եւ պարտքի եւ մնացած բոլոր կարեւոր մակրոտնտեսական գործոնների հանրագումարին։ Բայց պակաս կարեւոր չեն նաեւ այն կառուցվածքային բարեփոխումները, որ վարում է կառավարությունը՝ ներկա իր որդեգրած տնտեսական քաղաքականությամբ։ Երբ մենք խոսում էինք «Մուդիզ»—ի կողմից Հայաստան այցելած փորձագետների հետ, երկար քննարկումներ ենք ունեցել այն մասին, որ ներկա քաղաքականության առանցքում կառավարությունը հատկապես կարեւորում է վերականգնվող ռեսուրսների վրա մշակող արդյունաբերության առաջանցիկ աճը եւ մեծ ուշադրություն է դարձնելու տնտեսության մրցունակության ու արտադրողականության բարձրացման հարցերին, որ նույնը վերաբերում է նաեւ ծառայությունների բնագավառում մեր որդեգրած քաղաքականությանը եւ զբոսաշրջության ոլորտի կարեւորությանը»,–նշեց Տիգրան Խաչատրյանը։
Նախարարը տեղեկացրեց, որ իրենք «Մուդիզ»—ի փորձագետների հետ խոսել են նաեւ այն մասին, որ չափազանց կարեւոր է, որ հարկային եկամուտների ավելացումը տեղի է ունենում վարչարարության բարելավման հետեւանքով, ինչը, բացի նրանից, որ հարկային եկամուտների ավելացում է ինքնին, նաեւ վկայում է տնտեսության մեջ համահավասար մրցակցության ու բոլորի նկատմամբ հավասար մոտեցումների կիրառության մասին. «Այսինքն՝ այն, որ տնտեսությունն այլեւս չի վախենում կոռումպացված կառավարման համակարգից, որ տնտեսությունը դրական է արձագանքում բոլոր տնտեսավարողների նկատմամբ համահավասար մոտեցմանը։ Եվ որ հարկերի վճարման կամովիությունը, ըստ էության, գտնվում է նոր մակարդակի վրա, վստահաբար էական նշանակություն ունի նաեւ օտարերկրյա ներդրողի տեսանկյունից, եւ այս բոլորը միասին իրենց ընդհանուր արտացոլումն են գտել կազմակերպության ընդհանուր սուվերեն վարկանիշը ձեւավորելու եզրակացության մեջ»։

Ամենակարեւոր «մեսիջները»՝ ըստ ԿԲ-ի

ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանն էլ շեշտադրումներ ուներ։
Ըստ նրա, քանի որ մեր ռեյտինգը 2016թ. սկսած վատացել է՝ տրանսֆերտներից կախվածության եւ Ռուսաստանի տնտեսության շոկերի ազդեցության նկատմամբ խոցելիության պատճառով, «Մուդիզ»—ն, ըստ էության, արձանագրում է առաջին անգամ, որ այդ կախվածությունը ե՛ւ տրանսֆերտներից, ե՛ւ միջազգային շոկերից, փոխվել է. մեր տնտեսության դիմադրողականությունը բարձրացրել է։ Նրանք այցելել են Ինժեներական քաղաք, «Սինոփսիս» ընկերություն, «Թումո» կենտրոն, եւ դա բավական լուրջ տպավորություն է թողել՝ հասկանալու համար, որ աճի հաջորդ փուլը, հնարավոր է, ավտոնոմ ներդրումներով ուղղորդվի, եւ այդ ոլորտը կարող է լուրջ կայունություն բերել աճի տատանողականության վերացման առումով։
«Սա ամենակարեւոր մեսիջն է»,–ասաց Ներսես Երիցյանը։ Եվ միաժամանակ հավելեց, թե հնարավոր է՝ շատ արագ ապագայում եւս բարելավենք, եթե կառավարությունը այն ռեֆորմները, որ հայտարարել է՝ հատկապես հակակոռուպցիոն ոլորտում եւ դատաիրավական համակարգի մասով, իրականացվեն։ Այլ կերպ՝ դարձյալ ըստ ԿԲ նախագահի տեղակալի, «Մուդիզ»—ը արձանագրում եւ հայտարարում է, որ ըստ էության, բարելավումները կարող են շարունակվել, եւ բարելավման հիմնական պայմանը սա է։
Ներսես Երիցյանը այլ շեշտադրում էլ արեց. «Ռեյտինգը միայն սուվերեն չեն տալիս, այլ մի քանի այլ ոլորտներով էլ են տալիս, որտեղ ակնհայտորեն տարածաշրջանի բոլոր երկրներից բարձր ենք։ Մեր ազգային արժույթով, որը մեր ֆիսկալ եւ դրամավարկային քաղաքականության կայունության եւ բանկային համակարգի սահունության մասին է խոսում»։ «Մուդիզը» պարտատոմսերի թողարկման եւ ազգային արժույթով երկարաժամկետ բանկային ավանդների վերին սահմանաչափերը գնահատվել են Baa2, որը ներդրումային ռեյտինգ է։ 2 խումբ ռեյտինգներ կան՝ ռեյտինգներ, որոնք ոչ ներդրումային են եւ ներդրումային ռեյտինգներ, որտեղ ներդրումային հետաքրքրությունը չափից ավելի բարձր է։
Մյուս շեշտադրումն այն է, որ, դարձյալ ըստ Ներսես Երիցյանի, կառավարությունը եվրոպարտատոմսերը վերաթողարկելու որոշում է կայացրել։ Ակնհայտորեն սա նշանակում է գնի նվազում միջազգային շուկաներում, որն ամենամեծ ձեռքբերումն է լինելու։ Խոսքը տասնյակ միլիոնավոր դոլարների խնայողության մասին է թողարկման ժամանակահատվածի համար։

Որ հասնենք ամենամատչելիին

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն էլ խոսք խնդրեց՝ ասելով, թե պատկերն ամբողջականացնելու եւ ընկալումը հավասարակշռելու անհրաժեշտություն կա։
Ըստ մեր՝ այսպես ասած ֆինանսական ելումուտի պատասխանատուի, չափազանց կարեւոր է, իհարկե, վարկանիշը պետական պարտքի տեսակետից՝ հաշվի առնելով հատկապես այն, որ մեզ համար, որպես երկիր, որն ունի միջին եկամուտ ունեցող երկրի գնահատական, գնալով ավելի պակասելու են մատչելի արտոնյալ պայմաններով փոխառու միջոցները, ինչը մեր հանրապետության ձեւավորման առաջին տարիներից եղել է հիմնական պարտքի ներգրավման ճանապարհը։ Պետք է հաշվի առնել, որ եվրապարտատոմսերի՝ մինչ այժմ ունեցած 2 թողարկումների համար վերաֆինանսավորման բոլոր հնարավոր տարբերակները մենք քննարկում ենք, եւ, անկախ տարբերակների ընտրությունից, յուրաքանչյուրի դեպքում չափազանց կարեւոր է այն վարկանիշը, որը երկիրն ունի։ Եվ. ի դեպ, ոչ միայն երկիրը, այլեւ ֆինանսական գործիքների համար տրված վարկանիշները։
Իսկ ի՞նչն էր հավասարակշռելու անհրաժեշտությունը. «Եթե ֆինանսների լեզվով ասելու լինենք, սրա մեջ կա նաեւ կանխավճարի, այսպես ասած, ավանսի ինչ—որ մաս։ Այսինքն՝ դրական դինամիկայի հիման վրա տրվել է այդպիսի վարկանիշ, ենթադրվում է, որ մենք պետք է մեր ներդրած ջանքերով արձանագրենք այն վիճակը, ինչը որպես սպասում ձեւավորվել է»։
Այլ կերպ, ըստ ֆիննախի, սպասումը մեզ տրված հնարավորություն է, որպեսզի մենք հիմնավորենք, որ այդ սպասումները հիմնավոր են։ Եվ պետք է նաեւ երկրորդ մասը հաշվի առնել, որ, ճիշտ է, դա բարձր է, բայց բարձրագույնից, որը 3A—ն է, դեռեւս ցածր է, այսինքն՝ մենք պետք է մեր բոլոր ջանքերը ներդնենք, որպեսզի մեզ համար այդ միջոցները լինեն ամենամատչելի եւ ամենացածր գնով։

Վարկանիշի կիրառական ազդեցությունը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ ցանկացավ խոսել մասնավոր հատվածի հետ կապված այս իրադարձության կիրառական ազդեցության մասին։
Ըստ այդմ, սա չի կարող չհանգեցնել այս կամ այն կերպով տոկոսների նվազմանը շուկայում։ Ինչո՞ւ, որովհետեւ նախ մասնավոր հայկական այն կազմակերպությունները, որոնք ունեն «Մուդիզ»—ի վարկանիշ, իրենց վարկանիշն էլ կբարձրացնեն։ Ինչը կնշանակի, որ տվյալ ընկերությունների եւ, մասնավորապես, բանկերի՝ արտաքին շուկաներից ներգրավված միջոցների տոկոսադրույքը կնվազի որոշակի չափով, ինչն էլ կհանգեցնի նրան, որ հայկական շուկայում տոկոսադրույքները որոշակի չափով կնվազեն։ «Սա շատ կարեւոր է ու ոչ միայն նրա համար, որ տոկոսադրույքներն են նվազելու, այլ նաեւ միջազգային ֆինանսական շուկաները հասանելիության առումով ավելի մոտ են գալիս դեպի հայկական մասնավոր հատված»,–ամփոփեց փոխվարչապետը։

Տեմպը չկորցնելով

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը միանգամից ասաց, որ համաձայն ԿԲ տեղեկանքի, վերջին 2 տարվա ընթացքում Հայաստանում դրամային վարկերի տոկոսադրույքներն իջել են 3 տոկոսով, դոլարային վարկերի տոկոսադրույքներն իջել են 1 տոկոսով։
Հետո անմիջապես դիմեց ԿԲ նախագահի տեղակալին, թե՝ «կառավարությունը ոչ մի պատճառ չունի՝ բարեփոխումների կուրսն ու խոստացված բարեփոխումները չիրականացնելու»։
Վարչապետը ֆիննախի ասածին էլ անդրադարձավ՝ հուլիսի տնտեսական ցուցանիշներից խոսելով։ Նրա խոսքերով՝ ունենք տնտեսական ակտիվության ցուցանիշ՝ 8.1 տոկոս, որը շատ լավ ցուցանիշ է։ Բացի դա, արդյունաբերական արտադրանքի ծավալի աճ՝ 16.1 տոկոս, շինարարարության աճ՝ 4.1 տոկոս, առեւտրի շրջանառության աճ՝ 9.1 տոկոս, ծառայությունների աճ՝ 14.9 տոկոս, միջին անվանական աշխատավարձի աճ՝ 8 տոկոս, արտահանման աճ՝ հուլիսին 19.5 տոկոս։ Իսկ տարվա առաջին 7 ամսվա կտրվածքով կրկին տնտեսական ակտիվության ցուցանիշի տեմպն արագացել է, եւ արդյունաբերական արտադրանքի ծավալի 8 տոկոս աճ ունենք եւ էլի շարունակ։ «Իսկապես երկնիշ տնտեսական աճ արձանագրելը ֆանտաստիկայի ոլորտից չէ։ Այսօր ամենամեծ պրոբլեմն այն է, որ մենք կապիտալ ներդրումների ծավալների տեմպի ժամանակացույցի հետ կապված խնդիր ունենք, եւ եթե այդ խնդիրն արդյունավետ կերպով լուծված լիներ, իհարկե, այսօրվա մեր տնտեսական ցուցանիշները շատ ավելին կլինեին։ Իհարկե, սրա համար կան օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներ, բայց ես հիմա ուզում եմ նորից մեզ հիշեցնել՝ կառավարության բոլոր անդամներին, բոլոր գերատեսչությունների ղեկավարներին, որ հիմա ամենակարեւոր աշխատանքը 2020թ. կապիտալ ծախսերի պլանավորումն է, մրցույթների պատշաճ կազմակերպումը, անցկացումը եւ հունվարի 1—ի դրությամբ բոլոր կապիտալ ծախսերի մասով պայմանագրերի ստորագրումն ու աշխատանքների ճիշտ ժամանակին կազմակերպելը։ Ցանկացած լավ նորություն իր հետ բերում է նաեւ որոշակի լարվածություն, քանի որ շատ կարեւոր է, որ այդ լավ նորությունների ձեռք բերած տեմպն ու տրամադրությունը չկորցնենք։ Դրա համար կա մի ճանապարհ՝ աշխատել, աշխատել եւ աշխատել»,–եզրափակեց վարչապետը։

30-08-2019





 
18-09-2019
Առասպելի հրապույրը. մեթոդաբանություն
Իշխանությունների հովվերգությունը

Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am


Ըստ երեւույթին պետականություն ունենալը առանձին ...


18-09-2019
Սպիտակի կարի միավորում. երբեմնի փառքի երեկն ու վաղը
Շատ բան կորոշի ներկան

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Խորհրդային տարիներին Սպիտակի ...


18-09-2019
Գործարար մարդու հեղանիշը (հեղանիշ— հեղինակության նիշ, «իմիջ»)
Հիշում եք՝ նախկինում ինչ վերաբերմունք կար «գործարար մարդ» հասկացության ...


18-09-2019
Տպագիր ու էլեկտրոնային միջոցները պետք է զուգահեռ զարգանան
Ինչու գնել թերթ, եթե համացանցում ինֆորմացիայի պակաս չկա

Լիանա ...


18-09-2019
Նոյից հետո առաջին վերելքը Արարատ
Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանը հայտարարել է մրցույթ

Եվրոպական բազմաթիվ ...


18-09-2019
Անվտանգության խորհրդի հերթական նիստը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ երեկ տեղի է ունեցել անվտանգության ...



18-09-2019
Էլեկտրամոբիլներով երթեւեկելը ժամանակի պահանջ է
Բացվել է առաջին արեւային լիցքավորման ...

18-09-2019
Դպրոցը՝ Մերուժան Ստեփանյանի անունով
Անցած տարի «Հայրենասեր» բարեգործական հասարակական ...

18-09-2019
Վերանորոգման եւ հիմնանորոգման աշխատանքներ ամբողջ հանրապետությունում
Տասնյակ տարիներ չվերանորոգված ...

18-09-2019
Հայ թենիսիստի վարպետությունը հրապուրել է ամերիկացիներին
Հայաստանի խոստումնալից թենիսիստներից մեկը՝ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +26... +28

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO