Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

18.09.2019
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


«Ժողովրդի կառավարում, ժողովրդի շնորհիվ, հանուն ժողովրդի»

Ամերիկայի Միացյալ Նահանգների 16-րդ նախագահ (1861–1865 թթ.) Աբրահամ Լինքոլնը բացառիկ դեմք է ամերիկյան պատմության մեջ եւ բնավ էլ ոչ այն պատճառով, որ առաջինն է այդ պետության սպանված նախագահների ցավալի շարքում։ Լինքոլնին է ամերիկյան ժողովուրդը պարտական, որ պահպանվեց պետության միասնությունը, այլ ոչ թե գոյացավ երկու կամ նույնիսկ մի քանի պետություն։ Ավելին, նրա ջանքերով էր, որ սկսեց ձեւավորվել բուն «ամերիկյան ազգը»՝ որպես միեւնույն հոգեւոր եւ մշակութային արժեքների տեր մարդկանց համախումբ։
Սույն հոդվածի վերնագրում ամփոփված միտքը ժողովրդավարական կառավարման էության հակիրճ եւ լավագույն ձեւակերպումն է։ Դրանով է ավարտել Լինքոլնը իր նշանավոր ճառը Գետիսբերգում, Ազգային գերեզմանատանը 1863 թ. նոյեմբերի 19—ին (հուլիսին Պենսիլվանիա նահանգի Գետիսբերգ բնակավայրի մոտ քաղաքացիական պատերազմում զոհվել էր ավելի քան 40 հազար ամերիկացի)։ Հիմնական բանախոսը (նշանավոր քաղաքական գործիչ եւ ճարտասան, Հարվարդի համալսարանի ռեկտոր Էդվարդ Էվերեթը) խոսում է երկու ժամ (ունկնդիրների վկայությամբ՝ խոր, տպավորիչ եւ հուզիչ խոսք), Լինքոլնը... երեք րոպեից էլ պակաս։ Սակայն, ընդամենը տասը նախադասությունից կազմված ելույթը (որը, ի դեպ, Լինքոլն ինքը սկզբնապես համարել է ձախողված), մինչ օրս գնահատվում է որպես ամերիկյան հողում երբեւէ արտասանված ամենահզոր ճառը՝ հավասարազոր 1776 թ. «Անկախության հռչակագրին» (ճառի ձեռապատճենը պահպանվում է ԱՄՆ—ի Կոնգրեսի գրադարանում)։ Ժամանակի մամուլի մեկնաբանության մեջ կարդում ենք. «Նրա հակիրճ ճառը մարգարտահատի էր նման. խորապես սրտառուչ էր, աչքի էր ընկնում մտքի ու արտահայտչության հագեցվածությամբ, ամեն մի բառ եւ ստորակետ լի էին նրբագեղությամբ եւ վկայում էին հռետորի ընտիր ճաշակը.... Պրեզիդենտի խոսքերը սրտից սիրտ անցան»։
Աբրահամ Լինքոլնի կյանքը եւ քաղաքական վերելքը «ինքն իրեն ստեղծած մարդու» դասական օրինակ է, «ամերիկյան երազանքի» մարմնացում. ծնվել է ցածր եկամտի տեր ագարակապանի ընտանիքում, սուղ պայմանների պատճառով չի ստացել հիմնավոր կրթություն (սոսկ մեկ տարի է դպրոց հաճախել), սակայն ինքնակրթությամբ եւ համառ աշխատանքով դարձել է ժամանակի ամենազարգացած մարդկանցից մեկը, հմուտ իրավաբան եւ քաղաքական գործիչ, վերջապես՝ սկզբունքային եւ հեռատես նախագահներից մեկը։ Պետության եւ հասարակության համար բախտորոշ պահին հատկապես Լինքոլնը եղավ «ճիշտ մարդը», հիրավի հարկավոր առաջնորդը, որ հայտնվեց «ճիշտ պահին» եւ կատարեց իր առաքելությունը։ Պատմության մեջ նա մնացել է նաեւ որպես աշխատասիրության, ազնվության, համեստության, հավատարմության տիպար. նա ստացել էր «Ազնիվ Էյբ» մականունը, քանի որ անձնական պարտքերը միշտ ժամանակին էր վերադարձնում։
ԱՄՆ—ի պատմության ամենադրամատիկ պահերից էր քաղաքացիական պատերազմը (1861–1865 թթ.). պետության քայքայման, տրոհման վտանգը ոչ թե վերացական էր, այլ միանգամայն իրական։ Բավական է արձանագրել, որ դեռ պատերազմի շեմին անջատված հարավային նահանգները հռչակեցին «Ամերիկայի նահանգների համադաշնություն» եւ ընտրեցին սեփական նախագահի։ Իսկ 1861 թ. գարնանն արդեն միմյանց դեմ թշնամաբար կանգնած էին միության 23 եւ անջատված 11 նահանգները։ Արյունալի պատերազմը մեծաքանակ զոհեր տարավ, 360000—ը՝ հյուսիսից, 260000—ը՝ հարավից։
Պատերազմը սովորաբար ծագում է տարածքային վեճերից, այստեղ խնդիրն այլ էր. ավելի զարգացած Հյուսիսի հասարակությունը դեմ էր ստրկությանը, Հարավինը՝ կողմ։ Ե՛վ Լինքոլնը, ե՛ւ պետության մյուս ղեկավարները գիտակցում էին խնդրի լուծման կարեւորությունն ու բարդությունը։ Մի կողմից՝ մարդու ազատությունները հանրային կյանքի կազմակերպման կենտրոնում դրած քաղաքական համակարգը չէր կարող երկար համակերպվել ստրկության ամոթալի իրողությանը, մյուս կողմից՝ հարավային նահանգների առավելապես ագրարային տնտեսության հիմքը հենց ստրուկների հարկադիր աշխատանքն էր (հատկապես վերելք ապրող բամբակագործության մեջ)։ Փաստորեն, հասարակությունը երկճեղքված էր՝ մշակութապես, քաղաքական եւ տնտեսական առումով, եւ վերջնական տրոհումը իրական վտանգ էր։ Մինչ Լինքոլնը, 1808 թ. Կոնգրեսն արդեն օրենք էր ընդունել, որով արգելվում էր ստրուկներ ներմուծել, բայց ստրկության բուն հաստատությանը ոչ ոք դեռ չէր համարձակվում ձեռք տալ։ Մինչդեռ նույնիսկ այս թերատ լուծումը դուր չէր գալիս հարավային նահանգներին, որոնց ղեկավարները պայքարում էին օրենքի վերացման համար։
Որպես ստրկության սկզբունքային հակառակորդ (կրոնական եւ բարոյական հիմքերով)՝ Աբրահամ Լինքոլնը սկզբնական շրջանում վարում էր փոխզիջումային քաղաքականություն, հասկանալով, որ կշեռքի մյուս նժարին է դրած միասնական պետության գոյությունը։ Նա նույնիսկ մտմտում էր ստրկատերերին փոխհատուցում տալու մասին։ Բայց երբ չհաջողվեց պատերազմից խուսափել, Լինքոլնն արդեն անվերապահորեն իրադարձություններն ուղղորդեց դեպի ստրկության վերացում. հատուկ հռչակագրով 1863 թ. հունվարի մեկից հարավային նահանգների ստրուկները հայտարարվեցին ազատ, իսկ հետագայում ԱՄՆ Սահմանադրության 13—րդ լրացմամբ՝ ստրկությունն առհասարակ վերացվեց ամբողջ երկրում։ Սա վճռական եղավ պատերազմի ընթացքի համար. ոչ միայն այն պատճառով, որ տասնյակ հազարավոր աֆրոամերիկացիներ (շուրջ 180 հազար) ընդգրկվեցին հյուսիսայինների բանակը, այլեւ Անգլիան եւ Ֆրանսիան հետ կանգնեցին (սեփական հասարակայնության ճնշման տակ) Հարավին օգնելու մտադրությունից։
1864 թ. Լինքոլնը երկրորդ անգամ ընտրվեց ԱՄՆ նախագահ։ Քանի որ պատերազմի ավարտն արդեն երեւում էր, նա ուշադրությունը կենտրոնացրեց հարավային նահանգների փաստացի վերամիավորման բովանդակ խնդիրներին, մասնավորապես՝ միասնական ենթակառուցվածքներ ստեղծելուն՝ հստակ ձեւակերպելով ժամանակի հրամայականը, այն է՝ ոչ թե վրեժխնդրություն եւ պատիժ, այլ հաշտեցում եւ փոխադարձ ներողամտություն։ Բայց պատերազմի ավարտից ընդամենը մի քանի օր անց Աբրահամ Լինքոլնին թատրոնի օթյակում գնդակահարեց հարավցի մոլագար մի դերասան։
Աբրահամ Լինքոլնին ժամանակին շատ են քննադատել ե՛ւ աջից, ե՛ւ ձախից։ Սակայն հետագա պատմությունը ցույց տվեց, որ նա մշտապես կարողացել է գտնել լավագույն լուծումը։ Պատերազմի ժամանակ նրա մշակած կառավարման հայեցակարգն իրեն արդարացրեց ոչ միայն գործնականորեն, այլեւ հարստացրեց տեսական ըմբռնումները։ «Լինքոլնի ռազմական հանճարը, համատեղված ժամանակակից պատերազմ վարելու նոր ու համալիր խնդիրներին ոչ դոգմատիկ մոտեցմամբ, վկայում է ամերիկացի վերլուծաբան Յորք Նագլերը, հետագայում բազմապատիկ գնահատվել է»։
Պետական կառավարման փիլիսոփայության ասպարեզում Աբրահամ Լինքոլնը տարբերվում էր իր նախորդներից՝ կարեւորելով պետության համահանրային գործառույթների ուժեղացումը, համադաշնային հաստատությունների դերի բարձրացումը։ Սահմանադրությունը եւ օրենքները նա հանրությանը մատուցում էր որպես յուրատեսակ «քաղաքական կրոն» եւ բծախնդիր օրինապաշտության օրինակ էր ծառայում սեփական վարքով։ Իսկ որպես գործադիր իշխանության ղեկավար՝ Աբրահամ Լինքոլնը հատկապես աչքի ընկավ նրանով, որ լինելով Հանրապետական կուսակցությունից ընտրված նախագահ՝ մեծ տեղ էր տալիս նաեւ Դեմոկրատական կուսակցության անդամներին՝ ամենաբարձր պաշտոններ տրամադրելով կառավարության կազմում։

Վալերի ՄԻՐԶՈՅԱՆ
Փ.գ.դ., պրոֆեսոր

04-09-2019





 
18-09-2019
Առասպելի հրապույրը. մեթոդաբանություն
Իշխանությունների հովվերգությունը

Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am


Ըստ երեւույթին պետականություն ունենալը առանձին ...


18-09-2019
Սպիտակի կարի միավորում. երբեմնի փառքի երեկն ու վաղը
Շատ բան կորոշի ներկան

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Խորհրդային տարիներին Սպիտակի ...


18-09-2019
Գործարար մարդու հեղանիշը (հեղանիշ— հեղինակության նիշ, «իմիջ»)
Հիշում եք՝ նախկինում ինչ վերաբերմունք կար «գործարար մարդ» հասկացության ...


18-09-2019
Տպագիր ու էլեկտրոնային միջոցները պետք է զուգահեռ զարգանան
Ինչու գնել թերթ, եթե համացանցում ինֆորմացիայի պակաս չկա

Լիանա ...


18-09-2019
Նոյից հետո առաջին վերելքը Արարատ
Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանը հայտարարել է մրցույթ

Եվրոպական բազմաթիվ ...


18-09-2019
Անվտանգության խորհրդի հերթական նիստը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ երեկ տեղի է ունեցել անվտանգության ...



18-09-2019
Էլեկտրամոբիլներով երթեւեկելը ժամանակի պահանջ է
Բացվել է առաջին արեւային լիցքավորման ...

18-09-2019
Դպրոցը՝ Մերուժան Ստեփանյանի անունով
Անցած տարի «Հայրենասեր» բարեգործական հասարակական ...

18-09-2019
Վերանորոգման եւ հիմնանորոգման աշխատանքներ ամբողջ հանրապետությունում
Տասնյակ տարիներ չվերանորոգված ...

18-09-2019
Հայ թենիսիստի վարպետությունը հրապուրել է ամերիկացիներին
Հայաստանի խոստումնալից թենիսիստներից մեկը՝ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +26... +28

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO