Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

18.09.2019
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Փաստաբանական փորձառության աղետը

Կամ պաշտպանության չգրված 10 ոսկե կանոն

Երջանիկ են նրանք, ովքեր երբեւէ չեն դիմել փաստաբանի ծառայության, իսկ ովքեր էլ դիմել են, կարծում եմ, ձեռք են բերել օրենքն ինքնուրույն ընթերցելու փորձ եւ հասկացել ինքնապաշտպանության մեխանիզմի Ոսկե կանոնները։
Այսպես, ոսկե կանոններից առաջինն ամրագրում է.
1. Հիշի՛ր, որ քո պայքարում դու մենակ ես։ Կարեւորը՝ երբեք չվախենալ մենակությունից եւ չանել միամիտ արտահայտություններ։ Նախքան փաստաբանին դիմելը ուսումնասիրել գործն ինքնուրույն, ծանոթանալ դրա հետ առնչվող օրենքներին ու դրանց կիրառությանը։ Բոլոր դեպքերում ցույց տալ, որ գիտես ավելին, բայց երբեք չասել ավելին, քան պահանջվում է այդ պահին։ Միշտ ունենալ անակնկալ մատուցելու պահեստային տարբերակ, որը կզինաթափի հակառակորդին, եւ որից հետո անիմաստ կլինի նրա պայքարը։
2. Փաստաբան ընտրելիս մի՛ շտապիր փորձառու փաստաբան գտնել։ Հիշի՛ր, որ նա համագործակցում է բոլորի հետ՝ սկսած հակառակորդից՝ վերջացրած դատախազով ու դատավորով։ Փորձառու փաստաբանը սերտաճած աշխատանքային բազմամյա հարաբերություններ ունի դատական համակարգի բոլոր աստիճանների ծառայողների հետ, եւ քո շահերը ի սկզբանե չեն համընկնում նրանց շահերին, եւ ամեն վայրկյան քո փաստաբանը կարող է շրջվել քո դեմ, էլ չեմ ասում, որ նա քո դեմ սկսում է աշխատել ծանոթության առաջին իսկ պահից։
3. Օրենքներն ուսումնասիրելու հետ միասին հետեւողական ու պահանջատեր մնա դրանց կիրառության հարցում, որքան էլ քո փաստաբանը այլ բան համոզի, այլ կարծիք հայտնի, քանի որ քո փաստաբանի կարծիքը չպետք է տարբերվի քո կարծիքից, հատկապես եթե այն հակասում է քո շահերին։ Սա արդեն փաստաբանական օրենքի խախտում է, եւ դու կարող ես ամեն վայրկյան հրաժարվել նրա ծառայություններից։
4. Փաստաբան ընտրելիս, իմացի՛ր, որ դու փաստաբան ես ընտրում ոչ միայն քեզ համար, այլեւ հակառակորդիդ, քանի որ քո փաստաբանը ցանկացած գումարի դիմաց հանգիստ կաշխատի հակառակորդիդ օգտին կամ երկուսիդ միասին ծուղակը կգցի՝ երկուսիցդ էլ գումարներ շորթելով... Ի վերջո, կհայտարարի, որ ինքը պատասխանատու չէ գործի ելքի համար, եւ սա կարող է ճշմարտանման թվալ։
5. Երբեք մի՛ մտերմացիր ու մի՛ անկեղծացիր փաստաբանիդ հետ եւ տեղեկություններ մի տուր քո անձնական կյանքի մասին, այլապես նա հանգիստ այդ ամենը կօգտագործի քո դեմ։ Բավարարվիր նրա հետ զուտ գործի շրջանակներում մտքեր փոխանակելուց ու շփվելուց։ Փորձառու փաստաբանը նախ եւ առաջ քայլեր է անում սողոսկելու անձնական կյանք ու հետաքրքրությունների շրջանակ, ինչը գործին ամենեւին չի վերաբերում, խոսում ամեն ինչից, բացի գործին վերաբերող նյութերից ու օրենքներից ու դրանց կիրառությունից։ Նա կարող է հանգիստ մանեւրել, քեզ թողնել մենակ եւ գործին նայել մատների արանքով՝ պատճառաբանելով իր զբաղվածությունը, հիվանդությունը կամ այլ հանգամանքներ, այնպես, որ դու ակամայից սկսում ես կարեկցել ու պաշտպանել նրան, պաշտպանել, որքան էլ անհեթեթ թվա, որ նա ի վիճակի լինի պաշտպանել քեզ։
Փորձառու փաստաբանը կարող է խուսափել միասին գործի հանգամանքները քննելուց՝ ձեւացնելով, թե լավատեղյակ է գործից, եւ ընդհանուր հայտարարի գալու խնդիր չկա, իսկ դատավարական պրոցեսի ընթացքում անակնկալ մատուցել՝ ամենեւին էլ ոչ քո օգտին նպաստավոր կարծիք հայտնելով՝ չխորշելով մեջբերել իր փորձառությունն ու գիտակ լինելը։
6. Հիշի՛ր, փաստաբանը լավագույն միջնորդն է բոլոր կողմերի միջեւ, եւ որքան էլ նա համոզիչ կերպով քարոզի, թե տանել չի կարողանում այս կամ այն դատավորին, նա առավել դատավորի՛ փաստաբանն է, քան քո, քանի որ որեւէ դատավոր առանց փաստաբանի միջնորդության ու վստահության չի համարձակվի կաշառք վերցնել, իսկ կաշառք վերցնում են նրանից, ում վստահում են, ով արդեն իսկ կաշառք տալու ճանապարհ ունի անցած, ու եթե դու երբեւէ որեւէ մեկին որեւէ գործով կաշառք չես առաջարկել ու չես տվել եւ պայքարում ես անօրինականության ու կաշառքի դեմ, դու ի սկզբանե ես տանուլ տվել դատը, քանի որ ո՛չ փաստաբանը, ո՛չ դատախազը, ո՛չ էլ դատավորը քեզանից ակնկալիք չունեն, եւ նրանք միանգամից անցնում են նրա կողմը, ում դեմ պայքարում ես եւ ում մեղադրում ես անօրինական գործողությունների մեջ, իսկ անօրինական գործողությունները առանց կաշառքի չեն լինում։
7. Երբեք մի՛ հավատա սեփական ազնվության ու անբասիրության մասին փաստաբանի քարոզներին, քանի որ հենց այդ քարոզներով է փորձում իր խարդախությունն ու ծախվածությունը քողարկել փորձառու փաստաբանը՝ միամիտի տեղ դնելով վստահորդին։ Սա հոգեբանական այնքան պարզ տրյուկ է, որ պետք չէ անգամ հոգեբան լինել՝ հասկանալու համար, թե ինչո՞ւ են արվում նման հավաստիացումները։ Որեւէ ազնիվ մարդ, եթե չի պատրաստվում անազնիվ քայլի դիմել, չի խոսի ազնվությունից, քանի որ ոչ թե խոսքի, այլ գործի մեջ է բացահայտվում մարդու ազնիվ լինել—չլինելու հանգամանքը, ուստի պետք չէ կուլ տալ բառերով արտահայտված որեւէ խայծ, եթե գործի մեջ այլ բան է նշմարվում։
8. Իհարկե, սույն կանոններից բխող հետեւությունները փաստաբանի գործողությունների ու նրան վստահելու առումով կարող են հուսահատական թվալ. ի վերջո, դատական պրոցեսն այնպիսի հիմքերի վրա է դրված, որ առանց փաստաբանի ծառայության քեզ միանգամից կմեխեն պատին։ «Ի՞նչ անել» դասական հարցը կախվում է ուղիղ քթիդ առջեւ. լինել խելացի, քան ցանկացած փաստաբան եւ մանեւրել նույն մեթոդներով, ինչպես նա՝ ա) չիմանալու տալ, բ) ցույց տալ, թե անվերապահորեն հավատում ես իրեն, գ) աշխատել նրա փոխարեն, դ) առաջարկել ստորագրել քո ներկայացրած նյութերի տակ, ե) դատարանում հայտնել ինքնուրույն կարծիք՝ կանխելով նրան, զ) ստիպելով նրան ներկայացնել այն նյութը, որ պաշտպանում է քո շահը՝ անկախ նրա վերաբերմունքից ու խույս տալու մանեւրներից,–է) միշտ պատրաստ լինել նրա անգործունեության կամ հակագործունեության հակահարվածին՝ պահպանելով ջերմ—բարեկամական վերաբերմունք նրա հանդեպ, ը) բանի տեղ չդնել նրա մունաթները քո հանդեպ, երբ քո գործի հետ կապ չունի ո՛չ նրա զբաղվածության աստիճանը, ո՛չ հիվանդության հաճախականությունն ու բնույթը, ո՛չ էլ հակառակորդի տեսակն ու կշիռը։
9. Այս բոլորը հաշվի առնելով, երբ, միեւնույն է, ստիպված ես բոլոր օրենքներն անգիր իմանալ, լավագույնը փորձ չունեցող, երիտասարդ, անգամ նորավարտ փաստաբան վարձելն է, ով ավելի քիչ գործ կունենա ձեռքի տակ եւ ով շահագրգռված կլինի սեփական դաÕ՛տը շահել՝ թեկուզ կարիերայի՛ համար եւ ոչ թե հանուն փողի, ու եթե բախտի բերմամբ ունենա չծախվելու համառություն, նրա անփորձությունը կամ քիչ փորձառու լինելը չի խանգարի դատը շահելուն։
10. Եվ, վերջապես, 10—րդ ոսկե կանոնը. երբեք մի՛ հուսահատվիր, անգամ, եթե տանուլ տաս դատդ, դատավարական այդ ողջ շիլաշփոթի մեջ բազում դիմակներ կպատռես եւ կապացուցես, որ պարտված արդարությունից Ճշմարտության գլուխն ավելի է բարձրանում։
Էլեոնորա ՆԵՐՍԻՍՅԱՆ

04-09-2019





 
18-09-2019
Առասպելի հրապույրը. մեթոդաբանություն
Իշխանությունների հովվերգությունը

Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am


Ըստ երեւույթին պետականություն ունենալը առանձին ...


18-09-2019
Սպիտակի կարի միավորում. երբեմնի փառքի երեկն ու վաղը
Շատ բան կորոշի ներկան

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Խորհրդային տարիներին Սպիտակի ...


18-09-2019
Գործարար մարդու հեղանիշը (հեղանիշ— հեղինակության նիշ, «իմիջ»)
Հիշում եք՝ նախկինում ինչ վերաբերմունք կար «գործարար մարդ» հասկացության ...


18-09-2019
Տպագիր ու էլեկտրոնային միջոցները պետք է զուգահեռ զարգանան
Ինչու գնել թերթ, եթե համացանցում ինֆորմացիայի պակաս չկա

Լիանա ...


18-09-2019
Նոյից հետո առաջին վերելքը Արարատ
Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանը հայտարարել է մրցույթ

Եվրոպական բազմաթիվ ...


18-09-2019
Անվտանգության խորհրդի հերթական նիստը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ երեկ տեղի է ունեցել անվտանգության ...



18-09-2019
Էլեկտրամոբիլներով երթեւեկելը ժամանակի պահանջ է
Բացվել է առաջին արեւային լիցքավորման ...

18-09-2019
Դպրոցը՝ Մերուժան Ստեփանյանի անունով
Անցած տարի «Հայրենասեր» բարեգործական հասարակական ...

18-09-2019
Վերանորոգման եւ հիմնանորոգման աշխատանքներ ամբողջ հանրապետությունում
Տասնյակ տարիներ չվերանորոգված ...

18-09-2019
Հայ թենիսիստի վարպետությունը հրապուրել է ամերիկացիներին
Հայաստանի խոստումնալից թենիսիստներից մեկը՝ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +26... +28

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO