Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

23.10.2019
ԼՂՀ


Ամրոցները՝ Որոտանի ափերին

Հայոց երկրի ջրառատ գետերից Որոտանը Սյունիքի մարզի Որոտան գյուղից մինչեւ Քաշաթաղի շրջանի Որոտան քաղաք անցնում է իր իսկ ստեղծած կիրճով, որի ափերին գտնվող ժայռակերտ բլուրները ժամանակին օգտագործել են մեր նախնիները եւ ամրոցներ հիմնել։ Տարածքը 18—20—րդ դարերում հայաթափվել էր՝ սկզբում բնակեցվել քրդական ցեղերով, խորհրդային տարիներին բռնակցվել էր Ադրբեջանի Խորհրդային Հանրապետությանը՝ ձեւավորելով Կուբաթլուի շրջանը։ Գետի ափամերձ հարթ տարածքներում էլ բնակավայրեր են եղել դեռեւս 4—5 հազար տարի առաջ, հնարավոր է՝ ավելի շուտ։ Այդ վկայում են պահպանված բնակատեղիներն ու դամբարանադաշտերը՝ ձգվելով գետի երկայնքով մեկ։ Այժմ տարածքի հիմնական մասը Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի կազմում է։
Վերջին տարիներին հնագետների հետ ուսումնասիրել ենք տարածքը եւ միայն Որոտանի մոտ գտել մի քանի ամրոց, որոնք գոյություն են ունեցել անտիկ շրջանում, վաղ միջնադարում եւ մինչեւ 17—18—րդ դարերը։ Վերջերս հնագետներ Գագիկ Սարգսյանի, Լեւոն Մկրտչյանի («Մեծամոր» պատմահնագիտական թանգարանի վարիչ) եւ գրող—հրապարակախոս Բակուր Կարապետյանի հետ դարձյալ տարածքում էինք։ Ամրոցներից մեկը, որը գտնվում է գետի ձախափնյա բլրի վրա՝ N. 39 22 17,2 եւ E. 46 34 01,8 Alt. 658 կոորդինատներում, հավանաբար՝ պատմական Անդոկաբերդն է։ Հենց գետի ափից է սկսվում մոտ 50մ բարձրություն ունեցող բլուրը, որի 3 կողմերը ժայռեր են՝ ուղղաձիգ ու անմատչելի, իսկ հյուսիսային թեք լանջը պատված է մացառներով ու թփերով։ Այս կողմում վաղ միջնադարում, դրանից առաջ մեծ բնակավայր է եղել, որից պահպանվել են շենքերի հիմքեր, պատեր։ Մոտակայքում դամբարանադաշտ է՝ ձգվելով 1 կմ—ից ավելի դեպի հյուսիս՝ Խնձորեսկ գետակի ափերով։ Այս մասում է Ալիղուլիուշաղի կոչված գյուղը՝ այժմ՝ Անդոկաբերդ, որտեղ մի մեծ ժայռ—բլուր կա։ Հարավ—արեւելյան կողմում միջնադարում մեր պապերը ժայռափոր եկեղեցի են հիմնել, որի հարեւանությամբ մի քանի քարայրներ եւս կան, որոնք ժամանակին եղել են բնակելի. հնարավոր է նաեւ ճգնարաններ են։ Որոշ քարայրներ գտնվում են ուղղաձիգ ժայռերի մեջ՝ գետնից մի քանի մետր բարձր դիրքում։ Ժամանակին ելումուտը կատարվել է պարանների օգնությամբ։ Ժայռի մոտով միջնադարում ճանապարհ է անցել՝ ձգվելով Խնձորեսկ գյուղ, որն այն ժամանակ հիմնականում անձավակերտ էր եւ ամրոցի դեր ուներ։ Նշված ճանապարհի հետքերը պահպանվել են։
Անդոկաբերդի պարիսպները կառուցվել են հյուսիսային լանջին։ Պահպանված պարսպապատերից երեւում է՝ ամրոցն ունեցել է 3 շերտ։ Առաջին պարիսպն ամենաերկարն է եղել՝ գոտեւորելով բլրի երեք կողերը։ Ունեցել է 1 մետրից ավելի լայնություն։ Երկրորդ եւ երրորդ պարսպաշարքերն ավելի վերեւում են։ Որոշ հատվածներում պատերի մեջ օգտագործել են բավականին մեծ քարեր։ Բլրի վերին մասում 10—ից ավելի շինությունների հիմքեր կան։ Զգացվում է՝ միջնաբերդն այստեղ է եղել։ Գետի կողմում ժայռերի միջով 2—3 գաղտնուղի է գործել։ Դրանց հետքերը լավ երեւում են։ Հյուսիսային լանջին՝ առաջին եւ երկրորդ շերտերում, նույնպես կառույցների հիմքեր ու պատեր կան։ Մի շինություն քառակուսի հիմքով է. մոտ 8 մ երկարություն ունեն պատերը։ Այստեղ գտնվեց կուռքի փոքր արձանիկ, որը տեղափոխեցինք Բերձոր՝ Քաշաթաղի երկրագիտական թանգարան։ Սա խոսում է այն մասին, որ ամրոցը գոյություն է ունեցել դեռեւս նախաքրիստոնեական ժամանակներում, ունեցել է պաշտամունքային շինություն, հնարավոր է՝ տաճար։ Դեռեւս խորհրդային տարիներին ամրոցի մոտով ադրբեջանցիները ճանապարհ են բացել դեպի գետափ, եւ բավականին վնասվել է հնավայրի տարածքը։ Մոտակա բնակատեղին առավել է վնասվել. այն հարթեցրել եւ օգտագործել են որպես վարելահող։ Ամրոցի վաղ—միջնադարյան շերտերի գոյությունից եւ 4—րդ դարում հայտնի Անդոկ իշխանի մասին պատմական տեղեկություններից ելնելով՝ ՀՀ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի Արցախի նորահայտ ամրոցներն ուսումնասիրող հետազոտական խմբի անդամներ Գագիկ Սարգսյանն ու Բակուր Կարապետյանը գտնում են. «Ամրոցը կապված է Սյունյաց նախարարության մեծ նահապետ Անդոկ իշխանի անվան հետ։ Նա Հայոց Արշակ 2—րդ թագավորի կնոջ՝ Փառանձեմի հայրն էր։ Անդոկը 4—րդ դարի խոշոր պետական—քաղաքական գործիչ էր, ռազմավար եւ դիվանագետ։ 338 թ., մինչ Արտավազդ Մամիկոնյանի չափահաս դառնալը, իր քենակալ Արշավիր Կամսարականի հետ վարել է հայոց սպարապետության գործերը։
Նա իր գործունեության ընթացքում ամրացրել է Սյունիքի ամրոցները, կառուցել նոր բերդեր, որոնցից մեր խմբի կողմից հետազոտվել է Անդոկաբերդը։ Այն բազմաշերտ ամրոց—բնակատեղի է, որի վերգետնյա նյութը հստակ վկայում է՝ հուշարձանում կյանքը հարատեւել է սկսած Ք. ա. 3—րդ հազարամյակից մինչեւ վաղ միջնադար։ Միջնաբերդի շինությունները կրում են բազմաթիվ վերակառուցումների հետքեր, վերջինը ամենայն հավանականությամբ, եղել է Անդոկ իշխանի կողմից 4—րդ դարում կատարածը։ Այստեղից մոտ 1կմ վերեւում է Լալազարի կամուրջը, որը կառուցել է խնձորեսկցի Հովակիմ Լալազարյանցը 1867 թվականին, իսկ 1900—1902 թվականներին վերանորոգել է նրա որդին՝ Սիմեոնը։ Կամրջի հիմնադրման եւ նորոգման տարեթվերը հիշատակված էին ձախափնյա խելից վեր՝ գետի հոսքընթաց ճակատին արված 10 տողանոց շինարարական արձանագրության մեջ։ Խորհրդային տարիներին երախտամոռ թրքաքրդերը քերել են արձանագրությունը։ Զույգ թռիչքներով քարե կամարակապ կամուրջը կառուցման ու նորոգման ժամանակ խորհրդային տարիներին առավել շատ ծառայում էր մահմեդականներին, որոնք բնակվում էին մոտակա մի քանի գյուղերում՝ Նովլու, Մազրա եւ այլն։ Կամրջի զույգ թռիչքներն ունեն 13,84 մ եւ 12,66 մ երկարություն։ Ջրի մակարդակից ունի 9,10 մետր բարձրություն, լայնությունը 4,31 մետր է։ Չնայած Լալազարի կամրջի մասին պատմական տեղեկություններին, տարածքում ավելի վաղ պետք է կամուրջ լիներ, որովհետեւ, արդեն նշեցինք, նախաքրիստոնեական ժամանակներից այստեղ խիտ բնակեցված է եղել. բնական է՝ բնակավայրերն իրար կապող կամուրջներ պետք է լինեին Որոտանի վրա։ Միգուցե նախկին կամրջի տեղու՞մ է Լալազարը կառուցել նորն ու ավելի ամուրը։
Գետի աջակողմյան բլուրներից մեկը Լալազարի կամրջից հեռու է մոտ 1կմ։ Ափից մինչեւ գագաթ բլուրն ունի 150 մետրից ավելի ուղղաձիգ բարձրություն։ Կամրջի մոտից արահետ է ձգվում դեպի բլուր, որի հյուսիսարեւմտյան կողմը ժայռապատ է։ Արահետի եզրերին տեղ—տեղ պատաշարեր են պահպանվել։ Նախկինում երեւի այստեղով ճանապարհ է գործել՝ սկիզբ առնելով կամրջից։ N. 39 26 15,5 եւ E. 46 26 47,5, Alt. 802 կոորդինատներում գրեթե ուղղձիգ ժայռերը բնական ամրություն են, եւ դա են հաշվի առել դեռեւս վաղ միջնադարում Սյունյաց երկրի իշխանները, ամրացրել բլրի թույլ կողմերը եւ այստեղ հիմնել ամրոց։ Արեւելյան կողմում են հիմնականում պարիսպներ շարել. իսկ ամրոցի մուտքը հյուսիսային կողմում է՝ գետափին մոտ։ Ի տարբերություն Անդոկաբերդի՝ այս ամրոցն ավելի ուշ շրջանում է հիմնվել եւ գոյատեւել է մինչեւ 18—րդ դարի վերջը։ Այս հատվածում Որոտանը կոչվում է Բարկուշատ, եւ պատմությունից հայտնի է Բարկուշատի բերդը, որի մասին առաջինը հիշատակում է 13—րդ դարի պատմիչ Ստ. Օրբելյանը։
Իհարկե՝ հաստատապես հաստատել, որ մեր նկարագրածը Բարկուշատի ամրոցն է, պետք է լավ ուսումնասիրել, պեղել տարածքը։ Ամրոցի արեւելյան կողմում արհեստական լճակ կա, որն այժմ էլ լի է ջրով։ Լճակից դեպի գետ ժամանակին ջրատար կամ ճանապարհ է գործել։ Հիմքերը լավ են պահպանվել։ Ամրոցից դեպի լճակ գաղտնուղի է գործել։ Պահպանվել են դրա աստիճանավանդակները, որոնք հասնում են մի քարանձավի։ Այժմ այդ մասը մացառապատ է, եւ հնարավոր չէ հետազոտել վերեւի հատվածը՝ գտնելու գաղտնուղու շարունակությունը։ Ջուրը հիմնականում պաշարել են ավելի բարձր մասում։ Պահպանվել են մի քանի ջրավազաններ՝ 2—3մ տրամագծով, նույն խորությամբ քարաշար եւ կրով ծեփված պատերով։ Հարավային կողմում ամրոցից ավելի բարձր սարեր կան։ Այս կողմում նույնպես ամրոցը մուտք է ունեցել հատկապես ձիերի ու սայլերի համար։ Հյուսիսային մուտքը հիմնականում ծառայել է հետիոտներին։ Բերդն ունեցել է նաեւ եկեղեցի, որի հիմքերն ու մի պատի մաս են մնացել։ Եթե ընդունենք, որ սա, իսկապես, Բարկուշատի բերդն է, եւ վերջում նրան տիրացել էր մեր թշնամին՝ Ֆաթ Ալի խանը, բնական է՝ եկեղեցին կործանվել է 18—րդ դարակեսին։ Բերդի արեւելյան կողմով պարսպապատն անցել է մոտ 200 մ երկարությամբ՝ 1—ից մինչեւ 10մ բարձրությամբ հատվածներով։ Ներսում կան պարսպապատեր, որոնք կառուցվել են հսկա քարերով. հնարավոր է՝ առաջին պատերն են։ Հիշատակված եկեղեցուց քիչ վերեւ մեկ այլ շինության հետքեր կան։ Զգացվում է՝ մոտ 200ք/մ մակերեսով կառույց է եղել, որի մուտքի մոտ հսկայական մի քար կա՝ դրված հենաքարերին։ Հանգիստ կարելի է անցնել այս քարի տակով։ Նման երեւույթ տեսել եմ Գեղարքունիքի մարզի Մարտունու տարածաշրջանի Գեղհովիտ գյուղի (իմ ծննդավայրի) Սեւ սարի մոտակա հնավայրում, որտեղ, ըստ որոշ գիտնականների, հազարամյակներ առաջ աստղադիտարան է եղել։ Արեւմտյան կողմում ամրոցի ժայռերն ուղղաձիգ են ու անմատչելի։ Բերդի գոյության շրջանում ժայռերի վերնամասերը մշակել, հարթեցրել են, որտեղով երթեւեկել են զինվորները։ Ամրոցի արեւելյան կողմում՝ միջին հատվածում, մի պատ կա՝ մոտ 15մ բարձրությամբ, 10մ երկարությամբ։ Կառուցված է կիսված սեւ գետաքարերից։ Մացառներն ու առատ խոտը խանգարում են պատին մոտենալ՝ ճշտելու դրա նպատակը։ Պարիսպները կառուցված են անմշակ քարերով ու կրաշաղախով, իսկ նշված պատի քարերը մշակված են։ Ըստ տեղեկությունների՝ Բարկուշատի բերդի մոտ է եղել համանուն քաղաքը, որն ուշ միջնադարում կործանվել է։ Ամրոցամերձ լճակի հյուսիսային կողմում՝ ոչ բարձր հարթությունում, պահպանվել են շինությունների հետքեր, դամբարաններ, որոնցից մեկը վերջերս են քանդել։ Միգուցե սա՞ է Բարկուշատ քաղաքի տեղը»։

Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ

05-10-2019





23-10-2019
Հայաստանը զբոսաշրջային քարտեզի վրա
Ինչպիսի քայլեր են արվում մեր երկրի վարկանիշը բարձրացնելու ...


23-10-2019
Հովհաննես Թումանյանի «բարի ուժի» փիլիսոփայությունը
Լիակատար ներումը հնարավոր է դարձնում «սիրելը»

Մինչ հայոց ...


23-10-2019
Ներքաղաքական կյանքն ընթանում է բնականոն հունով
Խորհրդարանական ուժերը՝ տեղական իրադարձությունների մասին

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am


Ինչպիսի՞ն է ...


23-10-2019
Թյուրքալեզու երկրների հավաք՝ Մերձավոր Արեւելքն ու Կովկասը վերահսկելու օրակարգով
Համաթուրքական համերաշխության ներքին անհամերաշխությունը

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Պետք է խոսել ...


23-10-2019
Սառույց հալեցնելու աղի փոխարեն կերակրի՛ աղ օգտագործեք
Եթե, իհարկե, թանկ է առողջությունը

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Գաղտնիք հայտնաբերած ...


23-10-2019
Քրդերը մնացել են մենակ թուրքական թնդանոթների դեմ
Հասկանալի չէ, թե երբ քրդերը կազատվեն թուրքական իշխանության ...


23-10-2019
Բիզնես... կարմիր գծերին
Երեւանի փողոցներում՝ հատկապես կենտրոնում, կարմիր գծերին հաճախ կարելի է ...



23-10-2019
Վաշինգտոնն ու Մոսկվան ասացին իրենց խոսքը. ո՞րն է լինելու լուծումը
Եվ ինչ նոր սադրանքների կդիմի ...

23-10-2019
Գինու արտահանումն աճել է
Հայկական արտադրանքը կներկայացվի ...

23-10-2019
«Դրախտի դարպասը»՝ Արցախի էկրանին
Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am



23-10-2019
Ռազմական խաղերում Հայաստանն ունի 1 մեդալ
Եվս մի քանիսի ակնկալիք

USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +25... +27

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO