Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

18.10.2019
ՄԱՐԶԵՐ


Էջմիածինը հայ ժողովրդի կյանքում տեղի ունեցած մի քանի շրջադարձային փոփոխությունների կենտրոնն է

Վարչապետը մասնակցել է Էջմիածնի հիմնադրման օրվան նվիրված տոնակատարություններին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ այցելել է Էջմիածին եւ մասնակցել քաղաքի հիմնադրման 2704—ամյակին նվիրված տոնական միջոցառումներին, հայտնում են ՀՀ կառավարության  տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Տոնական միջոցառումների ծրագիրը մեկնարկել է Էջմիածնի հիմնադրման 2704—ամյակին նվիրված հանդիսավոր նիստով, որը տեղի է ունեցել քաղաքի Կոմիտասի անվան մշակույթի պալատում։
Վարչապետը մասնակցել է հանդիսավոր նիստին եւ հանդես եկել շնորհավորական խոսքով, որում, մասնավորապես, նշել է. «Հարգելի տիկին քաղաքապետ,
Էջմիածնի ավագանու հարգելի անդամներ,
Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների մեծարգո նախարար,
Ազգային ժողովի պատգամավորներ, մարզպետներ,
Գերաշնորհ տեր,
Մեծարգո դեսպաններ,
Հարգելի հյուրեր,
Սիրելի էջմիածինցիներ,
Շնորհավորում եմ բոլորիս Էջմիածնի 2704—րդ տարեդարձի կապակցությամբ։
Այս ամբիոնից արդեն շատ բան ասվեց Էջմիածնի մասին, եւ կարծում եմ, այո՛, մեր միասնական ընկալումն Էջմիածնի վերաբերյալ հենց դա է, որ Էջմիածինը համայն հայության հոգեւոր մայրաքաղաքն է։ Ըստ էության, սա ասելով, ես ուզում եմ ընդգծել, որ Էջմիածինը մեր ժողովրդի կյանքում տեղի ունեցած մի քանի շրջադարձային փոփոխությունների կենտրոն եւ մայրաքաղաք է։
Առաջինը, իհարկե, քրիստոնեության ընդունումն է, որը շրջադարձային, հեղափոխական նշանակություն ունեցավ մեր կյանքում, եւ այսօր մեր ինքնության անբաժանելի մասն է քրիստոնեությունը, Հայ առաքելական եկեղեցին։
Որպես այս իրադարձության տրամաբանական եւ նույնքան շրջադարձային իրադարձություն՝ Էջմիածինը դարձավ հայոց գրերի ստեղծման կենտրոնը, որովհետեւ դրանով զբաղվեցին Ամենայն հայոց կաթողիկոս Սահակ Պարթեւը՝ Վռամշապուհ արքայի հանձնարարությամբ եւ Մեսրոպ Մաշտոցը։ Գրերն ստեղծվեցին, եւ Էջմիածինը դարձավ հայոց դպրության մայրաքաղաքը, եւ այստեղ հիմք դրվեց հայերենով կրթությանը։ Սա նույնպիսի հեղափոխական մի իրադարձություն էր, որ տեղի է ունեցել մեր կյանքում, եւ այսօր նույնպես մեր ինքնության անբաժանելի մասն է։
Հաջորդ իրադարձությունը, որի մասին նույնպես հիշատակվեց, Սարդարապատի ճակատամարտն է։ Շատերը՝ պատմաբաններ, ոչ պատմաբաններ, համոզված են, որ Սարդարապատի ճակատամարտի ճակատագրում շատ մեծ նշանակություն ունեցավ այն հանգամանքը, որ Ամենայն հայոց կաթողիկոսը հրաժարվեց հեռանալ Էջմիածնից, երբ նրան բացատրում էին, որ, ահա, թշնամին շատ մոտ է, Ձեր կյանքին վտանգ է սպառնում եւ խելամիտ կլինի հեռանալ Էջմիածնից։ Բայց Ամենայն հայոց կաթողիկոսը, ցուցաբերելով բացառիկ խիզախություն, ասաց, որ եթե իմ ժողովուրդը եւ մեր բանակը չեն կարող ինձ պաշտպանել, ես ինքս սուր կվերցնեմ եւ կպաշտպանեմ ինքս ինձ, մեր հավատը եւ մեր եկեղեցին։ Եվ այս լուրը կայծակնային արագությամբ տարածվեց Սարդարապատում կանգնած զինվորների շրջանում, ինչն աներկբա կերպով կրկնապատկեց, բազմապատկեց նրանց ուժը, եռանդը, բարձրացրեց նրանց մարտական ոգին։
Հաջորդ փուլը, որտեղ Էջմիածինը շատ կարեւոր նշանակություն է ունեցել, շատ մեծ ակտիվություն է ցուցաբերել, ուզում եմ ընդգծել՝ արցախյան հերոսամարտի շրջանն էր, երբ բազմաթիվ էջմիածինցիներ մեկնեցին առաջնագիծ ու սեփական կյանքի եւ առողջության գնով պաշտպանեցին մեր հայրենիքը, պաշտպանեցին Լեռնային Ղարաբաղը՝ Արցախը, ինչպես Հայաստանի բազմաթիվ այլ քաղաքներ, բնակավայրեր։
Իհարկե, անկախության շրջանում Էջմիածնի պատմությունը շատ մեծ հակասություններ է ունեցել, քաղաքը միշտ եղել է ուշադրության կենտրոնում. եղել են հաջողություններ, եղել են անհաջողություններ, եղել են լուսավոր էջեր, եղել են ոչ այնքան լուսավոր էջեր։ Բայց ես ուզում եմ ընդգծել, որ արդի իմաստով, քաղաքական իմաստով Էջմիածինը եւս մեկ շրջադարձային նշանակություն ունեցող իրադարձության կենտրոն դարձավ։ Եվ ես դա շատ սիմվոլիկ եմ համարում, որ այդ հազարամյա պատմության ընթացքում այս կարեւոր, իհարկե, իր մասշտաբներով գուցե ոչ այնքան մեծ, բայց բովանդակությամբ գուցե շրջադարձային իրադարձություն տեղի ունեցավ, եւ երրորդ հանրապետության պատմության մեջ առաջին անգամ Հայաստանում ընտրվեց կին քաղաքապետ։ Ես սա նույնպես շատ կարեւոր իրադարձություն եմ համարում եւ հույս ունեմ, որ այս իրադարձությունը նույնպես մեր երկրում ունենալու է շրջադարձային հետեւանքներ։
Հայաստանի Հանրապետությունում կանանց ներգրավումը պետական կառավարման գործում, քաղաքական գործընթացներում, հանրային կյանքում պիտի ավելի ու ավելի մեծ մասշտաբներ ունենա, եւ դա պետք է իր ազդեցությունն ունենա Հայաստանի զարգացման գործում։ Այսօր կանայք Հայաստանում բնակչության ավելի քան կեսն են, եւ եթե մենք բոլոր անհրաժեշտ եւ տրամաբանական պայմանները եւ մթնոլորտը չապահովենք, որպեսզի կանայք հանրային կյանքում, տնտեսական ակտիվության իմաստով գործունեության բավարար դաշտ ստանան, դա կնշանակի, որ մենք մեր զարգացման ռեսուրսի կեսից ավելին սահմանափակում ենք, եւ մենք մեր զարգացման ճանապարհին դնում ենք անհարկի խոչընդոտներ։ Ընդ որում, ինչպես բազմիցս ասել եմ, հիմա էլ ուզում եմ ընդգծել, որ իմ ընկալմամբ եւ պատկերացմամբ, եւ թող ներվի ինձ ասել, նաեւ փորձով, կանանց ակտիվությունն ամենեւին չի հակասում ավանդական ընտանիքի վերաբերյալ մեր պատկերացումներին, որովհետեւ բազմաթիվ կանայք, ովքեր ակտիվ տնտեսական, հանրային գործունեություն են ծավալում, նրանք նույնքան պարտաճանաչ եւ հոգատար ընտանիքի մայր են, եւ նրանք կարողանում են, ի տարբերություն տղամարդկանց, երկու ճակատով աշխատել եւ կռվել՝ բառիս փոխաբերական իմաստով։
Սիրելի էջմիածինցիներ,
Սիրելի հայրենակիցներ,
Հարգելի տիկին քաղաքապետ,
Մեզ բոլորիս շնորհավորում եմ Էջմիածնի 2704 ամյակի այս լուսավոր օրվա կապակցությամբ։ Ես չգիտեմ՝ 2704 տարի առաջ արդյոք մեր նախնիները մտածե՞լ են այսօրվա մասին, մտածե՞լ են արդյոք, թե ինչպիսին են ուզում տեսնել մեզ, ինչպիսին են ուզում, որ մենք տեսնենք իրենց, բայց Էջմիածինը մեր յուրաքանչյուրի, աշխարհում ապրող յուրաքանչյուր հայի ինքնության անբաժանելի մասն է։ Եվ ես հույս ունեմ, որ այսօրվա Էջմիածնում, այսօրվա Հայաստանում կա մտածողության այդպիսի կերպ, որ մենք մտածենք ոչ միայն այսօրվա մասին, ոչ միայն երեկվա մասին, այլեւ վաղվա մասին, ոչ միայն մեկ օրվա, մեկ շաբաթվա, մեկ տարվա, այլեւ հազարամյակի կտրվածքով։ Ես հավատում եմ, որ 2704—ամյա Էջմիածինն ամենամեծ եւ կարեւոր վկայությունն է, որ մենք ունենք պատասխանատվություն նաեւ այն սերնդի առաջ, որը պիտի նշի Էջմիածին քաղաքի 5408—ամյակը։ Եվ ես ուզում եմ, որ նրանք շնորհակալությամբ հիշեն մեզ եւ մեր նախնիներին։
Այս շնորհակալությանն արժանանալը, թերեւս, մեր ամենակարեւոր առաքելությունն է, եւ այդ առաքելությունն իրականացնելու համար մենք պետք է կենտրոնացնենք մեր բոլոր ուժերը, մեր հավատը։ Հավատն իսկապես նույնքան կարեւոր է, որովհետեւ, ինչպես ասված է Աստվածաշնչում, եթե մանանեխի հատիկի չափ հավատ ունենաս եւ սարին ասես՝ ահա, վեր կաց եւ ծովն ընկիր, սարը կշարժվի իր տեղից եւ կընկնի ծովը։ Մենք բազմաթիվ եւ եթե ոչ բազմաթիվ, ապա մի քանի սարեր մեր հավատով եւ համոզվածությամբ արդեն իսկ ուղարկել ենք կամ տեղափոխել ենք կամ շարժել ենք։ Եվ այս հավատը մեզ պետք է ուղեկցի մեր հետագա գործունեության մեջ, որովհետեւ մեր նպատակը չի կարող շեղվել այն պարզ գաղափարից, որը դրված էր 2018 թվականի ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության հիմքում. այդ գաղափարն ազատ քաղաքացին է, պաշտպանված քաղաքացին է, օրենքի գերակայությունը, իրավունքի պետությունը եւ, ի վերջո, ազատ եւ երջանիկ Հայաստանը, ի վերջո, մենք եւ մեր երեխաները, մեր հետագա հազարամյա, երկուհազարամյա այն սերունդները, որոնք պիտի ապրեն ազատ եւ երջանիկ Հայաստանում։
Ահա այսքան պարզ եւ այսքան բարդ է այն խնդիրը, որ մենք պետք է լուծենք, եւ իհարկե, այդ խնդրի լուծումը սկսում է ամեն փողոցից, ամեն բակից, ամեն տանիքից, ամեն շքամուտքից, ամեն դպրոցից, ամեն մանկապարտեզից։ Նկատի ունեմ գլոբալ այս խնդիրները մենք, այո՛, պետք է կարողանանք դետալացնել մինչեւ քաղաքապետի, վարչական շրջանի ղեկավարի, ավագանու անդամի անելիք, եւ այդ անելիքն է, որ պետք է մեզ առաջնորդի ամենօրյա աշխատանքում։
Հարգելի ներկաներ,
Եվս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիս Էջմիածին քաղաքի 2704—ամյակի կապակցությամբ եւ մեզ, մեր ժողովրդին, մեր երկրին, մեր պետությանը, մեզանից յուրաքանչյուրին, ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու մաղթում եմ վստահություն եւ հավատ սեփական անձի, սեփական տաղանդի, սեփական երկրի, սեփական ժողովրդի եւ սեփական ապագայի նկատմամբ։
Շնորհակալ եմ»։
Նիստի շրջանակում նաեւ հանձնվել են «Քաղաքի բարեկամ» եւ «Պատվավոր քաղաքացի» կոչումները։
Հանդիսավոր նիստի ավարտից հետո վարչապետը շրջել է Էջմիածնում, հանդիպել էջմիածինցիներին եւ շնորհավորել նրանց քաղաքի հիմնադրման օրվա առթիվ։ Տոնական միջոցառումների շրջանակում կառավարության ղեկավարը քաղաքի Սուրբ Մարիանե այգում հետեւել է «Ռուբեն Նալբանդյան վարպետաց դպրոցի» սաների կողմից քանդակագործության արվեստի ցուցադրությանը։
Նիկոլ Փաշինյանն այցելել է նաեւ Էջմիածնի օրվա առիթով երեկ շահագործման հանձնված Հայաստանում առաջին «խելացի կանգառ»՝ ստեղծված Էջմիածնի քաղաքապետարանի եւ «Խելացի կանգառ» ՍՊԸ—ի համատեղ նախաձեռնությամբ։

09-10-2019





18-10-2019
Համապարփակ լուծում հին խնդիրներին
Հայագիտական առարկաների դասավանդումը դպրոցներում կուժեղացվի

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


Վերջին ...


18-10-2019
Սիրիայում բոցավառվող տեսակի արգելված զենք է կիրառվել
Ո՞ր կողմն է գործադրել՝ ապացուցելը դժվար է լինելու

Թամարա ...


18-10-2019
10 մլն եվրո՝ Արարատի եւ Արմավիրի մարզերին
Հումքի մթերումների սուբսիդավորման ծրագրում փոփոխություն եղավ

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Կառավարությունը ...


18-10-2019
Գեղարվեստի կենարար ուժը
ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, տնտեսագիտության ...


18-10-2019
Բիբլիական լեռը ներկայանում է յուրովի
ՀԱՊ-ում բացվել է «Արարատ. սրբազան լեռը» խորագրով ցուցահանդեսը

Լիանա ...


18-10-2019
Պարտադիր, բայց առանց գնահատման
«Շախմատ» առարկայի դասավանդման շուրջ քննարկումներն ակտիվ փուլում են

Լուսինե ...


18-10-2019
«Ձեր խնդիրները մեր մշտական ուշադրության կենտրոնում են»
Վարչապետը հանդիպել է զոհված զինծառայողների մայրերի հետ

Վարչապետ ...



18-10-2019
Սոցցանցերը եւ մարդկային հարաբերությունների նոր մշակույթը
Հաշվարկված է, որ աշխարհի բնակչության 40 տոկոսը, ...

18-10-2019
Զբոսաշրջային ակտիվությունն ակնհայտ է
Բայց դրանից «գլուխներս չպետք է ...

18-10-2019
Վարչապետն ընդունել է Ճապոնիայի վարչապետի հատուկ խորհրդականին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ընդունել է Ճապոնիայի ...

18-10-2019
«Մեր գլխավոր նպատակն օլիմպիական ուղեգիր նվաճելն էր»
Գերմանիայում անցկացված սպորտային մարմնամարզության ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +25... +27

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO