Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

12.11.2019
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Մայր թերթի ակունքն ու անցած ճանապարհը

Լրագրողական մշակույթ

Եթե «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը դիտարկենք որպես հետխորհրդային Հայաստանի Հանրապետության պաշտոնաթերթ, ապա այն սկսել է լույս տեսնել 1990 թ. հոկտեմբերի 9—ից, եւ սույն թվականի հոկտեմբերի 9—ին լրանում է նրա լույս ընծայման 29—ամյակը, սակայն ասել, թե թերթը չի ունեցել պատմություն եւ չի անցել զարգացման ու նպատակային փուլեր, կզրկենք թերթը արմատներից, ինչը կնշանակի ծառի պտուղը վայելելու համար արմատահան անել ծառն ու ոչնչացնել նրան սնուցած հողը։
Մոռանալով պատմությունն ու նրա դասերը, արհամարհելով արժեքային ժառանգությունը, վերլուծության չենթարկելով ու չգնահատելով այն, անհնար է կառուցել անգամ նրանից տարբերվող մի բան. մենք չենք կարող խնձորի ծառի փոխարեն աճեցնել ծիրանենի, եթե խնձորենին կտրելով՝ վերացնենք նաեւ այն հողը, որի վրա կամ որի մեջ թաղված են խնձորենու արմատները։ Արմատահան անելով խնձորենին, անհնար է վերացնել հողը, որի վրա աճել է այն, եւ խնձորենու փոխարեն ծիրանենի տնկելուց չենք կարող խուսափել այն հողի ծառայությունից, որի վրա աճել էր խնձորենին, եւ որի վրա պատրաստվում ենք աճեցնել ծիրանենի։ Կյանքը օղակների շղթա է եւ ոչ թե շղթայից պոկված ցաքուցիր օղակներ։ Երբ շղթայից ազատում ենք օղակները, շղթան կորցնում է իմաստը, իսկ օղակներն էլ՝ կորցնում ուժն ու համախմբվածությունը. նրանք այլեւս չեն ծառայում այն նպատակին, ինչին կոչված են...
Արդյո՞ք «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը, որ սկսել է լույս տեսնել 1990 թ. հոկտեմբերի 9—ից, պատասխանում է այն հարցին, թե ինչո՞ւ է անհրաժեշտ սույն պաշտոնաթերթը։ Որեւէ մեկը 1990 թ. չի պատասխանել այս հարցին, եւ հիմա էլ առանձնապես դրա հիմնավորումը չկա. լույս է տեսնում եւ վերջ։ Այսինքն՝ այսօրվա ըմբռնումով ու մեկնաբանությամբ, ստացվում է ինքնըստինքյան մի երեւույթ, որ գոյություն ունի՝ անկախ մեր կամքից ու ցանկությունից, անգամ՝ նպատակից։ Ժառանգելով Խորհրդային Հայաստանի պաշտոնաթերթի անպայմանությունը, ենթագիտակցորեն ընդունում ենք դրա անհրաժեշտությունը, որքան էլ անվանափոխենք այն ու հարմարեցնենք ներկայիս կենսակերպին, իսկ թե ինչո՞ւ էր Խորհրդային Հայաստանին անհրաժեշտ պաշտոնաթերթ, եւ ինչ դերակատարություն ուներ այն, դրա պատասխանը տալիս է պատմությունը։
1900 թ. Հոկտեմբերյան հեղափոխության առաջնորդը կանգնել էր բարդ խնդրի առջեւ. ի՞նչ անել, ինչի՞ց սկսել։ Հեղափոխության ծրագիրն ու նպատակը պարզ էին, գաղափարախոսությունը՝ մշակված, զանգվածները ոտքի էին ելել, սակայն շարժումը դեռեւս տարերային էր, անկազմակերպ, եւ անգիտակից ու ինքնաբուխ ահաբեկչությունն սպառնում էր ընդհանուր գործին։ Բազմաթիվ կուսակցությունների, նրանց գաղափարախոսության եւ ուղղվածության, պայքարի ձեւերի մեջ անհրաժեշտ էր ամրապնդել կոմունիստական գաղափարախոսությունը եւ դարձնել առաջնային, զանգվածներին տանել կազմակերպված, գիտակից պայքարի, տարածել մարքսիզմի տեսությունը... Ինչպե՞ս... Մի բան է ունենալ ծրագիր, մշակված գաղափարախոսություն ու տեսություն, այլ բան՝ այն կյանքի կոչելը... Ուլյանովը մտորումների մեջ էր. ինչպես Լիբկնեխտն էր ասում, ամեն 24 ժամում իրադրություն էր փոխվում, եւ նույնքան էլ պետք է տակտիկա փոխվեր, ու եթե ինչ—որ առանձնահատուկ հարցի վերաբերյալ հնարավոր էր կուսակցության կազմակերպչական գործունեության մեջ տվյալ պահին ագիտացիա փոխել, ապա ի՞նչ անել, ասենք, 24 ամսվա, առավել երկար ժամանակաշրջանի համար։ Իսկ տակտիկա փոխելու համար անհրաժեշտ էր նախ տակտիկա ունենալ, իսկ եթե չկա ամուր կազմակերպություն՝ թրծված կուսակցական պայքարում՝ ցանկացած իրադրությունում ու ցանկացած ժամանակաշրջանում ճշգրիտ ու անհապաղ գործելու, ապա խոսք չի էլ կարող լինել այն սիստեմատիկ, անսասան սկզբունքների եւ գործունեության անխափան ծրագրի մասին, ինչն արժանի է տակտիկա կոչվելու։ Խնդիրը լուծելու համար՝ որպես կոլեկտիվ կազմակերպիչ, հեղափոխության առաջնորդը հղացավ համառուսական թերթի ստեղծումը։ Այն դարձավ «Իսկրան»՝ «Կայծից բոց կբռնկի» նշանաբանով։ Այն լույս ընծայվեց 1900 թ. դեկտեմբերին՝ Բեռլինում։ Չորրորդ համարում լույս տեսավ Վ. Ի. Լենինի «Ինչի՞ց սկսել» հոդվածը, որտեղ խոսվում էր հեղափոխական ահաբեկչության վնասի եւ ցարիզմի դեմ կազմակերպված պայքարի անհրաժեշտության մասին։
Ահաբեկչության մասին մտահոգությունները կապված էին քաղաքական ասպարեզում եւս մի կուսակցության, դեռեւս չկազմակերպված, բայց մարտական ու ակտիվ՝ սոցիալիստ—հեղափոխականների հայտնվելու հետ, ովքեր կարծում էին, որ թշնամի—ինքնակալության դեմ պետք է պայքարել բոլոր մեթոդներով, ներառյալ ահաբեկչությունը։ Պետք է ասել, որ հասարակության մեջ սա ինչ—որ չափով համակարանք էր առաջացնում, սակայն այն, որ դա չափազանց վտանգավոր էր ցարիզմը հենց բռնի, բանակային ուժով տապալելու ու նաեւ զանգվածներին ետ պահելու կամայական ու վայրենի, ինքնադատաստանային գործողություններից, հեղափոխության առաջնորդը լավ էր գիտակցում. չէ որ ցարիզմը տապալելուց հետո անհրաժեշտ էր խաղաղ ու ստեղծագործ հասարակության կազմակերպումը, նոր կարգերի հաստատումը, որտեղ մարդիկ կլինեն հավասար իրավունքներով ու պարտականություններով ու չեն շահագործի մեկը մյուսին։ Այսինքն՝ գերխնդիրը ոչ թե ցարիզմի տապալումն էր, այլ նոր հասարակարգի հիմնումը, եւ այդ ճանապարհին այլ բան չէր մնում, քան ազատվել այն խոչընդոտից, որ ժայռի պես ընկած էր ճանապարհի վրա։
«Իսկրան» տեղափոխվում էր Ռուսաստան անլեգալ, գործակալների միջոցով, ովքեր հաճախ էին վտանգում իրենց կյանքը, սակայն համառորեն շարունակում էին պայքարը գաղափարի համար, որն էլ իրականացավ 1917 թ. հոկտեմբերին։ Ռուսաստանում հաստատվեցին խորհրդային կարգեր, ինչն էլ աստիճանաբար ընդգրկեց մեզ հայտնի մնացած հանրապետություններին։ Սկսվեց ապրելու խաղաղ գործընթաց։ Հեղափոխությունը հաղթել էր, սակայն անհրաժեշտ էր պահպանել նվաճումները, բարձրացնել հասարակության ինքնագիտակցությունը, համախմբել ստեղծագործ գաղափարի շուրջ, կրթել, դաստիարակել հայրենասիրություն։ Անհրաժեշտ էր տեղերում, յուրաքանչյուր հանրապետության համար հասկանալի՝ ազգային, մայրենի լեզվով ագիտացիոն—պրոպագանդիստական թերթի լույսընծայումը։ Հայաստանում այն դարձավ «Սովետական Հայաստան» օրաթերթը, որն սկսեց լույս տեսնել 1920 թ. դեկտեմբերի 5—ից, որն այնուհետեւ՝ ժամանակային եւ իրադարձային տարբեր փուլերում, տարբեր վերնագրերով ու տարբեր խմբագիրներով, տարբեր առաջադրանքներով հասավ մինչեւ մեր օրերը, մինչեւ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը։ Նրա էջերում լուսաբանվել են ոչ միայն քաղաքական—հասարակական, գիտատեխնիկական, տնտեսական, այլեւ մշակութային լուրջ խնդիրներ, առանց որի անհնար է պատկերացնել հասարակության դաստիարակությունը, կրթությունն ու զարգացումը, հոգեւոր վերելքը։ Տարբեր տարիների թերթում հանդես են եկել այնպիսի հանրահայտ մեծություններ, անհատներ, ինչպես Մարտիրոս Սարյանը, Ավետիք Իսահակյանը, Վիկտոր Համբարձումյանը, Օրբելի եղբայրները, Եղիշե Չարենցը, Արամ Խաչատրյանը, Գոհար Գասպարյանը, Հրաչյա Քոչարը, Վաղարշ Վաղարշյանը, Պարույր Սեւակը եւ այլք։
Այսօր նույնպես թերթն ունի իր հեղինակն ու ընթերցողը, եւ այսօր նույնպես թերթի առջեւ ծառացած են լուրջ խնդիրներ՝ սկսած կենցաղից մինչեւ պետական անվտանգություն։ Այն անհրաժեշտ ուղեցույց է երկրի Սահմանադրության կիրառման ու պրոպագանդման, արդարադատության կայացման, պետության անվտանգության պահպանման, ինչպես նաեւ հասարակության ու զանգվածային այլ միջոցների պետական մտածողության կազմակերպման հարցերում, խաղաղ ու ստեղծարար աշխատանքի ագիտատոր։
Էլեոնորա ՆԵՐՍԻՍՅԱՆ

09-10-2019





09-11-2019
Աշխարհին հետեւել կնոջ աչքերով
«ԿԻՆ» 16-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի տեղի կունենա ...


09-11-2019
Որ «ջրային պատերազմներում» տանուլ չտանք
Դրա համար պետք է պատրաստ լինել մարտահրավերներին

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am




09-11-2019
Տարածաշրջանային հեռանկարները՝ մեր պետության տեսլականներում
Հայաստանը պետք է վստահության արժանանա հիմնական ուժերի հետ ...


09-11-2019
Համաշխարհային արվեստին համաքայլ
«Նկարիչն իրեն ընկալում է իբրեւ տիեզերական մի հոգի՝ ...


09-11-2019
Պարզը ցանկալի է, բարդը՝ հասկանալի
Ըստ լեզվաբան, փիլիսոփա Էդմոն Ավետյանի՝ առաջնայինը կամքն է, ...


09-11-2019
Վրձինն ու բահը՝ նարդու փոխարեն
Մաքսիմ Գիքինյանը նաեւ բնություն է «ստեղծագործում»

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am


Նկարներ՝ ...


09-11-2019
Ազգային փոքրամասնությունների կրթությունը Հայաստանում
Ի՞նչ խնդիրներ են լուծվում

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am

«Մեր բոլոր գործողություններում ...



09-11-2019
Սրտամկանի սուր ինֆարկտի անհետաձգելի ծառայություններն ընդլայնվել են
Պետությունը կհամաֆինանսավորի նաեւ ...

09-11-2019
Ինչպիսի՞ն է հետհեղափոխական Հայաստանի պետական բյուջեն
Քննարկումներին պատգամավորների ավելի վաղ ...

09-11-2019
Դիվանագիտական ծառայությունը պետք է օգնի մեր պետությանը եւ ժողովրդին
Ավելի լավ հասկանալու աշխարհը


09-11-2019
Կարեւոր էր ոչ այնքան արդյունքը, որքան մասնակցության փաստը
Հայաստանի ծանրորդներն ընդհանուր առմամբ 12 մեդալով ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +25... +27

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO