Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

16.10.2019
ՄՇԱԿՈՒՅԹ


Մեր դարի ձգտումն է՝ թերագնահատել, արժեզրկել մեծություններին

Ռուբեն Մամուլյան. Շեքսպիրի քննադատները

ԽԵՂԱԹՅՈՒՐՈՂՆԵՐ։ Երրորդ խմբի քննադատներին ես դիտավորյալ անվանեցի «խեղաթյուրողներ»։ Այդ խումբը բաղկացած է ինքնատիպ երեւալու ցանկությամբ տոգորված իմաստակ գրողներից, ինչպես եւ մի շարք փառամոլ պսիխո—անալիստներից (հոգեվերլուծությամբ զբաղվող բժիշկներից), որոնք ամեն կերպ ձգտում են իրենց հիվանդների ցուցակում ավելացնել Շեքսպիրի եւ Համլետի անունները։ Այս կարգի քննադատները շատ ավելի նենգավոր ու վնասակար են, քան վերոհիշյալ դիլետանտները եւ ուրիշ բնագավառների մասնագետները։ Վերջիններիս խոսքը այժմ հնչում է որպես «ձայն բարբառո հանապատի», որին ուշադրություն են դարձնում միայն սակավաթիվ ունկնդիրներ։ Մինչդեռ «խեղաթյուրողները», որոնց անունները զարդարված են կոչումներով ու աստիճաններով, դժբախտաբար նշանակալից ազդեցություն են գործում Շեքսպիրի հանդիսատեսների վրա։ Նրանց հեղինակավոր, վարակիչ սոփեստությունը կարողանում է Համլետի կերպարն աղավաղել շատերի մտքում։
Ես կուզենայի հիշատակել այս խմբի ներկայացուցիչներից միայն երկուսին՝ գրող Ուիլսոն Նայթին եւ պսիխո—անալիստ Էռնեստ Ջոնսին։ Նման ընտրության դրդապատճառը ոչ թե այն է, որ հիշյալների տեսություններն արժանի են լուրջ քննարկման, այլ այն, որ նրանք կարողացել են տպավորություն գործել ժամանակակից անկայուն գրողների, ընթերցողների, ինչպես եւ ռեժիսորների, բեմադրիչների եւ Համլետի դերակատարների վրա, որոնք նրանց արտառոց թոթովանքներն ընդունում են իբրեւ բիբլիական պատգամներ։
Նախ՝ պարոն Ուիլսոն Նայթի մասին։ Ահա մի մարդ, որը սեփականացրել է «Համլետը» եւ այն դարձրել է իր մղձավանջը։ Նրա աչքում «Համլետը» ամենասարսափելի հալյուցինացիաներ առաջացնող մի տեսակ գրական թմրադեղ է։ Եվ ինքնահիպնոսացման վիճակում նա մտովի վերաստեղծում է մի նոր «Համլետ», որը ոչ մի առնչություն չունի շեքսպիրյան ողբերգության հետ։ Պարոն Նայթը պարտավոր էր այդ նույն թեմայով իր սեփական պիեսը գրել։ Բայց չգրեց։ Գուցե այն պատճառով, որ զուրկ է տաղանդից։ Դրա փոխարեն նա փորձեց Շեքսպիրի մեծ ողբերգությունը վերաձուլել իր հիվանդագին երեւակայության կաղապարի մեջ։ Նա այդ գործողությունը կատարեց մսագործի հմտությամբ։ Հիշյալ ողբերգության ամենակենսական մասերը կտրատեց այնպես, որ բովանդակությունը համապատասխանի իր մտահղացմանը։ Նրա համեմատությամբ Պրոկրուստեսը խղճմիտ վիրաբույժ էր։
Պարոն Նայթը վերջին ներկայացուցիչն է այն քննադատների տարատեսակի, որոնք «Համլետից» վերցնում են միայն մի քանի տվյալներ եւ դրանք հարմարեցնում իրենց նախասիրած տեսությանը՝ անտեսելով բովանդակության ամբողջությունը, որը հակասում է այդ տեսությանը։ Այդպիսիները չեն հասկանում իրենց ջոկած տվյալների իմաստը, եւ անճանաչելիորեն այլանդակում են այն։ Երբ կարդում ես «Համլետի» մասին պրն Նայթի արատավոր ճամարտակությունը, որը դիմակավորված է «ուսումնասիրություն» անունով, ակամայից խորհում ես, թե արդյո՞ք նրա կարդացածը բոլորիս հայտնի «Համլետն» է։ Նա գիտակցաբար աչքաթող է անում Շեքսպիրի վկայությունն ու բացահայտ նպատակները։ Գաղափար տալու համար, թե ինչպես է պրն Նայթը մեկնաբանում «Համլետը», բերենք մի քանի քաղվածք նրա գրքից. «...Այս պիեսի բուն թեման մահն է, որովհետեւ Համլետի հիվանդությունը մտավոր ու հոգեւոր մահն է»։
«...Համլետի խելագարությունը իսկական է։ Ենթադրել, թե նա խելագարություն է կեղծում, նշանակում է՝ չըմբռնել պիեսի հիմնական թեման»։
«...Համլետի գիտակցության մեջ տեղի է ունենում ինքնասպանության անընդհատ մի պրոցես»։
«...Պիեսի վերջում Համլետը դիվային հրճվանք է գտնում անգթության մեջ։ Նա նման է Յագոյին»։
«...Նրա միտքը, որը գործում է չարիքի եւ բացասման տրամաբանությամբ, միայն դժոխք է տեսնում եւ ոչ թե դրախտ»։
«... Եթե բացառենք Համլետի հոր սպանության պարագան, ապա կտեսնենք, որ Համլետի շրջապատը հագեցած է առողջ ու կորովի կյանքով, հումորով, հզոր ռոմանտիկայով եւ բարօրությամբ։ Այս ֆոնի վրա կանգնած է մահվան գաղափարը մարմնավորող Համլետի դժգույն կերպարանքը։ Նա մահվան դեսպանն է, որ քայլում է կյանքի միջով»։
«...Համլետը անմարդկային է»։
«...Համլետը չարի անձնավորումն է դանիական պետության մեջ»։
«...Պիեսում պատկերված աշխարհի մեջ Համլետը միակ աններդաշնակ տարրն է, միակ խոչընդոտը երջանկության, առողջության, բարգավաճման։ Նա կենդանի դիակ է կյանքով լի միջավայրում»։
«...Կլավդիոսը, ինչպես նա հանդես է գալիս պիեսում, ոճրագործ չէ։ Նա, որքան էլ տարօրինակ թվա, բարի եւ ազնիվ թագավոր է»։
«...Լաերտը քաջ է եւ հավատարիմ»։
Ավելորդ է պարոն Նայթի հետ վիճելը։ Նրա մեկնաբանությունների արտառոցությունը չափազանց ակնհայտ է։ Նրա հնարած անառողջ տեսությունը ոչ մի առնչություն չունի շեքսպիրյան հիշյալ դրամայի հետ։
Ես չեմ թերագնահատում Զիգմունդ Ֆրոյդի մատուցած ծառայությունները մարդկային հոգու ավելի խոր ուսումնասիրման գործում, բայց ինձ թվում է, որ պսիխոանալիստներից շատերը կանգնած են իրենց գլխի վրա։ Եվ այդ դիրքից, բնականաբար, նրանք ամեն ինչ շրջված են տեսնում։ Ըստ հին առածի՝ «Յուրաքանչյուր խելոքի մեջ բավականաչափ անխելքություն կա»։ Ֆրոյդը բացառություն է։ Նրա տեսությունը Միքելանջելոյի եւ նրա գիրքը Լեոնարդո դա Վինչիի մասին լիովին հաստատում են վերոբերյալ առածի ճշմարտացիությունը։ Ֆրոյդն էր, որ առաջին անգամ ի լուր աշխարհի հայտարարեց, որ Համլետի գաղտնիքը նրա էդիպյան կոմպլեքսի մեջ պետք է որոնել։ Նա պնդում էր, որ իր այդ մտահղացումը հայտնագործություն է, մինչդեռ իրականում ոչ այլ ինչ է, քան մտացածին հերյուրանք։
Եթե պսիխոանալիստները նույնիսկ ոչինչ չիմանան արվեստի, թատերագրության եւ պոեզիայի մասին, ապա գոնե նրանք պետք է ճանաչեն մարդկային բնությունը, որի հետ անմիջականորեն գործ ունեն թե՛ իրենք եւ թե՛ դրամատուրգները։ Ես միշտ միամտություն եմ ունեցել կարծելու, որ բժշկի պարտականությունն է բժշկել հիվանդին, եւ ոչ թե վարակել առողջին։ Մինչդեռ մի շարք պսիխոանալիստներ այս երկրորդ միջոցն են կիրառում ոչ միայն Համլետի, այլեւ համանուն ողբերգության գրեթե բոլոր գլխավոր հերոսների նկատմամբ՝ նրանց դարձնելով քմահաճ, ջղաձիգ, հոգեկան հիվանդներ։
Եթե Ֆրոյդի հավատարիմ հետեւորդները բավարարվեցին այս թեմայի մասին գրելով միայն հակիրճ հոդվածներ, ապա Էռնեստ Ջոնսը հրատարակեց սրտխառնուք պատճառող մի գիրք «Համլետ եւ Էդիպ» վերնագրով։
Պետք է խոստովանեմ, որ երբ սկսեցի կարդալ «Համլետ եւ Էդիպը», ես հետզհետե ավելի համոզվեցի, որ այդ գիրքը գրված է գժանոցի խցիկում։ Եվ, սակայն, գրքի շապիկին զետեղված էր հեղինակի անունը. «Էռնեստ Ջոնս, բժշկական գիտությունների դոկտոր, բժիշկների արքայական կոլեջի պատվո անդամ, հոգեվերլուծության ազգային ընկերակցության նախագահ», մի մարդ, որը սովորել է Կարդիֆի, Լոնդոնի, Մյունխենի, Փարիզի, Վիեննայի համալսարաններում։ Մի՞թե կարելի է պատկերացնել, որ կրթության այսպիսի հսկա լեռը կարող է ծնել «Համլետ եւ Էդիպի» նման ճղճիմ մի մուկ, այն էլ ոչ թե փոքրիկ, անմեղ մուկ, այլ այնպիսին, որը տարածում է ժանտախտ՝ վարակելով նույնիսկ առողջ շեքսպիրագետներին։ Եթե իմ գործածած լեզուն մի քիչ կոպիտ է, ներողամիտ եղեք։ Ես չեմ կարող ավելի մեղմ արտահայտություններով քննարկել դր. Ջոնսի գրքի թարախոտ էջերը։ Այն, ինչ նա անում է Շեքսպիրի եւ Համլետի նկատմամբ, հավասար է Աստվածամոր ծոցի մեջ աղբ լցնելուն կամ Մոնա Լիզայի դիմանկարի վրա բեղեր գծելուն։
Որեւէ լուրջ հետազոտություն կատարելուց առաջ հարկավոր է բարեխիղճ եւ անաչառ ոգով քննել փաստերը։ Պսիխոանալիստի պարտականություններից մեկն է, կարծեմ, լսել հիվանդի գանգատները։ Ես չգիտեմ՝ դր. Ջոնսը հետեւո՞ւմ է այդ մեթոդին, թե ոչ, բայց «Համլետի» նկատմամբ նրա մոտեցումն ինձ հիշեցնում է մի փոքրիկ պատմություն։ Երիտասարդ, սկսնակ մի պսիխոանալիստի ընդունարանը գտնվում էր երկնամերձ շենքերից մեկի քսաներորդ հարկում։ Նույն շենքի տասներորդ հարկում գործում էր տարեց մի պսիխոանալիստ, որն ուներ ավելի քան քսան տարվա փորձ։ Յուրաքանչյուր օրվա վերջում երիտասարդ բժիշկը ուժասպառ էր լինում ծանր աշխատանքից։ Երբ նա վերելակով իջնում էր տուն գնալու համար, հաճախ տասներորդ հարկում նույն վերելակը մտնում էր նաեւ տարեց բժիշկը՝ բոլորովին կայտառ ու կենսուրախ։ Մի օր, վերելակում, հոգնած երիտասարդը հարցրեց մյուսին. «Բժիշկ, այդ ինչպե՞ս է, որ ամբողջ օրը հիվանդներին լսելուց հետո այսքան թարմ եւ աշխույժ տեսք ունեք»։ Ավագ պաշտոնակիցը ուսերը ցնցեց, ժպտաց եւ պատասխանեց. «Իսկ ո՞վ է լսում»։
Պատրաստել է Թ. ԽԱՉԱՏՐՅԱՆԸ
t.khachatryan@hhpress.am

09-10-2019





16-10-2019
Տարեցներն ուզեն-չուզեն՝ 21-րդ դարի հետ պիտի հարմարվեն
Առաջարկվում է պետական կենսաթոշակների անկանխիկ եղանակ

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


«Պետական ...


16-10-2019
Թուրքիան հայտնվել է ճահիճո՞ւմ
Եվ, թերեւս, ստիպված կլինի «արժանապատիվ» նահանջի ելքեր փնտրել

Էմմա ...


16-10-2019
ԳՈՐԾԱՐԱՐ ՎԱՐՎԵԼԱԿԱՐԳ
Կանանց հագուստ

Շրջազգեստ

Որակյալ կտորից էլեգանտ շրջազգեստը հարմար է հագնել ...


16-10-2019
Տաճատ Վարդապետյանի ապագա տունը Էրզրումում է կառուցվելու
Այդ մասին է մտորում, պոեզիա կարդում, բայց շախմատ ...


16-10-2019
Հայ-պորտուգալական կապերն ավելի արագ կհաստատվեն
Առաջին արդյունքներն ակնկալվում են գիտության ոլորտից

Պորտուգալիա-Հայաստան բարեկամության ...


16-10-2019
Հանդիպում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ ...


16-10-2019
ՓԱՍՏԱԲԱՆԻ ԱՆԿՅՈՒՆ
Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ անվան փոխման գրանցման համար, ի՞նչ ...



16-10-2019
...Հետո արվեստը աննկատ դառնում է հարազատ
Երեւանի պարարվեստի պետական քոլեջը 95 ...

16-10-2019
Ժամանակին համընթաց քայլող Մայր բուհը
Այն հիմնադրվեց իբրեւ ճանապարհ դեպի ...

16-10-2019
Պարետային ժա՞մ կհայտարարվի
Թուրքիան փորձում է միասնություն ստեղծել ...

16-10-2019
Մեր գրոսմայստերները նոր հաջողություններ են գրանցել
Հայ շախմատիստները շարունակում են երկրպագուներին ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +26... +28

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO