Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

28.01.2020
ԱՇԽԱՐՀ


Քրդական հարցը մերձավորարեւելյան պատերազմներում

Թուրքիայի Սիրիա ներխուժումն ու դրա արձագանքներից բխող բացահայտումները

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


«ՀՀ»-ի վերջին թողարկումներում պարբերաբար անդրադառնում ենք տարածաշրջանային քաղաքականությանը ինչպես համաշխարհային քաղաքատնտեսական զարգացումների համապատկերում, այնպես էլ առանձին, բուն տարածաշրջանային ծավալումներում՝ դրանցում մեր ազգային նպատակների հեռանկարները հաշվի առնելով։
Այսօր Թուրքիա—Սիրիա հակամարտությունը ոչ միայն տարածաշրջանային բազմաճյուղ շահեր է ներառում, այլեւ համաշխարհային լուրջ խնդիր է՝ հղի անկանխատեսելի ծավալումներով։ Իսկ այդ ծավալումները, անկախ մեր կամքից կամ ցանկությունից, առնչվում են ինչպես արցախյան խնդրի հետ, այնպես էլ շոշափում են Հայաստանի ու հայության շահերը։
Մենք արդեն ներկայացրել ենք թուրքական ներխուժման պատճառաբանումները Անկարայի բերանով հնչած, որոնք քրդական պայքարից (թուրքերը դա ահաբեկչություն են կոչում) ինքնապաշտպանվելու, այսինքն՝ իրենց երկրի սահմանների անձեռնմխելիությունը պահպանելու համար է իբր իրականացվում։ Սակայն վաղուց է հայտնի, որ թուրքերը աչք ունեն սիրիական եւ իրաքյան նավթաշատ եւ գազաշատ տարածքների վրա եւ Մերձավոր Արեւելքում տեղի ունեցող բոլոր հակամարտությունների ժամանակ փորձում են հասնել դրան։ Սա է թուրքերի գերնպատակը, մնացյալը սինաբանություն է, նրանք տասնյակ տարիներ շարունակ ոչնչացնում են քրդերին միջազգային հանրություն կոչվածի աչքի առաջ (ժամանակին մեր նկատմամբ ցեղասպանության ընթացքում թուրք—քրդական համագործակցությունն ու քրդերի գլխին այսօր եկած պատմական բումերանգի իրողությունը այս նյութում մի կողմ ենք թողնում,—Ա.Մ.)։
Ինչպես այսօր Սիրիայի դեմ ընթացող, այնպես էլ նախկինում Իրաքի դեմ կայացած երկու պատերազմների (նաեւ իրանա—իրաքյան, ինչպես այսօր թուրք—սիրիական) դրդապատճառների հիմքը հասկանալու համար պետք է դիտարկել քրդական խնդիրը եւ դրա հետեւում կանգնած գերտերությունների շահերը տարածաշրջանում։ Այսպես պետք է դիտարկել նաեւ Իրանի եւ Թուրքիայի կազմաքանդմանն ուղղված հետագա ծավալումների ծրագրերը, ինչը նոր չէ եւ ընթացքի մեջ է վաղուց։
Եվ այսօր էլ Անկարան թաքցնելով իր նավթագազային երազանքը՝ ներկայացնում է, թե Թուրքիայում եւ Սիրիայում բնակվող քրդական համայնքները գործում են միասնաբար, այսպես կոչված «Մեծ Քրդստանի» ստեղծման համար։
Մի կողմ դնելով սիրիական պատերազմի մասին թուրքական սինաբանությունն այս պահին, ասենք, որ քրդական գործոնի խաղարկում իրականում գոյություն ունի, որն աշխարհի վերաբաժանման որոշակի ծրագրերում («Մեծ Մերձավոր Արեւելք», «Նոր Մերձավոր Արեւելք» եւ այլն) հստակ առկա է։ Եվ դրանցում քրդաբնակ տարածքների միացում նախատեսված է, ինչպես ընդունված է ասել՝ աշխարհի գաղտնի տերերի կողմից, այսպես կոչված «Մեծ Քրդստանի» ստեղծման համար…
Դեռ չխորանալով, թե ինչ ուժեր են փորձում խաղարկել քրդական հարցը, ինչպես ժամանակին խաղարկեցին հայկական հարցը (ինչպես Անտանտի երկրները, այնպես էլ Ռուսաստանը եւ 1—ին աշխարհամարտն էլ ավարտվեց, երբ հայերը հայտնվեցին աշխարհի վերաբաժանման զոհասեղանին...), պարզաբանենք, միայն, որ այո, նման նոր պետության առաջացումը տարածաշրջանում, ըստ այդ ծրագրերի, նախատեսում է Իրանի, Սիրիայի, Իրաքի եւ այսօրվա Թուրքիայի (իրականում՝ Արեւմտյան Հայաստանի) որոշակի քրդաբնակ տարածքները միավորելով։
Բայց, նախ՝ նման քրդական միասնական պետության ստեղծումը գրեթե անհնարին է հենց ներքրդական խնդիրների պատճառով։ Եթե Թուրքիայի եւ սիրիայի քրդերը գործում են միասնաբար, առավելապես ենթարկվելով Քրդական բանվորական (աշխատավորական) կուսակցության (ՔԲ(Ա)Կ) ներքո, ապա Իրաքի քրդերը բոլորովին ինքնուրույն են գործում, ամերիկա—իրաքյան պատերազմից հետո Իրաքում ապրում են մեծ ինքնավարության պայմաններում, օգտվելով նավթա—գազային արտահանումներից։ Իրանաբնակ քրդերն էլ չնայած այն կարծիքին, թե հակված են ՔԲ(Ա)Կ—ի հետ համագործակցության, հիմնականում չեզոք դիրքում են։
Ինչ մնում է քրդաբնակ պետություններին, ապա պետք է հաշվի առնել, որ անչափ դժվար կլինի Թուրքիայի, Իրանի, Իրաքի եւ Սիրիայի դեմ միասնական պայքար տանել, քրդական հարցով այս երկրները, անգամ չցանկանալով, ստիպված կլինեն միավորել ուժերը։
Իհարկե սա նաեւ համաշխարհային վերաբաժանման տանող ուժերն են գիտակցում, դրա համար էլ փորձում են առանձին—առանձին կոտրել այդ երկրներին՝ մղելով նաեւ տեղային պատերազմների։ Իսկ եթե անգամ քրդերի միջոցով դա հաջողվի, ապա նրանք պիտի գիտակցեն, որ աշխարհի նոր վերաբաժանման ընթացքում այս անգամ քրդերը կարող են հայտնվել այն նույն զոհասեղանին, որը բացառապես ծառայում է աշխարհի գերուժերի շահերին…
Ինչեւէ, Իրաքի հարցը այդ համաշխարհային նշյալ ծրագրերի առումով կարելի է լուծված համարել, քանզի քրդերը մեծ ինքնավարություն ունեն, արաբներն էլ այլեւս չունեն այն համաարաբական տեսլականը, որը կար Սադամ Հուսեյնի իշխանության ժամանակ։ Սիրիայի խնդիրը մասնակի է լուծվել այդ համապատկերում, որովհետեւ քրդերը որոշակի ինքնավարություն ունեն, սիրիական կուռ պետությունն էլ զրկվել է կենտրոնաձիգ առանցքից։ Իրանի եւ Թուրքիայի կազմաքանդման առումով քանիցս սպառնացել են, ինչը առկա է նաեւ վերոնշյալ աշխարհի վերաձեւման քարտեզներում։
Հետեւելով տարածաշրջանային ծավալումներում քրդական գործոնի զարգացմանը՝ հնարավոր կլինի ավելի ճշմարտորեն ըմբռնել չդադարող պատերազմների տրամաբանությունը։ Քրդական գործոնը տարբեր նրբերանգներով հայտնվել ու մշտառկա է ե՛ւ ԱՄՆ—ի, ե՛ւ ԵՄ—ի, հատկապես՝ Ֆրանսիայի, ե՛ւ Ռուսաստանի, ե՛ւ Իսրայելի ու որոշ արաբական երկրների արտաքին քաղաքականության օրակարգում։

Սիրիական պատերազմի բացահայտումները

ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում ծավալված իրադարձությունները եկան վերստին հաստատելու, որ այսօրվա աշխարհի ընդունած «չկան մշտական բարեկամներ եւ մշտական թշնամիներ, կան մշտական շահեր» մտածողությունը չի փոխվել եւ մշտապես այս կամ այն երկրի հետ բարեկամությունից խոսող այս կամ այն երկիրը պարզապես շահավետ դիրք է գրավում, ինչը փոխշահավետության չի վերածվում դաշնակցի հետ քաղաքական քայլերում։
Եվ այսպես, չի հաջողվել համատեղ հայտարարություն ընդունել նաեւ Սիրիայում ռազմական գործողությունների վերաբերյալ։ Այս հոկտեմբերի 11—ին ՄԱԿ—ի ԱԽ անդամները դռնփակ նիստում տարաձայնությունների պատճառով չեն կարողացել համաձայնության գալ։ Հայտարարության ընդունմանը դեմ են արտահայտվել Վաշինգտոնը եւ Մոսկվան։ Պատճառն այն է, որ փաստաթղթում Թուրքիայի գործողությունների վերաբերյալ նշվել է «քննադատություն» բառը։
Եթե ՄԱԿ—ում եվրոպական մի շարք երկրների մշտական ներկայացուցիչները հանդիպումից հետո համատեղ հայտարարություն են տարածել՝ Անկարային կոչ անելով դադարեցնել ռազմական գործողությունները Սիրիայի հյուսիսում, ապա ամերիկյան կողմն ավելի մեղմ դիրք է գրավել ու հայտարարել, որ ԱՄՆ—ն պարզապես չի պաշտպանում Թուրքիայի քայլը։ Իսկ ռուսական կողմը նշել է, որ Սիրիայի հյուսիսում Թուրքիայի ռազմական գործողության ընթացքում բոլոր կողմերը պետք է զսպվածություն ցուցաբերեն, ինչը շատ նման է հայ—ադրբեջանական հակամարտության ընթացքում երկու կողմերին հնչած ԵԱՀԿ ՄԽ կոչերին՝ թե անհրաժեշտ է խաղաղ կարգավորման հասնելու քայլեր անել, չնայած այն փաստին, որ ադրբեջանական կողմը մշտապես սադրանքների հեղինակ է դառնում։
Ինչեւէ, ինչպես նշվեց, ԵԽ անդամների՝ Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Լեհաստանի, Բելգիայի նախաձեռնությամբ եվրոպական կողմը հայտարարություն է տարածել՝ Թուրքիայից պահանջելով դադարեցնել ռազմական գործողությունները Սիրիայում։ Նշվում է, որ Թուրքիայի կողմից ստեղծվելիք անվտանգության գոտի կոչված տարածքը, ուր պետք է վերադառնան սիրիացի փախստականները, անհնար է, որ համապատասխանի ՄԱԿ—ի փախստականների հարցով բարձր հանձնակատարության կողմից սահմանված միջազգային չափանիշներին։ Կարեւոր է նաեւ, որ ԵԽ—ն նշել է, որ փախստականների վերադարձը պետք է անվտանգ եւ պատվաբեր լինի, իսկ ժողովրդագրական պատկերը փոխող բոլոր նախաձեռնությունները չեն ընդունվելու։ Եվրոպացիները համարում են, որ Թուրքիայի միակողմանի ռազմագործողությունները վտանգում են ոչ միայն տարածաշրջանը, այլեւ դաշնակից ուժերի կողմից «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում ունեցած ձեռքբերումները, ինչը, փաստորեն, հող է նախապատրաստում ԻՊ—ի հզորացման համար։
Իսկ, ահա, Ռուսաստանը, ուրեմն նաեւ ՀԱՊԿ—ն դեռ լռում են, սպասելով թուրք—արեւմտյան հակասությունների առաջացմանը։ Ամենատարօրինակը, սակայն, ՆԱՏՕ—ի որդեգրած դիրքն է։ ՆԱՏՕ—ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հոկտեմբերի 11—ին բանակցություններ է վարել Թուրքիայում։ Հարցերից մեկը վերաբերել է Սիրիայի հյուսիսում Թուրքիայի ռազմական գործողության պատճառով Անկարայի դեմ պատժամիջոցներ ընդունելու ամերիկացի սենատորների սպառնալիքներին։ «Կարծում եմ՝ ճիշտ չի լինի, եթե սկսեմ շահարկել ենթադրական իրավիճակների շուրջ։ Ես կարող եմ ասել, որ Թուրքիան ՆԱՏՕ—ի ուժեղ եւ հավատարիմ դաշնակիցն է, որը կարեւոր է մեր հավաքական պաշտպանության եւ ընդհանուր առաքելությունների համար, այդ թվում ահաբեկչության դեմ պայքարում»,–ասել է ՆԱՏՕ—ի գլխավոր քարտուղարը։
Փաստորեն, ՆԱՏՕ—ն կանաչ լու՞յս է վառում Թուրքիայի առաջ…
Հյուսիսատլատյան դաշինքի ղեկավարի բերանով այս ռազմական կառույցը աջակցում է Թուրքիային՝ ընդլայնելով նաեւ իր օդային ու ծովային ներկայությունը։ «Թուրքիան մեծ երկիր է այս մեծ տարածաշրջանում, իսկ մեծ ուժի հետ գալիս է նաեւ մեծ պատասխանատվությունը»,–հավելել է ՆԱՏՕ—ի գլխավոր քարտուղարը։
Սա շատ վտանգավոր տեսակետ է, ինչը կարող է ոչ միայն տարածաշրջանային մեծ պատերազմի վերածվել, այլեւ փոխել տարածաշրջանի երկրների վերաբերմունքը ԱՄՆ—ի եւ ՆԱՏՕ—ի նկատմամբ։
Այստեղ կարեւոր է նաեւ տարածաշրջանի երկրների դիրքորոշումը։
Արաբական երկրների լիգան, ինչպես նաեւ Իրանը Թուրքիայից պահանջել են զորքերը դուրս բերել Սիրիայից եւ դադարեցնել գրոհները այդ երկրի տարածքում։ Իսրայելն էլ դեմ է քրդաբնակ շրջանների էթնիկ զտումներին, ինչը եւս մտնում է թուրքական ծրագրերի մեջ։
Իսկ ամենակարեւորը թերեւս այն է, որ քրդերը երեւի թե առաջին անգամ համաձայնություն են կնքել Սիրիայի կառավարական ուժերի հետ, որում մասնավորապես ասվում է. «Այս գրոհին հակազդելու եւ կանխելու համար սիրիական կառավարության հետ համաձայնություն է ձեռք բերվել, որպեսզի սիրիական բանակը մուտք գործի եւ տեղակայվի սիրիա—թուրքական սահմանի ամբողջ երկայնքով»։
Իսկ Դամասկոսը հայտարարել է, որ կարող է կանգնեցնել թուրքական զորքերին, որի նպատակը միայն Սիրիան չէ, այլեւ օսմանյան կայսրության նախկին տարածքներում իր դիրքերն ամրապնդելը։
Մի վտանգավոր տեսակետ եւս շրջանառվում է, թե Անկարան իր գործողությունները համաձայնեցրել է Վաշինգտոնի ու Մոսկվայի հետ, քանի որ յուրաքանչյուրն այս հարցում ունի իր շահերը, ինչը եւ իր շահերին է ծառայեցնում Թուրքիան։ ՌԴ—ն փորձում է Թուրքիային հեռացնել ԱՄՆ—ից, եւ թերեւս սա են համարում ԱՄՆ—ի ու ՆԱՏՕ—ի թուրքահաճ կեցվածքի պատճառը։
Այս իրավիճակից ոգեւորված Բաքուն, որտեղից թուրքական բանակին հաղթանակ են մաղթել արդեն (կարծում են Սիրիայի հարցը լուծված է եւ Արցախի հերթն է գալու), այժմ էլ հայտարարել են, թե ադրբեջանցիները ցանկանում են մասնակցել Թուրքիայի կողմից Սիրիայում իրականացվող ռազմական գործողությանը։ Ադրբեջանի նախագահականի հասարակական կազմակերպություններին աջակցող խորհրդի անդամ Էմին Հասանլըն հայտարարել է, որ 1000—ից ավելի ադրբեջանցի երիտասարդներ թուրքական բանակին կամավոր անդամագրվելու համար դիմումներ են ներկայացրել։
Ինչեւէ, Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողությունները մտահոգել են միջազգային հանրությանը, հուսանք, որ առաջադեմ մարդկությունն ամեն ինչ կանի թուրքական հերթական ջարդարարությունը կանխելու եւ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար։
Հիշեցնենք, որ Հայաստանի արտաքին հարցերով պատասխանատու բոլոր կառույցները քննադատել են թուրքական ռազմական գործողությունները եւ հանդես եկել ի պաշտպանություն Սիրիայի, որտեղ նաեւ մեր ազգակիցներն են ապրում եւ արարում, որոնք ժառանգներն են Հայոց ցեղասպանությունից փրկվածների եւ շատ լավ գիտակցում են, թե ինչի կհանգեցնի Թուրքիայի հետագա գործողությունները չկասեցնելը։

15-10-2019





25-01-2020
Ճակատամարտ, որը լավ դաս էր թշնամու համար
Քարին տակի հերոսամարտի 28-րդ տարեդարձը

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am


Հունվարի 26-ին ...


25-01-2020
Ադրբեջանի քաղբանտարկյալների հարցը՝ ԵԽԽՎ օրակարգում
Խոշորացույցի տակ կհայտնվի նաեւ Թուրքիան

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


Ստրասբուրգում հունվարի ...


 
25-01-2020
ԱՌՁԵՌՆ ԱՌԱԾԱՆԻ
«Բերնե բերան՝ կելնի գերան

Ասացվածքը պարզում է մարդկային ...


25-01-2020
Գրականագիտությունը, գրականությունը, ժամանակը
Տաղանդավոր գրողներ եւ միջակ գրականություն

Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am


Հնարավոր առարկությունները ...


25-01-2020
Հայ պոեզիայի անլռելի զանգակատունը
Հունվարի 24-ը Պարույր Սեւակի ծննդյան օրն է։ «Պարույր Սեվակ ...


25-01-2020
«Ոստիկանության բարեփոխումների կարեւորագույն նպատակը պետք է լինի ոստիկանություն—քաղաքացի նոր հարաբերությունների հաստատումը»
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ երեկ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում ...


25-01-2020
Քանդակագործի տան ճանապարհի ոդիսական պատմությունը
«Մերօրյա արտառոց իրավիճակներ» շարքից

Օրերս անվանի քանդակագործ Արամ ...



25-01-2020
Ինչպե՞ս կայացավ
32-ամյա Կոմիտասի եւ 29-ամյա Չոպանյանի ...

25-01-2020
Ցանքատարածքների վիճակը մտահոգիչ է
Անցած տարվա հոկտեմբերի վերջին Քաշաթաղի ...

25-01-2020
Կարդարանա՞ն Լիբանանում ճգնաժամը հաղթահարելու հույսերը
«Փրկության խումբը» անցավ ...

25-01-2020
Մենք զբաղված ենք մեր աշխատանքով
Ձգտելով կատարելագործել մեր մարզիկների ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +1... +3
ցերեկը +7... +9

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO