Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

20.11.2019
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Ո՞վ է հայ գրողը

Նախնական մտահղացումից մնում են աղոտ հիշողություններ

Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am


Նախ ասեմ, որ գրողներին առանձնապես չէի ուզենա բաժանել իմ բարեկամների եւ թշնամիների։ Սովորաբար միշտ իշխում է նման որոշակի խանդավառություն, ինչը, բնականաբար, բացասական ազդեցություն եւ հետեւանքներ է ունենում։
Նախապես կարծում էի, թե ունեմ «ո՞վ է հայ գրողը» հարցի պատասխանը, սակայն աշխատանքի ընթացքում պարզվեց, որ հարցը պարզապես ցանկանում եմ ներկայացնել որպես պատասխան։ Կարծում եմ՝ ձեզ ծանոթ զգացում է, երբ թվում է, թե կարող ես գրել այն, ինչ օրեր, տարիներ մտահոգություն է, սակայն բավական է նստել մաքուր, սպիտակ թղթի առջեւ, եւ այնքան հիմնավորապես փոխվում է ամեն ինչ, որ նախնական մտահղացումից մնում են աղոտ հիշողություններ, եւ հիմա այդ հարցին ես նույնքան պատրաստ եմ պատասխանել, ինչքան յուրաքանչյուրը՝ առանց իրեն փորձության ենթարկելու, որովհետեւ բոլոր գրողներս նույն բանն ենք անում, մնում է քիչ ավելի անկեղծ լինել ինքներս մեզ հետ, շատ ավելի ազնիվ՝ գրականության հանդեպ, եւ ամեն ինչ տեղը կընկնի։
Աշխարհում, եւ մանավանդ Հայաստանում, լավ եւ մեծ գրողներ շատ կան, հարյուրապատիկ շատ են նրանք, ովքեր պարզապես գրում են։ Եվ նրանց դեմ, ինչպես ահաբեկչության, թմրաբիզնեսի, սպիդի դեպքում, համընդհանուր պայքար չի հայտարարվում։ Եվ լավ է, որ այդպես է, թե չէ Հայաստանում այն կօրինականացվեր՝ հատկապես լավ գրողների դեմ, որովհետեւ ժողովրդավարության համար այսպիսի ուղի ընտրած երկրում անկախությունից երեսուն տարի անց ավելի քիչ հիմքեր ունենք, քան նման պայքարի փորձ։
Կուզենայի, որ ձեզանից լավագույնը խոսեր բոլորիս հետ։ Երջանկահիշատակ Վազգեն Սարգսյանի, նրանից առաջ՝ Նժդեհի արտահայտությամբ, «վճռական մենակը», եզակիորեն ենթադրելի Ոմնը այդպես էլ չհայտնվեց մեր շարքերում։ Ճակատագի՞ր էր, օրինաչափությո՞ւն, թուղթ ու գի՞ր, սակայն դրանով լուծվեց կենսականորեն անհրաժեշտ մի կարեւոր գերխնդիր՝ բոլոր գրողները այսուհետ հավասար են հավասարների մեջ։ Կարող էր դրան հաջորդել եւ մյուս քայլը, բայց կոմունիզմ կառուցելուն արդեն ոչ ոք չէր հավատում, ուրեմն եւ՝ անիմաստ էր։ Սակայն համոզված եմ, որ 20 տարի առաջ մեզանից յուրաքանչյուրն ազնիվ լինելու ավելի շատ համբավ ուներ, քան հիմա մեզանից յուրաքանչյուրը։ Անկախությունից 30 տարի է անցել, եւ մենք բոլորս արդեն ընդունակ չենք ընդունելու, որ մեզանից որեւէ մեկը դեռ հնարավոր է՝ ազնիվ է մնացել, գոնե գրականության հանդեպ։ Սակայն 30 տարի անց կարելի է թողնել բարոյականության մասին խրատները եւ մեր կոչմանը հարիր մաքուր բաների մասին խոսել։
30 տարին քիչ չէր, որ մեզանից յուրաքանչյուրը հասկանար, որ 30 տարի առաջ էլ եւ 30 տարի հետո էլ զբաղվում ենք մի բանով, որը յուրաքանչյուրիցս ամենից առաջ ազնվություն է պահանջում, որովհետեւ, ինչպես Պարույր Սեւակն է գրում. «Այդպես չեն ապրում։ Այդպես մեռնում են մի դանդաղությամբ, որով փտում են հին նավակները ծովախորշերում»։
Եվ դա միակ պատասխանատվությունն է, որ մենք ունենք առայժմ եւ պետք է ունենանք նաեւ հետո, որովհետեւ պարզից պարզ է, որ գրողի միակ պատասխանատվությունը հասարակության առջեւ 10 տարի առաջ էլ, 100 տարի առաջ էլ, 1010 տարի առաջ էլ մի բան է եղել՝ լավ գրել։ Մենք՝ ընթերցողներս, գրեթե պատասխանատվություն չունենք, որովհետեւ մեզանից յուրաքանչյուրը, գրականություն ընթերցելուց բացի, տասնյակ ուրիշ բաներով էլ կարող է զբաղվել, գրողինը ընդամենը լավ գրելն է։ Ուրեմն երանի այն գրողներին, որ այս 30 տարվա ընթացքում մի բան են կարողացել լավ անել՝ լավ գրել։
(Երբեմն—երբեմն մտածում եմ, որ անկախություն ունենալը մեր հաշիվների մեջ չի եղել։ Այսինքն, երկրի՝ մեզ համար նոր կարգավիճակը բացարձակապես չի փոխել մեր վերաբերմունքը գրականության հանդեպ, ընդ որում՝ հարցը նույնիսկ վերաբերմունքի փոփոխությունը չէ, այլ այն դերակատարության, որ մենք վերագրում էինք գրականությանը)։
Անկեղծ ասած՝ այս տարիների փորձով առանձնապես խորաթափանցություն պետք չէր՝ հասկանալու մի հասարակ բան. մենք արդեն գիտենք, որ ո՛չ աշխարհի ընթացքը, ո՛չ մեր կյանքը չենք կարող փոխել։ Դժվարը գիտակցության հաջորդ փուլն է՝ ոչ էլ երբեւիցե հաջողվել է փոխել։ Պարտադիր չէ Տոլստոյ, Դոստոեւսկի, Ֆոլկներ, Չարենց, Շիրազ, Սեւակ կամ Մաթեւոսյան լինել՝ հասկանալու համար, որ մենք նաեւ ի վիճակի չենք եղել աշխարհում որեւէ բան փոխել։ Պրոլետարը կարող է փոխել, տաքսու վարորդը մեր երաժշտական ճաշակը կարող է փոխել, հեռուստացույցը միայն դրանով է զբաղված, ռեկլամը ուղեցույց է, բայց գրականությո՞ւնը... Հակառակ դեպքում Դոստոեւսկու «Դեւերը» կարող էին կանխել սոցիալիստների հաղթանակը 17 թվականին, Տոլստոյը, ողջ գիտակցական եւ գրական կյանքում դեմ լինելով հեղափոխությանը, ակամա չէր դառնա հեղափոխության հայելին, Կաֆկայի «Դատավարությունը» կարող էր կանխել Նյուրնբերգը, Չարենցի, Բակունցի... զոհերը շատ են, չթվարկեմ։ Այսինքն՝ այսօր՝ 2019 թվականի նոյեմբերին, գրականության հանդեպ առանձնապես պատրանքներ չունենք։
Մեր եւ աշխարհի մյուս ժողովուրդների բանավոր գրականության տարիքը դժվար է ճշտել, մեր գրավոր գրականության տարիքը կարող է ճշտել ցանկացած պատմաբան եւ բանասեր։ Նայելով այսօրվա մեր իրականությանը՝ կարելի է չափազանց դաժան լինել եւ ասել, որ մեր 1700—ամյա տառապանքը վանական մենախցերում, ի վերջո՝ գրասեղանի եւ համակարգչի առաջ, զուր է անցել։ Արդեն մեզ չեն հուզում, կարելի է ասել՝ գրեթե անհասկանալի են Խորենացու ողբը, ավարայրների խորհուրդը, Նարեկացու ողբերգությունը, Դավիթ—բեկերի ըմբոստությունը, Աբովյանի «օրհնված սհաթը», Րաֆֆու կայծերը, Վարուժանի եւ Սիամանթոյի ողջակիզումները, Չարենցի ամբոխները, Սեւակի եղիցի լույսը, Շուշիի ազատագրումը։ Ուրեմն եւ՝ անկախ գրականությունից, մենք հիմա այն ենք, ինչ կանք, ընդամենը մնում է հաշտվել այն վիճակի հետ, ուր հայտնվել ենք, այսինքն՝ գրականությունը հաշտեցնենք հաշտվելու հետ։ Մեզնից քչերը դա արդեն անում են, մնում է՝ շատերը նույնն անեն, եւ մենք կփակենք այն դարաշրջանը, որ գրականության եւ արվեստի հետ կապված՝ դեռ հույսեր է փայփայում։ Մնում է ավելացնել, որ գրականության ծաղկման եւ անկման ժամանակներ չեն լինում, լինում է նրա հանդեպ հավատ կամ անհավատություն, որովհետեւ գրականությունը մի բան է, որ չի զարգանում։ Ինչպես ժամանակին մեր բանաստեղծներից մեկն է գրել. «Զարգանում է գյուղատնտեսությունը, զարգանում է արդյունաբերությունը, սակայն ոչ ոք չի գրում մի հասարակ գրախոսություն Արմեն Մարտիրոսյանի՝ վերջերս լույս տեսած գրքույկի մասին»։ Սա նույն բանաստեղծն է, որ հայտնվել է երկու ջրհեղեղի արանքում, որոնցից մեկը նախապատմական է, երկրորդը՝ մեզ համար գուցե հավերժական, որովհետեւ ազգային բոլոր վսեմագույն գերխնդիրներից մնացել է միայն մեկ հարց՝ ե՞րբ են մեզ ոչնչացնելու վերջնականապես։ Ուրեմն մեր խնդիրն էլ ունենք, առանց գրականության ներկայության, որովհետեւ հնարավոր չէ ջրհեղեղից հետո երկրորդ անգամ տապանը կանգնի այն նույն լեռան կատարին։
...Որովհետեւ չի բացառվում, որ քարեր նետելու ժամանակ կա, բայց մենք ունենալո՞ւ ենք քարեր հավաքելու ժամանակը։ Խնդիրը շատ ավելի բարդ է հայ գրողի դեպքում, բայց այդ մասին կխոսենք հաջորդ հոդվածում։

05-11-2019





20-11-2019
Չոր պահեստարանի շահագործման լիցենզիան կերկարաձգվի եւս 30 տարով
Բայց ոչ թե միանգամից, այլ՝ փուլ առ փուլ

Արմենուհի ...


20-11-2019
Համաշխարհային ուժերը կենտրոնանում են տարածաշրջանում
Ի՞նչ լուծումներ են նախանշված հակամարտությունների հարցում

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Ակնհայտ ...


20-11-2019
«Արմենպրեսի» «բրենդը»
Մեր օրերում շատ մոդայիկ է դարձել անգլերեն «BRAND» բառի ...


20-11-2019
Անհատի ու ազգի ներքին անազատությունը եւ դրանից ձերբազատվելու հնարավոր եղանակները
Էդվարդ Աթայան (1932-2002), փիլիսոփա, լեզվաբան, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս



20-11-2019
Վարչապետը հանդիպում է ունեցել ռուսական առաջատար ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է ունեցել Հայաստանում գտնվող ...



20-11-2019
Ի՞նչ հարցեր կլուծի բալային համակարգի ներդրումը
Օրենսդրական կարգավորումներից մինչեւ ...

20-11-2019
Քարավազի (Խուդափերին) հին կամուրջը՝ Արաքսի վրա...
Այստեղով է եղել հիմնական կապը Արցախի եւ ...

20-11-2019
Լիբանանը փորձում է հաղթահարել ճգնաժամը
Ազգային շարժման ներկայացուցիչները ...

20-11-2019
Հայաստանի հակադոպինգային կառույցը կդառնա բացարձակապես անկախ
Վերջերս Լեհաստանում անցկացված ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +25... +27

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO