Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

28.01.2021
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ


Սեզոնային գրիպի դեմ պատվաստումը մեծ պահանջարկ ունի

Պատվաստանյութի ընդունումով գրիպը բացառվո՞ւմ է

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am


«Գրի՞պ ես» հարցին այս օրերին արդեն դրական պատասխան են տալիս։ Գրիպի առումով ռիսկային սեզոնը մեկնարկել է։ Բայց հիվանդությունը կարելի է կանխել պատվաստման միջոցով։ Սեզոնային գրիպի դեմ պատվաստումը ներառված է ազգային օրացույցում։ Միայն թե այն նախատեսված է ռիսկի խմբերի համար։
Այսպես, գրիպի պատվաստման հարցում առաջնահերթությունը տրվում է հղիներին, 6 ամսականից մինչեւ 5 տարեկան երեխաներին, խրոնիկ հիվանդությամբ անձանց, բուժաշխատողներին, փակ կազմակեպությունների ներկայացուցիչներին եւ նրանց սպասարկող անձնակազմին, օրինակ՝ մանկատներ, ծերանոցներ, եւ զինվորական անձնակազմին ու տարեցներին։ Ոչ ռիսկային խմբի ներկայացուցիչը կամավոր կարող է պատվաստվել ռիսկային խմբի որեւէ ներկայացուցչի՝ պատվաստումից հրաժարվելու դեպքում՝ նրան հասանելիք վակցինայով։
Բայց ՀՀ առողջապահության նախարարության իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը «ՀՀ»—ի հետ զրույցում արձանագրեց, որ նախորդ տարվա փորձը ցույց է տվել՝ գրիպի պատվաստումների նկատմամբ բնակչության պահանջարկը բավականին մեծ է. «Այս տարի եւս նկատվում է, որ պահանջարկը մեծ է՝ բոլորը հետաքրքրվում են, թեժ գծին եկող զանգերի մեծ մասը պատվաստումներին է վերաբերում։ Հատկապես նրանք, ովքեր պատվաստման արդյունավետությունը զգացել են իրենց օրինակով, սեպտեմբերի կեսից արդեն ահազանգում էին՝ ե՞րբ են սկսելու պատվաստումները»։
Այս եւ նախորդ սեզոններին պատվաստումների ուշացման համար, ըստ ՀՀ առողջապահության նախարարության տարածած հաղորդագրության, կան մի շարք հիմնավոր պատճառներ։ Առողջապահության նախարարության կողմից 2019—2020 թթ. սեզոնի համար մի քանի փուլով հայտարարվել են պատվաստանյութի ձեռքբերման մրցույթներ, սակայն մասնակիցներ չեն եղել, կամ առաջարկները չեն համապատասխանել «Գնումների մասին» օրենքի պահանջներին։
Միաժամանակ սեզոնային գրիպի պատվաստանյութի գլոբալ անբավարարություն է դիտվում, եւ Հայաստանի փոքր շուկան հրապուրիչ չէ մատակարարների համար։ Սեզոնային գրիպի պատվաստանյութն ունի մեկ այլ առանձնահատկություն՝ մյուս պատվաստանյութերի նման պահուստային պաշար չի ձեւավորվում, այլ գնվում է միայն տվյալ սեզոնի համար։
Հիմա պատվաստանյութն արդեն երկրում է։ Երեկվանից Երեւանում են առաջարկվում, իսկ արդեն երկուշաբթի օրվանից սեզոնային գրիպի պատվաստումներն ամբողջ հանրապետությունում կառաջարկվեն ռիսկի խմբերին։
Գ. Սահակյանի խոսքերով, ինչպես բոլոր պատվաստումները, այդ պատվաստումը եւս հակացուցումներ ունի։ Եթե նույն պատվաստման նախորդ դեղաչափից ծանր ալերգիկ ռեակցիա է եղել, ապա տվյալ անձին պատվաստում չի արվում։ Բայց մեր զրուցակիցը բարձրաձայնում է, որ դեռեւս նման երեւույթի չեն հանդիպել։ Ժամանակավոր հակացուցումներն էլ նույնն են, ինչ մյուս պատվաստումների դեպքում։
Որոշակի վիճակագրություն ներկայացնելով՝ իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավարը նկատում է, որ առհասարակ պատվաստումների առումով բավականին ակտիվ են մարզերի բնակիչները։ Երեւանում, սակայն, պասիվ են։ Բայց ահա սեզոնային գրիպի առումով մայրաքաղաքը մարզերին գրեթե չի զիջում։
Ռիսկի խմբերի ակտիվ ընդգրկվածության մասով Գ. Սահակյանը տարանջատում չի կատարում։ Միայն նշում է, որ փակ կազմակերպությունների, բանակի ներկայացուցիչների, բուժանձնակազմի համար այս պատվաստումը նորություն չէ, մյուս խմբերի, օրինակ՝ հղիների դեպքում նորույթ է, երկու տարի է, ինչ կիրառվում է։ Ու թեեւ նորությունը միշտ դժվարությամբ է ընկալվում, այդուհանդերձ, Սահակյանը դրական միտում նկատում է. «Ընդգրկվածությունն աստիճանաբար մեծանում է։ Բայց իրազեկվածության խնդիր կա»։
Հարցին՝ կարո՞ղ ենք արձանագրել, որ պատվաստված անձի համար գրիպը բացառված է, ծրագրի ղեկավարը պատասխանում է, որ նման բան գոյություն չունի։ Դա պայմանավորված է օրգանիզմի առանձնահատկություններով. «Պատվաստված անձը կարող է վարակվել, բայց «թեթեւ» կտանի։ Պետք է հիշել, որ եթե որեւէ անձի դեպքում հիվանդությունը բարդություններով է ուղեկցվում, սա համար առաջին ցուցված պատվաստումն է»։
Սեզոնային գրիպի դեմ պատվաստումն արվում է տարին մեկ անգամ, որովհետեւ գրիպի վիրուսները հակում ունեն փոփոխվելու, մուտացիաներ առաջացնելու։
Հ. Գ. Պատվաստվելուց բացի, վիրուսի դեմ կարելի է պայքարել նաեւ որոշակի կանխարգելիչ միջոցառումներով։ Օրինակ՝ հանրային տրանսպորտում պատուհանները, այսպես ասած, հերմետիկ փակելով՝ հայտնվում ենք չօդափոխվող փակ տարածքում։ Իսկ նման տեղերում մեկ հոգու վարակված լինելն անգամ բավական է վիրուսի տարածման համար, հատկապես որ տվյալ անձը եւ, առհասարակ, մեր հասարակությունը բարդույթներ ունեն պաշտպանիչ դիմակ կրելու հարցում։

08-11-2019





28-01-2021
Ազգային նկարագիրն ու հոգեկերտվածքը մեր բանակի ամենահզոր զենքերն են
Արժանի լինենք հայ զինվորին՝ կառուցելով մեր բաժին պետականությունը



28-01-2021
«...Մենք դեռ կռվելու եւ հաղթելու ենք...»
Թշնամին միշտ թշնամի է. երբեք չպետք է փոխել վերաբերմունքը ...


28-01-2021
Հաղթական ճակատամարտով է սկսվում հայերիս պատմությունը
Ազգային գաղափարախոսություն՝ ռազմական բաղադրիչի մեծացմամբ

Հայ զինվորականը մշտապես ...


28-01-2021
ՀՀ ԶՈՒ ստեղծումը վերջին հազարամյակում մեր ժողովրդի մեծագույն նվաճումն ու հաղթանակն է
Հարցազրույց ՀՀ ԶՈՒ պահեստի գնդապետ, «Արծիվ մահապարտներ» գումարտակի մարտիկ, ...


28-01-2021
Հայկական հաղթանակների խորհրդանիշ Շուշին կվերածվի պանթուրքիզմի որջի՞
Այստեղ «Գորշ գայլերի» դպրոցի հիմնումն ուղղված է արցախյան հիմնահարցի ...


28-01-2021
Երկիր Նաիրիի բանաստեղծը
Նա ազնիվ մետաղի պես փայլ տվեց մեր արքայական լեզվին


28-01-2021
Առակաց խորհուրդը. Քրիստոսի առակները
«Դարձեալ նման է երկնքի արքայութիւնը ծովը գցուած ուռկանի, որ ...



28-01-2021
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ջավադ Զարիֆին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Իրանի ...

28-01-2021
Քննարկվել է Տնտեսական արձագանքման ծրագրի նախագիծը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ...

28-01-2021
Տեւական խաղաղության համար հիմքեր չկան
Հայաստանը չի համարում, որ Արցախի դեմ Ադրբեջանի ...

28-01-2021
«Վահագնի Սիթիի» հաղթանակով
Հայաստանի բասկետբոլի տղամարդկանց «Ա» լիգայի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO