Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

07.12.2019
ԵՐԵՎԱՆ


Առեւտրի վայրերը պետք է անվտանգ լինեն

Կրկին «Բարեկամություն» ստորգետնյա առեւտրի կենտրոնի մասին

«ՀՀ»-ի 27. 07. 2019 թ. համարում լույս տեսած «Մետրոյի որոշ կայարանների մուտքերը շուկա են հիշեցնում» հրապարակմամբ անդրադարձել էինք այն իրողությանը, որ անցյալ երեք տասնամյակի ընթացքում Երեւանի փողոցներում բարձրացել են անօրինական բազմաթիվ կառույցներ, որոնք ոչ միայն խախտում են քաղաքաշինական ընդունված կարգը, այլեւ որոշակի անհարմարություններ առաջացնում քաղաքի բնակիչների համար։ Անօրինականությունների թվում նշվում էր նաեւ Երեւանի մետրոյի որոշ կայարանների մուտքերի արհեստականորեն նեղացվելը այդ վայրերում առեւտուր անող քաղաքացիների կողմից։ Մի հանգամանք, ինչը ոչ միայն պատշաճ չէ մետրոպոլիտենի նման յուրահատուկ կառույցի համար, այլեւ կարող է ծանրագույն հետեւանքների հանգեցնել բնական կամ տեխնածին աղետների դեպքում։
Ինչպես նշել էինք հիշյալ հրապարակման մեջ, Երեւանը փորձում է ազատվել ոչ վաղ անցյալի բացասական հետքերից։ Առայժմ դա արտահայտվում է ապօրինի կառույցները քանդելու տեսքով, այն կառույցները, որոնք խցկվել են շենքերի եւ շինությունների արանքներում կամ ցցվել ուղղակի դրանց դիմաց՝ խախտելով քաղաքի գլխավոր հատակագիծը։ Օրենքի խախտումով կառուցվածը վերացնելու վճռականությունը, անշուշտ, հուսադրող քայլ է։ Սահմանված, կանոնակարգված գործելակերպի հետեւողական պահպանումը առաջնային խնդիր է, որքան էլ դժվար է տասնյակ տարիներ կյանքի «իրավունք ունեցած» երեւույթը օրինականության հուն վերադարձնելը։ Կարծում ենք՝ նույն մոտեցումը պիտի դրսեւորվի նաեւ առեւտրի հարթակ դարձած հանրային տարածքները, հատկապես մետրոյի կայարանների մուտքերը կողմնակի զբաղվածությունից ազատելու եւ այդ տարածքների կարգավիճակը վերականգնելու նկատմամբ։ Համոզված ենք, որ այս խնդիրն առավել կարեւոր է, քանի որ բովանդակում է նաեւ մարդկային կյանքերի անվտանգության հրամայականը։ Այդ շուկաները, ուզում եք՝ տոնավաճառներ անվանենք դրանք, ներկա վիճակով կազմակերպական լուրջ բարեփոխման կարիք ունեն, քանի որ գտնվելով փակ տարածքներում եւ չունենալով հրդեհի կամ մեկ այլ վտանգի դեպքում մարդկանց արագ տարհանման հնարավորություն (նշածս պատճառներով), կարող են անուղղելի հետեւանքների հանգեցնել։
Այո, մասնավորապես, մետրոպոլիտենի «Բարեկամություն» կայարանի նախամուտքի դեր ստանձնած առեւտրի կենտրոնի մուտքերի խիստ նեղացված լինելու պատճառով այս կայարանի վիճակը մխիթարական չէ։ Լիարժեք ազատ է միայն Բաղրամյան փողոցից մուտքը (Մետրոպոլիտենի վարչության շենքի կողմից)։ Հոկտեմբերին նկատվեց, որ քաղաքային իշխանությունները ձեռնարկել են աստիճանները զավթած կրպակների ապամոնտաժումը։ Մեկ—երկու կրպակ հանվեց Կասյան եւ Հր. Քոչարի փողոցների կողմում գտնվող մուտքի աստիճանների վրայից։ Հանվեցին Կիեւյան փողոցի սկզբնամասի եւ Հ. Հակոբյան փողոցի կողմում գտնվող աստիճանների վրա տեղադրված որոշ կրպակներ։ Թվում էր՝ սկսվածը շարունակվելու է, ազատվելու են բոլոր մուտքերը, սակայն...
Գործընթացը կանգ առավ, եւ աստիճանների վրա դեռեւս «նստած են մնում» մի քանի կրպակներ։ Ի դեպ, երբ տեղադրվել էին կրպակները, աստիճանների որոշ հատվածներ քանդվել էին հորիզոնական մակերես ստանալու համար։ Կրպակները հանելուց հետո քանդված աստիճանների տեղում կտրվածքներ՝ փոսեր են առաջացել։ Ցանկացած պահի դրանցում մարդիկ կարող են ընկնել եւ վնասել ոտք ու ձեռք։ Բայց սա էլ դեռ գլխավորը չէ։ Բանն այն է, որ եթե անգամ հանվեն բոլոր կրպակները, ինչը աներկբա լինելու է վաղ թե ուշ, միեւնույն է, դրանով խնդիրը չի լուծվում, քանի որ խցանված են մնալու օղակաձեւ անցումից դեպի արտաքին ելքերը բացվող միջանցքները։ Բանն այն է, որ այսօրվա ստորգետնյա առեւտրի կենտրոնը ժամանակին կառուցվել է ոչ թե որպես առեւտրային տարածք, այլ հինգ փողոցից դեպի մետրոյի «Բարեկամություն» կայարան մուտքի ու ելքի ճանապարհ եւ միայն կենտրոնական մասում է ունեցել նախագծով նախատեսված առեւտրային տարածք։ Անցումի շրջանաձեւ միջանցքն ազատ է եղել որեւէ առեւտրային գործառույթից։ Դա հետո, 90—ականներից սկսվեց անցումը վերածվել առեւտրի տարածքի, երբ մեզանում լայն թափ ստացավ մասնավոր առեւտուրը որպես բիզնես։
Բիզնեսի «արդարացնող» քողի տակ աստիճանաբար զբաղեցվել են անցումի բոլոր անկյուններն ու խոռոչները, կրպակների տեղադրմամբ երկկողմանի նեղացվել են նաեւ օղակաձեւ անցումից դեպի արտաքին ելքեր բացվող միջանցքները. եթե միջանցքը ի սկզբանե ունեցել է, ասենք, 6—7 մետր լայնք, այսօր մնացել է 3—3,5 մետր։ Հասկանալի է, որ վտանգի դեպքում այդպիսի միջանցքով առեւտրի կենտրոնի աշխատակիցների, հաճախորդների, ինչպես նաեւ մետրոյի վերջնակայանից դուրս եկած մեծաթիվ ուղեւորների արագ տարհանում կազմակերպելը իրատեսական չէ։ Փորձեք անցնել օղակաձեւ անցումով եւ գտնել դեպի արտաքին ելքեր բացվող միջանցքները։ Մեծ դժվարությամբ կգտնեք կամ չեք գտնի, որովհետեւ դրանք լցված են կրպակներով ու սեղաններով, բացի այդ՝ չկան ուղեցույցներ։ Տարօրինակ է, որ մեկ—երկու տեղ առաստաղից կախված ուղեցույց նշանները ցույց են տալիս միայն մետրոյի մուտքի ուղղությունը, այն էլ ոչ այնքան հստակ։ Իսկ փողոց դուրս գալու ոչ մի կողմնորոշիչ չկա։ Ըստ էության, առեւտրի կենտրոնի պատասխանատուները ցանկացել են չխաթարել ստորգետնյա անցումի եւ մետրոյի կայարանի ի սկզբանե փոխկապվածության իմաստը եւ հարկ են համարել տարածքում ունենալ այդպիսի ուղեցույց նշան, մինչդեռ փողոց դուրս գալու ճանապարհը ցույց տալը իրենց խնդիրը չեն համարել։ Եվ իզուր։ Առաջին պայմանը պետք է լինի հենց փողոց դուրս գալը հեշտացնելը։
Միջանցքները նեղացրած կրպակների տերերը հորինված են համարում մեր մտահոգությունը՝ զանց առնելով մարդաշատ հանրային տարածքի՝ անվտանգության բոլոր միջոցներով, առաջին հերթին՝ տարածքը լքելու ուղիներով ապահովված լինելու հրամայականը։ Սովորաբար մենք գլուխներիս ու ծնկերիս ենք խփում այն ժամանակ, երբ վրա է հասնում աղետը, մինդեռ ողջամիտ մարդը սկզբից է հաշվի առնում բոլոր հնարավոր ռիսկերը։
Պետրոս ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ
Լուսանկարը՝ հեղինակի

21-11-2019





07-12-2019
Հեղափոխական նշանակության կարեւոր իրադարձություններ
Որոնք անմիջականորեն առնչվում են պատմական արդարության վերականգնման հետ



07-12-2019
Կոմիտասը՝ Թումանյանին. «Ջահել ջիվան ջանիդ ափսոսացի, էս անգամ ձեռիցս պրծար»
Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


Կոմիտասի ստեղծագործության, նրա կյանքի եւ, մասնավորապես, Թումանյանի ...


07-12-2019
Գյումրու քյալլան, ֆռռիկն ու ընկեր Ղազարյան-Ջղեր Խաչիկը
Գյումրեցին առաջ է նայում ու լիաթոք ծիծաղում

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am




07-12-2019
Նեոօսմանականությունը Թուրքիայի գերնպատակն է
Ծավալապաշտական նկրտումներին հագուրդ տալու համար

Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
e.begijanyan@hhpress.am


Այսօր արդեն ...


07-12-2019
Կառավարությունում շարունակվում են գերատեսչությունների բյուջետային հատկացումների հայտերի քննարկումները
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում շարունակվում են գերատեսչությունների բյուջետային ...



07-12-2019
«Միշտ ունենալու ենք ատոմակայան, անկախ այն հանգամանքից, թե ով ինչ խորհուրդ կտա»
Հարցազրույց տարածքային կառավարման եւ ...

07-12-2019
Սահմանամերձ գյուղը նոր ջրատար կունենա
Այն լիովին կհագեցնի Ուղտասարի այգիների ...

07-12-2019
Աշխարհի քարտեզը 30 տարի առաջ այսպիսին չէր, կփոխվի նաեւ առաջիկա 30 տարում
Եվրոպան կկանգնի՞ ազգային պետությունների ...

07-12-2019
Գրանցվեց ՀՖՖ նախագահի 3 թեկնածու
Ժամանակավոր կասեցման որոշում է ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +1... +3
ցերեկը +7... +9

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO