Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

07.12.2019
ԼՂՀ


Բերդաձոր՝ կյանքի ճանապարհի մշտարթուն պահակ

Այն մեր նորօրյա հերոսամարտերի կիզակետերից է, կապող կամուրջ Արցախի եւ մայր հայրենիքի միջեւ

Բերդաձորի Տասը վերստ փոքրիկ գյուղն այն ժամանակ՝ 1990 թ. աշնանը, տխուր էր, բայց գեղեցիկ։ Ծաղկաձոր կոչեցինք գետակի հովտում, անտառապատ սարալանջի հովանու տակ ծվարած հայոց շենը, որի միջով անցնում էր Լաչին—Շուշի մայրուղին՝ իր հետ թուրքական չարիք բերելով։ Նույն ճանապարհից քիչ վերեւ մեր շտաբն էր՝ այժմ ավերակ ու տխուր, կարոտով լի։ Այդ տանն էինք ապրում, իհարկե, եթե դա ապրել էր։ Գիշերները հսկում էինք դիրքերում, շտաբում մնում էին 2—3 հոգի՝ տարածքի չորս կողմից թուրքերով շրջապատված մյուս 3 հայկական գյուղի (Հին շեն, Մեծ շեն, Եղծահող) շտաբների հետ կապ պահպանելու ու հարկ եղած դեպքում դիրքերում հսկողներին լուրեր հաղորդելու համար։
Ցերեկները մի քիչ հանգստանալուց հետո բարձրանում էինք մոտակա անտառը կամ բլրակները։ Յուրաքանչյուր պահի կարող է հայտնվեին խորհրդային՝ թուրքերի կողմից կաշառված եւ նրանց հլուն դարձած զինվորականները՝ անձնագրային ռեժիմի ստուգումներ կատարելու կամ այլ ոչ բարի նպատակներով։
Մեր՝ այնտեղ եղած ժամանակ հայտնվեցին 2—3 անգամ՝ մեզ հետ բանակցություններ վարելու նպատակով. եկել էին Շուշիի շրջանի ոստիկանության հետ՝ մեկ՝ Ծաղկաձորից քիչ վերեւ ընկած թուրքաբնակ Կանաչ Թալա գյուղ բնական գազ անցկացնելու, մեկ՝ այստեղ կառուցվող գործարանի աշխատանքներն արգելելու եւ այլ պատրվակներով։
Կանաչ Թալա գուղը լինելով հայկական՝ 60—80—ական թվականներին հայաթափ էր եղել. իսկական տերերը, հիմնականում կենցաղային վատ պայմանների պատճառով, որոնք ստեղծվել էին արհեստականորեն, լքել էին հարազատ օջախները՝ տեղափոխվելով Ստեփանակերտ, Հայաստան, Ռուսաստան... Եկել էին ադրբեջանցի հովիվներ, իբր՝ ժամանակավոր, եւ տիրացել հայկական գյուղին։ Իսկ այս տարիներին ընդամենը 10—12 տնտեսություն ունեցող թուրքաբնակ Կանաչ Թալան պարզապես չարիք էր Բերդաձորի համար. այդտեղ էին տեղափոխվել թուրք—օմօնականներ, այլ ռազմական ջոկատներ, եւ այդտեղից էին ղեկավարվում Բերդաձորի թալանը, շրջափակումը։
Հայկական գյուղերում տեղակայված էին փոքր ռազմական խմբեր կամ ջոկատներ, հիմնականում՝ հնարավոր հարձակումներին դիմակայելու, բնակչությանը պաշտպանելու նպատակով։
Այժմ կարոտով եմ հիշում մարտական ընկերներիս, որոնցից Ստյոպան, Վարդանը, Անդոն, շատերը չկան, անմահացան ռազմի ճանապարհներին։
1990—ի նոյեմբերին խիստ լարված էր իրավիճակը Բերդաձորում։ Թշնամին ձգտում էր վերջնականապես հայաթափ անել արծվաբույնը եւ Արցախ—մայր Հայաստան կապն ավելի հեռացնել, դարձնել անհնար։ Այդ նպատակով իրագործում էր ցանկացած խարդավանք։ Շատ վտանգավոր էր դարձել կապը Ստեփանակերտի հետ։ Շուշի, Զարիսլու, Լիսագոր բնակավայրերի մոտ անպայման քարկոծվում ու գնդակոծվում էին հայկական մեքենաները, եւ միակ երթուղի կատարող ավտոբուսը, որի վարորդ Ֆարհիդը, ամեն անգամ ուղեւորվելով Բերդաձոր եւ հակառակ ուղղությամբ, չգիտեր՝ տուն հասնելո՞ւ էր երեկոյան։ Ճիշտ է, այդ ավտոբուսի երթն ապահովում էին խորհրդային զինվորները՝ զրահամեքենաներով, մեկ—երկու դասակ ավտոմատավոր զինվորների ուղեկցությամբ, սակայն թուրք խուժանն իր գործն անում էր. գիտեր՝ անպատիժ է մնալու։
...Նոյեմբերի կեսին պետք է վերադառնայինք Երեւան՝ համալսարանում կիսամյակային քննություններին նախապատրաստվելու։ Ստեփանակերտից Երեւան թռչելը շատ էր դժվարացել։ Մի կերպ կարողացանք մեր երկու ընկերոջը՝ Ստյոպային եւ Արսենին ուղարկել։ Ես ու Արթուրը մնացինք մյուս չվերթով գնալու, բայց չստացվեց։ Մեր՝ օդանավակայանում գտնվելը նաեւ վտանգավոր էր այն բանով, որ ոչ ցանկալի անձի գրանցում ունեինք, եւ օդանավակայանը հսկող խորհրդային զինվորի կամ թուրք—օմօնականի կողմից ճանաչվելու դեպքում կձերբակալվեինք։ Իսկ այդ օրը մեր ընկեր Արսենը նույնիսկ հարվածեց ռուս զինվորին, որն արցունքաբեր գազ փչեց ժողովրդի վրա։ Իհարկե, զինվորականները կձերբակալեին նրան, եթե ժողովրդից չվախենային. երկար սպասումներն ու զինվորականների վերաբերմունքը նյարդայնացրել էին ուղեւորներին։
Նույն թվականի ամռանը մեր փոքր ջոկատով՝ ես, Արթուր Ղարագյոզյանը, Արսեն—Երեմ Խաչատրյանը եւ Ստեփան Շահբազյանը, մի քանի անգամ փորձեցինք հասնել Բերդաձոր, սակայն հասնելով օդանավակայան՝ տարբեր պատճառներով չէինք կարողանում թռչել։ Հուլիսի կեսերին վերջապես կարողացանք ՅԱԿ—40 ինքնաթիռով հասնել Ստեփանակերտ, սակայն խորհրդային զինվորները մեզ պարետատուն տարան։ Այդ ժամանակ նրանք ու ՊԱԿ—ի թուրք գործակալներն էին դեռ հսկում օդանավակայանում, եւ հաճախ էին տեղի ունենում ազատամարտիկների ու այլոց ձերբակալություններ, Ստեփանակերտ մուտք գործելու արգելքներ։ Մոտ 1 ժամ հարցաքննեցին մեզ՝ որն է Արցախ գալու նպատակը։ Ես ու Արթուրը Երեւանի պետական համալսարանի ուսանողներ էինք եւ փաստաթուղթ ունեինք, որ Բերդաձորում պետք է ուսուցիչ աշխատեինք։ Սակայն խորհրդային սպան մեզ «բացատրեց»՝ միայն Բաքվի թույլտվությամբ կարող ենք աշխատել Արցախի տարածքում։ Եղավ առաջարկ, որ վերադառնանք Երեւան, հակառակ դեպքում կձերբակալեին եւ կուղարկեին Դոնի Ռոստով՝ «ֆիլտրացիայի»։ Ստիպված վերադարձանք Երեւան, եւ մեր անունները գրանցեցին որպես «անցանկալի անձեր»։
Մեկ շաբաթ անց Բերդաձոր հասանք արդեն ուղղաթիռով՝ Նոր Հաճընի եւ բերդաձորցի տղաների ջոկատների հետ։ Այս պատճառով Ստեփանակերտի օդանավակայանում մեր մնալը վտանգավոր էր։ Վերադառնում ենք Ստեփանակերտ, գիշերում մեր մարտական ընկեր, ծնունդով Բերդաձորի Տասը վերստ—Ծաղկաձոր գյուղից Գագիկենց տանը։ Մինչեւ մեր թռիչքի օրը ժամանակ ունեինք ու որոշեցինք այցելել Գանձասար ու Ամարաս։ Արթուրն ու ես Գանձասար մեկնեցինք Շահումյանի շրջան գնացող ավտոբուսով։ Մի գիշեր մնացինք վանքում, որտեղ երեւանցի վարպետները նորոգման աշխատանքներ էին կատարում։ Ամարաս գնալուց մեզ միացավ նաեւ Գագիկը։ Ամարասից վերադառնալիս իմացանք, որ նոյեմբերի 17—ին թուրքերը տարել էին Եղծահող գյուղի ոչխարի հոտը՝ սպանելով հովիվ Ե. Ծատրյանին։ Մինչ այդ գիշերով տարել էին նաեւ մոտ 300 գլուխ կով։ Այդ ժամանակ անասնապահներին ծեծել եւ թողել էին ճանապարհին։ Իմանալով, որ այդ ավազակությունը կատարվել է Կանաչ Թալայում բնակվողների ձեռքով, նրանցից պահանջեցինք վերադարձնել անասունը։ Սակայն, բնական է, թուրքերը հրաժարվեցին, երդվեցին, որ իրենք տեղյակ չեն։
Ստիպված սկսեցինք գնդակոծել նրանց գյուղը։ Իհարկե, մեծ վնաս չէինք հասցնի որսորդական եւ ինքնաշեն կարաբին հրացաններով։ Շուշիից ու Լաչինից եկան խորհրդային բանակի ներկայացուցիչները խոստացան գտնել ու պատժել ավազակներին, վերադարձնել գողոնը։ Սակայն շուտով ռուս սպան հարբեց եւ նույնիսկ շփոթում էր հային ու թուրքին։ Իսկ այս անգամ մեր տղաներն արդեն վառել էին Կանաչ Թալայի մի քանի տուն. դրանք հիմնականում նոր ֆիննական տնակներ էին՝ նախատեսված վերաբնակիչների համար։
Ի պատասխան մերոնց գործողության՝ Շուշիի ոստիկանության աշխատակիցները, զինված ավտոմատներով, զրահաբաճկոններով, մտել էին Ծաղկաձոր ու վառել գյուղը։ Իր տան մեջ այրվել էր 90—ամյա Նանաշ Չոբանյանը։ Նրա թոռը՝ Շիրակ Չոբանյանը, ով մշտապես տարածքի պահապանների շարքերում էր, փորձել էր օգնության հասնել տատին, սակայն թուրքերը կրակել էին նրա ուղղությամբ։ Շիրակին հաջողվել էր դիրքավորվել, դիմադրել եւ վիրավորել թուրքերի հրամանատարին։ 8—9 հոգանոց ասկյարների ջոկատը հեռացել էր՝ տանելով վիրավոր հրամանատարին։ Պաշտպանությունն ավելի ուժեղացնելու նպատակով այդ օրերին Վազգեն Սարգսյանի հրամանով Հայաստանից մի քանի ջոկատներ եկան Բերդաձոր։ Թշնամին նույնպես մեծ ուժեր էր կուտակել այս ուղղությամբ։ Ստեփանակերտում տեղեկանալով այս եղելության մասին՝ նորից ավտոբուսով վերադառնում ենք Բերդաձոր։ Հանդիպում եմ նախկին մարտական ընկերներիցս հոկտեմբերյանցի Պավլոյին (93—ին նահատակվեց Մարտակերտում), Գառնիկին (Վարդենիսում «Միացում» ջոկատի հրամանատարն էր, եւ միասին էինք հսկում Սոտքում), Վարդան Բախշյանին (համալսարանից լավ գիտեինք իրար, մարտիրոսվեց Ստեփանակերտի հյուսիսում), Արմենին՝ 1 տարի առաջ միասին դարձյալ Բերդաձորում էինք (քաջաբար մարտիրոսվեց Մարտակերտում շրջապատման մեջ՝ Վահագն Վարդեւանյանի ջոկատի կազմում)։
Նոյեմբերի 21—ին Հին շենում էի։ Այդտեղ էին նաեւ Իգոր Մուրադյանը, Ժաննա Գալստյանը, լրագրողներ Ստեփանակերտից։ Առավոտյան դիրքում էի։ Բացի հրացանից, հետս մշտապես լուսանկարչական ապարատ ունեի։ Նկարում եմ տղաներին։
Այժմ ձեռքիս տակ է այդ օրերի մի լուսանկար՝ 5 զինված տղաներ։ Սաքոյին՝ Սարգիս Յարամակյանին ու Գագիկին (Հադրութի Գագո) գիտեի դարձյալ 89—ից, իսկ երեքին չէի ճանաչում։ Այժմ էլ չեմ հիշում, թե ովքեր էին նկարը եզրափակողները, իսկ ձախից 2—րդը՝ երեւանցի Վաղինակ Զաքարյանը, նույն օրը երեկոյան նահատակվեց գյուղի պաշտպանության ժամանակ։ 2013 թ. հոկտեմբերի 27—ին երկարատեւ հիվանդությունից հետո Սաքոն փակեց աչքերը՝ դառնալով հավերժի ճամփորդ, մնալով մեր սրտերում միշտ հարազատ, միշտ արդարամիտ, միշտ բարի, միշտ հերոս։ Ծնվել է 1960 թ. փետրվարի 28—ին, Երեւանում։ Ավարտել է թիվ 91 միջնակարգ դպրոցը։ 1978—80 թթ. ծառայել է խորհրդային բանակում։ 1988—ի դեկտեմբերի երկրաշարժի ծանր օրերին Սպիտակում էր, Գյումրիում։ Բերդաձորը մեր նորօրյա հերոսամարտերի կիզակետերից է, որը կապող կամուրջ էր Արցախի եւ մայր հայրենիքի միջեւ։ Եվ Բերդաձորի պաշտպանությունը դարձավ շատ տղաների, այդ թվում նաեւ՝ Սաքոյի սրբազան գործը։ 1991թ. հունվարի 17—ին Եղծահողից վերադառնալիս մեր տղաների մեքենան գնդակոծվում է խորհրդային զինվորների կողմից։ Զոհվում է նորագավիթցի Ստեփանը։ Սաքոն եւ ընկերները ծանր վիրավորվում են եւ տեղափոխվում Ստեփանակերտի հիվանդանոց՝ խորհրդային ՊԱԿ—ի հսկողության տակ։ Հաջողվում է նրանց փախցնել։ Այդ ծանր վերքերը հետագայում դարձան Սաքոյի հիվանդության պատճառը։
Դեռ առավոտյան զգացվում էր, որ Լաչինի կողմից թուրքերի շարժ է նկատվում Մեծ շենի ուղղությամբ։ Իսկ Լաչինից մոտ 10 կմ հարավ ընկած Աղանուս գյուղից նաեւ զրահամեքենաներ էին շարժվում Հին շենի ուղղությամբ։ «Քումին քար» կոչվող բարձունքից, որտեղ դիրքերն էին, լավ էր երեւում այդ կողմը։
Բերդաձորի ինքնապաշտպանության ռահվիրա Առնո Մկրտչյանը շտաբում հրահանգներ էր տալիս, ղեկավարում իրավիճակը։ Միասին փորձում էին գործի գցել ինքնաշեն գնդացիրը։ Երեկոյան սկսվեց հրաձգությունը։ Թուրքերին հաջողվեց վերցնել շրջապատն իշխող դիրքերից մեկն ու կրակ բացել նաեւ գյուղի վրա։
3—4 ժամ տեւած մարտը դադարեց, թշնամին նահանջեց։ Շատերն իջան դիրքերից։ Պարզվեց, որ 2 հոգի չկան։ Որոշում ենք բարձրանալ մարտավայր՝ փնտրելու տղաներին։ Վարդան Բախշյանը ինձ է տալիս իր ավտոմատը՝ տեսնելով ձեռքիս որսորդական հրացանը։ 5—6 հոգով, նաեւ կորած տղաներից հինշենցի Սամվելի եղբայրը, բարձրանում ենք դեպի Քումին քարի դիրքերը։ Քիչ ներքեւում հանդիպում ենք մեր տղաներից 2—ին, որոնք խնդրում են փոխարինել իրենց. առավոտվանից այստեղ էին։ Ես ու ընկերս՝ Արթուրը, փոխարինում ենք նրանց, մեզ է միանում նաեւ Շիրակը, որի մասին արդեն ասվել է։ Տղաները շարունակում են վերելքը, եւ քիչ անց լսվում է Սամվելի եղբոր աղիողորմ ճիչը. «Սամվել, հե՜, Սամվել...»։ Գտնում են նահատակներին՝ յուրաքանչյուրը մի քանի տասնյակ գնդակից խոցված։
Առավոտյան իջնում ենք դիրքերից։ Պարզվում է՝ մյուս նահատակը երեւանցի Վաղինակն է, որին լուսանկարել էի նախորդ առավոտյան։ Ծնվել է 1967 թ. դեկտեմբերի 31—ին, Երեւանում։ Սովորել Երեւանի թիվ 49 դպրոցում։ Ավարտել է համար 24 ուսումնարանը։ 1986—1988 թթ. ծառայել է Դոնի Ռոստովում։ Մարտական առաջին մկրտությունն ստացել է Երասխավանում, այնուհետեւ՝ Իջեւան, Նոյեմբերյան, Շամշադին, Կոռնիձոր, Գորիս։ Հանձնարարություններն արագ կատարելու համար ընկերները նրան «Կայծակ Վաղո» մականունով էին կնքել։
Սամվելի մայրը մեզանից պահանջում է որդու վրեժը լուծել։
Մյուս օրն ուղղաթիռով գալիս են Վազգեն Սարգսյանը եւ Բերդաձորի ինքնապաշտպանության խորհրդի (ԲԻԽ) նախագահ Անդրանիկ Հարությունյանը։ Վաղինակի դին տեղափոխում ենք Երեւան։ Ուղղաթիռը Գորիսում վայրէջք է կատարում՝ մի վիրավոր ազատամարտիկի վերցնելու նպատակով։ Սպարապետը մեզ հրամայում է այնպես անել, որ վիրավորը չիմանա նահատակի մասին։ Տարիներ են անցել։ Այդ ընթացքում Բերդաձորն ավելի սգավոր օրեր տեսավ, ուղիղ մեկ տարի հայաթափ մնաց։ Այսպես մինչեւ 1991 թ. մայիսի կեսերը հերոս հրամանատարն իր քաջերի հետ պահեց հայրենի եզերքը։ Սակայն նույն ժամանակ խորհրդային, իբր, խաղաղապահ բանակը, որ փոխանակ պաշտպան կանգներ հայ բնակչությանը, թուրք օմօնի հետ Հյուսիսային Արցախում իրականացնելով «Օղակ» գործողությունը՝ նույնը կատարեց նաեւ Հադրութի մի շարք գյուղերում եւ Բերդաձորում։ Մտնելով Մեծ շեն գյուղ՝ առաջինն Առնոյին են պահանջում՝ սպառնալով կոտորել բնակչությանն ու նրա մարտական ընկերներին։ Ձերբակալվում է Առնոն, նաեւ ենթաշրջանի բոլոր տղամարդիկ։ Սկզբում՝ Լաչինի ոստիկանության մեկուսարան, ապա՝ Բաքու, բանտ։ Նրան եւ 4 մարտական ընկերներին Բաքվում դատապարտում են գնդակահարության, սակայն նա եւ եղծահողցի Հրաչ Պետրոսյանը բանտում տանջամահ են արվում, իսկ 3 տղաները 1996 թ. ազատվում են գերությունից եւ վերադառնում տուն։ Ըստ նրանց տեղեկության՝ Առնոն վախճանվել է 1993 թ. հոկտեմբերին, իրենց ձեռքերի վրա։ Հաջողվեց նրա աճյունը տեղափոխել եւ ամփոփել հայրենի գյուղի գերեզմանոցում։ 1998 թ. մայիսին ՀՀ նախագահի հրամանագրով հետմահու պարգեւատրվել է «Մարտական խաչ» շքանշանով։ Մարտադաշտում մարտիրոսվեցին մի քանի տասնյակ բերդաձորցիներ։ Իր հղի կնոջը պաշտպանելու համար գնդակահարվեց Անուշավան Գրիգորյանը՝ Մեծ շենում...
Բայց այսօր կա Բերդաձորը, եւ նորից հիշում եմ տղաներին՝ ողջ եւ նահատակ՝ Առնոյին, Հրաչին, Արմիկին, Կարենին, Սերոբին, Ռաֆիկին, Սամվելին, Գագոյին, Ստյոպին, Վաղինակին, Պավլոյին… այլոց։ Իսկ Սամվելի մորը պետք է ասել, որ իր որդու վրեժը լուծել ենք. Շուշին ու Լաչինը թուրքական որջեր չեն այլեւս, ճանապարհն էլ վտանգված չէ։
Բարձունքը, որտեղ նահատակվեցին Սամվելն ու Վաղինակը, այդ օրից վերածվել է ուխտավայրի։ 2015 թ. սեպտեմբերի 27—ին տղաների նահատակված վայրում կանգնեցվեց խաչքար, որին ներկա էին Վաղինակի եւ Սամվելի մայրերը, հարազատները, մարտական ընկերները, Հին շեն գյուղի ողջ ազգաբնակչությունը։ Շուշիի շրջանի հոգեւոր հովիվ տեր Մեսրոպը Տերունական աղոթքով սկսեց խաչքարի օրհնումն ու օծումը։ Հայոց հողում ավելացավ եւս մեկ սուրբ—հուշակոթող, որի տեղադրումն իրականություն դարձավ Վաղինակի մորաքրոջ որդի Արմենի ու եղբոր՝ Սամվելի նախաձեռնությամբ, մարտական ընկերների, նաեւ Սամվել Խաչատրյանի եղբայրների աջակցությամբ։
Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ

23-11-2019





07-12-2019
Հեղափոխական նշանակության կարեւոր իրադարձություններ
Որոնք անմիջականորեն առնչվում են պատմական արդարության վերականգնման հետ



07-12-2019
Կոմիտասը՝ Թումանյանին. «Ջահել ջիվան ջանիդ ափսոսացի, էս անգամ ձեռիցս պրծար»
Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


Կոմիտասի ստեղծագործության, նրա կյանքի եւ, մասնավորապես, Թումանյանի ...


07-12-2019
Գյումրու քյալլան, ֆռռիկն ու ընկեր Ղազարյան-Ջղեր Խաչիկը
Գյումրեցին առաջ է նայում ու լիաթոք ծիծաղում

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am




07-12-2019
Նեոօսմանականությունը Թուրքիայի գերնպատակն է
Ծավալապաշտական նկրտումներին հագուրդ տալու համար

Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
e.begijanyan@hhpress.am


Այսօր արդեն ...


07-12-2019
Կառավարությունում շարունակվում են գերատեսչությունների բյուջետային հատկացումների հայտերի քննարկումները
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում շարունակվում են գերատեսչությունների բյուջետային ...



07-12-2019
«Միշտ ունենալու ենք ատոմակայան, անկախ այն հանգամանքից, թե ով ինչ խորհուրդ կտա»
Հարցազրույց տարածքային կառավարման եւ ...

07-12-2019
Սահմանամերձ գյուղը նոր ջրատար կունենա
Այն լիովին կհագեցնի Ուղտասարի այգիների ...

07-12-2019
Աշխարհի քարտեզը 30 տարի առաջ այսպիսին չէր, կփոխվի նաեւ առաջիկա 30 տարում
Եվրոպան կկանգնի՞ ազգային պետությունների ...

07-12-2019
Գրանցվեց ՀՖՖ նախագահի 3 թեկնածու
Ժամանակավոր կասեցման որոշում է ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +1... +3
ցերեկը +7... +9

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO