Հրաժեշտ բերքաշատ ու գունառատ աշնանը
Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ d.miqayelyan@hhpress.am
Ստեփանակերտի համար 10 հիմնական դպրոցի աշակերտներն ազգային երգերով ու պարերով հրաժեշտ տվեցին բերքառատ ու գունառատ աշնանը՝ յուրահատուկ դաս-փառատոն անցկացնելով կրթօջախի ընդարձակ բակում։ Օրը պայծառ էր, արեւոտ, ինչն ավագ դասարանցիներին ավելի տրամադրեց ներդաշնակ ու համերաշխ, ուրախ ու զվարթ շուրջպար բռնելու՝ տոնին մասնակից անելով ուսուցիչներին եւ ծնողներին։ Իսկ այս ուշագրավ գաղափարի իրագործման հեղինակն ազգային երգի ու պարի դասատու Լունարա Գրիգորյանն էր։ «Անկեղծ ասած՝ վաղուց էի մտածում մշակութային նման «լայնակտավ» դաս կազմակերպել։ Եվ այն ինքնաբուխ ստացվեց,–ասաց նա։– Ծրագրում ներառել էի մեր ազգային լավագույն երգերն ու պարերը եւ, ուսուցանելով դրանք երեխաներին, պարապմունքների միջոցով փորձեցի ամրապնդել նրանց ընդունակություններն ու կարողությունները, արժեւորել դարերից մեզ փոխանցված մնայուն ավանդույթներն ու սովորությունները։ Հավատացնում եմ, որ ավանդական, խրոխտ «Քոչարի» պարով տալով ազգային երգերի ու պարերի փառատոնի մեկնարկը՝ աշակերտների ուրախությունն այնքան մեծ էր, որ մեկուկեսի փոխարեն երկու ժամից էլ երկար այն տեւեց։ Ու երբ հերթը հասավ Կոմիտասի «Շորորին», «Կռունկին», «Ծիրանի ծառին», «Լորիկին» եւ մյուս ստեղծագործություններին, նրանք ավելի զգաստացան ու հնչեղ այդ երգերին արձագանքեցին ողջ թաղամասով մեկ՝ իմաստավորելով տոնի խորհուրդը»։ Քանի որ դաս—փառատոնը նաեւ հրաժեշտի յուրահատուկ հանդես էր բերքառատ ու գունառատ աշնանը, դպրոցականներն իրենց ուսուցիչների աջակցությամբ ճաշակով ձեւավորված տաղավարներում ցուցահանդես էին բացել՝ սեղանները ծանրաբեռնելով անուշահամ միրգ—բանջարեղենով, քաղցրավենիք—չրեղենով, արցախյան խոհանոցի համեղ ուտեստներով։ Դպրոցի տնօրեն Անահիտ Հակոբյանը, շրջելով տաղավարից տաղավար եւ ծանոթանալով աշակերտների ջանքերով «հավաքագրված» ցուցանմուշներին, կայացած համարեց միջոցառումը՝ ընդգծելով, թե արդարացվել են բոլորի սպասելիքները։ Եվ ասվածը հաստատելու համար նա չմերժեց դպրոցականների խնդրանքը՝ միանալով «միասնական շուրջպարին»։ Նրա համոզմամբ՝ երեխաների ձեռնարկումը խրախուսանքի է արժանի, քանի որ մատաղ սերնդի հայեցի դաստիարակման, ազգայինի նկատմամբ հարգանք ու սեր փոխանցելու առումով նման միջոցառումների կազմակերպումը շատ կարեւոր է, պահանջված. «Մեր ազգային դիմագիծը կրողն ու պահպանողն այսօրվա երեխաներն են, ովքեր վաղվա մեր ապագան են, Արցախի ճակատագրի տերը։ Ահա թե ինչու պիտի խրախուսենք ու քաջալերենք նրանց, որպեսզի չկտրվեն արմատներից եւ շիտակ անցնեն իրենց ճանապարհը»։
Ստեփանակերտ
28-11-2019
|

փակել >>
|