Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

07.12.2019
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Արարչության դիմադրողական ուժը եւ կյանքի հանելուկային հրապույրը

Սահմանված ու օրինակելի շղթա չէ

Ի՞նչ բան է կյանքը՝ գոյությո՞ւն, պայքա՞ր, հաճո՞ւյք, փորձությո՞ւն, տառապա՞նք, ճանաչողությո՞ւն, հերոսությո՞ւն, հաղթանա՞կ, ճանապա՞րհ՝ դեպի...
Հավանաբար, քիչ թե շատ գիտակից յուրաքանչյուր մարդ դեմ առ դեմ առնչվել է կյանքի՝ ինչ լինելու խնդրին ու փնտրել իր համար ամենահավանական պատասխանը։ Մարդը ծնվում է ապրելու համար, ինչպես եւ ամեն կենդանի շունչ աշխարհում, այսինքն՝ գոյությունը առաջնահերթ է, անժխտելի, եւ չարժե դրա մասին վիճել, այլապես, առանց դրա իմաստազրկվում է կյանքը, պարզապես դառնում ոչինչ, չեղյալ, հետեւաբար՝ գոյությունը մարդուն ուղեկցում է ողջ կյանքում. դա անժխտելի փաստ է, իսկ ի՞նչ է մնացյալը՝ ընտրությո՞ւն... Ո՞ւմ կողմից... Մնացյալը ինչպեսն է, գոյության ինչպեսը... Հայտնի է սկիզբը, եւ հայտնի է վախճանը։ Անհայտը դրանց միջեւ տարածությունն ու ժամանակն են, դրանց հաղթահարելու կերպը... Ինչպե՞ս... Հաղթահարել՝ ե՞րբ. այսօր, վաղը, մյուս օրը... Պարզ է. ընթացքը պետք է հաճույք պատճառի, իսկ ի՞նչ է հաճույքը, ինչպե՞ս հաճույք ստանալ մի բանից, որի վախճանն անխուսափելի է ու հայտնի՝ ի սկզբանե... Պայքարել՝ հանուն ինչի՞... Պայքարը փորձությո՞ւն է, իսկ փորձությունը՝ տառապա՞նք, թե ճանաչողություն... Իսկ, գուցե, ոչ մեկը մյուսի հետ կապ չունի՞... Ի՞նչ բան է հերոսությունը՝ համոզմո՞ւնք, թե՞ գործողություն... Հանուն ինչի՞, հաղթանակի՞, որն ո՞ւր է տանում՝ վախճա՞ն, իսկ ի՞նչ է մնում դրանից հետո՝ ճանապա՞րհ, անցած ճանապարհ՝ դեպի վախճա՞նը, իսկ ո՞ւր մնաց կյանքը, կամ ո՞ւմ մնաց այն...
Ջոնաթան Սվիֆթը նկատել է. «Ճիշտն ասած, միայն շատ քչերն են ապրում այսօրվա կյանքով։ Մեծ մասը պատրաստվում է ապրել ավելի ուշ»։ Իսկապես, ի՞նչն է ստիպում մարդուն հապաղել. անզորությո՞ւնը, ծուլությո՞ւնը, անհայտությո՞ւնը, իրադրության անորոշությո՞ւնը, թե՞ նշանակություն չտալը ժամանակին, որն անցնում է առանց որեւէ մեկի կամքը հարցնելու, իսկ գուցե այն, որ մարդիկ չե՞ն կողմնորոշվում իրենց ցանկությունների ու հնարավորությունների իրական հարաբերության խնդրում, չե՞ն վստահում իրենք իրենց, ու կյանքը նրանց համար վերածվում է ինքնահոսի, եւ իրենք պատասխանատվություն չեն զգում կյանքի հանդեպ՝ ապրել կամ չապրելու... Ոմանց համար էլ կյանքը վրեժխնդրության պես մի բան է, ի սկզբանե չստացված, կյանքի հարցադրումների մեջ չկողմնորոշված՝ նետվում են վրեժխնդրության, երբեմն՝ առանց խտրականության, մերձավորների դեմ, իրենք իրենց, աշխարհի, իմացած ու չիմացած բաների, ամեն շնչավորի՝ իրենց գործողություններով թունավորելով ոչ միայն մերձակա, այլեւ ողջ երկրագնդի օդը, սպառնալիք դառնում կյանքի համար, մոտեցնում ամեն լավագույնի վախճանը...
Սակայն կան քչերը, ինչպես ասում է Ջոնաթան Սվիֆթը, որ ապրում են այսօրվա կյանքով... Ապրել այսօրվա կյանքով, այսինքն՝ գնահատել կյանքը, ամեն վայրկյանը, որ անցողիկ է, թեեւ գալու է հաջորդը, սակայն յուրաքանչյուր վայրկյանը ապրել լիուլի, արարել, հագեցնել այն, լցնել քեզանով, ճանաչել... Քչերն են, ում համար կյանքը ճանապարհ է, ճանապարհ ոչ թե դեպի վախճան, այլ գոյի իմաստավորում, ճանաչողություն, մարդիկ, որ չեն ձգտում հերոսության, բայց նրանց յուրաքանչյուր քայլը հերոսություն է, ովքեր չեն պատճառում տառապանք, սակայն տառապում են, ովքեր վրիժառու չեն, սակայն պայքարում են, ովքեր Միակը չեն, սակայն արարում են...
Ցավոք, կյանքը դասագրքային ճշմարտությունների՝ սահմանված ու օրինակելի շղթա չէ, այլ առավել քաոտիկ է, քան կարելի է պատկերացնել ու դրանից դուրս բերել բացարձակը։ Հաճախ սոսկ գոյություն պահպանելը շատերի համար տագնապի պատճառ է, եւ, շփոթության ու մոլորության մեջ, վախից ու անզորությունից, մարդիկ առավել ջանքեր են գործադրում ոչնչացնելու, կործանելու, քան արարելու, եւ, որքան էլ աբսուրդ թվա, ոչնչացման ճանապարհը, ի վերջո, հանգեցնում է ինքնաոչնչացման, քանզի ոչնչացումն ինքնին ո՛չ սկիզբ է, ո՛չ ծնունդ, այլ սկիզբն ու ծնունդն է վախճանի եւ ոչ թե գոյի, ինչը, ցավոք, չեն գիտակցում գոյության պայքարի համար ոչնչացնելու ճանապարհն ընտրած մոլորյալները, որ առավել շատ են քանակով ու պայքարի մեջ համառ, քան նրանք, ովքեր գոյությունը պատկերացնում են սոսկ արարչագործությամբ, ովքեր շարունակ վերակերտում են սեփական ես—ը եւ հասցնում կատարելության՝ ձգտելով բացարձակի սահմանին։ Այն, որ արարչությունն օժտված է ահռելի դիմադրողական ուժով, անժխտելի է, քանզի քիչ են նրանք, ովքեր արարում են եւ շատ ավելի նրանք, ովքեր կործանում ու ոչնչացնում են, սակայն երկրագունդը շարունակում է գոյատեւել ոչ թե կործանման, այլ արարման ուժով։ Հենց այս ուժն է ստիպում մարդուն դիմադրել կործանումին ու պայքարել, երբ ամեն բան թվում է անտանելի, երբ թվում է, թե փակվել են բոլոր ելքերն ու մուտքերը, երբ արեւի լույսը առավել հեգնանք է պատճառում, քան հույս է տալիս, երբ, կարծես, վերջին շնչում, ասես սպառված, բայց դեռ կենդանի ոգին ուժ է տալիս մարմնին ու ոտքի կանգնեցնում...
Անվիճելի է, որ թե՛ կործանողը եւ թե՛ արարողը յուրովի բավականություն ու հաճույք են ստանում գոյության ու ճանաչողության պայքարից, ու երկուսի համար էլ կյանքը ձգողական հրապույր է, սակայն այդ հրապույրի մեջ կա հանելուկային մի կայծ, որ գիտակցվում է վաղ թե ուշ եւ հատկապես կյանքի մայրամուտին, երբ նրանցից յուրաքանչյուրին վերադարձվում է այն, ինչ տվել են նրանք կյանքին՝ մեկը ոչնչանում է իր վախճանի հետ, մեկը՝ կնքում անմահության պայմանագիրը...
Էլեոնորա ՆԵՐՍԻՍՅԱՆ

28-11-2019





07-12-2019
Հեղափոխական նշանակության կարեւոր իրադարձություններ
Որոնք անմիջականորեն առնչվում են պատմական արդարության վերականգնման հետ



07-12-2019
Կոմիտասը՝ Թումանյանին. «Ջահել ջիվան ջանիդ ափսոսացի, էս անգամ ձեռիցս պրծար»
Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


Կոմիտասի ստեղծագործության, նրա կյանքի եւ, մասնավորապես, Թումանյանի ...


07-12-2019
Գյումրու քյալլան, ֆռռիկն ու ընկեր Ղազարյան-Ջղեր Խաչիկը
Գյումրեցին առաջ է նայում ու լիաթոք ծիծաղում

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am




07-12-2019
Նեոօսմանականությունը Թուրքիայի գերնպատակն է
Ծավալապաշտական նկրտումներին հագուրդ տալու համար

Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
e.begijanyan@hhpress.am


Այսօր արդեն ...


07-12-2019
Կառավարությունում շարունակվում են գերատեսչությունների բյուջետային հատկացումների հայտերի քննարկումները
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում շարունակվում են գերատեսչությունների բյուջետային ...



07-12-2019
«Միշտ ունենալու ենք ատոմակայան, անկախ այն հանգամանքից, թե ով ինչ խորհուրդ կտա»
Հարցազրույց տարածքային կառավարման եւ ...

07-12-2019
Սահմանամերձ գյուղը նոր ջրատար կունենա
Այն լիովին կհագեցնի Ուղտասարի այգիների ...

07-12-2019
Աշխարհի քարտեզը 30 տարի առաջ այսպիսին չէր, կփոխվի նաեւ առաջիկա 30 տարում
Եվրոպան կկանգնի՞ ազգային պետությունների ...

07-12-2019
Գրանցվեց ՀՖՖ նախագահի 3 թեկնածու
Ժամանակավոր կասեցման որոշում է ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +1... +3
ցերեկը +7... +9

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO