Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

09.08.2020
ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


Հայաստանը կշարունակի հանդես գալ որպես Արցախի համապարփակ անվտանգության երաշխավոր

Երեւանում տեղի է ունեցել Հայաստանի եւ Արցախի անվտանգության խորհուրդների համատեղ նիստը

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի համանախագահությամբ Երեւանում տեղի է ունեցել Հայաստանի եւ Արցախի անվտանգության խորհուրդների համատեղ նիստը, հայտնում են ՀՀ կառավարության  տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Նիստին ներկա են նաեւ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը, Հայաստանի եւ Արցախի խորհրդարանների նախագահներ՝ Արարատ Միրզոյանը եւ Աշոտ Ղուլյանը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Արցախի նախագահ Բակո Սահակյանը եւ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը մինչ օրակարգային հարցերի քննարկումը հանդես են եկել ելույթներով։
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյան. «Նախ թույլ տվեք ողջունել Հայաստանի եւ Արցախի անվտանգության խորհուրդների երկրորդ համատեղ նիստը։ Համանման առաջին նիստը տեղի ունեցավ այս տարվա մարտի 12—ին՝ Ստեփանակերտում, իսկ հիմա ահա համատեղ նիստ ենք անցկացնում Երեւանում։ Կարծում եմ, այսպիսով, մի շատ կարեւոր ավանդույթի սկիզբ է դրվում, որը նաեւ գործնական կարեւոր նշանակություն ունի՝ համադրել երկու հանրապետությունների դիրքորոշումները եւ անելիքները մեր համատեղ օրակարգի հարցերի վերաբերյալ։ Համագործակցությունը եւ երկխոսությունը Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության պետական մարմինների միջեւ կրում է համակարգված բնույթ եւ կոչված է ապահովելու տարածաշրջանում հայ ժողովրդի համապարփակ անվտանգությունը։
Մարտի 12—ին մեր համատեղ նիստի ընթացքում ես առանձնահատուկ ընդգծեցի երկու խնդիր, որոնց հասցեագրումն էական է արցախյան հիմնահարցի խաղաղ կարգավորման ուղղությամբ առաջընթաց արձանագրելու համար։ Առաջինը Արցախի՝ որպես հակամարտության հիմնական կողմի ներգրավվածության ապահովումն է։ Անցած ամիսների ընթացքում այդ ներգրավվածության ավելացման անհրաժեշտության ընկալումն էականորեն ամրապնդվել է։ Այս տեսակետից արդյունք են տվել Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության իշխանությունների իրականացրած քայլերը։ Կարեւոր է, որ այդ քայլերն արտահայտել են օբյեկտիվ իրականությունը, որը ստեղծվել է տարածաշրջանում Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա ժողովրդական հեղափոխությունից հետո։ Որո՞նք են այդ օբյեկտիվ իրականության բնորոշիչները։
Առաջին՝ Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններն էականորեն ավելացրել են Արցախի սուբյեկտայնությունը եւ ընդգծել Հայաստանի եւ Արցախի իշխանությունների հարաբերությունների իրավահավասար բնույթը։
Երկրորդ՝ փոխվել է որոշումների ընդունման մշակույթը եւ այդ որոշումների վրա ազդելու ժողովրդի եւ հասարակության դերը ոչ միայն Հայաստանում, այլեւ Արցախում։ Ակնհայտ է, որ արցախյան հիմնահարցում հնարավոր չէ արձանագրել որեւէ նշանակալից առաջընթաց առանց ժողովրդական վստահության առկայության եւ արտահայտման։ Այս տեսակետից առավել քան էական է հակամարտության գոտում ապրող մարդկանց կարծիքը, քանի որ նրանք են լինելու խաղաղ կարգավորման որեւէ տարբերակի հետ կապված օգուտների եւ ռիսկերի անմիջական կրողը։ Այս իրողությունն առավել քան ընդգծում է Արցախի ժողովրդի եւ նրա կողմից ընտրված իշխանության դերը խաղաղ կարգավորման գործընթացում։ Արցախում գալիք տարվա մարտին տեղի ունենալիք ընտրություններն այս տեսակետից ստանում են հավելյալ կարեւորություն։ Հակամարտության կարգավորմանն ուղղված բոլոր հիմնարար փաստաթղթերը կամ ներառում են Արցախի ընտրված իշխանությունների մասնակցության հղում, կամ հաստատվել են Արցախի ընտրված իշխանությունների ներկայացուցիչների կողմից։
Ես ուզում եմ ընդգծել, որ այստեղ մենք ունենք շատ կարեւոր իրավիճակ եւ արձանագրում՝ բանակցային պրոցեսի հենց առաջին օրերից ընդգծվել է Արցախի ընտրված ներկայացուցիչների մասնակցությունը բանակցային գործընթացին, եւ այս տեսակետից չափազանց տարօրինակ է, որ շատ դեպքերում որոշ կառույցներից մենք լսում ենք գնահատականներ, նեգատիվ գնահատականներ Արցախում տեղի ունեցող ընտրությունների վերաբերյալ։ Եվ մեր արձանագրումն այն է, որ իրականում Արցախում տեղի ունեցող ընտրությունները կայանում են միջազգայնորեն ստացված մանդատի հիման վրա, եւ, հետեւաբար, բոլոր այն հայտարարությունները, որոնք որեւէ կերպ քննադատության են ենթարկում այդ ընտրությունները, վնասում են խաղաղ գործընթացին, որովհետեւ եթե պիտի ընտրված ներկայացուցիչներն Արցախի ժողովրդին ներկայացնեն բանակցային գործընթացում, ինչն արձանագրված է բանակցային ձեւաչափի եւ բանակցային պրոցեսների փաստաթղթային հիմքում, ինչպե՞ս կարող են ընտրված ներկայացուցիչներն ընտրվել, եթե ոչ ընտրությունների միջոցով։ Եվ ուրեմն առավել քան վստահ եմ, որ Արցախի նորընտիր իշխանությունները, որոնք կստանան իրենց ժողովրդի քվեն եւ կկրեն այդ քվեն իրենց տված ժողովրդի հանդեպ պատասխատվությամբ, կառուցողական ներգրավում կունենան խաղաղ գործընթացում։
Հայաստանը կշարունակի հանդես գալ որպես Արցախի համապարփակ անվտանգության երաշխավոր։ Հայաստանի Հանրապետության այս դերակատարումը, որը ես հանգամանորեն ներկայացրել եմ այս տարվա օգոստոսի 5—ի Արցախի ժողովրդի առաջ Ստեփանակերտի հրապարակում, ենթադրելու է սերտ համագործակցություն ընտրությունների արդյունքում ձեւավորվելիք Արցախի նոր իշխանությունների հետ։ Այս տեսակետից կուզենայի բարձր գնահատել Արցախի ներկա իշխանությունների հետ ձեւավորված փոխըմբռնումը եւ իմ երախտագիտությունը հայտնել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանին՝ Արցախի ժողովրդավարական գործընթացներին սատարելու համար։
Հարգելի գործընկերներ, այս տարվա ընթացքում խաղաղ գործընթացի արդյունքները համեստ են, սակայն արձանագրվել են երկու կարեւոր պայմանավորվածություններ, որոնք վերաբերում են խաղաղության հաստատման համար նպաստավոր միջավայրի ստեղծմանը եւ բնակչությանը խաղաղության նախապատրաստելուն։ Այս պայմանավորվածություններն ունեցել են երկու գործնական արդյունք. չնայած հրադադարի պարբերական խախտումներին՝ ընդհանուր առմամբ հաջողվել է խուսափել ռազմական սրացումներից եւ իրավիճակը պահել վերահսկելի բոլոր կողմերի համար։ Այսուհանդերձ, հրադադարի խախտումները շարունակում են հանգեցնել մարդկային կորուստների, վտանգում են հակամարտության գոտու քաղաքացիական բնակչությանը եւ վնասում են խաղաղ գործընթացի ծավալմանը։ Օրինակ, անցած շաբաթ Ադրբեջանի կողմից Հայաստանի հյուսիս—արեւելյան սահմանային ճանապարհների եւ բնակավայրերի գնդակոծումը, որը տեղի ունեցավ ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակում, Մինսկի խմբի համանախագահ երկրների բարձր ներկայացուցիչների՝ դեկտեմբերի 6—ի Բրատիսլավայի հայտարարությունից հետո, եւ ահա այդ միջադեպը չի նպաստում խաղաղ գործընթացի ծավալմանը։ Ստեղծված իրավիճակում անհրաժեշտ է հետեւողականորեն իրականացնել հրադադարի ամրապնդման պայմանավորվածությունները, այդ թվում՝ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի կարողությունների ընդլայնման միջոցով։ Նույնքան կարեւոր են ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու ծրագրերը, որոնց շրջանակում տեղի ունեցավ լրագրողների փոխանակումը։ Ի տարբերություն մարդկանց շփումների ոլորտի այլ ծրագրերի, այս փոխանակումն իրականացվեց ոչ թե այս կամ այն երրորդ կողմի ուրվագծած շրջանակում, այլ հակամարտության բոլոր կողմերի պետական մարմինների միջոցով, որոնք ունակ եղան ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի միջոցով միմյանց հետ համաձայնեցնել եւ իրականացնել մեկ ընդհանուր գործ։ Այս փաստն ինքնին ողջունելի է՝ եթե մեր ժողովուրդներն ունակ չլինեն շփվելու իրար հետ ուղղակիորեն, ոչ մի ուժ չի կարող մեզ հաշտեցնել։ Կարեւոր է, որպեսզի ադրբեջանցի լրագրողներն այցելեն Հայաստան եւ Արցախ, իսկ հայաստանցի եւ արցախցի լրագրողները լինեն Ադրբեջանում եւ ի վերջո կարողանան աշխատել իրար հետ։
Տարբեր առիթներով ես այս տարվա ընթացքում մատնանշել եմ, որ առանց Հայաստանի ժողովրդի, Արցախի ժողովրդի եւ Ադրբեջանի ժողովրդի ակտիվ ներգրավման եւ համաձայնության հնարավոր չէ հասնել կայուն խաղաղության եւ հաշտեցման։ Հուսանք, որ այս ծրագիրը սկիզբ կդառնա ժողովուրդների խաղաղության նախապատրաստման եւ հաշտեցման համար։
Հաջորդը՝ մեր անդրանիկ համատեղ նիստի ժամանակ իմ կողմից հնչեց հարցադրում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջ քաշվող մադրիդյան երեք սկզբունքների եւ 6 տարրերի՝ որպես բանակցային գործընթացի հիմքի պարզաբանման վերաբերյալ։ Այս տարվա ընթացքում մենք ունեցել ենք այս հարցադրման երկու տարբեր մեկնաբանություն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եւ Ադրբեջանի կողմից։ Այստեղ մեզ համար առաջնահերթ նշանակություն ունի Արցախի կարգավիճակի հարցը։ Արդյոք առաջարկվող սկզբունքները եւ տարրերը հնարավորություն են տալիս, որպեսզի Արցախը պահպանի եւ զարգացնի իր կարգավիճակը Ադրբեջանի ինքնիշխանությունից, տարածքային ամբողջականությունից դուրս, թե այս սկզբունքները եւ տարրերը կոչված են սահմանափակելու Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, ինչպես դա պնդում է Ադրբեջանը։ Ինչպես արդեն նշեցի՝ Մինսկի խմբի համանախագահների մեկնաբանությունն այս հարցում էապես տարբերվում է Ադրբեջանից, ինչն իհարկե լավատեսության հիմքեր է տալիս առաջարկվող բանակցային հիմքի հանդեպ։ Այսուհանդերձ Հայաստանը եւ Արցախն ի վերջո պետք է պայմանավորվեն Ադրբեջանի հետ, ուստի անհրաժեշտ է շարժվել երկիմաստությունց դեպի միասնական ընկալման ձեւավորում։
Տարվա ընթացքում մենք հստակեցրել ենք մեր դիրքորոշումները, վերջին անգամ Բրատիսլավայում՝ դեկտեմբերի 5—ին։ Եթե Ադրբեջանը փորձում է հարաբերական դարձնել ինքնորոշման իրավունքի կամ ուժի չկիրառման սկզբունքի իրականացումը, ապա հարաբերական է դառնում երրորդ սկզբունքը եւ ի վերջո շարունակում է գոյատեւել այն իրավիճակը, որ մենք այսօր ունենք։ Հայաստանի եւ Արցախի՝ միասնական հայ ժողովրդի անվտանգությունը պահանջում է հակամարտության կարգավորման կանխատեսելի միջավայր եւ սցենար։ Այն մոտեցումը, որ հակամարտության կարգավորումը կոչված է բավարարել միայն մեկ կողմի առավելագույն պահանջները եւ կարիքները՝ փակուղային է եւ այդ մոտեցման հետեւանքով է, որ չնայած հայկական կողմի եւ համանախագահների ջանքերին՝ վերջին 25 տարում հնարավոր չի լինում կարգավորել հակամարտությունը։
Կարծում եմ՝ առարկայական քննարկումների նպատակը նախեւառաջ պետք է լինի հակամարտության կարգավորման համաձայնեցված սկզբունքների հաստատումը ոչ միայն սկզբունքների անվանումներով, այլեւ բովանդակությամբ։ Բայց հարկ եմ համարում նաեւ նշել, որ 1986—87 թվականների ստատուս քվոյին կամ դրա որեւէ մոդեֆիկացիայի վերադառնալը որպես հակամարտության կարգավորման ձգտում ներկայացնելու փորձերն անտեղի են եւ չեն բխում հակամարտության էությունից ու բովանդակությունից։
Մեր կառավարությունը հենց ամենասկզբից Արցախի հարցի կարգավորման առումով որդեգրել է կառուցողական դիրքորոշում, եւ գոհունակությամբ պետք է նշեմ, որ սա արձանագրվում է նաեւ միջազգային մեր գործընկերների կողմից։ Արցախի հարցի կարգավորման հայեցակարգային մակարդակում մենք առաջարկել ենք շատ պարզ, տրամաբանական եւ հասկանալի սկզբունք։ Արցախի հարցի որեւէ լուծում պետք է ընդունելի լինի Ղարաբաղի ժողովրդի համար, Հայաստանի ժողովրդի համար եւ Ադրբեջանի ժողովրդի համար։ Այս սկզբունքը հայտարարելով՝ ես հույս ունեի, որ Ադրբեջանի նախագահը հանդես կգա համանման հայտարարությամբ, ինչը բանակցային գործընթացում էական առաջընթաց ապահովելու մեծ հնարավորություններ կբացի։ Ցավոք, սակայն, մենք մինչեւ օրս Ադրբեջանի ղեկավարի կողմից նման հայտարարություն չենք լսել, եւ կարծում եմ՝ հակամարտության կարգավորմամբ շահգրգիռ բոլոր միջազգային կառույցներն ու գործընկերներն իրենց առաջ խնդիր պիտի դնեն քաջալերել Ադրբեջանի նախագահին՝ հանդես գալ նման հայտարարությամբ, համաձայնվել հասկանալի եւ տրամաբանական բանաձեւի հետ, որովհետեւ այն ընկալումը, թե հակամարտության կարգավորման սցենարը պետք է բավարարի կողմերից մեկի պատկերացումները եւ արհամարհի մյուս երկու կողմերի պատկերացումները, բանակցային գործընթացում տեղապտույտ են ստեղծելու։ Առավել եւս կարծում եմ, որ բոլորն են հասկացել, որ ղարաբաղյան հակամարտությունը ռազմական լուծում չունի։ Նման փորձերն աղետալի հետեւանքներ կունենան հենց առաջին հերթին Ադրբեջանի համար, մանավանդ որ, ինչպես մի քանի անգամ առիթ ունեցել եմ ասելու, վերջին մեկուկես տարվա ընթացքում մենք վերջին տարիների համար աննախադեպ քանակի եւ որակի զենք եւ ռազմամթերք ենք ձեռք բերել, զինված ուժերում իրականացրել ենք եւ իրականացնում ենք բարեփոխումներ, որոնք էլ ավելի բարձր մակարդակի են հասցնում մեր բանակի մարտունակությունը։
Հարկ եմ համարում կրկին ընդգծել, որ այս գործողությունները մենք իրականացնում ենք ոչ թե պատերազմի, այլ խաղաղության համար, արձանագրելու, որ ուժի դիրքերից Հայաստանի, Արցախի եւ ընդհանրապես հայ ժողովրդի հետ խոսելու բոլոր փորձերն անիմաստ են։ Եվ այս առումով Հայաստանն իրականացրել եւ իրականացնում է ոչ միայն Արցախի անվտանգության երաշխավորի դերակատարում, այլեւ պիտի ավելի մեծ դերակատարում ունենա որպես տարածաշրջանում խաղաղության երաշխավոր»։

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյան. «Մենք միշտ կարեւոր ենք համարել եւ եղել ենք այն գաղափարի կողմնակիցը, որ անհրաժեշտության դեպքում, իսկ այդպիսի դեպքեր եղել են բազմիցս, համազգային խնդիրները քննարկվեն հայկական երկու հանրապետությունների ղեկավարների կողմից համատեղ։ Հայաստանի Հանրապետությունը եւ Արցախի Հանրապետությունը մեկ հայրենիքի երկու անբաժան հատվածներն են, եւ մենք ունենք միասնական նպատակներ ու միանման տեսլական կարեւորագույն հարցերի լուծման առնչությամբ։ Եվ այս տեսանկյունից անվտանգության խորհուրդների համատեղ նիստերի անցկացումը հնարավորություն է տալիս բազմակողմանի քննարկել մեր առջեւ ծառացած խնդիրները, գտնել դրանց լուծման օպտիմալ տարբերակներ եւ ընդունել հիմնավորված որոշումներ։ Կարծում եմ, որ նման ձեւաչափով քննարկումները կլինեն մշտական եւ կդառնան մեր ազգային օրակարգում ընդգրկված հարցերի դիտարկման հիմնական հարթակներից մեկը։
Իսկ հիմա կուզենայի անդրադառնալ որոշ հարցերի, որոնք բնութագրում են այն սերտ փոխգործակցության իրական աստիճանը, որ առկա է մեր երկու հայկական հանրապետությունների միջեւ։ Արցախի Հանրապետության գոյության ողջ ժամանակահատվածում, ինչպես պատերազմական տարիներին, այնպես էլ խաղաղ պայմաններում, մենք միշտ զգացել ենք Հայաստանի գործուն աջակցությունը։ Այսօր էլ Հայաստանը հանդիսանում է Արցախի անվտանգության եւ բնականոն զարգացման հիմնական երաշխավորը։ Եվ մեր առջեւ ծառացած կարեւորագույն հրամայականներից մեկը հանդիսանում է ներհայկական միասնականության շարունակական խորացումն ու ընդլայնումը։ Բնական է, որ առաջնային խնդիրներից եղել եւ մնում է Արցախի անվտանգության ապահովումը։ Մենք միասին իրականացնում ենք մեծածավալ աշխատանքներ մեր հայրենիքի պաշտպանունակության ամրապնդման, զինված ուժերի մարտունակության հետեւողական բարձրացման, զինծառայողների սոցիալական եւ կենցաղային պայմանների բարելավման ուղղությամբ։ Եվ այն, որ բանակաշինությանն առնչվող որոշ հարցեր այսօր ընդգրկված են անվտանգության խորհուրդների համատեղ նիստի օրակարգում՝ դրա վառ ապացույցն է։
Մեր զինված ուժերի մարտունակության բարձր մակարդակի ապահովումը, որը պահանջում է ամենօրյա քրտնաջան ու նպատակասլաց աշխատանք, նպաստում է տարածաշրջանում կայունության եւ խաղաղության, ինչպես նաեւ ռազմաքաղաքական հավասարակշռվածության արդյունավետ պահպանմանը։ Անվտանգության հարցերն առանցքային են նաեւ Արցախի սոցիալ–տնտեսական զարգացման հայեցակարգում, ինչը միանգամայն բնական է, հաշվի առնելով Ադրբեջանի հետ չկարգավորված հարաբերությունները եւ մեր տարածաշրջանի աշխարհաքաղաքական յուրահատկությունը։
Այս տեսանկյունից, Արցախի Հանրապետության համար հատուկ կարեւորություն ունի մի շարք ոլորտներում անվտանգության բարձր աստիճանի եւ ինքնաբավության ապահովումը։ Այդ գերխնդիրների շարքին է դասվում պարենային եւ էներգետիկ անվտանգության ապահովումը, որտեղ ունենք տեսանելի առաջընթաց։ 2019 թվականին արտադրվել է 112 հազար տոննա հացահատիկ, ինչը մեր ներքին պահանջարկը գերազանցում է 2 անգամ։ 2017 թվականից պահպանվում է նաեւ էներգետիկ ինքնաբավությունը եւ Արցախը հանդիսանում է էլեկտրաէներգիա արտահանող երկիր։ Սրանք այն առաջնային ոլորտներն են, որտեղ ինքնաբավությունը պետք է լինի բացարձակ՝ առավել եւս ճգնաժամային իրավիճակներում, եւ դրան մենք հասել ենք միասին՝ Հայաստան—Արցախ—սփյուռք համատեղ ջանքերի շնորհիվ։
Մյուս կարեւորագույն խնդիրն ադրբեջանա–ղարաբաղյան հակամարտության կարգավորումն է։ Դուք քաջատեղյակ եք հակամարտության կարգավորման գործընթացին եւ դրա շուրջ ծավալվող զարգացումներին, ինչը տարբեր հարթակներում լուրջ քննարկումների եւ երբեմն նաեւ շահարկումների առիթ է դառնում։ Ինչ—որ տեղ դա բնական է, քանի որ ադրբեջանա–ղարաբաղյան հակամարտության կարգավորումը ոչ միայն վճռորոշ գործոն է հայոց պետականության եւ հայ ժողովրդի ներկայի եւ ապագայի համար, այլ նաեւ տարածաշրջանային եւ նույնիսկ համաշխարհային քաղաքականության կարեւորագույն խնդիրներից է։
Հաշվի առնելով հարցի կարեւորությունը՝ ուզում եմ մեկ անգամ եւս կանգ առնել հակամարտության կարգավորմանն առնչվող մի շարք կետերի վրա։ Պաշտոնական Ստեփանակերտի մոտեցումները մնում են անփոփոխ։ Մենք կողմնակից ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում հակամարտության խաղաղ կարգավորմանը, բանակցային գործընթացի բոլոր փուլերին Արցախի Հանրապետության լիարժեք մասնակցությանը։ Մեզ համար ողջունելի են պաշտոնական Երեւանի քաղաքականությունն ու քայլերն ադրբեջանաղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացի լիարժեք ձեւաչափը վերականգնելու ուղղությամբ։ Իհարկե, մենք իրատես ենք եւ հասկանում ենք, որ լիրարժեք ձեւաչափի վերականգնումը բարդ ու ժամանակատար գործընթաց է։ Հայոց դիվանագիտության կարեւորագույն առաջադրանքներից է Արցախի, որպես աշխարհաքաղաքական ինքնիշխան գործոնի եւ սուբյեկտի, կարգավիճակի պահպանման անհրաժեշտությունը, ինչն իր հերթին ընդլայնում է ճկուն քաղաքականություն վարելու մեր հնարավորությունները։ Այս ամենը լավ գիտակցում է նաեւ մեր հակառակորդը՝ դիմելով տարբեր մանիպուլյատիվ հնարքների։ Այդ շարքին են դասվում, մասնավորապես, այսպես կոչված, ադրբեջանական համայնքի որպես առանձին սուբյեկտի շահարկումը եւ չդադարող քայլերն այն բանակցային գործընթացի մեջ խցկելու ուղղությամբ։ Սրանով նրանք փորձում են խոչընդոտել լիարժեք ձեւաչափի վերականգնումը եւ զուգահեռ Արցախի անկախ ու կայացած պետություն լինելու փաստն իրականությունից տեղափոխել վիրտուալ տիրույթ։ Բնական է, որ այդ բոլոր փորձերը մենք պետք է չեզոքացնենք՝ փոխադարձաբար իրար լրացնելով եւ անելիքները ճիշտ բաշխելով։ Դիվանագիտական ճակատում եւ բանակցություններում մեր հաջողությունների հիմնական գրավականներից է ուժեղ եւ մարտունակ զինված ուժերի առկայությունը, մեր ռազմավարական գործընկերների հետ բարեկամական կապերի ընդլայնումն ու խորացումը, փոխլրացման արտաքին քաղաքականության վարումը։
Ինչ վերաբերում է ադրբեջանա–ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորմանը, ուզում եմ մեկ անգամ եւս ընդգծել, որ մեզ համար չի կարող լինել վերադարձ անցյալին՝ լինի դա կարգավիճակի, թե սահմանների առումով։ Կարգավորման որեւէ տարբերակ չի կարող վտանգի տակ դնել Արցախի Հանրապետության անվտանգությունը եւ նրա բնականոն կենսագործունեությունը։ Սրանք այն նշաձողերն են, որոնք երբեք չպետք է իջեցվեն եւ այն կարմիր գծերը, որոնք երբեք չպետք է խախտվեն։ Այս ամենից է մեծապես կախված ե՛ւ Արցախի, ե՛ւ Հայաստանի հուսալի ու կանխատեսելի ապագան։
Օգտվելով առիթից, կուզենայի նաեւ հակիճ անդրադառնալ Արցախի սոցիալ–տնտեսական իրավիճակին։ Ընթացիկ տարում Արցախի տնտեսությունը պահպանել է իր զարգացման դինամիկան։ Ըստ կանխատեսումների՝ 2019 թվականին համախառն ներքին արդյունքի աճը կկազմի ավելի քան 9 տոկոս, իսկ ՀՆԱ—ի ընդհանուր ծավալը կլինի մոտ 341 մլրդ դրամ։ 2020 թվականին նախատեսվում է, որ ՀՆԱ—ի ծավալը կգերազանցի 375 լրդ դրամը։ Ընդհանուր առմամբ, տնտեսության հիմնական ճյուղերում պահպանվել են կայուն զարգացման տեմպերը։ Բնական է՝ կան նաեւ շատ անելիքներ։ Նախատեսվում է մի շարք մեծածավալ ծրագրերի իրականացնել բնակարանաշինության, գյուղատնտեսության, զբոսաշրջության, ենթակառուցվածքների եւ մի շարք այլ ոլորտներում։ Որոշ նախագծեր բավականին հավակնոտ են, բայց հուսով ենք, որ կհաջողվի դրանք կյանքի կոչել։ Հարկ եմ համարում ընդգծել, որ Արցախի տնտեսական զարգացման կարեւորագույն երաշխավորներից է հանդիսանում Հայաստանի Հանրապետությունը, նրա մշտական եւ գործուն աջակցությունը։
Կուզենայի նաեւ անդրադառնալ Արցախի ներկա ներքաղաքական իրավիճակին։ Դուք գիտեք, որ 2020 թվականին մեզ մոտ տեղի են ունենալու հերթական նախագահական եւ խորհրդարանական ընտրությունները, ընտրվելու են հանրապետության նոր նախագահ եւ Ազգային ժողով։ Այս բոլոր գործընթացների հիմքում պետք է լինի այն գաղափարը, որ ժողովրդավարությունն Արցախում այլընտրանք չունի, եւ սա մեր ժողովրդի գիտակցված ընտրությունն է, որի համար նա տասնամյակներ շարունակ պայքարում է։ Ամեն ինչ կարվի, որպեսզի գալիք ընտրությունները եւս անցնեն արդար, թափանցիկ, ժողովրդավարական սկզբունքներին համապատասխան, կայունության եւ հանդուրժողականության մթնոլորտում, օրենքի տառին ու ոգուն համահունչ։
Ողջունելի է Հայաստանի պատրաստակամությունը գործուն աջակցություն ցուցաբերել այս ընտրությունները պատշաճ մակարդակով անցկացնելու, տարբեր երկրներից դիտորդական առաքելություններ ներգրավելու հարցում։ Դա լավ առիթ է նաեւ Արցախը, որպես ժողովրդավարական եւ քաղաքակիրթ երկիր եւս մեկ անգամ աշխարհին ներկայացնելու եւ ճանաչելի դարձնելու համար։
Այսպիսին են այն հարցերը, որոնց վրա անհրաժեշտ եմ համարել հրավիրել այսօրվա նիստի մասնակիցների ուշադրությունը։ Դրա հետ մեկտեղ ուզում եմ վստահություն հայտնել, որ մեր սերտ փոխգործակցությունը հանդիսանում է կարեւորագույն գործոն առաջադրված բոլոր խնդիրների լուծման համար։ Համոզված եմ, որ մենք համատեղ ուժերով կյանքի կկոչենք բոլոր ծրագրերը, կապահովենք մեր հայրենիքի դինամիկ եւ բնականոն առաջընթացը»։

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյան. «Նախեւառաջ ուզում եմ ասել՝ շատ ուրախ եմ, որ մասնակցում եմ այս նիստին, որովհետեւ շատ բարձր եմ գնահատում երկու հայկական հանրապետությունների անվտանգության խորհուրդների եւ ընդհանրապես շատ սերտ համագործակցությունը։ Ուզում եմ ողջունել Անվտանգության խորհուրդի աշխատանքը, պարոն վարչապետ, Ձեր եւ Անվտանգության խորհուրդի քարտուղարի՝ պարոն Գրիգորյանի։ Ձեր աշխատանքի մասին, իհարկե, դատում եմ ըստ տեղեկատվության, որ ստանում եմ Ձեզնից եւ վերլուծական աշխատանքից, եւ կարող եմ ասել՝ բավական հետաքրքիր եւ բարձր որակ ունի, այնպես որ շնորհավորում եմ, պարոն Գրիգորյան։
Իհարկե, այն հարցը, որ պարոն վարչապետը եւ պարոն նախագահը բարձրացրեցին, մեր ողջ ժողովրդի համար ունի հսկայական նշանակություն՝ սկսած մեր երկու հանրապետությունների եւ ընդհանրապես մեր ժողովրդի ազգային անվտանգության խնդիրներից։ Առաջնահերթությունների մասին այստեղ խոսվեց, ես վերջից սկսեմ, պարոն նախագահ, Դուք էլ կրկնեցիք, եւ կարծում եմ՝ սա մեզնից յուրաքանչյուրի համար շատ էական է, եթե Հայաստանի Հանրապետությունում ընտրությունները շատ մեծ կարեւորություն ունեն, ապա Արցախի Հանրապետությունում ապագա ընտրությունները, կարող եմ ասել՝ կրկնակի կամ եռակի արժեք ունեն մեր ողջ ժողովրդի համար, որովհետեւ այդ ընտրությունների թափանցիկ, արդար լինելը հսկայական քաղաքական գործիք է մեզ բոլորի համար։
Եվ, իհարկե, քաջալերում եմ նաեւ, որպեսզի այսպիսի համատեղ նիստերը հաճախ տեղի ունենան եւ գուցե ավելի ընդլայնված կազմով, պարոն վարչապետ, որովհետեւ մեր ազգային անվտանգության խնդիրները չեն սկսվում եւ չեն ավարտվում, իհարկե, ո՛չ ռազմական, ո՛չ դիվանագիտական, ո՛չ նաեւ արցախյան հիմնահարցի լուծման շրջանակում։ Դրանք շատ ավելի լայն են, Դուք ինքներդ նշեցիք, եւ ասենք՝ մթերքների անվտանգության խնդիրը, կիբերանվտանգության, նոր տեխնոլոգիաների, երկրի տնտեսական զարգացման հետ կապված խնդիրները։ Ողջունում եմ ձեզ բոլորիդ, հաջողություններ եմ մաղթում ձեր այսօրվա եւ ընդհանրապես առօրյա աշխատանքում։ Արցախին էլ մաղթում եմ արդար, թափանցիկ ընտրություններ, որոնք օրինակ կծառայեն բոլորի համար՝ նրանց, ովքեր Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության բարեկամներն են եւ նաեւ նույնիսկ նրանց համար, որոնք մեր երկու հանրապետությունների բարեկամները չեն։ Շնորհակալ եմ, հաջողություն եմ մաղթում բոլորիս»։

24-12-2019





01-08-2020
682 դեպքով հրդեհների թիվը նվազել է
Սակայն հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի նաեւ օգոստոսին եւ սեպտեմբերին



01-08-2020
Ադրբեջանի էթնիկ քարտեզը
Հայկական տարրը տեւապես եղել է Կովկասի մշակութային շարժիչ ...


01-08-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 291 նոր դեպք․ ապաքինվել է 560, մահացել 11 քաղաքացի
Հայաստանում օգոստոսի 1-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


01-08-2020
Հուշապատում
Բինգյոլը... Սեւանի ափին

Սեւանա կղզին Իսահակյանի ամենասիրելի վայրերից ...


01-08-2020
«Ամենատխուր մարդը» կամ անազատության ազատությունը
Վերարժեւորելով Պերճ Զեյթունցյանին եւ նրա ինքնատիպ գործերից մեկը՝ ...


01-08-2020
Հայաստանի «Ինտերկապը» 30 տարեկան է
ՀԽՍՀ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռուբեն ...


01-08-2020
Կալիսիրի ակումբը՝ Շվեդիայի գավաթակիր
Շվեդիայի ֆուտբոլային գավաթը 8-րդ անգամ նվաճեց «Գյոթեբորգը»։ Ակումբակիցների հետ ...



01-08-2020
Հայաստանում մեկնարկում է հիմնարար բարեփոխումների գործընթաց
68-97 տոկոսով կբարձրացվեն ոստիկանության ...

01-08-2020
ՀԱԷԿ-ում ՊՆՎ-ն ըստ ժամանակացույցի է եւ առանց խոչընդոտների
Հայաստանն ատոմակայանի շահագործման եզակի ...

01-08-2020
Պատմության հետագծով
–1921 թ. օգոստոսի 1-ին ծնվել է Լիլի Չուգասզյանը՝ ...

01-08-2020
Ինֆանտինոն արդեն մեղադրյալ է
Համաշխարհային ֆուտբոլը հերթական ապտակը ստացավ. ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +36... +38

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO