Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

15.08.2020
ՄՇԱԿՈՒՅԹ


Գրողների ընկերությունը որբախնամ մարմին չէ, սակայն...

Թումանյանը հոգում էր Եղեռնից մազապուրծ որբերի ուսման, հագուստի ու ապրուստի վարձը

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


Եղեռնից մազապուրծ երեխաները ստեղծագործության նյութ էին դարձնում դիակներ ու հեռվում մնացած շիրիմներ։ Երեւույթը, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սուսաննա Հովհաննիսյանի մեկնաբանմամբ, նույնքան զարհուրելի էր, որքան ինքը՝ կոտորածը. «Սա նույնպես Հայոց եղեռնի նույնքան սարսափելի բաղադրիչն էր։ Եթե որբերի համար ընկերության մեջ հատուկ ֆոնդ հիմնելու առաջարկը Կ. Միքայելյանինն է (1916 թ. դեկտեմբերի 28), ապա տաղանդավոր որբերի որդեգրման նախաձեռնությունը պատկանում է Թումանյանին։ Նա հիշյալ դասախոսությունից դեռ տասը օր առաջ՝ 1916 թ. դեկտեմբերի 18–ին, ընկերության վարչությանը առաջարկում է որդեգրել որբերից ամենաընդունակներին ու ամենաշնորհալիներին։
Հարցը որոշ ժամանակ առկախ է մնում։ Այնուհետեւ գրողի առաջարկը 1917 թ. մայիսի 3—ի ընդհանուր ժողովում հանդիպում է առարկությունների։ Շատերը պնդում են, որ Գրողների ընկերությունը որբախնամ մարմին չէ, սակայն Թումանյանին հաջողվում է համոզել մեծամասնությանը՝ հավատացնելով ու համոզելով, որ արտակարգ «ժամանակներում կարելի է եւ չղեկավարվել սոսկ կանոնադրությամբ»։ Թերեւս առաջին անգամ էր, որ նա խախտում էր կանոնադրությունը, սակայն պատճառն ավելի քան հարգելի էր։ 1917թ. հունիսին որդեգրվում են երեք շնորհալի որբեր՝ Վաղարշակ Երիցյանը (Նորենց), Միհրան Թյութունջյանը եւ Նորայր Դաբաղյանը։ Թումանյանը, ըստ գրականագետի, որդեգիրներին ընտրել էր որբանոցային դպրոցների տեսուչ մանկավարժ եւ թարգմանիչ Տիգրան Փիրումյանի ուղղորդումով՝ նախօրոք ծանոթանալով նրանց ստեղծագործություններին։ Պոետը շարունակում էր տեղեկություններ ձեռք բերել այլ շնորհալի որբերի մասին։
«Ընկերության որդեգիրները իրականում դառնում են բազմազավակ Թումանյանի որդեգիրները։ Նրա տասը երեխաներին ավելանում են եւս երեքը, որոնք հարազատի անսահման սիրով են կապվում բանաստեղծին։ Երբ որդեգիրներից Վաղարշակն առաջին անգամ բանաստեղծի տանը տեսնում է նրան, մի անպատմելի բերկրալի զգացմունք է ապրում, քանի որ Թումանյանը՝ իր «մարմնավորված երազն» էր»,–նշում է գրականագետը՝ հավելելով՝ բանաստեղծի պատվերով որդեգիրները, ինչի կարիք որ ունենային, դիմում էին անձամբ իրեն, լինում էին նրա տանը, ճաշում այնտեղ եւ ամեն անգամ գտնում ջերմ ընդունելություն։ Նրանք երեքն էլ բոլոր հարցերով դիմել են միայն պոետին։ «Ես մեծ բանաստեղծի ընտանիքում գտնում էի մխիթարություն, հարազատ անկյուն։ Բառացի ընդունելով Թումանյանի՝ «Ուզածդ ժամանակ արի» խոսքը, ես տեղի եւ անտեղի, առանց ժամանակի պատշաճության մասին մտածելու, գնում էի նրա մոտ...Երբեմն գնում էի առավոտյան շատ կանուխ, երբ նա լինում էր դեռ անկողնում, երբեմն նախաճաշի կամ ճաշի ժամանակ... Այդ սքանչելի ընտանիքի հոգատար եւ մտերմիկ մթնոլորտում... ես երբեք չզգացի կեղծ կամ սենտիմենտալ կարեկցության վիրավորիչ որեւէ դրսեւորում»,–գրում է որդեգիրներից Վաղարշակ Նորենցը եւ հավելում, որ Թումանյանի մոտ գնալը իր համար «հետզհետե դարձավ ներքին բուռն պահանջ»։
Ս. Հովհաննիսյանի պատմելով՝ երեխաները շփոթվում ու անհարմար էին զգում բանաստեղծի հետ սեղան նստելիս, սակայն նրանց շփոթմունքը հաղթահարելու ուժ էր տալիս այն, ինչ գրում է Նորենցը. «Գուցե միայն այն հանգամանքը, որ երբեւէ կարողանամ ասել, թե «ես ճաշել եմ Հովհ. Թումանյանի հետ», ինձ հանդգնություն տվեց «ճաշելու»։ Գրողն անձամբ էր հոգում որբերի թե՛ ուսման, թե՛ հագուստի ու ապրուստի վարձը։ «Ծիրանավոր» որբանոցում որդեգիրների նյութական կարիքներին վերաբերող բոլոր հարցերով ղեկավարությունը դիմում էր անձամբ Թումանյանին։ 1918 թ. փետրվարի 3ին Պ. Մողյանցը բանաստեղծին գրում է. «Հարգելի պ. Թումանյան, Ձեր որդեգիր երեք որբերին մեկ—մեկ զույգ կոստյում եւ մի—մի զույգ կոշիկ պատրաստելու համար մոտավորապես (1000) հազար րուբլի պետք է։ Եթե տրամադիր կընեք սույն գումարը, կրնամ մի քանի օրից պատրաստել տամ»։ 1918 թ. օգոստոսին Հայ գրողների կովկասյան ընկերության մուտքի եւ ելքի մատյանում արձանագրվում է. «Որբերի հաշվին գրքեր ու տետրակներ են գնված պ. Թումանյանի ձեռքով 5870ռ., թոշակներ են տրված Հայկական գիմնազիային որբեր Նորայր Դաբաղյանի եւ Միհրան Թութունջյանի… 258 ռ. 70 կ.։ Որբերի համար 1918 թ. թոշակ է տրամադրվել 900 ռ., որբերի համար գրքեր ու դասագրքային պիտույքներ են առնված 200 ռ.»։
«Ուշագրավ է, որ ընկերությունն ուներ 100—ից ավելի անդամներ՝ 8 հոգուց կազմված վարչության կազմ, բայց հենց վերջինիս որոշումներով միայն վարչության նախագահը, այսինքն Թումանյանը, խանութներում երեխաների համար պետք է Նոր տարվա նվերներ գներ, հենց նա պետք է ձեռք բերեր գիրք ու տետրից սկսած այն ամենը, ինչի կարիքը որ ունեին երեխաները։ Չկար մեկը, որ կամովին ստանձներ ոչ այդքան ծանր այդ գործերը՝ խնայելու համար գերծանրաբեռնված ազգային գործչի ու ամենաբազմազբաղ գրողի այնքան թանկ ժամանակը»,–նկատում է գրականագետը՝ շեշտելով՝ Թումանյանը անտրտունջ կատարում էր վարչության հրահանգները. չէ՞ որ ինքն էր խախտել ընկերության կանոնադրությունը, այնպես, ինչպես խախտում էր կաթողիկոսի հրամանը եւ Էջմիածնի որբանոց էր ընդունում նաեւ հարազատներ ունեցող որբերի։
Եթե Թումանյանը պատահաբար քաղաքում չէր լինում, ապա որդեգիրներին վերաբերող խնդիրների լուծումը հետաձգվում էր մինչեւ նրա վերադարձը։ Հովհաննիսյանի հիշատակմամբ՝ մի առիթով, երբ պոետի բացակայության ժամանակ որդեգիրները դիմում են Շանթին, ստանում են հետեւյալ պատասխանը. «Այդ կրնա ընել միայն պարոն Թումանյանը, պետք է սպասել անոր վերադարձին»։ Թերեւս Շանթը իրավացի էր, եւ հարցի լուծումը միայն Թումանյանից էր կախված, սակայն երեխաների համար նրա սառը ընդունելությունը, ճաշի չհրավիրելը, նրանց հոգսերով այդ պահին չհետաքրքրվելը հիասթափեցնում է երեխաներին, ինչպես գրում է Վաղարշակը. «Այդ տխուր դեպքից հետո իմ վերաբերմունքը դեպի Հովհաննես Թումանյանը վերածվեց գրեթե պաշտամունքի։ Թումանյան մարդն ու բանաստեղծը ինձ համար մնացին կատարելության մարմնացում։ Նրա անհասանելի մեծության մեջ ես ինձ համար գտել էի մոտիկ մի բան, անսահմանորեն հարազատ, մի բան, որ որդիները զգում են միայն իրենց ծնողների մեջ... Թումանյանը, ինձ համար լավագույն մարդն աշխարհում...»։
Սկզբում երեք որդեգիրներն էլ ապրում էին նույն որբանոցում՝ Կրծանիսում՝ Ծիրանավոր եկեղեցու բակում։ 1917 թ. աշնանը նրանք «Թումանյանի հանձնարարականով» ընդունվում են նորաբաց Հայկական գիմնազիան, որը հետագայում ձուլվում է Ներսիսյան դպրոցին։ Բանաստեղծին ուղղված նամակներում որդեգիրները պատմում էին իրենց մեծ ու փոքր հոգսերի, դպրոցի հեռավորության, դասագրքերի պակասի, ծանր աշխատանքի եւ այլնի մասին, խնդրում էին իրենց Ծիրանավորից տեղափոխել այլ որբանոց՝ միամտաբար կարծելով, թե Թիֆլիսի մյուս որբանոցներում ավելի լավ է...
Շարունակելի

24-12-2019





01-08-2020
682 դեպքով հրդեհների թիվը նվազել է
Սակայն հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի նաեւ օգոստոսին եւ սեպտեմբերին



01-08-2020
Ադրբեջանի էթնիկ քարտեզը
Հայկական տարրը տեւապես եղել է Կովկասի մշակութային շարժիչ ...


01-08-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 291 նոր դեպք․ ապաքինվել է 560, մահացել 11 քաղաքացի
Հայաստանում օգոստոսի 1-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


01-08-2020
Հուշապատում
Բինգյոլը... Սեւանի ափին

Սեւանա կղզին Իսահակյանի ամենասիրելի վայրերից ...


01-08-2020
«Ամենատխուր մարդը» կամ անազատության ազատությունը
Վերարժեւորելով Պերճ Զեյթունցյանին եւ նրա ինքնատիպ գործերից մեկը՝ ...


01-08-2020
Հայաստանի «Ինտերկապը» 30 տարեկան է
ՀԽՍՀ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռուբեն ...


01-08-2020
Կալիսիրի ակումբը՝ Շվեդիայի գավաթակիր
Շվեդիայի ֆուտբոլային գավաթը 8-րդ անգամ նվաճեց «Գյոթեբորգը»։ Ակումբակիցների հետ ...



01-08-2020
Հայաստանում մեկնարկում է հիմնարար բարեփոխումների գործընթաց
68-97 տոկոսով կբարձրացվեն ոստիկանության ...

01-08-2020
ՀԱԷԿ-ում ՊՆՎ-ն ըստ ժամանակացույցի է եւ առանց խոչընդոտների
Հայաստանն ատոմակայանի շահագործման եզակի ...

01-08-2020
Պատմության հետագծով
–1921 թ. օգոստոսի 1-ին ծնվել է Լիլի Չուգասզյանը՝ ...

01-08-2020
Ինֆանտինոն արդեն մեղադրյալ է
Համաշխարհային ֆուտբոլը հերթական ապտակը ստացավ. ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +36... +38

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO