Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

03.06.2020
ԵՐԵՎԱՆ


Երեւանի տրանսպորտը վայել չէ երեւանցուն

Հայկ Մարությանի բացառիկ հարցազրույցը «Արմենպրեսին»

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը մայրաքաղաքում խիստ հետաքրքիր քաղաքաշինական ծրագրեր է խոստանում։ Նա վճռական է տրամադրված առկա խնդիրների լուծման ու խոստացված ծրագրերի կյանքի կոչման ուղղությամբ։ «Արմենպրեսի» հետ բացառիկ հարցազրույցում Հայկ Մարությանն ամփոփել է անցնող տարում կատարված աշխատանքները, նախանշել գործունեության նոր ուղղություններ։
–Պարոն Մարության, Ձեր նախընտրական քարոզարշավի ժամանակ խոստացել էիք մի շարք ոլորտներում փոփոխություններ ու բարեփոխումներ իրականացնել։ Դրանցից ամենակարեւորն ու առաջնահերթը երեւանցիների համար կար եւ մնում է տրանսպորտային համակարգի բարելավումը։ Վերջերս մեկնել եք Բրյուսել՝ մասնակցելու «BusWorld Europe 2019» ցուցահանդեսին։ Ի՞նչ նորություններով եք վերադարձել, եւ մոտ ապագայում որքանո՞վ է Երեւանի բնակիչների համար իրատեսական տրանսպորտային նոր համակարգ ունենալը։
–Հանրային տրանսպորտի բարեփոխման հարցը, իհարկե, ամենաառաջնահերթ խնդիրներից մեկն է մեր քաղաքում, իսկ այս պահին՝ աղբահանության հարցի սկզբունքային լուծումից հետո, թերեւս, ամենաառաջնահերթը։ Մենք չենք զլանում վերահաստատել այն գնահատականները, որոնք տվել ենք հարցի վերաբերյալ նախորդ տարիներին։ Երեւանի տրանսպորտն այսօր ոչ միայն հարմարավետ չէ կամ անվտանգ չէ, այլեւ բառի ամենակոնկրետ իմաստով՝ վայել չէ երեւանցուն։ Խնդիրը տասնամյակներով համակարգային լուծում չի ստացել, իսկ վերջին տասնամյակի ընթացքում էլ ավելի է վիճակը վատթարացել։ Ուստի, տրանսպորտային նոր համակարգի ներդրման, ընդհանրապես, հանրային տրանսպորտի վերաբերյալ մեր պատկերացումների արմատական փոփոխության խնդրի առաջ ենք այսօր։ Առավել եւս, թեթեւ մարդատար մեքենաների այս ահռելի հոսքի պայմաններում պետք է ստեղծենք հանրային տրանսպորտի մրցունակ համակարգ, պարզ ասած, որպեսզի մարդիկ հրաժարվեն քաղաքում երթեւեկել իրենց մեքենաներով ու ավտոբուս նստեն։ Այս տարվա ընթացքում վերջնականապես հաստատեցինք նոր տրանսպորտային ցանցի նախագիծը, մշակեցինք դրա իրագործման ֆինանսական մոդելը, որը հավանության արժանացավ կառավարության կողմից, եւ արդեն հաջորդ տարվանից, այսպես ասենք, թղթի վրայից հարցը կփոխադրենք իրականացման դաշտ։ Համաձայն նոր ցանցի, քաղաքը կսպասարկեն տարբեր տարողության ու չափի շուրջ 850 ավտոբուս եւ ավելի քան 100 տրոլեյբուս։ Արդեն մոտ ապագայում կհայտարարվեն առաջին խմբաքանակների ձեռք բերման մրցույթները։ Համագործակցության դրական ակնկալիքներ կան նաեւ մեր ավանդական միջազգային գործընկերների ու բարեկամ երկրների կողմից։ Այնպես որ, դեռեւս անցյալ դեկտեմբերին ռեֆորմի իրագործման իմ հնչեցրած ժամկետներն ուժի մեջ են, եւ մենք ռեալ արդյունքները կտեսնենք արդեն 2021—22 թվականներին։
–Շարունակելով տրանսպորտային համակարգի հարցը, նշեմ, որ Ձեր խոստումներից մեկը եղել է նաեւ մետրոյի առնվազն մեկ կայարանի կառուցումը։ Մետրոյի կառուցման ֆինանսավորման ի՞նչ աղբյուրներ է դիտարկում քաղաքապետարանը։ Այս պահին ի՞նչ փուլում են ներդրողների հետ բանակցությունները։
–Այս ուղղությամբ եւս բավական ծավալուն «տնային աշխատանք» ենք կատարել անցնող տարվա ընթացքում։ Մշակվել է մի քանի էսքիզ, որոնցից առանձնացվել են առավել նախընտրելիները, մշակել ենք ֆինանսավորման մոդելը, այն է՝ անել գրավիչ առաջարկ պոտենցիալ ներդրողին՝ կառուցել կայարանն ու տեղում ծավալուն բիզնես—նախագծեր իրագործելու հնարավորություն ստանալ։ Ըստ մեր հրապարակած էսքիզի, կայարանը պետք է տեղակայվի Հրազդանի կիրճի երկու ափերն իրար կապող կառուցվելիք կամուրջի վրա, այսինքն, հենց կամուրջի վրա կլինի կառամատույցը։ Սա հնարավորություն կտա զգալիորեն օպտիմալացնել ծախսերը, ինչպես նաեւ դեպի կայարան մուտքի հնարավորություն կլինի երկու կողմից՝ Հալաբյանից ու Կիեւյանի հետ հատվող Բարբյուսի փողոցի կողմից։ Հիմա արդեն առարկայական բանակցությունների մեջ ենք պոտենցիալ ներդրողի հետ, որոնք լավատեսության բավական ամուր հիմք են ստեղծում։ Մետրոյի կայարանի կառուցումը քաղաքի այդ հատվածի համար զարգացման լուրջ խթան կդառնա։
–Պարոն Մարության, վերգետնյա եւ ստորգետնյա ավտոկայանատեղերի կառուցումը եւս, ըստ Ձեզ, Երեւանի համար գերակա լուծում պահանջող հարցերից է։ Ինչպիսի՞ դինամիկա է նկատվում այդ գործընթացում։ Առաջիկայում քանի՞ ավտոկայանատեղ է նախատեսվում կառուցել եւ հանձնել շահագործման. ինչպիսի՞ տարածքներում կա դրանց անհրաժեշտությունը։
–Երեւանի զարգացման 2020 թվականի տարեկան եւ 2019—2023 թվականների հնգամյա ծրագրերով քաղաքում վերգետնյա եւ ստորգետնյա ավտոկայանատեղերի անբավարարության հարցն ամրագրում ենք որպես հիմնախնդիրներից մեկը։ Անցնող տարվա ընթացքում, մասնավորապես, քննարկվել է Շահումյանի հրապարակի եւ Վազգեն Սարգսյան փողոցների միջեւ ընկած հատվածում նոր ստորգետնյա ավտոկայանատեղերի էսքիզ—առաջարկը՝ մոտ 510 տեղով։ Մտադիր ենք քաղաքի տրանսպորտի, ճանապարհային ցանցի ու դրա հետ անմիջական կապ ունեցող ենթակառուցվածքների հետ կապված խնդիրների վերհանման լուծումների փնտրտուքի ընթացքում այս հարցերը համալիր կերպով դիտարկել։ Բայց արդեն այսօր քաղաքաշինական պրոյեկտների հաստատման ընթացքում կարեւոր տեղ ենք տալիս կայանատեղերին։ Բոլոր նախագծային թույլտվությունները, օրինակ՝ բազմաբնակարան շենքերի եւ հասարակական շենքերի թույլտվությունները տրամադրելիս պարտադիր պահանջներում ամրագրում ենք, որ կառուցապատման մակերեսի նկատմամբ հնարավորինս մեծ հարաբերակցությամբ ավտոկայանատեղ կառուցեն նախագծվող տարածքի սահմաններում՝ կանխարգելելով հետագայում հանրային տարածքներում ավտոկայանման արդեն իսկ առկա ծանր իրավիճակի վատթարացումը։ Բացի դրանից, ճանապարհների երթեւեկելի գոտիները կայանատեղերից ազատելու, դրանք բուն նպատակին ծառայեցնելու համար դիտարկում ենք բակային գոտիների ընդհանրական բարեկարգման վերակառուցումներին ուղղված մասնավոր—առաջարկներ՝ ստորգետնյա ավտոկայանատեղերի բաղադրիչով, որպես լուծմանն ուղղված քայլերից։
–Ձեր պաշտոնավարման 1 տարվա ընթացքում կարողացաք լուծել աղբահանության հարցը։ Այս պահին ստեղծվել է Երեւանի աղբահանության համայնքային հիմնարկ, որն էլ իրականացնում է աղբահանությունը։ Նախատեսվո՞ւմ է, արդյոք, մասնավորի նույնպես ներգրավել այս գործընթացում։
–Ինչպես գիտեք, մեր պաշտոնավարման առաջին ամիսներից սկսած, «Սանիթեք» ընկերությունը ստեղծեց մի այնպիսի իրավիճակ, երբ անհրաժեշտ էր արագ կերպով մայրաքաղաքի աղբահանության խնդիրը լուծելու ճանապարհներ փնտրել։ Մենք պետք է քայլեր ձեռնարկեինք, որպեսզի մասնավոր օպերատորը չփորձի քաղաքի հետ խոսել սաբոտաժի լեզվով՝ «պատանդի մեջ պահելով» միլիոնանոց քաղաքի բնակիչներին։ Ապրիլին արդեն ավագանին հաստատեց իմ որոշումը՝ ձեւավորել «Երեւանի աղբահանության եւ սանմաքրման համայնքային հիմնարկը», որն այսօր ամբողջությամբ ստանձնել է մայրաքաղաքի աղբահանության եւ սանիտարական մաքրման, իսկ ձյան տեղումների դեպքում՝ նաեւ ձնամաքրման աշխատանքների կազմակերպման գործառույթները։ Բարեբախտաբար, աղբահանության ամառային սեզոնի որոշակի խնդիրները հնարավորինս արագ հաղթահարվեցին՝ մեր թիմի աներեւակայելի ջանքերի շնորհիվ ու երեւանցիների բացառիկ աջակցության պայմաններում։ Սակայն, անգամ այդ պարագայում դեռ վաղ է ամբողջական գնահատական տալ հիմնարկի միջոցով ծառայությունների մատուցման եւ կատարվող աշխատանքների արդյունավետությանը։ Առաջիկայում այդ ուղղությամբ կլինի խորը մասնագիտական վերլուծություն, ու այդ պարագայում հնարավոր կլինի դատողություններ անել մասնավոր այլ կազմակերպության ներգրավման նպատակահարմարության մասին։
–Հայտնի է, որ աղբահանություն իրականացնող «Սանիթեք» ընկերությունը, որի հետ Երեւանի քաղաքապետարանը խզեց պայմանագիրը, դիմել է արբիտրաժ։ Ինչպիսի՞ սցենարներ են կանխատեսվում, ունե՞ք արդյոք հակափաստարկներ։ Ձեր ընդդիմախոսները նշում են, որ եթե արբիտրաժը բավարարի ընկերության հայցը, Երեւանի քաղաքապետարանը ստիպված է լինելու հսկայական գումարներ վճարել։ Պատրա՞ստ եք արդյոք նման որոշման։
–Այս հարցում մանրամասներին հասկանալի պատճառներով չեմ անդրադառնա։ Եթե կլինի արբիտրաժի գործընթաց, քաղաքապետարանը բավարար փաստական եւ մասնագիտական ռեսուրսներ ունի՝ ապացուցելու քաղաքի ճիշտ լինելը։ Եկեք ուղղակի վերհիշենք, որ քաղաքը այս ամռան ամիսներին բառացիորեն կանգնած էր աղբային աղետի նախաշեմին՝ իր հնարավոր ամենավատ հետեւանքներով։ Մենք մեր քաղաքի կենսական շահն ենք պաշտպանել, այս հարցում մեր դիրքերն առավել քան ամուր են։
–Աղբի վերամշակման գործարան կառուցվելո՞ւ է։
–Աղբի վերամշակման գործարանի վերաբերյալ նշեմ, որ Երեւանի քաղաքապետարանը ստացել է ու շարունակում է ստանալ բազմաթիվ բիզնես—առաջարկներ՝ տարբեր ընկերությունների կողմից։ Դրանք այժմ ուսումնասիրման փուլում են։ Դարձյալ մասնագիտական համակողմանի դիտարկումների արդյունքում կընտրվի այն ընկերությունը, որի փաթեթային առաջարկը ամենաընդունելին կլինի քաղաքապետարանի համար՝ ելնելով բնապահպանական, քաղաքաշինական, առողջապահական եւ սոցիալական մի շարք չափորոշիչներից։ Բացի դրանից, ստեղծել ենք «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ—ը, որն ի թիվս այլ գործառույթների, զբաղվելու է նաեւ աղբի տեսակավորման, կոշտ ու վտանգավոր թափոնների կառավարման հարցերով։ Արդեն սեպտեմբերից սկսած տեսակավորում ենք ստվարաթուղթը, որը դեռեւս միայն տնտեսավարողներից հավաքում ենք ու հանձնում վերամշակման։
–Այս մեկ տարվա ընթացքում ապամոնտաժվել են բազմաթիվ ապօրինի եւ ինքնակամ շինություններ Նար—Դոսի փողոցում եւ Կոմիտասի պողոտայում։ Այդ շինությունների գույքագրում կա՞, թե որ փողոցներում եւ քանի հատ են դրանք։ Ինչ փուլում է օպերայի հարակից տարածքի բարեկարգման եւ կանաչապատման գործընթացը։
–2019 թ. ընթացքում բազմաթիվ ինքնակամ օբյեկտներ, այդ թվում՝ կրպակներ են ապամոնտաժել, ու գործընթացը շարունակվում է հենց հիմա։ Մասնավորապես, տարվա ընթացքում Կենտրոնում ապամոնտաժվել են Նար—Դոս փողոցում տեղադրված կրպակաշարը, Կոմիտասի պողոտայում՝ 16 կրպակ, Կոմիտաս 15 հասցեում զավթված մայթը վերադարձվել է հետիոտնին, կանխվել են մի շարք ապօրինի շինարարության փորձեր։ Ընդհանրապես, 2019—ի ընթացքում Արաբկիրում ապամոնտաժվել են 65—ից ավելի կրպակ, քարե հիմքով մասնակի շինություններ, տաղավարներ Կոմիտասի պողոտայում, մետրոյի «Բարեկամություն» կայարանի հարակից տարածքում, Հր. Քոչար, Ա. Խաչատրյան, Կիեւյան փողոցներում, Ազատության պողոտայում։ Ինքնակամ կրպակները քանդվում են նաեւ մյուս շրջաններում։
Ինչ վերաբերում է օպերայի հարակից տարածքի կանաչապատմանն ու բարեկարգմանը, ապա գործընթացն այս պահին քանդված սրճարանների տարածքում արդեն ավարտված է։ Այնտեղ համալրվել է բուսահողի շերտը, նոր սիզամարգեր են տնկվել, ոռոգման ցանց է անցկացվել։ Իհարկե, տարվա կտրվածքով այստեղ արդյունքը մեզ չի գոհացնում, բայց ես առիթ ունեցել եմ ասելու, որ ամեն ինչ արվելու է օրենքի տառին համապատասխան։ Գուցե, հանրային տարածքները վերադարձնելու հարցում այդ սկզբունքը մի քիչ ավելի շատ ժամանակ տանի, բայց մենք պատրաստ ենք դրան։
Ի դեպ, Մաշտոցի պողոտայում ու Տերյան, Թումանյան, Սայաթ—Նովա փողոցներում խիստ հետաքրքիր քաղաքաշինական ծրագրեր ունենք։
–Ի՞նչ փուլում է բարձրահարկ շենքերում առկա վթարային վերելակների վերանորոգումը։
–Այս տարի իրականացրինք 20 վերելակ նորով փոխարինելու փորձնական ծրագիրը, մյուս տարի ակնկալում ենք առնվազն 100 վերելակի փոխարինում։ Փորձնական ծրագրի նպատակներից մեկը՝ հնարավոր քողարկված խնդիրների վերհանումն է, որպեսզի հաջորդ տարի, երբ մեկնարկի հիմնական ծրագիրը, մենք չբախվենք չնախատեսված արգելքների հետ։ Բացի դրանից, զգալի ավելացրել ենք գործող վերելակների վերանորոգման ու սպասարկման ծախսերը։ Քաղաքում փոխարինման ենթակա շուրջ 3500 վերելակ կա։ Սա ահռելի թիվ է ու լրջագույն մարտահրավեր մեր քաղաքի համար, բայց վստահ ենք, որ երեւանցիների ակտիվ մասնակցությամբ կկարողանանք այս հարցին լուծում տալ մոտակա տարիներին։
–Այս տարի ներդրվել է մանկապարտեզների եւ դպրոցների գրանցման օնլայն հարթակ։ Ի՞նչ արձագանքներ կան, ինչպիսի՞ արդյունք է տվել այս հարթակների ստեղծումը։
–«Մանկապարտեզ» կառավարման համակարգի մաս հանդիսացող «mankapartez.yerevan.am» կայքը բացվել է 2019 թվականի փետրվարին։ Դրանով ներդրել ենք Երեւանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող մանկապարտեզների մասին համապարփակ տեղեկություն տրամադրելու, հերթագրման ցանկերը հրապարակելու, երեխայի հերթին հետեւելու եւ քաղաքացիներին առցանց հերթագրման հնարավորություն ապահովելու մեխանիզմը։ Դեկտեմբերի 10—ի դրությամբ կայք է այցելել շուրջ 356 հազար մարդ, որպես օգտատեր գրանցվել է 4922—ը, 12.762 քաղաքացի օգտվել է «Հետեւել հերթին» ծառայությունից, իսկ ապրիլից գործարկված առցանց հերթագրման միջոցով 1583 երեխա հերթագրվել է մանկապարտեզում։ Կարծում ենք, որ համակարգի ներդրման շնորհիվ անհավասարության պրակտիկայից ենք ազատվել։ Հիմա ցանկացած ոք՝ անկախ նրանից, մանկապարտեզում «ծանոթ» ունի, թե ոչ, գրանցվում է ու սպասում է իր հերթին։
–Մի շարք համայնքային տարածքներ վերադարձվել են համայնքներին։ Նախկինում մանկապարտեզներից օտարված 6500 քմ տարածք վերադարձվել է, ինչի շնորհիվ շուրջ 1000—ով ավելի երեխա հնարավորություն ունի հաճախելու մանկապարտեզ։ Այդ ծրագիրը շարունակվելո՞ւ է։ Օրինակ, նման լուծում ստացավ «Սեբաստիա» մանկապարտեզ—դպրոց» կրթահամալիրի շենքի հարցը, որոշվեց, որ Ալեքսանյանների ընտանիքը այն կվերադարձնի համայնքին, ի՞նչ փուլում է գործընթացը։
–Նախադպրոցական ուսումնական հաստատությունների աշխատանքները համակարգվում են վարչական շրջանների կողմից։ Քաղաքապետի անունից մայրաքաղաքի շրջանների ղեկավարները լիազորվել են իրենց տարածքներում գտնվող Երեւան համայնքի սեփականություն հանդիսացող մանկապարտեզների զբաղեցրած տարածքներն ազատելու նպատակով օգտագործողներին ծանուցելու, որ նրանք պետք է հրաժարվեն վարձակալության պայմանագրերից՝ օրենսդրությամբ նախատեսված պայմաններով։ Այստեղ եւս ունենք շարունակական գործընթաց, հանձնարարել եմ պարբերաբար ներկայացնել տեղեկատվություն նշված լիազորագրի շրջանակներում կատարված աշխատանքների մասով։ Ինչ վերաբերում է Ալեքսանյանների ընտանիքին տարիներ առաջ տրված մանկապարտեզին, ապա դրա անհատույց օգտագործման պայմանագրի գործողությունը դադարեցված է, այսինքն, համայնքը վերադարձրել է մանկապարտեզը։
–Նախկին Երիտասարդության պալատի տեղում կառուցվելիք շենքի հարցը պարբերաբար դառնում է հասարակության քննարկման թոփ թեմաներից, մանավանդ երբ տարբեր նախաձեռնություններով ինչ—ինչ նախագծեր են հրապարակ բերվում։ Ի՞նչ է ի վերջո կառուցվելու այդտեղ եւ ե՞րբ։
–Երեւան քաղաքում անավարտ, չիրացված, փաստացի չօգտագործվող, անբարեկարգ եւ նմանատիպ անշարժ գույքի պատշաճ օգտագործումը ապահովելու նպատակով, ընդհուպ՝ նշված գույքերի մասով հանրային գերակա շահ ճանաչելու եւ ներդրումային այլ ծրագրերում օգտագործելու գործընթացի իրականացման շրջանակներում հանդիպումներ են ընթացել Երեւան քաղաքի գլխավոր ճարտարապետի մոտ կառուցապատող «Ավանգարդ Մոթորս» ՍՊԸ—ի ղեկավարի հետ։ Քննարկվել են, մասնավորապես, նախկին Երիտասարդության պալատի տեղում հետագա կառուցապատման ծրագրին նոր շունչ հաղորդելու հարցն ու հետագա քայլերը։ Ընդհանրապես, մենք շահագրգռված ենք, որ հատկապես քաղաքի կենտրոնում տարիներ շարունակ կիսատ մնացած նախագծերը հնարավորինս արագ ավարտին հասնեն։ Այնուհանդերձ, մենք ձգտում ենք արդեն գոյություն ունեցող ծրագրերը հնարավորինս բերել մեր պատկերացումների դաշտ։ Փորձում ենք վնաս չտալ կառուցապատողին՝ ամեն դեպքում ընտրում ենք քաղաքի համար օպտիմալ տարբերակը։ Արձանագրեմ նաեւ կարեւոր մի փաստ՝ մենք արդեն փաստացի կասեցրել ենք Երեւանի Փոքր կենտրոնում բարձրահարկ շինարարության թույլտվություն տալու պրակտիկան։ Քաղաքը պետք է զարգանա նաեւ թաղամասերում, այն պետք է ոչ միայն «բարձրանա», այլեւ «լայնանա»՝ ընդարձակվի։
–Ձեր հայտարարած հավակնոտ ծրագրերից մեկն էլ Նոր Նորքը Կենտրոնին կապող ճոպանուղու կառուցումն էր։ Այդ հարցով ներդրող ներգրավելու շուրջ բանակցություններ տարվո՞ւմ են։ Կա՞ արդյոք նախագիծ, ինչ ժամկետներում է պլանավորվում դրա կառուցումը։
–Նորքի զանգվածը քաղաքի կենտրոնի հետ կապող տրանսպորտային միջոցի ստեղծման նպատակով մեր մասնագետները՝ գլխավոր ճարտարապետի հետ միասին, ուսումնասիրել են ավստրիական «Դոպելմայեր» ընկերության կողմից կազմված նախնական հաշվարկները։ Ակնկալվում է, որ ֆինանսավորման աղբյուր կարող է լինել պետական երաշխիքով վարկի ներգրավումը։ Այս ուղղությամբ տարվա ընթացքում քննարկումներ ենք ունեցել ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունում։ Ներկայումս ակտիվ բանակցություններ են ընթանում «Դոպելմայեր» ընկերության հետ։ Կառուցման ժամկետները որոշակի կդառնան վերոհիշյալ աշխատանքների արդյունքներից կախված։
Հարցազրույցը՝
Լիլիթ ԴԵՄՈՒՐՅԱՆԻ

24-12-2019





03-06-2020
Բնակարանների շուկայական արժեքի եւ գույքահարկի հավասարակշռումն անհրաժեշտ է
Օրերս կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է 2021 ...


03-06-2020
ԱԺ-ի դերը սահմանադրական փոփոխությունների հարցում
Ինչ խնդիրներ կան խորհրդարանական կառավարման համակարգի կայացման ճանապարհին



03-06-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 515, մահվան 12 նոր դեպք
Հայաստանում հունիսի 3-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային ...


03-06-2020
Մայրությունը չի կարող լինել առօրյա
«Եւ մոռցաք այն մխիթարութիւնն որ ձեզ հետ ինչպէս որդիների ...


03-06-2020
Դիմակ կրելն անհրաժեշտ է, բարեկամնե՛ր
Մի քիչ մարդասեր ու կարգապահ լինելը մեզ չի ...


03-06-2020
Որտե՞ղ է ընկել արտասովոր երկնաքարը
Պարզաբանում է Բյուրականի աստղադիտարանի տնօրենը

«Առհասարակ, եթե ...


03-06-2020
Մտքում՝ Աստված, ձեռքին՝ գրիչ
Հայ անվանի գրող Պերճ Պռոշյանի ծննդյան օրվա առթիվ

Սիրում ...



03-06-2020
Միջնադարյան խազերի վերծանման թեման այսօր էլ է օրակարգում
Հայ երաժշտական մտածողության հիմնական ...

03-06-2020
Ուխտագնացություն Բերդաձոր
Մայիսի 30-ին Քաշաթաղի շրջանի մի խումբ ...

03-06-2020
Լիբիայում հակամարտությունները նոր փուլ են մտնում
Լիբիայում շարունակվում են հակամարտությունները, ...

03-06-2020
Լեւոն Արոնյանի հերթական մեկնարկը
Լեւոն Արոնյանը պատրաստվում է մասնակցել շախմատի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +12... +14
ցերեկը +26... +28

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO