Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

18.01.2020
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ


«Լրատվամիջոցների գործունեությունը մեզ օգնում է, որպեսզի որպես կառավարություն առավել թափանցիկ լինենք հանրության առաջ»

Վարչապետը տարեմուտի ընդունելության է հրավիրել ԶԼՄ ներկայացուցիչներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ գալիք Ամանորի եւ Սուրբ Ծնունդի կապակցությամբ ընդունելության է հրավիրել զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին։ Վարչապետը շնորհավորել է ԶԼՄ—ների ներկայացուցիչներին գալիք տոների առթիվ, մաղթել առողջություն, երջանկություն եւ հաջողություններ։
Վարչապետ Փաշինյանը շնորհավորական խոսքում նշել է. «Բարեւ ձեզ, հարգելի գործընկերներ։
Ուրախ եմ ձեզ տեսնելու համար եւ ուզում եմ նախապես շնորհավորել բոլորիդ Ամանորը եւ Սուրբ Ծնունդը, ձեր, ձեր ընտանիքների, այն աշխատանքային կոլեկտիվների, լրատվամիջոցների, որոնց դուք ներկայացնում եք։
2018 թվականին տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունից հետո մի քանի անգամ առիթ ունեցել եմ հայտարարելու, որ Հայաստանի Հանրապետությունում մամուլը հեղափոխությունից հետո ազատ է առավել, քան երբեւէ։ Իհարկե, դրանից հետո եղել են դեպքեր, երբ կասկածի տակ են դրվել այդ հայտարարությունը եւ պնդումը։ Եվ դրանից հետո այսպիսի մի պրակտիկա է ներդրվել Վլադիմիր Կարապետյանի նախաձեռնությամբ. երբ մենք օտարերկրյա այցերից վերադառնում ենք, վերադարձի ճանապարհին անպայման հրավիրում ենք պատվիրակությանն ուղեկցող լրագրողներին, ես միշտ այդ խոսակցությունն սկսում եմ հարցով՝ ես հետաքրքրվում եմ, թե արդյոք լրագրողների եւ լրատվամիջոցների ազատությունը Հայաստանի Հանրապետությունում որեւէ կերպ սահմանափակվո՞ւմ է։ Ուրախ եմ արձանագրել, որ դեռեւս իմ այն նախնական հայտարարությանը հակասող տեղեկատվություն չեմ ստացել։ Իհարկե, կան որոշակի խնդիրներ, եւ շատ է բարձրացվում այն հարցը, որ սոցիալական ցանցերում, այսպես ասած, ատելության խոսքի զոհ են դառնում լրատվամիջոցները եւ լրագրողները, ինչը, իհարկե, լուրջ խնդիր է։ Բայց ես ուզում եմ ասել, որ այս առումով կառավարությունը եւ անձամբ ես գտնվում ենք ճշգրիտ նույն իրավիճակում, ինչ լրատվամիջոցները։ Եվ, իհարկե, համաձայն եմ եւ պատրաստ եմ եւ հրավիրում եմ, որ մենք համատեղ զբաղվենք այդ հարցով։
Երկրորդ՝ լրատվամիջոցների դեմ տեղի ունեցող հարձակումներ կամ լրատվամիջոցների գործունեությունը խոչընդոտող դեպքեր։ Ցավոք, նաեւ այդպիսի դեպքեր են արձանագրվել, ընթանում է հետաքննություն, քննություն, եւ ես համոզված եմ, որ բոլոր դեպքերը պատշաճ կքննվեն։ Կարող եմ ընդամենը մի բան ասել՝ հնչում են կարծիքներ, որ գուցե թե այդպիսի հարձակումները կամ այդպիսի երեւույթներն ուղղորդվում են, առավել եւս՝ կազմակերպվում իշխանությունների կողմից։ Ես կարող եմ ասել, որ այդպիսի բան ուղղակի չի կարող լինել, եւ բացառվում է Հայաստանի Հանրապետությունում այդպիսի որեւէ դրսեւորում։ Ուղղակի չի կարող լինել ի բնե, եկեք արձանագրենք։ Ինչ վերաբերում է լրատվամիջոցների եւ կառավարության հարաբերություններին, անկեղծ ասած, լրատվամիջոցները բազմաթիվ պրոբլեմներ են ստեղծում կառավարության համար, բայց վերջնական արդյունքում, այդ թվում, թող ներվի ինձ ասել, կեղծ լուրերի տեսքով, շատ գոհ եմ այդ պրոցեսից։ Ինչո՞ւ, որովհետեւ երբեմն այդ լուրերը հնարավորություն են ստեղծում կառավարության ներկայացուցիչների, իշխանության ներկայացուցիչների համար՝ խոսել հարցերի մասին, որոնք սովորական պայմաններում նույնիսկ խոսելու պատեհություն չէր լինի։
Հաջորդը՝ դա, ի վերջո, օգնում է, որպեսզի մենք հասնենք մեր հռչակած նպատակներից կարեւորագույնին կամ կարեւորներից մեկին՝ հասնել կառավարության գործունեության 100 տոկոսանոց թափանցիկության։ Եվ ես ուզում եմ ձեզ անկեղծ ասել՝ հանկարծ չմտածեք, թե կառավարության գործունեությունը 100 տոկոսով թափանցիկ է նույնիսկ վարչապետի համար, որովհետեւ ոչ թե անձից կախված, այլ պետք է արձանագրենք, որ որեւէ անձ չի կարող այդքան ինֆորմացիայի տիրապետել։ Չնայած այդ ամբողջ ինֆորմացիան ցանկացած պահի օրվա մեջ 24 ժամ հասանելի է լինում վարչապետին, բայց դա չի նշանակում, որ ով էլ լինի, այդ ամբողջ ինֆորմացիային կարող է տիրապետել։ Եվ, հետեւաբար, լրատվամիջոցների գործունեությունը մեզ օգնում է, որպեսզի որպես կառավարություն առավել թափանցիկ լինենք հանրության առաջ։
Եվ երրորդը՝ ուզում եմ արձանագրել, որ լրատվամիջոցների գործունեությունն օգնում է, որ կառավարությունը, կառավարության բոլոր անդամները լինեն առավել պրոֆեսիոնալ, առավել կարող, առավել պատասխանատու եւ հաշվետվողական իրենց գործունեության մեջ։ Ես ուզում եմ ընդգծել, որ իր բոլոր հայտնի եւ անհայտ թերություններով եւ բարդություններով հանդերձ՝ ես շատ կարեւոր եմ համարում այն գործունեությունը, որն այսօր Հայաստանի Հանրապետությունում իրականացնում են լրատվամիջոցները։ Ես համարում եմ դա օգտակար առաջին հերթին կառավարության համար, հանրության համար, որովհետեւ եթե մենք ազնիվ ենք, եթե մենք սկզբունքային ենք, եթե մենք հավատարիմ ենք ժողովրդի առաջ մեր ստանձնած պարտավորություններին, որեւէ լուր, ի վերջո, չի կարող մեզ վնասել։ Իսկ եթե որեւէ լուր այս համատեքստում կարող է մեզ վնասել, դա առաջին հերթին մեր պրոբլեմն է, մեր թերությունն է, որի համար մենք, իհարկե, պետք է պատասխան տանք հանրության առաջ առաջին հերթին։ Ես ուզում եմ այս առումով շնորհակալություն հայտնել բոլոր լրատվամիջոցներին, որոնք աշխատում են եւ իրականացնում են հանրային վերահսկողություն կառավարության եւ ընդհանրապես իշխանության գործունեության նկատմամբ։ Այդ քննադատությունները մեզ օգնում են, որ մենք լինենք առավել հղկված, առավել ճշգրիտ, առավել արդյունավետ։ Այս մեկուկես տարվա արդյունքներով ես կարող եմ ասել, որ անձամբ ես էլ զգում եմ այդ դրական ազդեցությունը հենց կոնկրետ իմ գործունեության մեջ եւ ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ այդ գործունեության համար։ Բայց նաեւ չեմ ուզում տպավորություն ստացվի, որես մտածում եմ, թե ամեն ինչ պետք է թողնել հենց այնպես, ինչպես կա, որովհետեւ երբ մենք կարեւորում ենք իշխանության թափանցիկությունը եւ այդ թափանցիկությունն ապահովող գործոնը, գործիքը զանգվածային լրատվամիջոցներն են, հարց՝ իսկ արդյոք տրամաբանական չէ՞, որ հանրությունը նույն կերպ թափանցիկություն ակնկալի զանգվածային լրատվության միջոցներից։ Սա, կարծում եմ, նույնքան լեգիտիմ ակնկալիք է, որքան կառավարության, իշխանության, բարձրաստիճան պաշտոնյաների թափանցիկության ակնկալիքը։ Ես նաեւ այս հարցով հրավիրում եմ լրատվամիջոցներին համագործակցության եւ լուծումներ փնտրելու ու գտնելու։
Եվ քանի որ, այնուամենայնիվ, ֆորմատն աշխատանքային չէ, այլ տոնական, նախատոնական, այս ամենն ուզում եմ ամփոփել հետեւյալ արձանագրմամբ. ես երկար տարիներ եղել եմ լրագրող եւ խմբագիր, այսինքն՝ քաղաքական գործունեությամբ զբաղվելուց առաջ ես որեւէ այլ գործունեությամբ չեմ զբաղվել։ Եվ ուզում եմ ասել, որ համարում եմ եւ համոզված եմ, որ չեմ եղել ավելի լավ լրագրող, քան այսօր Հայաաստանի Հանրապետությունում գործող որեւէ լրագրող, չեմ եղել ավելի լավ խմբագիր, քան այսօր Հայաաստանի Հանրապետությունում գործող որեւէ խմբագիր։ Բայց կարող եմ վստահ ասել, որ ժամանակները, որում ես եմ աշխատել լրագրող եւ խմբագիր, կամ՝ ժամանակները, որոնցում դուք եք աշխատում լրագրող կամ խմբագիր, շատ ավելի լավն են, քան այն ժամանակները, որոնցում ես եմ աշխատել լրագրող եւ խմբագիր։ Եվ ես սա ասում եմ ընդամենը արձանագրելու համար, որ, կարծում եմ, արժե օգտվել լավ ժամանակների այս հնարավորությունից՝ մեր բոլորի աշխատանքն ավելի լավը դարձնելու համար։ Որովհետեւ, գիտե՞ք, ժամանակների տարբերությունն ինչումն է՝ իմ կարծիքով՝ Հայաստանում շատ կան մարմիններ, կազմակերպություններ, ես ասել եմ՝ ընդհուպ նախարարություններ, ընդհուպ պաշտոնյաներ, որոնք այսօր աշխատում են այն նույն տրամաբանությամբ, ինչ տրամաբանությամբ աշխատում էին 7 տարի առաջ կամ 3 տարի առաջ։ Եվ այսօր Հայաստանում կան նաեւ լրատվամիջոցներ, որոնք աշխատում են այսօր այնպես, ինչպես 7 կամ 3 կամ 10 տարի առաջվա տրամաբանությամբ։ Ես չեմ ուզում ասել դա լրատվամիջոցների մասով, կառավարության մասով հստակ արտահայտվել եմ, որ շատ վատ եմ համարում եւ չեմ հանդուրժի։ Լրատվամիջոցների առումով չեմ ուզում որեւէ գնահատական տալ, որովհետեւ դա յուրաքանչյուրի ընտրության իրավունքն է։ Բայց ես ուզում եմ մեր բոլորի ուշադրությունը հրավիրել այս փաստի վրա, որ, այնուամենայնիվ, ժամանակը, կարծում եմ, շատ կարեւոր է օգտագործել մեր զանգվածային լրատվության աշխատանքի առավել բարենպաստ միջավայր, առավել բարենպաստ միջավայրն օգտագործել ավելի լավ լրատվական դաշտ, ավելի լավ լրատվամիջոցներ եւ ավելի լավ լրատվական կուլտուրա ունենալու համար։
Հարգելի գործընկերներ, շնորհակալ եմ, որ համբերատար լսեցիք։ Եվս մեկ անգամ թույլ տվեք շնորհավորել ձեր, ձեր լրատվամիջոցների, ձեր ընտանիքների, ձեր ընկերների եւ մերձավորների Ամանորը եւ Սուրբ Ծնունդը եւ ցանկանալ, որ 2020 թվականին Հայաստանի Հանրապետությունում լրատվամիջոցների գործունեության համար լինեն–ասացի ցանկանալ, հետո հասկացա, որ սխալ ձեւակերպեցի–եւ պարտավորվել, որ 2020 թվականին Հայաստանի Հանրապետությունում լրատվամիջոցների գործունեության համար կլինեն շատ ավելի լավ պայմաններ, եւ 2020 թվականին Հայաստանի Հանրապետությունում լրատվամիջոցները կլինեն առավել ազատ, քան երբեւէ եւ նույնիսկ քան 2019 եւ 2018 թվականներին։
Շնորհակալ եմ»։

26-12-2019





17-01-2020
Տուգանքների նոր բալային համակարգը՝ ընդդեմ օրինազանցների
Որոնք են օրենքի կիրառման դրական ու խնդրահարույց կողմերը

Լուսինե ...


17-01-2020
Սպանդանոցային պարտադիր մորթը քաղաքակիրթ տարբերակ է
Սակայն դաշտում առկա խնդիրները դրանից չեն պակասում

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am




17-01-2020
Տարեցները սեղանի թենիս խնդրեցին
Վանաձորի տարեցների տան բնակիչներն օրերս հյուրընկալեցին Լոռու մարզպետ Անդրեյ ...


 
17-01-2020
Խնայված միջոցներով եւ նվիրատվություններով
Նորություններ կան նաեւ մարզի առողջապահական այլ հիմնարկներում։ «Ալավերդու ...


 
17-01-2020
Վճարովի ծառայությունների ավելացման շնորհիվ
2018 թ. հուլիսի 1-ից, այնուհետեւ 2019 թ. հունվարի ...


17-01-2020
Մեծանում է վստահությունը
«Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի հանրույթն այսօր գործում է ...



17-01-2020
«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Բացառիկ թողարկում՝ Հովհաննես Չեքիջյանի պատվավոր խմբագրությամբ
««Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի ...

17-01-2020
Ձիթապտուղ կարտահանենք ԵԱՏՄ եւ երրորդ երկրներ
Ընկերությունը հարկային արտոնություն ...

17-01-2020
Այլընտրանքային մանկապարտեզ, որտեղ շեշտը դրված է միայն կրթության վրա
ՅՈՒՆԻՍԵՖ-ի հաջողված փորձը

Լիանա ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +1... +3
ցերեկը +7... +9

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO