Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

17.01.2020
ԼՂՀ


Միջնադարյան ամրոցները՝ Որոտանի ավազանում

Տարածքի բոլոր պատմական հուշարձաններն այսօր լուրջ ուսումնասիրման եւ պահպանման կարիք ունեն

Սա Հայաստան է, եւ վերջ...
Լեոնիդ Ազգալդյան


Քաշաթաղի այսօրվա շրջանը, որն իր մեջ է առել պատմական Մեծ Հայքի Սյունիք եւ Արցախ նահանգների մի քանի գավառներ, հարուստ է պատմամշակութային հուշարձաններով։ Արդեն հայտնի բազում հուշարձաններին օրեցօր ավելանում են նորերը։ Ընդհանրապես, հուշարձանների մեծ մասը հյուսիսային թեւում է՝ նախկին Աղահեջք (հետագայում՝ Քաշաթաղ, Խոժոռաբերդ), Վայկունիք գավառներում։ Իսկ հարավում պատմական հուշարձանները հիմնականում սփռված են Որոտան եւ Ողջի գետերի ավազանում՝ Քաշունիք եւ Կովսական գավառներում։
Ըստ 7—րդ դարի «Աշխարհացույցի» տվյալների՝ Մեծ Հայքի Սյունիք նահանգի 12 գավառներից մեկը Բաղքն էր։ Միջնադարում գավառը բաժանվում է արեւելյան ու արեւմտյան մասերի եւ հանդես գալիս նոր անուններով։ Արեւելյանը կոչվում է Քաշունիք, իսկ արեւմտյանը՝ Աճեն կամ Աճան։ 13—րդ դարից Քաշունիքը կոչվել է նաեւ Բարկուշատ։ Նույն անունով տարածքում նաեւ բերդ է եղել։ 18—20—րդ դարերում հիշյալ տարածքները հայաթափ եղան՝ ընկնելով մահմեդական ցեղերի տիրապետության տակ, իսկ խորհրդային տարիներին փոխվեցին տեղանունները, Որոտանի ավազանում, Հակարի գետի միջին հոսանքում առաջացավ Ղուբաթլուի շրջանը՝ համանուն կենտրոնով, հարավում՝ հիմնականում Ողջիի ավազանում, Զանգելանի շրջանը՝ համանուն վարչական կենտրոնով։ Որոտանի աջափնյա Երկաթավորք—Դարբնիկ (խորհրդային տարիներին՝ Դամրչիլար) գյուղը Որոտանի աջափնյա Քաշունի (Չայզամի) վտակի վրա է՝ հարթ տարածքում։ Այս գյուղում պահպանվել են մահմեդական 2 դամբարան (ըստ Ղեւոնդ Ալիշանի՝ դրանք 14—15—րդ դարերի են) եւ 17—18—րդ դարերի միաթռիչք քարակերտ կամարակապ կամուրջ, որն ունի 9 մետրից ավելի երկարություն, իսկ լայնությունը 3,10 մետր է։ Ունի արաբատառ արձանագրություն։ Գյուղից արեւմուտք բարձր բլուրներ են, որոնցից մեկի վրա հնամենի բերդ կա։ Աշխարհագրական կորդինատները՝ N. 39 19 02,8 E. 46 34 57.2։ Բարձրությունը՝ ծովի մակերեւույթից 649 մ։ Դիրքը բնակավայրի նկատմամբ՝ 1.6 կմ արեւմուտք, ազիմուտ 274։
Առաջին անգամ այս ամրոց այցելեցի 2013 թ. ամռանը ԱՀ ներկայիս մշակույթի, երիտասարդության հարցերի եւ զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանի եւ նույն նախարարության հուշարձանների պահպանության եւ ուսումնասիրության բաժնի վարիչ Սլավա Սարգսյանի հետ։ Ըստ տեղեկությունների, այս տարածքում է Պահու բերդը։ Որոշում ենք բարձրանալ։ Որոտանի վտակ Քաշունի (Չայ Զամի) գետի ձախ ափով շարժվում ենք առաջ եւ վերջապես հասնում բերդը պահող բարձունքի ստորոտ։ Բարձրանում ենք վեր ու կանգնում բերդի պարիսպների տակ։ Պարզվում է, որ սա ուրիշ բերդ է, որի մասին որեւէ տեղեկություն չունեինք։ Պահու բերդն աշտարակներ ունի, իսկ այստեղ դրանք բացակայում են. եղածներն էլ ցածր են՝ ի տարբերություն Պահու բերդի։ Պարիսպները, որ արեւելյան կողմում են, ունեն 2,5 մետր հաստություն, բարձրությունը տարբեր է, կառուցված են մշակված քարով Լեռնաբազկի ամրոցակալ հատվածը անջատված է հյուսիսային շարունակությունից, պահպանվել է մոտ 250 մետր երկարությամբ, իհարկե, տեղ—տեղ փլված։ 20—25 մ երկարությամբ, ակնհայտորեն ձեռակերտ խանդակով։ Խանդակի լայնությունը 10—15 մ է, խորությունը՝ 6,0 մ։ Վերին եզրագծում ամրոցը ավարտվում է կլորավուն բլուրը ներփակող կիսաշրջան պարսպով, որի արեւմտյան, ձորահայաց եզրով գնացել է ամրոցի երկրորդ՝ հյուսիսային մուտքը։ Ամրոցը ընդգծված միջնաբերդ չունի եւ այս բլրակի գագաթին նկատվող շրջանաձեւ կառույցը կարելի է վերագրել դղյակին։ Դղյակի դիմաց, ներսում, տարածվում է բաց հրապարակ։
Արեւմտյան մասում բարձրաբերձ ժայռեր են, իսկ հարավային մասում բլուրը թեքությամբ իջնում է ցած ու հասնում Քաշունի գետին։ Արեւմտյան ժայռերի մեջ կան մի քանի գաղտնուղիներ, որոնք անցնում են քարանձավների միջով։ Ընդհանուր առմամբ, բուն բերդն ունի 250 մետրից ավելի երկարություն, իսկ միջին լայնությունը կազմում է մոտ 30 մետր։ Մուտքը հարավ—արեւելքից է, ունի 2,5 մետր լայնություն։ Մի կողմում պահպանվել են աշտարակի քանդված պատերը, իսկ մյուս կողմում՝ մի շինության պատեր, մոտ 80 քմ մակերեսով. երեւի պահապանների զորանոցն է եղել։ Նման 10 շինություն տարածքում պահպանվել է՝ տարբեր չափերով, կիսաքանդ։ Բերդը պահող բլուրը պատված է սալաքարերով, ինչպես Մարտակերտի շրջանի Վանքասարը, որի վրա է գտնվում Տիգրանակերտի ամրոցը։ Այս բլուրն էլ է նման Վանքասարին։ Նմանություն կա նաեւ, որ այստեղ էլ, ինչպես Տիգրանակերտում, տեղի սալաքարերն են կտրել ու օգտագործել որպես շինաքար։ Պահպանվել են միջնադարի վարպետների գործիքների հետքերը. տեղ—տեղ կտրված քարերը մնացել են, որոշ քարեր էլ, որոնք ունեն 1 մետրից ավելի երկարություն ու լայնություն, չեն տեղափոխվել։
Չափագրումներ կատարելուց հետո բերդի հարավային մասով իջնում ենք ցած ու հասնում Քաշունի գետին։ Անցնելով գետը՝ բարձրանում ենք վեր ու հայտնվում մի հարթության վրա։ Պարզվում է, որ դամբարանադաշտ է։ Կարելի է ենթադրել, որ շատ վաղուց են այստեղ բնակվել մեր նախնիները, որ տարածքում մեծ բնակավայրեր են եղել, եւ ժողովրդի անվտանգությունն ապահովելու համար բերդեր են կառուցել։ Առայժմ հաստատ հնարավոր չէ ասել, թե ինչ անուն է ունեցել մեր ուսումնասիրած ամրոցը, սակայն ժամանակագիրների աղբյուրները ուսումնասիրելով՝ կարելի է ճշտել։ Հնագետ Գագիկ Սարգսյանի հետ նույն ամրոցում եղանք՝ դրոնով նկարահանումներ կատարելու նպատակով։ Այս անգամ ամրոց բարձրացանք արեւմտյան կողմից, որ կողմով էլ ժամանակին անցել է հիմնական ճանապարհը։ Հնագետը նշեց՝ հուշարձանում վերգետնյա խեցեղեն գրեթե չի հանդիպում, բայց դատելով շինարարական տեխնիկայից՝ կարելի է ընդունել, որ ամրոցը կառուցվել ու գոյատեւել է զարգացած միջնադարում՝ 9—14—րդ դդ.։ Հնարավոր է՝ եղել է Քաշունիի բերդը։
Այստեղից ուղիղ գծով մոտ 1 կմ արեւմուտք է գտնվում միջնադարյան մեկ այլ ամրոց՝ Պահու բերդը՝ բազմած Երկաթավորք գյուղից 2.6 կմ արեւմուտք, Որոտան ավանից 3.0 կմ հվ, ազիմուտ 190, նախկին Ներքին Խոջա Միսակ գյուղի արեւելյան կողմում բարձրացող լերկ բլրի գագաթին։ Քաշունի գետի ձախ ափին բարձրացող ժայռոտ բլուրը հատակագծում ձվաձեւ է՝ 130 մ երկարությամբ եւ 80 մ լայնությամբ ու շուրջ 80 մ բարձրությունից իշխում է շրջապատի վրա։ Լեռը երեք կողմից եզերվում է ուղղահայաց, գրեթե անմատչելի ժայռածերպերով, իսկ հարավից մատչելի է թեքությամբ բարձրացող հարթակով։ Ամրոցի պաշտպանական հիմնական կառույցները կենտրոնացված են հարավային կողմում, որտեղ նաեւ երկու գլխավոր մուտքերն են։ Աշխարհագրական կոորդինատներն են N. 39 19 07,8 E. 46 34 12.9։ Բարձրությունը՝ ծովի մակերեւույթից 710 մ։ Դիրքը բնակավայրի նկատմամբ՝ 2.6 կմ արեւմուտք։
Բերդ—ամրոցի մասին իր «Հայ մշակույթի հուշարձանները Խորհրդային Ադրբեջանին բռնակցված շրջաններում» գրքում (Երեւան 1999թ.) Սամվել Կարապետյանն անդրադարձել է՝ անվանելով Պահու բերդ։ Երկաթավորք գյուղից մեքենայի ճանապարհով հասնում ենք մի ավերակ գյուղ, որտեղ ամռանը Կապանից եկած 2—3 ընտանիք անասուններ են պահում։ Մի տարեց մարդ սիրով ուղեկցում է դեպի ամրոց։ Մեր «Նիվա» մեքենան այժմ բռնում է դեպի ներքեւ իջնող նեղ ու քարքարոտ ուղին։ Հասնում ենք Քաշունի գետին եւ անցնում ծանծաղուտով։ Հնում այստեղ քարակերտ կամուրջ է եղել, որով հայոց զինվորներն անցել ու բարձրացել են դեպի ամրոց։ Պահպանվել են կամրջի հենասյուները։ Գետի մյուս ափին, առաջին հայացքից թվում է, հենց այդպես մեծ—մեծ քարեր կան, սակայն երեւում է, որ այստեղ ավելի վաղ կիկլոպյան ամրոց ու բնակատեղի է եղել։ Առհասարակ, տեղանքն այնպես է, որ միակ հարմար ճանապարհն այստեղով է դարեր առաջ անցել եւ այսօր էլ։ Ոլորապտույտ ճանապարհը մեզ հասցնում է բարձունքին, որտեղ մի մուսուլմանական միջնադարյան դամբարանի ավերակ կա։ Մոտերքում մահմեդական գերեզմանոց է՝ հիմնականում 20—րդ դարի գերեզմանաքարեր են։ Այստեղից հեռու չէ մեր նպատակակետը։
Ըստ Սամվել Կարապետյանի՝ այս ամրոցը Պահու բերդն է, որը, հավանաբար, եղել է ինչ—որ իշխանի դղյակ։ Բերդի մուտքը հարավ—արեւելքից է։ Երկու աշտարակներ այսօր էլ հպարտորեն հսկում են դեպի ամրոց տանող մուտքը, իսկ ավելի ներսում շինություններ են՝ հավանաբար, զորանոցներ, որտեղ հայ զինվորներն են բնակվել եւ պաշտպանել դղյակի ու տարածքի անդորրը։ Այստեղից երեւում է նաեւ մեր նկարագրած առաջին ամրոցի արեւմտյան կողմը, որն ամբողջությամբ ժայռեղեն է, եւ մի քանի արծիվներ են ճախրում երկնքում, ապա իջնում ժայռերին. հավանաբար, այստեղ նրանց բներն են։ Պահու բերդն էլ թեքություն ունի։ Ավելի վերեւում շատ են շինությունները եւ քանդվածների հետքերը, տեղ—տեղ պահպանվել են պատերը։ Հիմնականում բնական ժայռերն են պարիսպների դեր կատարել, սակայն թույլ մասերում պատեր են շարված։ Արեւմտյան կողմում ավելի շատ են մարդու կերտած պատերը։ Բլրի վերեւում՝ հյուսիսային կողմում, մի կլորավուն տարածք է պահպանվել։ Հավանաբար, այս մասում է եղել բերդի տիրոջ պալատը։ Պահպանված պատերն ու դիրքն այդ են հուշում։ Ուղղաձիգ ժայռով ժամանակին գաղտնուղի է եղել՝ պալատի սենյակներից մեկում։ Երեւում են նաեւ գաղտնուղու հետքերը։ Իսկ հարակից տարածքում ավելի ամրացված են պարիսպները։ Այժմ ծառեր են աճել հողով լցված տների տեղում։
Մինչեւ ընկերներս՝ Լեռնիկն ու Սլավան, չափումներ էին կատարում, փորձում եմ ներքեւ իջնել արեւմտյան պատով։ Գտնում եմ հեշտ ճանապարհը։ Երեւում է՝ այստեղով էլ են ժամանակին մուտք ու ելք արել։ Ներքեւում մոտ 10 մետր բարձրությամբ պատ է շարված՝ կիպ լանջի հետ։ Քիչ հեռու եղել է մուտք, որը հսկվել է. կա աշտարակի նման շինություն։ Նույն կողմում է հոսում գետակը, որի ափին հնամենի մի գյուղ կա՝ Հարթեքը (հիշատակվում է 13—րդ դարից)՝ ուղղաձիգ ժայռի տակ։ Հավանաբար, ժամանակին այս գյուղն էլ է պատկանել բերդին, եւ երեւի ժամանակին այստեղից է բերդը ջուր վերցրել, եւ դրա համար է գաղտնի մուտքը։ Պտտվում եմ բերդի 4 կողմով՝ ժայռեր ու պարիսպներ, ծառեր ու մացառներ։ Ժամանակի ընթացքում ժայռաբեկորներ են պոկվել լանջերից ու գլորվել ներքեւ։ Մի պահ պատկերացնում եմ, որ նույն ժայռաբեկորների հետեւում են պատսպարվել բերդը պաշարածները՝ պաշտպանվելով վերեւից արձակված նետերից։ Ոչ միայն այս, այլեւ տարածքի բոլոր պատմական հուշարձաններն այսօր լուրջ ուսումնասիրման եւ պահպանման կարիք ունեն։ Միայն կատարվող պեղումները եւ սրտացավ ուսումնասիրությունը կտան յուրաքանչյուր հնավայրի մասին ճշգրիտ տեղեկություններ։
Վերջացնելով մեր առաքելությունը՝ ցած ենք իջնում դեպի Կուբաթլու քաղաք, այստեղից էլ շարունակում ենք առաջանալ Որոտանի աջափնյա ճանապարհով դեպի Կապան—Գորիս մայրուղի։ Այս մասում է մեր պատմական ճարտարապետական կոթողներից մեկը՝ Լալազարի կամուրջը։
Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ

28-12-2019





17-01-2020
Տուգանքների նոր բալային համակարգը՝ ընդդեմ օրինազանցների
Որոնք են օրենքի կիրառման դրական ու խնդրահարույց կողմերը

Լուսինե ...


17-01-2020
Սպանդանոցային պարտադիր մորթը քաղաքակիրթ տարբերակ է
Սակայն դաշտում առկա խնդիրները դրանից չեն պակասում

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am




17-01-2020
Տարեցները սեղանի թենիս խնդրեցին
Վանաձորի տարեցների տան բնակիչներն օրերս հյուրընկալեցին Լոռու մարզպետ Անդրեյ ...


 
17-01-2020
Խնայված միջոցներով եւ նվիրատվություններով
Նորություններ կան նաեւ մարզի առողջապահական այլ հիմնարկներում։ «Ալավերդու ...


 
17-01-2020
Վճարովի ծառայությունների ավելացման շնորհիվ
2018 թ. հուլիսի 1-ից, այնուհետեւ 2019 թ. հունվարի ...


17-01-2020
Մեծանում է վստահությունը
«Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի հանրույթն այսօր գործում է ...



17-01-2020
«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Բացառիկ թողարկում՝ Հովհաննես Չեքիջյանի պատվավոր խմբագրությամբ
««Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի ...

17-01-2020
Ձիթապտուղ կարտահանենք ԵԱՏՄ եւ երրորդ երկրներ
Ընկերությունը հարկային արտոնություն ...

17-01-2020
Այլընտրանքային մանկապարտեզ, որտեղ շեշտը դրված է միայն կրթության վրա
ՅՈՒՆԻՍԵՖ-ի հաջողված փորձը

Լիանա ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +1... +3
ցերեկը +7... +9

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO