Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

17.01.2020
ԶԱՆԱԶԱՆ


Մրցաշրջան-2019

Հաղթանակների եւ սկանդալների տարի

Նախաօլիմպիական 2019 թվականը հայկական սպորտում առանց չափազանցության իրադարձություններով ամենահագեցածն էր մեր երկրի անկախության շրջանում։ Անցած 12 ամիսներին ականատես եղանք սպորտում հնարավոր ամեն ինչի՝ սկսած աշխարհի ռեկորդից եւ բերկրալի հաղթանակներից, վերջացրած սկանդալներով, պաշտոնանկություններով, հնչեղ ձերբակալություններով եւ, իհարկե, խոշոր ձախողումներով։ Երփներանգ այդ խճանկարից էլ առանձնացրեցինք անցնող մրցաշրջանի, մեր կարծիքով, ամենահիշարժան դրվագները։
Աննախադեպ նվաճում եվրոպական խաղերում

Հունիսի 21-30-ը Բելառուսի մայրաքաղաք Մինսկում տեղի ունեցած եվրոպական երկրորդ խաղերում հայ մարզիկները հասան պատմական հաջողության։ Առաջին անգամ միջազգային խոշոր համալիր մրցումներում մեր երկրի հաշվին գրանցվեց միանգամից 11 մեդալ, որից 5-ը՝ ոսկե։ Համաեվրոպական մրցումներն ընդգրկվածությամբ, իհարկե, զիջում են օլիմպիական խաղերին, բայց բովանդակային առումով համադրելի միջոցառումներ են։ Ըստ այդմ՝ մինչ այդ մեզ համար ամենաարդյունավետը եղել եւ կարգավիճակի առումով մնում են 1992 թվականի՝ Բարսելոնի օլիմպիական խաղերը, որոնցում Հայաստանից մեկնած մարզիկները նվաճել էին 3 ոսկե եւ 1 արծաթե մեդալ։
Մինսկից հաղթանակով վերադարձան հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը, մարմնամարզիկ Արթուր Դավթյանը, բռնցքամարտիկներ Արթուր Հովհաննիսյանը եւ Հովհաննես Բաչկովը, սամբիստ Տիգրան Կիրակոսյանը։ Արծաթե մրցանակների արժանացան Կարապետ Չալյանը (հունահռոմեական ոճի ըմբշամարտ), Վահագն Դավթյանը (մարմնամարզություն) եւ Դավիթ Գրիգորյանը (սամբո), իսկ բրոնզե մեդալակիրներ են սամբիստ Արսեն Ղազարյանը, բռնցքամարտիկներ Գոռ Ներսիսյանը եւ Կարեն Տոնականյանը։ Այդ արդյունքը մեր մարզիկների համար նշաձող է լինելու 2020 թվականի օլիմպիական խաղերում, որի ծրագրում, ճիշտ է, սամբոն ընդգրկված չէ, բայց փոխարենը ներառված է ծանրամարտը։

Ռեկորդային ցուցանիշ ծանրամարտում

Այս տարի հայ ծանրորդները 118 մեդալ են նվաճել տարիքային տարբեր խմբերի աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում եւ միջազգային մրցաշարերում, ինչը նախադեպը չունեցող արդյունք է։ Հաշվարկը կատարել է մարզաձեւի հանրապետական ֆեդերացիայի գլխավոր քարտուղար եւ տղամարդկանց ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը, իսկ նա բծախնդիր է նման հարցերում։ Այդ մրցանակներից 9—ը մեր մարզիկները նվաճել են Եվրոպայի, 12—ը՝ աշխարհի առաջնությունում։ Տարին արգասաբեր էր հատկապես Հակոբ Մկրտչյանի եւ Սիմոն Մարտիրոսյանի համար, որոնք երկու ստուգատեսում էլ չեմպիոն դարձան։ Իսկ Ռուբեն Ալեքսանյանը, գրավելով 3—րդ տեղը, առաջին անգամ դարձավ աշխարհի առաջնության մրցանակակիր։ Առանձին հիշատակման է արժանի Սիմոն Մարտիրոսյանը, որը երկրորդ տարին անընդմեջ դարձավ աշխարհի չեմպիոն եւ ռեկորդակիր։ Ճիշտ է՝ հրում վարժությունում եւ երկամարտի գումարով ավելի ցածր արդյունք գրանցեց, քան անցյալ տարի։ Իսկ օրեր առաջ Փ. Ալավերդյանը հայտարարեց, որ 2016 թվականի օլիմպիական խաղերում Սիմոնի նվաճած արծաթե մեդալը կփոխարինվի ոսկե պարգեւով, քանզի միջազգային ֆեդերացիայից իր ստացած տեղեկություններով՝ այդ օլիմպիադայի հաղթող ուզբեկ Ռուսլան Նուրուդինովը որակազրկվել է դոպինգ օգտագործելու մեղադրանքով։ Միջազգային ֆեդերացիան այդ մասին պաշտոնական հաղորդագրություն դեռ չի տարածել, իսկ այս տարվա մայիսին հրապարակված տեղեկանքում նշվում է, որ Նուրուդինովը դոպինգ է օգտագործել 2012 թվականի օլիմպիադայում։

Արթուր Ալեքսանյանի չնվաճած բարձունքը

Հայաստանում հենակետային մարզաձեւեր համարվող ըմբշամարտի երկու ձեւից հուսադրող պատկեր է միայն հունահռոմեականում։ Դրանում էլ ամենամեծ ակնկալիքները Արթուր Ալեքսանյանից են, որն այս տարի կարող էր դառնալ աշխարհի քառակի չեմպիոն հռչակված մեր առաջին ըմբիշը։
Համաշխարհային ստուգատեսում գյումրեցին սահուն հասավ եզրափակիչ, սակայն նախորդիվ ստացած վնասվածքի պատճառով այդպես էլ չկարողացավ մասնակցել վճռական գոտեմարտին եւ բավարարվեց արծաթե մեդալով։ Ինչեւէ, մեծ սպորտում Արթուրն ունի գրեթե բոլոր տիտղոսները եւ պատրաստվում է հաջորդ տարի կրկնել օլիմպիական նվաճումը։ Այս տարի մեր հունահռոմեացիները մեծահասակների մրցումներում նվաճել են նաեւ Եվրոպայի առաջնության 2 բրոնզե, Եվրոպական խաղերի՝ արծաթե եւ աշխարհի առաջնության բրոնզե մեդալ։ Իսկ ազատ ոճի ըմբշամարտի ազատ անկումը շարունակվում է։ 2019 թվականի միակ նշանակալի նվաճումը Արսեն Հարությունյանի՝ Եվրոպայի չեմպիոն դառնալն է ու Վազգեն Թեւանյանի հաղթանակը մինչեւ 23 տարեկանների եվրոպական ստուգատեսում։

Ֆուտբոլ. ստվերներն անհետանում են կեսօրին

Ընթացիկ մրցաշրջանը կարող էր դրական իմաստով հիշարժաններից մեկը դառնալ հայկական ֆուտբոլում, բայց կհիշվի բացասական հույզերով։ Ամռանը «Արարատ Արմենիա» ակումբը, հասնելով Եվրոպայի լիգայի փլեյ օֆ փուլ, միայն հետխաղային 11 մետրանոցների հարվածաշարում մրցաշարի խմբային փուլում հանդես գալու իրավունքը զիջեց Լյուքսեմբուրգի «Դյուդելանժին»։ Իսկ Հայաստանի ազգային հավաքականը մինչեւ հոկտեմբերի 12—ը պահպանում էր Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլին առաջին անգամ մասնակցելու իրական հնարավորությունը, սակայն որոշիչ պահին մեր ընտրանին տարօրինակ ձեւով կերպարանափոխվեց եւ վերջին 4 խաղում վաստակելով ընդամենը 1 միավոր՝ ելույթներն ավարտեց ենթախմբի նախավերջին հորիզոնականում։
Այդ ամենի գագաթնակետը դարձավ իտալացիներից կրած 1։9 հաշվով պարտությունը, որն ամենախոշոր անհաջողությունն էր Հայաստանի հավաքականի պատմությունում։ Այդ պահին հավաքականն արդեն գլխավորում էր Աբրահամ Խաշմանյանը, որը փոխարինել էր ֆինների հետ պարտությունից հետո հոկտեմբերի վերջին հրաժարական տված Արմեն Գյուլբուդաղյանցին։

Հնչեղ պաշտոնաթողություններ

Ժամանակագրական առումով այդ շարքում առաջինը Լեւոն Ջուլֆալակյանի հրաժարականն է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից, որը նա զբաղեցնում էր ուղիղ 20 տարի։ Կատարվածը մարզչի եւ հավաքականի որոշ անդամների միջեւ անհաղթահարելի տարաձայնությունների արդյունք էր, որը ծագել էր աշխարհի առաջնության մասնակիցների կազմի ընտրության հարցի շուրջ։
Այժմ հավաքականը ժամանակավոր պաշտոնակատարի կարգավիճակով գլխավորում է Էդուարդ Սահակյանը։ Իսկ Ջուլֆալակյանը ղեկավարում է Երեւանի քաղաքապետարանի սպորտի բաժինը։
Դրանից երեք ամիս անց՝ նոյեմբերի 21—ին, ՀՖՖ նախագահի պաշտոնից հեռանալու մասին հայտարարեց Արթուր Վանեցյանը։
Դա հանգուցալուծումն էր 1։9—ից հետո հայրենի ֆուտբոլում առաջացած վստահության ճգնաժամի։ Դեկտեմբերի 23—ին ՀՖՖ արտահերթ ժողովի ընթացքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքներով կազմակերպությունը գլխավորեց Արմեն Մելիքբեկյանը, ընտրվեց նաեւ գործկոմի նոր կազմ։
Դեկտեմբերի 4—ին հայտնի դարձավ կոռուպցիոն մեղադրանքներով ԿԳՄՍ նախարարության սպորտի գծով փոխնախարար Գեւորգ Լոռեցյանի կալանավորման, հետագայում նաեւ ձերբակալության մասին։ Իսկ երկու օր առաջ երկրի վարչապետի հրամանագրով նա ազատվեց զբաղեցրած պաշտոնից։
Ըստ մեղադրանքի՝ Լոռեցյանը նախարարության ենթակա հաստատությունների կարիքների համար մարզագույք եւ հանդերձանք ձեռք բերելու համար հայտարարված մրցույթներում աջակցել է տնտեսավարողներից մեկին՝ «Լոկոմոտիվ» ֆուտբոլային ակումբի նախագահին, որը նույնպես ձերբակալված է։ Ի դեպ, մայիսին Լոռեցյանի անունն առնչվում էր Հայաստանի թաեքվոնդոյի ֆեդերացիայի նախագահի ընտրություններում սկանդալային միջամտության հետ։
Հրայր ՆԱԶԱՐՅԱՆ

28-12-2019





17-01-2020
Տուգանքների նոր բալային համակարգը՝ ընդդեմ օրինազանցների
Որոնք են օրենքի կիրառման դրական ու խնդրահարույց կողմերը

Լուսինե ...


17-01-2020
Սպանդանոցային պարտադիր մորթը քաղաքակիրթ տարբերակ է
Սակայն դաշտում առկա խնդիրները դրանից չեն պակասում

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am




17-01-2020
Տարեցները սեղանի թենիս խնդրեցին
Վանաձորի տարեցների տան բնակիչներն օրերս հյուրընկալեցին Լոռու մարզպետ Անդրեյ ...


 
17-01-2020
Խնայված միջոցներով եւ նվիրատվություններով
Նորություններ կան նաեւ մարզի առողջապահական այլ հիմնարկներում։ «Ալավերդու ...


 
17-01-2020
Վճարովի ծառայությունների ավելացման շնորհիվ
2018 թ. հուլիսի 1-ից, այնուհետեւ 2019 թ. հունվարի ...


17-01-2020
Մեծանում է վստահությունը
«Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի հանրույթն այսօր գործում է ...



17-01-2020
«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Բացառիկ թողարկում՝ Հովհաննես Չեքիջյանի պատվավոր խմբագրությամբ
««Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի ...

17-01-2020
Ձիթապտուղ կարտահանենք ԵԱՏՄ եւ երրորդ երկրներ
Ընկերությունը հարկային արտոնություն ...

17-01-2020
Այլընտրանքային մանկապարտեզ, որտեղ շեշտը դրված է միայն կրթության վրա
ՅՈՒՆԻՍԵՖ-ի հաջողված փորձը

Լիանա ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +1... +3
ցերեկը +7... +9

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO