Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

21.01.2020
ՄՇԱԿՈՒՅԹ


Ինչքան հեռանում, այնքան քաղցրանում է, ինչպես քո հայրենիքը

Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am


Նորայր Գրիգորյանը գրականություն եկավ 80-ականների վերջերին («Մեղրագետ», 1989), երբ «ցուրտ ու մութ տարիներին… բայց «միմյանց սիրելու ոսկյա բալասանով» հաղթահարում էինք օրեր, ամիսներ, տարիներ. այդժամ մեր բոլոր ռադիոկայանները հատուկ ժամեր որդեգրեցին, դրանք երաժշտական ժամեր էին, որ կոչվում էին «Նոստալջի». մխիթարական, հոգեպարար մեղեդիներով»,–գրում է «Խազեր տերեւի վրա» բանաստեղծությունների ժողովածուի գրախոսը։ Առաջին ժողովածուներում թեմայով եւ մոտիվներով Գրիգորյանը չի գնում տրորված ճանապարհով մշակույթը. ստեղծում են քչերը, ովքեր ընդունակ են գնալ «հոսանքին հակառակ» («Ձուկ էի՝ հոսանքին հակառակ լողացող») չէր հավատում «զանգվածներին»՝ ախտահարված «միջակության նողկալի ոգով», եւ զայրույթով մերկացնում էր զանգված—մշակույթն ու նրա հետեւորդներին։ Զանգվածային կարող է լինել սոսկ հակամշակույթը, եւ պոեզիան այսօր պլեբեյի ձեռքն է ընկել։ Օսիպ Մանդելշտամի արտահայտությամբ՝ բանաստեղծը տերտերի եւ թութակի իդեալական խառնուրդ է։
Առանձին անհատական տարբերություններով՝ Նորայր Գրիգորյանը իր տեսակով մոտավորապես նույն դիրքերում է Աշոտ Ավդալյանի, Արմեն Մարտիրոսյանի, Հրաչյա Սարուխանի երկերում։
Գրիգորյանի բանաստեղծության մեջ ինտելեկտը եւ զգացմունքը հավասարակշռված են։ Ստեղծագործելով դասականության ներսում, անգամ պահպանելով վերջինիս գեղագիտական չափանիշները, Գրիգորյանը ժամանակի եւ տաղանդի չափով, եթե կարելի է այսպես արտահայտվել, ներսից փլուզում է այն, խախտում աշխարհի ու արվեստի փոխհարաբերության կարգը՝ վերածելով այն արվեստի եւ աշխարհի փոխհարաբերության կարգի, ուր առանձնակի դեր են ստանձնում ոչ թե աշխարհի ճանաչումն ու գիտակցումը, այլ արվեստի ու արվեստագետի ինքնաճանաչումն ու ինքնագիտակցումը.
Ինչպե՞ս բանաստեղծություն գրեմ,
երբ դու չկաս։
Ի՞նչ բանաստեղծություն գրեմ,
երբ ոչինչ չկա։
Ինչպե՞ս բանաստեղծություն գրեմ,
երբ ես չկամ։
Որից ակնհայտ է դառնում մի այլ պարագա. դասական բանաստեղծության մեջ, եթե կա ողբերգություն, ապա դա անհատի ողբերգություն է, երբ բանաստեղծը ի զորու չէ անձնական ճշմարտությունը բարձրացնել համընդհանուր—ունիվերսալ ճշմարտության, մերօրյա բանաստեղծի համար աշխարհի նկատմամբ ենթակայությունն այնքան ուժեղ է, որ համարյա անզգայելի է, ինչը ծնում է ազատության պատրանք՝ ուղեկցվելով համընդհանուր ճշմարտություն ասելու անզորությամբ, որից եւ ողբերգությունը ոչ թե անհատական է, այլ բանաստեղծությունն ինքն է ողբերգություն ապրում.
Մի օր բազմաբնակարան շենքերից
Մեկի պատին հուշաքար կդրվի՝
Այս տանն ապրել է Նորայր Գրիգորյանը։
...Գուցե երկուսը միասին
Լուռ հոսում են մայթեզրին՝
Մետաղե տակառի մեջ կրակ վառած
Անտուն, անհասցե ու մենակ,
մի մարդու համար։
Գրիգորյանի բանաստեղծությունը բազմազան, երբեմն իրարամերժ միտումներ ունի՝ Աստված, Հայրենիք, սատանա, սեր։ Ժամանակային կտրվածքը Հայրենիքի դեպքում ավելի կարճ է, ուստի եւ ինքնագիտակցման, ապա ուրեմն՝ ինքնանույնացման ուղին ավելի դյուրին է, քան մշակութայինը։ Որից՝ Հայրենիքի երգը վերելքի երգն է, մշակութայինը՝ անկման, այսինքն՝ մշակութային ինքնագիտակցումը ավելի բարդ է եւ ավելի դժվար։ Մշակույթի հանդեպ ժամանակային երկու ստորաբաժանումը արտահայտվում է երկու հակադիր սկզբունքով, երբ մշակույթը գիտակցվում է ներկայում, ապա նշանակում է, թե անցյալի մեջ բառը արժեքավորվել է եւ ներկայում հանդես է գալիս որպես նշան, հայտնաբերվածություն։ Եվ անանց ու իմաստուն է, երբ արտոնում է ճանաչման հրճվանքը՝ հանդես գալով որպես Հայրենիք։ Հայրենիքը բանաստեղծի ինքնանույնացման առաջին վիճակն է, եւ Պոեզիան նրա արտահայտության կերպն է, ինչպես Հայրենիքն է նրա բովանդակության կերպը.
Ի՞նչ կա ծաղկափոշու մեջ,—
հարցրի մեղվին։
Ասաց՝ իմ դառը անցյալը,
ու այն ինչքան փորփրում եմ,
այնքան հեռանում է,
ինչքան հեռանում,
այնքան քաղցրանում է,
ինչպես քո հայրենիքը։
Այս մակարդակում հաստատվում է միանգամից երկու իրավիճակ, ճշտվում է ժամանակային երկու կարգ՝ Հայրենիքը ներկան է, ետընթացում՝ անցյալը, մշակույթը ապագան եւ, հակադարձ խորացումով՝ դարձյալ անցյալը.
Դեռ չէի հասցրել պառկել խոտին,
նայել երկնքին,
երբ ծառը փակեց երկնքի բոլոր մուտքերը։
Ծառը՝ եռագույն պտուղներով։
Եվ երրորդ գույնի պտուղներից
յոթ կորիզներից մեկը բանալի էր,
որ բացում էր հայրենիքի կամ
դրախտի դուռը,
մնացածները սղոցներ էին,
որ անընդհատ սղոցում էին ծառի բունը՝
երկնքի պատկերը բացելու համար։
Այսպես՝ մի ձեռքում բանալի, մյուսում՝ սղոց,
կանգնած եմ ծառի տակ,
ասում են՝ արդեն 2800 տարի։
Պատկերային համակարգում ինքնաճանաչման այս կերպը այլ ձեւեր է ընդունում հոգեւոր—իմացաբանական մակարդակում, որոնց ակունքն արդեն պետք է որոնել Սուրբ Գր–քում, որը, սկիզբ դառնալով, տարածվում է բանաստեղծի ողջ գոյըմբռնման վրա։ Գոյըմբռնման առաջին աստիճանը Աստված է.
Եթե Աստված ասի՝ արի,
կասեմ՝ Դու արի։
...Կասեմ՝ ես ժամանակ չունեմ,
գնում եմ Աստծո մոտ։
Գրիգորյանի աստվածընկալումը նախապես երազ է.
Ճամպրուկիդ մեջ Ավետարանն է,
մորդ լուսանկարը,
ծոցագրպանում՝ ինքնաթիռի տոմսը,
Ինքնաթիռի սուլոցը հիշեցնում է՝
Օտար, ամայի ճամփեքի վրա։
Այն ժամ, երբ այն մոտենում է Աստծուն,
ձեռքդ զգույշ մեկնում ես Ավետարանին,
եւ ինքնաթիռը մեխվում է երկնքում,
ինչպես շողշողուն մի խաչ։
Ավելի հաճախ Աստված ներկայանում է որպես աստվածայինի նկատմամբ պատրանք, Բառ—Լոգոս, որի հականիշ—զուգահեռը Երկրի վրա սատանան է.
Եթե սատանան ասի՝ արի,
կասեմ՝ դու արի…
կամ՝...Չորուցամաք աշնան քամի,
Չորուցամաք ամռան ավարտ,
այն սատանան ինձ կտանի,
կդարձնի խիստ անհավատ...
Գրիգորյանի բանաստեղծությունները տիրապետում է անսովոր ձեւերի եւ սպիտակ բանաստեղծությանը (պետք է նկատեմ, որ Գրիգորյանի բառի զգացողությունը ի ծնե է. այն հնարավոր չէ սովորել)։ Նրա համար բնութագրական է խոհական շռայլ պատկերայնությունը, փայլուն այլաբանությունը եւ բանաստեղծական խոսքի ոճականությունը։
Լինելով առավելապես մշակութաբանական բանաստեղծ, Գրիգորյանը պատմությունն ընկալում է որպես հոգեւոր կյանքի պատմություն, իսկ արվեստը՝ այն գիտակցելու եւ ճանաչելու եղանակ, ժամանակակից մարդու փեռեկված «ես»—ի վերականգնման ու ներդաշնակման փորձ։ Նրա որոշ բանաստեղծություններում պարունակվում են փոփ—մշակույթի տարրեր, այն դեպքում, երբ շատերը ծաղրում են նրբաճաշակ հասարակությանը կամ ընթերցողին տանում մտավոր դրախտ։ Եվ այս գիտակցումն է, որ նրա բանաստեղծությունը դարձնում է ժամանակից վեր՝ որպես միայն հնարավորի արվեստ։ Գրական իմաստով նրա բանաստեղծությունը «երկու աշխարհի սահմանագծում» հայտնված արվեստագետի հոգու տառապանքի հաղթահարումն է կամ հաղթահարման փորձը։

28-12-2019





18-01-2020
Պահանջը չի փոխվելու
«Միսը չի թանկանա, հակառակը, նույնիսկ իջեցում կարող է ...


18-01-2020
Տեւական երաշտը փորձությունների առաջ է կանգնեցրել հողագործներին
Ինչպես հաղթահարել բնական արգելքները

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am


«Աշնան ամիսների եւ ...


18-01-2020
Մեջքով... դեպի հանդիսատեսը
Դիրիժորը, թերեւս, միակն է, որ հանդիսատեսին կանգնում է մեջքով, ...


18-01-2020
Կաշեգործի մասնագիտությունը մերժած, նավապետի երազանքով մեծն նվագավարը
Մի ողջ դիվանագիտություն՝ թաքնված մաեստրո Չեքիջյանի կենսագրության թվերի ու ...


18-01-2020
Ինչո՞ւ Չեքիջյանի երազանքը մնաց անկատար…
Մաեստրոյի խոսքով՝ ամբողջ կյանքում ջանացել է, որ իրեն ...


18-01-2020
Աշխարհի առաջնակարգ նվագախմբեր ղեկավարած երաժշտություն մատուցողը
Որ հաշվի է առնում անգամ դահլիճի աթոռների գույնը

Արմենուհի ...


18-01-2020
Ամեն դիրիժոր իր ակնոցով է նայում նոտաներին
Դժվար է ասել, թե 91 տարի առաջ ի՞նչ եղանակ ...



18-01-2020
Անմահների ուղին փշոտ է, բայց հաղթական
Ադրբեջանական նենգության հերթական ...

18-01-2020
Հայաստանի մարզիկները ռուսական սպորտում լեգեոներներ չեն համարվի
Նոր հեռանկարներ հավաքական եւ ակումբային ...

18-01-2020
«Վարպետ Հակոբից բարեւներ եմ բերել ձեզ...»
Դուդուկահար Էրթան Թեկինը «ՀՀ»-ի հետ ...

18-01-2020
Ազգային երաժշտարվեստի զուլալ ակունքներից
Սասուն Պասկեւիչյանի երգերը շարունակում ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +1... +3
ցերեկը +7... +9

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO