Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

08.04.2020
ԱՇԽԱՐՀ


ԱՄՆ-Իրան հակամարտությունն ընտրության առաջ է կանգնեցրել աշխարհի երկրներին

Աննախադեպ իրավիճակ՝ Իրաքի խորհրդարանը պահանջել է ԱՄՆ-ի զինուժի դուրսբերումը երկրից

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Բաղդադում Իրանի ԻՀՊԿ գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունից հետո իրավիճակը առավելագույնս լարված է ոչ միայն տարածաշրջանում, այլեւ աշխարհում։ Տասնյակ երկրներ առանց հայտարարության կողմերի են բաժանվում՝ մեծ բախման սպասումով, որտեղ յուրաքանչյուրն իր շահն է փորձում դիտարկել այդ համապատկերում։ Իհարկե կան նաեւ չեզոք երկրներ, որոնց մի մասը համաշխարհային փոփոխությունների հետ կապված որեւէ խնդիր չի տեսնում իր տարածքին ու ներքին կյանքին առնչվող, ուստի անտարբեր է, իսկ մի մասն էլ չեզոք է՝ ԱՄՆ—ԻԻՀ հակամարտ կողմերից յուրաքանչյուրի հետ ունենալով գործընկերային հարաբերություններ եւ տարաբնույթ շահեր։
Իրավիճակը շատ վտանգավոր է, եւ մենք էլ համամիտ ենք այն վերլուծաբանների տեսակետին, որոնք պնդում են, թե ԱՄՆ—ն այսօր Իրանի հետ ավելի մոտ է պատերազմին, քան վերջին 40 տարիներին։ Այս մասին խոսել է նաեւ ԱՄՆ պաշտպանության նախկին նախարար եւ ԿՀՎ նախկին տնօրեն Լեոն Պանետան։
Իրավիճակի գերլարումը եղավ այն ժամանակ, երբ Իրանը դուրս եկավ Միջուկային համաձայնագրից։ Սա ոմանց համոզմամբ՝ հենց այն է, ինչ ուզում էր Սպիտակ տունը։ Հիշեցնենք, որ ԱՄՆ—ն ավելի շուտ էր դուրս եկել Միջուկային համաձայնագրից՝ եւ պարզ է, թե ինչ գերվտանգի մասին է խոսքը։ Աշխարհն արդեն բախվել է նման միջադեպի, երբ Կուբայի հարցում ԱՄՆ—ԽՍՀՄ հակամարտությունը հասել էր միջուկային պատերազմի շեմին եւ միայն հաշված ժամերի ընթացքում կանխվեց համաշխարհային մեծ արհավիրքը…
Իհարկե, ԱՄՆ—ի դուրս գալը Միջուկային համաձայնագրից արդեն թուլացրել է դրա նշանակությունը, բայց եվրոպական համագործակցությունը հույս ուներ Իրանին պահել համաձայնագրի շրջանակներում։ Բայց հիմա Թեհրանը կարող է գնալ կոշտ քայլերի, որի պատասխանը հաստատ չի ուշանա Վաշինգտոնի կողմից։ Այժմ, երբ համաձայնագիրը կարելի է ասել գործնականում գոյություն չունի, Իրանի ձեռքերն ազատվում են հեռահար հրթիռների ու միջուկային ծրագիր զարգացնելու գործում, որը տարաձայնություններ կառաջացնի նաեւ ԵՄ հետ հարաբերություններում, ինչին էլ ձգտում է ԱՄՆ—ն։ Իզուր չէ, որ հայտնի գեներալի (ում վտանգավոր թշնամի էին համարում ԱՄՆ—ում եւ Իսրայելում) սպանությունից հետո ԱՄՆ զինված ուժերը բարձր մարտունակության են բերվել։ Հայտնի է, որ ԻԻՀ գերագույն հոգեւոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին խոստացել է վրեժ լուծել ԻՀՊԿ—ի «Ղոդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար, գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության համար։
ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի նախկին պաշտոնակատար Մայքլ Մորելը կարծիք է հայտնել, որ իրանցի գեներալի սպանության նպատակով ԱՄՆ իրականացրած ռազմական գործողությանն Իրանը կպատասխանի՝ այդ թվում նաեւ ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյայի սպանությամբ։ «Առաջին հերթին, տեղի ունեցածի «արդյունքը» մահացած ամերիկացիները կլինեն, մահացած խաղաղ ամերիկացիները։ Հնարավոր է՝ առաջիկա մի քանի օրում, ցանկացած տեղ, որտեղ Իրանն իր դրածոներն ունի։ Ամենահավանական վայրն Իրաքն է։ Սակայն բացառված չեն նաեւ Լիբանանը, Բահրեյնը, Մերձավոր Արեւելքի այլ վայրեր»,–ասել է նախկին պաշտոնյան։ Նա եզրակացրել է, որ նմանատիպ գործողությունները կարող են տեղի ունենալ նաեւ ԱՄՆ տարածքում, քանի որ ըստ նրա տվյալների՝ «Հըզբոլլահ» շարժումը նմանատիպ գործողությունների ծրագիր ունի մշակած նաեւ ԱՄՆ տարածքում արտակարգ իրավիճակների դեպքում գործողություններ իրականացնելու համար։ Բայց պետք է նշել, որ իրանական կողմի հայտարարությամբ՝ վրեժի պատասխան հարվածից կտուժեն միայն ԱՄՆ ռազմական օբյեկտները, խաղաղ բնակչությունը չի տուժի իրանական հարվածներից։
ԻՀՊԿ գեներալի սպանությունից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը միառժամանակ լռում էր, իսկ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել էր, թե «իրաքցիները պարում են փողոցում ազատության համար, շնորհակալ են, որ գեներալ Սոլեյմանն այլեւս չկա»։ Սակայն շատ արագ պարզվեց, որ այդպես չէ։ Բաղդադում ԱՄՆ դեսպանատան մոտ ցայսօր չեն դադարում բողոքի ցույցերը։ Ըստ BBC—ի, ցուցարարները վանկարկում են «Մահ Ամերիկային», «ոչ Ամերիկային», քարեր են նետում եւ այրում ԱՄՆ դրոշները։ ԱՄՆ—ի դեսպանատունը օրերս նաեւ ականանետային հարձակման է ենթարկվել։ Արաբական «Ալ—Հադաս» հեռուստաալիքի տվյալներով՝ դիվանագետները լքել են դեսպանատունը եւ Բաղդադի միջազգային օդանավակայանից ինքնաթիռով մեկնել են անհայտ ուղղությամբ։
Դառնալով միջուկային պատերազմի վտանգին՝ նշենք, որ ըստ որոշ վերլուծաբանների, Իրանին կարող է միջուկային զենք տրամադրել Հյուսիսային Կորեան։ Ոմանք անգամ կարծում են, որ դա կարող է անել նաեւ Ռուսաստանը։ Հիշեցնենք, որ ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընի անձնական ամանորյա ուղերձի փոխարեն ԿԺԴՀ զլմ—ները հրապարակել են երկրի առաջնորդի զեկույցը, որը նա ներկայացրել է Կորեայի Աշխատանքային կուսակցության ԿԿ նիստում, ինչպես նաեւ այդ նիստի որոշումը։ ԿԺԴՀ առաջնորդը կտրուկ քննադատության է ենթարկել ԱՄՆ—ին՝ հայտարարելով, որ ԿԺԴՀ—ն կարող է հրաժարվել միջուկային փորձարկումների եւ մեծ հեռահարության հրթիռների արձակման միակողմանի դադարից։ Նրա խոսքերով՝ իր երկիրը աշխարհին կցուցադրի նոր ռազմավարական զենք։
Ի պատասխան ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հույս է հայտնել, որ Հյուսիսային Կորեան կվերադառնա սկսված երկխոսությանը, այլապես Կիմ Չեն Ընին խոստացել են «հիասթափություն, եթե նա սրի իրավիճակը»։ Այստեղ հետեւել էր ԻԻՀ հոգեւոր առաջնորդ Ալի Խամենեի պատասխանը՝ «Թեհրանը ծանր հարված կհասցնի նրան, ով կսպառնա իր շահերին»։ Սա նաեւ պատասխանն էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից հնչեցված սպառնալիքներին։ Նա հայտարարել է, որ ինքը չի ցանկանում պատերազմել Թեհրանի հետ, բայց երկրի իշխանությունները լիովին պատասխանատու կլինեն ԱՄՆ որեւէ կառույցին հասցրած վնասի համար։
Այս գերլարված իրավիճակում ամերիկյան ռմբահարումներից հետո Իրաքի խորհրդարանը քվեարկել է երկրից օտարերկրյա զորքերի դուրսբերման օգտին։ Վաշինգտոնը պարզաբանել է, թե ԱՄՆ—ն հարվածներ է հասցրել «Հըզբոլլահի» հենակետերին Սիրիայում, Իրաքում եւ Լիբանանում, Իրանին էլ մեղադրել է այս կառույցին հովանավորելու համար, սակայն Իրաքի խորհրդարանը քվեարկել է «Իսլամական պետության» դեմ պայքարի կոալիցիայի հետ համաձայնագիրը դադարեցնելու եւ երկրից զորքերի դուրսբերման օգտին։ Գեներալ Ղասեմ Սոլեյմանի նկատմամբ ԱՄՆ—ի գործողությունը որակվել է որպես Իրաքի ինքնիշխանության խախտում։ «Իրաքի տարածքի օգտագործումը երրորդ երկրների վրա հարձակման նպատակով անթույլատրելի է»,–ասված է Իրաքի ԱԳՆ հայտարարությունում։
Սակայն ամերիկյան կողմը հայտարարել է, թե հսկայական գումարներ է ծախսել ԻԼԻՊ—ի դեմ պայքարում Իրաքում ռազմական հենակետեր ստեղծելու նպատակով եւ առանց փոխհատուցման չի պատրաստվում թողնել դրանք եւ հանել իր զորքերը։ Հասկանալի է, որ սա հակամարտության մի նոր օջախ է առաջացնելու։ ՆԱՏՕ—ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը եւ ԱՄՆ պաշտպանության նախարար Մարկ Էսպերը հեռախոսազրույց են ունեցել եւ քննարկել են իրաքյան միջադեպի հետ կապված զարգացումները։
Հետաքրքիր է, որ հակաիրանական քաղաքականության հարցում ԱՄՆ—ին միանշանակ աջակցություն են հայտնել միայն Իսրայելն ու Մեծ Բրիտանիան։ Խոստացել են աջակցել Իրանի դեմ պատերազմում։ Սակայն երբ ԱՄՆ նախագահը սպառնացել էր անհապաղ եւ կոշտ հարվածներ հասցնել Իրանի ու իրանական մշակույթի համար մեծ կարեւորություն ունեցող 52 թիրախներին (52 թիվը խորհրդանշում է տարիներ առաջ Իրանի կողմից պատանդ վերցված 52 ամերիկացիներին), պաշտոնական Լոնդոնը հրաժարվեց այս գործողությանը սատարելուց։ Հիշեցնենք, որ այդպիսի փորձ կա՝ նման հարվածներ արդեն հասցվել են Իրաքին ու Սիրիային։ ԱՄՆ—ին չի աջակցում նաեւ ԵՄ—ն, ԱՄՆ պետքարտուղարը քննադատել է եվրոպացիներին՝ Ղասեմ Սոլեյմանիի սպանության գործողությանը բավարար չափով աջակցություն չցուցաբերելու համար։ Այսօր էլ ԵՄ—ն համամիտ չէ Իրանի դեմ պատժամիջոցներ սահմանելուն, առավել եւս՝ պատերազմելուն։ ԵՄ—ԱՄՆ հակասությունները սկսվել են դեռ Թուրքիայի՝ Սիրիայի տարածք ներխուժումից հետո։
ՌԴ ԱԳՆ—ն մեկնաբանելով Իրաքի մայրաքաղաքի օդանավակայանում ԱՄՆ հրթիռային հարվածի հետեւանքով մահացած իրանցի գեներալ Ղասեմ Սուլեյմանիի միջադեպը՝ հայտարարել է, որ այդ սպանությունը համարում են «որպես ավանտյուրային քայլ, որը կհանգեցնի լարվածության աճի ամբողջ տարածաշրջանում»։ Վաշինգտոնին խորհուրդ է տրվել հրաժարվել միջազգային հարցերի ուժային լուծումներից։ Իրանի ԱԳՆ—ն Ղասեմ Սուլեյմանիի սպանությունն անվանել է ԱՄՆ—ի կողմից «միջազգային ահաբեկչական ակտ»։ Թուրքիան հայտարարել է, թե անհանգստացած է այս լարվածությամբ, չնայած Սիրիայի հետ լարվածությանը զուգահեռ նոր լարվածություն է առաջացնում Լիբիայի շուրջ՝ այնտեղ թուրքական զորքեր ուղարկելով։ Անկարան նաեւ պատրաստ է միջնորդի դեր ստանձնել Իրանի ու ԱՄՆ—ի միջեւ։
Այն դեպքում, երբ Բաղդադը արգելում է իր տարածքը Իրանի դեմ գործածել, Բաքուն նոր տարածքներ է տրամադրում իսրայելական զինուժին՝ ծավալելու հետախուզական գործողություններ Իրանի նկատմամբ։ Իրաքում նաեւ տեղեկություններ են հայտնվել, որ Իսրայելն Իրաքում իրանցի զինվորականներին հարվածելու համար օգտագործել է անօդաչու թռչող սարքեր, որոնք թռիչք էին իրականացրել Ադրբեջանի տարածքից։ Իսկ Ադրբեջանը Իսրայելին տարածք տրամադրելով, փոխարենը գնում է արտոնյալ պայմաններով իսրայելական զինատեսակներ եւ ստանում դրանցից որոշների համատեղ արտադրության հնարավորություն։
Պաշտոնական Երեւանն ու Ստեփանակերտը մտահոգություն են հայտնել ԱՄՆ—ԻԻՀ հարաբերությունների սրման առումով, որը կարող է ազդել տարածաշրջանի այլ հակամարտությունների բորբոքման վրա։ Միաժամանակ նշել են, որ հայությունը չի կարող ներքաշվել հակաիրանական կամ հակաամերիկյան գործողությունների մեջ։ Հանդիպել են նաեւ ՀՀ եւ ԻԻՀ ԱԳ նախարարները, եւ Հայաստանը պատրաստ է իր նպաստը բերել լարված իրավիճակը մեր տարածաշրջանում եւ միջազգային հարաբերություններում կարգավորելու հարցում։
Երեկ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր խորհրդակցություն հրավիրել՝ քննարկելու տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները։ «Իրավիճակի զարգացումը տարածաշրջանում անհանգստացնող է,—ընդգծել էր նա,— մեր դիրքորոշումը մնում է նույնը. Հայաստանը չի ներքաշվի հակաիրանական գործողությունների մեջ, Հայաստանը չի ներքաշվի հակաամերիկյան գործողությունների մեջ եւ մեր հույսն ու կոչն է մեզ համար բարեկամական Իրանին ու ԱՄՆ—ին՝ անհապաղ ձեռնարկել բանակցություններ՝ իրավիճակի հետագա վատթարացում թույլ չտալու համար»։
Մինչ այդ տեղեկացանք, որ Իրանը հարվածել է այն բազային, որտեղից հարձակվել էին Սուլեյմանիի վրա։ Հունվարի 8—ի առավոտյան Twitter—ի իր էջում Իրանի ԱԳ նախարար Ջավադ Զարիֆը գրել էր, որ Իրանի գործողությունները համարժեք պատասխան են գեներալ Ղասեմ Սուլեյմանիի սպանությանը։ Զարիֆը նշել է, որ Իրանը չի ձգտում պատերազմի, բայց կպաշտպանվի ցանկացած ագրեսիայից։
ԻՐՆԱ—ն էլ տեղեկացրել էր, որ իսլամական հեղափոխության առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին ընդգծել է «տարածաշրջանում ԱՄՆ կոռումպացված ներկայությունը դադարեցնելու անհրաժեշտությունը»։
«Ամեն ինչ կարգին է։ Հրթիռներն արձակվել են Իրանից Իրաքում երկու բազաների ուղղությամբ։ Այժմ գնահատվում է վնասի չափը եւ արդյոք կան տուժածներ։ Բայց ամեն ինչ լավ է... Ես հայտարարությամբ հանդես կգամ առավոտյան»,—սա էլ ԱՄՆ նախագահ Թրամփի գրառումն է Twitter—ում։
Իրանական լրատվամիջոցները գրում են 80 զոհի մասին։ Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը «ՀՀ»—ի հետ զրույցում, սակայն, հույս հայտնեց, որ զոհեր եղած չեն լինի։ Որովհետեւ, իր խորին համոզմամբ, իրադարձությունների հետագա ընթացքը բացառապես կախված է հետեւյալ հարցից. արդյո՞ք ամերիկացիները զինվորականների կորուստ ունեցել են։ Հնարավո՞ր է, որ զոհեր լինել—չլինելու հանգամանքը պայմանավորված լինի ամերիկյան հետագա քաղաքականությամբ։ Քաղաքագետի կարծիքով, եթե զոհեր եղած լինեն, դա բավական բարդ է թաքցնելը։
Այլ կերպ՝ եթե մարդկային կորուստներ չեն եղել, սա լավ հնարավորություն է դեէսկալացիայի համար, եթե մարդկային կորուստներ են եղել, ռազմական կազմի կորուստներ են եղել, սա, անշուշտ, լուրջ հետեւանքներ կունենա…
Ամեն դեպքում քաղաքագետը լավ կանխատեսումներ չունի։ Երկու երկրների տարածքներում ռազմական բախումներ բնականաբար չեն լինի, բայց երկու պետությունների ազդեցության տակ գտնվող զինված միավորների բախումներ կլինեն։ Շահերի բախման հավանական կետերը կլինեն Լիբանանը, Իրաքը, Սիրիան եւ այլն։
Մինչ այդ Սուրեն Սարգսյանը կրկին շեշտել էր, որ «չնայած պատերազմ չի լինի Իրանի կամ ԱՄՆ տարածքում, բայց պրոքսի պատերազմները կթեժանան, լայնացնելով աշխարհագրությունը»։
Հասկանալիորեն, սա շատ մտահոգիչ է նաեւ Հայաստանի համար (հենց պրոքսի բախումների հնարավոր հեռանկարը հաշվի առնելով)։ Էլ չենք խոսում տնտեսական վնասներից…

09-01-2020





07-04-2020
«Ոչ տեր եմ ունեցել, ոչ ծանոթ, բայց վերեւում Աստված կա»
«Հիմա ինձ հաղթող եմ զգում, որովհետեւ ինձ համար ...


07-04-2020
Աջակցության փաթեթներն ընդգրկում են ամենամեծ սոցիալական խմբերը
Քաղաքացին կարող է ընտրել այն ծրագիրը, որն իր ...


07-04-2020
Կորոնավիրուսի նոր դեպքերի թիվն ավելացել է 20-ով, առողջացել է ևս 25 քաղաքացի
Հայաստանում առաջին անգամ կորոնավիրուսից մեկ օրում առողջացած պացինտների թիվն ...


07-04-2020
Հայոց սպորտի հմայքն ու հպարտությունը
Կանայք բազմիցս են ապացուցել, որ լինելով նուրբ եւ փխրուն ...


07-04-2020
Տասնհինգ արտահայտություն այն մասին
Թե ինչ է նշանակում լինել մայր

Աշխարհում մայրն է ...


07-04-2020
Շնորհավո՛ր տոնդ, հայ կանգուն
Երբ արդեն այն տարիքին էի, որ ամառային մի ...


07-04-2020
«Հայրենասիրությունը արժանապատվության խնդիր է»
Սվազլյան գերդաստանի հավատամքը

Հարցազրույց հայ բանագետ, ժողովրդագետ, բանահավաք, ...



07-04-2020
Երազում էր մայր դառնալ, որից զրկված էր 7 երկար տարի
Հրաշքով այսօր բազմազավակ մայր ...

07-04-2020
Արցախում տեղի ունեցած ընտրությունները
Կայացած քաղաքական համակարգի մասին են ...

07-04-2020
Մարիամ Աստվածածին
Նրան տարբեր անուններով են կոչում. Աստվածամայր, ...

07-04-2020
Ոսկե միջինի բանաձեւը
«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +3... +5
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO